Քամին քարին ի՞նչ կանի

Քամին քարին ի՞նչ կանի
19.04.2019 | 01:18

Մի շտապեք ասել «ոչինչ»: Կյանքում ոչինչ չի լինում ինքն իրեն ու մեկ ազդակով պայմանավորված: Կյանքը համադրությունների ու հակադրությունների հանգույց է, որտեղ չկա լավ ու վատ, ճիշտ ու սխալ, կա իրավիճակ ու այդ իրավիճակի ընկալում: Բեկումնային իրավիճակում գտնվող Հայաստանում ամեն ինչ երերուն է: Ընդունված է համարել, որ իբր չկան նախադեպեր: Աննախադեպ իրավիճակն է թելադրում աննախադեպ քայլեր: Վիճելի պնդում է՝ աննախադեպությանն ապավինում են փաստարկների չգոյության դեպքում: Երբ կա որոշում, որը չունի այլ հիմնավորում՝ բացի աննախադեպն ու բեկումնայինը: Նախադեպեր չտեսնելը չի նշանակում՝ չեն եղել: Եղել են ու կան: ՈՒ՝ հենց այնպես չեն եղել, նվազագույնը փորձ պիտի դառնային ու հուշեին՝ ո՞ր ճանապարհով այլևս չգնալ ոչ մի տեղ հասնելու համար: Հիմա սոսկ հորդորներ են հնչում՝ ժամանակ տվեք, հնարավորություն տվեք՝ թող գործեն, տեսնենք՝ ի՞նչ կլինի: ՈՒրեմն՝ քամին քարին ի՞նչ կանի: Քամին գուցե մենակ ոչինչ չանի, բայց երբ զուգորդվում է կայծակի հետ, ու քարն էլ փայտամածների մեջ է, քամին կարող է վառել քարը: Հրդեհից հետո մեղավորներ որոնելը անմտություն է: Մեղավորներ նշանակվելու են նրանք, որ կորցնելու են իշխանությունը:


Ամիսների սպասումից հետո Ազգային ժողովը գերարագ ու անհասկանալի շտապողականությամբ սկսեց քննարկել կառավարության կառուցվածքի հարցը: Բացառիկ անհանդուրժողականության դրսևորումով: Հընթացս դրվեց հարցը՝ ո՞վ ես դու: ՈՒշացած հարցը: Այդ հարցը պիտի տրվեր 2018-ի դեկտեմբերին Աժ արտահերթ ընտրություններից առաջ, որին ամենաանպատրաստը ընտրողն էր: Իրականում ընտրություն չարած ընտրողը, որ աչքերը փակ ձայն էր տալիս հեղափոխություն արած ուժին՝ չիմանալով նրա ծրագիրը, հավատալով լավագույն ապագայի խոստումներին, որ տալիս էր միայն մեկ մարդ: Մեկ մարդուն տրված ձայներով խորհրդարանում հայտնվեցին անհայտ ու անծանոթ մարդիկ, որ այսօր հավակնում են, իրենց խոսքով, «նոր արժեքներով պատմություն կերտել»: Նրանք իսկապես հավատում են, որ իրենք են պատմություն կերտում: Նրանց խորին մոլորությունը հնարավոր չէ փարատել, ցանկացած փաստարկի պատասխանում են մեկ հակափաստարկով՝ ժողովրդի մանդատն են ստացել: Ժողովրդին դատարան չես տանի ու մեղադրանք չես ներկայացնի՝ ինչու՞ է ձայնը տվել քաղաքական անչափահասների, ինչու՞ ընտրություն չի արել ծրագրերի ու գաղափարների միջև, այլ՝ պոռոտախոսների, որ ձիու կերպարի մեջ մտած՝ վերջ են գուժում՝ առաջին ավտոմեքենան տեսնելուց հետո: Բնականաբար՝ ավտոմեքենան իրենք են, ձին՝ «ստեղծագործական ավերումը» չհասկացողները:


Խորհրդարանում այսօր բոլորն ունեն ինքնարտահայտման խնդիր: Բնազդաբար զգում են, որ իրենց տեղում չեն ու արդարանալու փոխարեն մեղադրում են: Մինչդեռ կա ռացիոնալ ճանապարհ՝ օգտագործել հնարավորությունն ու գործ անել: Ցավոք, այս պատմությունը այս ընթացքով 7-րդ գումարման ԱԺ-ին չի վերաբերելու: Երբ իր նախարարության աշխատանքը ձախողած նախկին նախարարը նոր խորհրդարանում դառնում է հանձնաժողովի նախագահ, բնական է, որ նրան թվալու է, թե ինքն անսխալական է ու իրավունք ունի բոլորին լռեցնել, իսկ եթե չի կարողանում՝ գնալ «ռազբիրատի»: Իսկապես՝ ո՞վ է ոմն Մխիթար Հայրապետյան ու ի՞նչ հիմքով է սպառնալիքներ տեղում: Հանեք պաշտոնը, տակը ի՞նչ կմնա: Կենսագրություն կա՞: Բացի՝ մի երկու քայլ քայլելը: Մոտավորապես այսպես՝ «Հիմա ձեզ եմ ասում, փոխեք ձեր հռետորաբանությունը և ոճը, եթե դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք այս ոճը: Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված առնվազն այս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»: ՈՒ՝ ի՞նչ: Մոմեր վառենք «դուխի՞ն»: Թե՞ առանց մոմի էլ պարզ է, որ ամբողջ «դուխը» սկսվում ու ավարտվում է Նիկոլ Փաշինյանով: ՈՒ ամբողջ ՔՊ-ն կշռաքար է Նիկոլ Փաշինյանի վզից կախված: Ինքն է կշռաքարը կախել ու ինքն էլ պիտի կրի: Մինչև ժամանակների ավարտը: Իսկ ինքը շարունակում է իներցիայով ներկայանալ երջանիկ երկրի երջանիկ վարչապետ: Այնքան երջանիկ, որ գնում է մաքսատուն, մեղմ ասած, ահաբեկում աշխատակցին ու ստիպում աշխատանքից դուրս գալու դիմում գրել, հետո հայտարարում է՝ ես ի՞նչ անեմ, թող չգրեր: Բայց դա չէ գլխավորը:

Գլխավորը նրա խորին համոզվածությունն է, որ մեկ սկանդալով արդյունավետ գործ արեց՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք փոխեց ու հիմա ամենուր դրոշին հարգանքով են վերաբերվում: Զավեշտ կլիներ, եթե այսքան ցավալի ու տխուր չլիներ: Փաստորեն՝ վարչապետը համոզված է, որ միայն վախն է հարգանք ձևավորում: Է, թող մի հատ էլ կրակեր՝ պատկերացնու՞մ եք՝ ի՞նչ վախ կտարածվեր, արդեն զինանշանն էլ կհարգեին, օրհներգն էլ հետը: Ալեն Սիմոնյանն էլ կասեր՝ «Ես պաշտում եմ «Մեր հայրենիքը», կեսգիշերներին ու լուսաբացին միշտ երգում եմ ընտանիքով»:
Բեկված ճակատագրերի վրա քաղաքականություն կառուցելը տրենդ է: ՈՒ՝ օրինաչափություն: Օրինակ՝ կառավարման բուրգի օպտիմալացման հիմքում փաստացի մտայնությունն է, որ տասնամյակներով իշխանությունը համակարգը ձևավորել է ընտրակեղծարարության համար ու ամեն ընտրություններից հետո ուռճացրել է՝ յուրայինների համար պաշտոններ ստեղծելով: ՈՒ հիմա պետք է ազատվել ձրիակեր ընտրակեղծարարների ամբոխից: Լավ, կատարելագործեք: Բայց նույնիսկ այդ «ընտրակեղծարարների ամբոխը» հայ ժողովուրդն է, այն մարդիկ են, որ կազմում են ժողովրդագրական պատկերը, արժեք են ստեղծում, արտադրանք տալիս: Եթե նախորդ իշխանությունը ժողովրդին դարձրել է ամբոխ, հեղափոխություն արած նոր իշխանությունը պարտավոր է ամբոխին վերադարձնել ժողովրդի կերպարը, ոչ թե հայտարարել persona non grata:


Աժ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի և կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասում էր. «Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում կրճատվող նախարարությունների գործառույթներն իրականացվելու են դրանց փոխարեն ստեղծվող նոր նախարարությունների փոխնախարարների միջոցով»: Ասում էր. «Երկրում իրականացվող քաղաքականության համար համապարփակ կերպով պատասխանատու է կառավարությունը: Չկա մի ոլորտ, որը դուրս մնա կառավարության պատասխանատվությունից: Չկա որևէ երկիր, որտեղ նախարարությունների ցանկն ու կառավարության կառուցվածքը կրկնի մյուսին, ամենուրեք իրականացվում է պետական կառավարում: Նաև հաջողված երկրներում չկան կրկնություններ, չկա նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև: Քաղաքականությունը, որն իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում, շարունակելու է իրականացվել Էկոնոմիկայի նախարարության միջոցով, լինելու են այդ ոլորտների համար պատասխանատու տեղակալներ, ովքեր մշակելու են նախագծերը և ներկայացնելու են նախարարին ու կառավարությունը: Եվ գյուղատնտեսության, և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացվելու է այնպես, ինչպես իրականացվել էր՝ համապատասխան մեր կողմից ստանձնած պարտավորությունների»:


Պնդում էր, որ նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև չկա. «Այս պահի դրությամբ մեր կառավարությունը գտնում է, որ նախարարությունների այս ցանկով ու կառուցվածքով է հնարավոր իրականացնել այն: Սա մեր քաղաքական կամքի դրսևորումն ու համոզմունքն է»: Բայց նախարարը չէր պատասխանում հարցերին, թե օպտիմալացման պատճառով որքա՞ն մարդ է կրճատվելու, որքա՞ն գումար է խնայվելու՝ պատճառաբանելով, որ դինամիկ գործընթաց է, հաշվարկել ուղղակի հնարավոր չէ: Ասում էր՝ «Առաջնորդվել ենք համոզմունքով, զգացողությամբ, ինտուիցիայով, փորձով»: Եվ պնդում էր, որ ոչ թե կրճատումներ են կատարվելու, այլ կադրերի ռեզերվ է ստեղծվելու: Հետաքրքիր է՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նախարար Արտակ Զեյնալյանի հետ համաձա՞յն է: Եթե կառավարության կառուցվածքի հիմքում համոզմունքն ու ինտուիցիան են, չեն եղել ուսումնասիրություններ, հաշվարկներ: Հիմա ՀՀ կառավարությունը ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ դաշտում է գործում: Նիկոլ Փաշինյանի զգացողությունների ու համոզմունքների, որ վերածվում են պետական քաղաքականության։ Մնացածը միֆ է, որ ստիպված են հիմնավորել տարբեր առիթներով տարբեր նախարարներ: Միանշանակ՝ ընտրված քաղաքական թիմը ծրագիր է ներկայացրել և պատասխանատվություն է ստանձնել ծրագիրը իրականացնելու համար՝ իր ներկայացրած կառուցվածքով։ Եթե չի կարողանա, հաջորդ ընտրությանը այդ ուժին չեն ընտրի։ Դա քաղաքագիտական նորմ է։ Դասական ընդդիմադիր գործունեությունն էլ պահանջում է ներկայացնել իր տեսակետները: Սա ևս քաղաքագիտական նորմ է, ուրեմն ինչո՞վ է բացատրվում խորհրդարանում անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտը: Օրինաչափ է, որ ընդդիմությունը կողմ չի քվեարկում կառավարության ծրագրին, հիմա էլ կառուցվածքին, ինչու՞ են գաղափարների բախումը վերածում անձնական վիրավորանքների: Փաստացի՝ մենք մտել ենք փորձերի փուլ, երբ հընթացս է որոշվելու ինչ անել: Ընտրվում է ելակետ, որ ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել կառավարման համակարգը արդյունավետ դարձնելու կառավարության ցանկությունը: Ոչ ոք կասկածի տակ չի առնում, կառավարությանն ասվում է՝ բացատրեք, խնդրում ենք, ի՞նչ արդյունք եք ակնկալում ու ինչպե՞ս եք հասնելու այդ արդյունքին, երբ այդ ամենը կատարվում է պետական կառավարման համակարգի համատարած ՔՊ-ացման շրջանակներում: ՈՒրեմն՝ ի՞նչ կանի քարին քամին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով: Պարգևատրումների նոր համակարգով ոստիկանության աշխատակիցներ կան, որ աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ: 30 տոկոսով բարձրացել են պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, 208000 մարդու աշխատավարձ բարձրացել է 2018-ի հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգի փոփոխությունների արդյունքում, հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82000 նպաստառուի և թոշակառուի թոշակները և նպաստներն են բարձրացել: Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է 50000, որը աշխատաշուկայի 9 տոկոսն է: Վարչապետը փորձել է Ֆեյսբուքով ամրագրել իր կառավարության հաջողությունները, բայց ոչ նա, ոչ կառավարության որևէ անդամ չեն պատասխանում հարցին՝ կառավարությունը ինչպե՞ս է բարձրացնելու իր գործունեության արդյունավետությունը, երբ գործում է իներցիայով կամ խնայողությունների պոպուլիստական կարգախոսներով: Հանրապետության հրապարակից դուրս կառավարությունը փաստացի չի տիրապետում իրավիճակին ու դրա ապացույցը հանրապետության տարբեր հատվածներում պարբերաբար բռնկվող բողոքի ակցիաներն են, ծեծկռտուքները, գործադուլները, ճանապարհներ փակելը: Իշխանությունն ու ընդդիմությունը կարող են ներկայացնել տարբեր թվեր ու տոկոսներ, էականը դա չէ: Էականը իրավիճակ փոխելու հնարավորությունը չկորցնելն է: Տնտեսական հեղափոխությունը չի կարող ու չպիտի միֆ լինի: Ռեալ տնտեսությունը հեղափոխական միստիկայով ու իներցիայով չի գործում, կենսամակարդակի բարձրացումն էլ Ֆեյսբուքում քիչ է՝ իրականության մեջ փոփոխություններ ունենալու համար: Մենք ապրում ենք Հայաստանում, իշխանությունը՝ Ֆեյսբուքում, ուրեմն հարցն արդիական է՝ ո՞վ ես դու: Նոր արժեքների մասին՝ ապրիլի 17-ին խորհրդարանում ոչ ոք չհիշեց Հայաստանի Ազգային հերոս, Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, կես բառով չշնորհավորեց ու չնշանավորեց նրա ներդրումը:

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao