Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսավորվելով, հնարավորություն ունեն ազատ ու անարգել հասարակության ներսում զգոնությունը թուլացնելու»

«Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսավորվելով, հնարավորություն ունեն ազատ ու անարգել հասարակության ներսում զգոնությունը թուլացնելու»
19.04.2019 | 01:29

Այսօր Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ երբեմն այնպիսի հայտարարություններ են անում, որ տպավորություն է, թե մոռացել են, որ պատերազմի վերսկսման վտանգն ամեն վայրկյան կախված է մեր գլխավերևում։ Արցախյան բանակցությունների, արտգործնախարարների վերջին հանդիպման շուրջ զրուցում ենք ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԿՈՎԱՅԻ հետ։

-Այսօր փորձագիտական շրջանակում կարծիք կա, որ նոր իշխանությունը բանակցություններ վարելու համար անգամ բազային գիտելիքներ չունի, համակարծի՞ք եք։
-Վարչապետն էլ անձամբ ընդունում է այդ փաստը։ Ալիևի հետ հանդիպումից առաջ և հետո ասել է, որ ունի բացեր, լիարժեք ծանոթ չէ գործընթացին, դեռ բանակցությունների մեջ չի մտնում, որովհետև հակամարտությանը փուլ առ փուլ պիտի ծանոթանա։ Այսինքն, ինստիտուցիոնալ հիշողության պակասն իսկապես կա, ինչը չի հերքում անգամ իշխանությունը։
-Նորմա՞լ է, որ այդ ծանոթացումը լինում է Ալիևի միջոցով։
-Կարծում եմ, այստեղ խոսքն ավելի շատ Ադրբեջանի դիրքորոշման մասին էր։ Փաշինյանը փաստում է, որ նույն հարցի շուրջ բացարձակ իրարամերժ կարծիքներ կան։
-Քաղաքական դաշտում կա այսպիսի քննարկում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը բանակցությունների պատմության մասին չի խոսում նախորդ նախագահների հետ, եթե ցանկանում է պատկերն ավելի ամբողջական ունենալ։ Դրա կարիքը կա՞։
-Ցանկալի է, որ բոլոր երեք նախագահների հետ էլ խոսի։ Ինստիտուցիոնալ հիշողությունը կարևոր բան է, բանակցային ամեն մի փուլ իր տրամաբանությունն ու պատմությունն է ունեցել։ Երեք փուլերն էլ տարբեր են եղել՝ և աշխարհաքաղաքական մթնոլորտի, և Ադրբեջանի մոտեցումների առումով։ Տպավորություն չլինի, թե Ադրբեջանում 25 տարի մոնոլիտ մի գիծ է եղել, հայրը բանակցելու այլ ոճ ուներ, տղան՝ այլ։ Բոլոր նրբություններին ծանոթ լինելու համար ցանկալի է, որ այդ ամենի մասին Փաշինյանին ասեին մարդիկ, որոնք ներսից գիտեն ամեն ինչ։ Իսկ այդ մասին գիտեն միայն բանակցողները։ Այլ հարց է, թե որքան է ներկա իշխանությունն այդ տեղեկության կարիքը զգում։ Եթե չեն զրուցել, ուրեմն համարում են, որ դրա կարիքը չկա։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ սեփական կետից։ Ի՞նչ է սա նշանակում, մոռացվու՞մ են նախկին բոլոր պայմանավորվածությունները։
-Սա ինչ-որ շրջանում կարող է աշխատել, բայց պետք է հասկանալ նաև, որ ադրբեջանցիները բնավ հիմար չեն։ Ալիևը հիմար չէ, այն պահից, երբ հասկանա, որ իրավիճակն իր վերահասկողության տակից դուրս է գալիս, իր դիրքորոշումն ավելի արմատական է դարձնելու, ճնշումներն ավելի մեծացնելու է։ Այդպես եղավ Վիեննայի վերջին հանդիպումից առաջ և հետո, ռազմական հռետորաբանության աճ և սահմանին սադրանքներ։ Ինժեներական աշխատանքներին թափ հաղորդեցին, սահմանին զոհը փորձեցին մեզ վերագրել, այսինքն Ալիևն իր դիրքորոշմամբ հստակ ցույց է տալիս, որ փոխհամաձայնությունների պատրաստ չէ։ Որքան էլ հայկական կողմը խոսում է խաղաղության ճանապարհ հարթելու մասին, Ադրբեջանում ոչինչ չի փոխվել։ Արտգործնախարարները վերջին հանդիպման ժամանակ փորձեցին լավատեսական մոտեցումներ համաձայնեցնել, սակայն դրանք դեռ պետք է կարողանալ իրագործել։ Ամենաբարդն իմպլիմենտացիան է։ Լրագրողների խումբ Ադրբեջան ուղարկելը մի բան է, որի կազմակերպումն ամենահեշտն է, այլ բան, թե դա որքան կնպաստի խաղաղության գործընթացին։
-Ենթադրենք, ԶԼՄ-ների ներկայացուցիչները գնացին Ադրբեջան, ի՞նչ է նրանց մատուցվելու։
-Դուք կտեսնեք այն, ինչ ձեզ թույլ կտան տեսնել։ Ըստ երևույթին, կտանեն հայկական եկեղեցի, որն առանց խաչի է, փակված ու արդեն գրապահոց է դարձել, կասեն՝ տեսեք, հայկական մշակույթը չենք քանդել։ Հավանաբար կհարցնեք, եթե խոսում եք 30-հազարանոց հայկական համայնքի մասին, ինչու՞ այդ հայերը հնարավորություն չունեն գալու եկեղեցի։ Եթե ասում եք, թե հանդուրժող եք, ձեզ մոտ հայերի իրավունքները պաշտպանված են, ինչու՞ չեն կարող մկրտվել, ինչու՞ չունեն հոգևոր առաջնորդ և ի վերջո, ինչու՞ նրանց իրավունքները պաշտպանված չեն։ Այս հարցերից հետո պոռթկալու է ողջ հայատյացությունը։ Ցանկացած տրամաբանական, անհարմար հարց, երբ իրենց քարոզչական սահմաններից դուրս է, անվերահսկելի հայատյացության առիթ է դառնում։ Բնականաբար այնտեղ 30 հազար հայ չկա, և երբ այսպիսի պարզ հարցեր ես դնում նրանց առաջ, քո առջև բացվում է Ադրբեջանի իրական քաղաքականությունը։ Այդ այցի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները հավանաբար կհանդիպեն նաև պետական պաշտոնյաների հետ, որոնք մեկ մարդու պես նույն թեզերն են առաջ տանելու՝ նույն անգիր արած արտահայտություններով, որոնք 25 տարվա ընթացքում շատ քիչ փոփոխության են ենթարկվել։ Ընդդիմության հետ ձեզ հանդիպել, շփվել չեն թողնի, եթե անգամ մի քանիսի հետ էլ հանդիպեք, նրանք կլինեն գրպանային ընդդիմադիրներ։ Առավելագույնը Բաքվի գեղեցիկ վայրերը կտեսնեք, բայց այդ երկրի իրական քաղաքականության մասին, որպես լրագրող, ոչինչ չեք կարող ներկայացնել։
-Այսպիսի այցերը, փաստորեն, ժողովուրդներին խաղաղության չեն պատրաստի։
-Եթե չունենաք հնարավորություն ազատ հանդիպելու այն մարդկանց, որոնց հետ կցանկանայիք խոսել, այդ այցի արդյունավետությունը զրո կլինի։ Համանախագահների համար ցուցադրական ակցիաներ կլինեն, թե տեսեք՝ մենք ինչ-որ ջանքեր ենք գործադրում։ Այս այցերը միանշանակ արդյունավետ չեն լինելու։ Օրինակ, «Թուրանի» խմբագիրը վերջերս եկավ Հայաստան, ստացավ արտգործնախարարության թույլտվությունը, գնաց զզվելի հոդված գրեց, թե Հայաստանում ինչքան թշվառ, սոված ու վատ մթնոլորտ է։ Եթե իրենց լրագրողների խումբը պիտի գա ու հետո գնա նման հոդվածներ գրի, չեմ պատկերացնում, թե այդ ամենը ինչպես է նպաստելու խաղաղությանը։ Եթե իրենք գալիս են իրենց բարդույթներն այստեղ բավարարելու համար, հետո գնան իրենց հանրությանը կերակրեն քարոզչական հերթական ստով, այցի իմաստը ո՞րն է։ Հասարակությունները միմյանց հետ ազնիվ խոսելու պատրաստ չեն, իսկ առհասարակ Ադրբեջանում ընդդիմադիր մամուլը շատ ծանր վիճակում է։ Այստեղ գալու են միայն իշխանական ու համապատասխան հրահանգավորում ստացած լրագրողները։
-Արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում։ Վերջին շրջանում Ռուսաստանը բավականին ակտիվ է հակամարտության հարցում, կարելի՞ է ասել, որ նրա վերահսկողության տակ է անցել գործընթացը։
-Չեմ կարծում, քանի որ նախավերջին հանդիպումն էլ Վիեննայում էր, ավելի վաղ՝ Դավոսում։ Արցախյան հիմնախնդիրն այն քիչ հարցերից է, որ համանախագահ երկրների միջև կա փոխհամաձայնություն, որ պետք է հարցը լուծել առանց ռազմական գործողության։ Պատերազմն այս պահին համանախագահող ոչ մի երկրի ձեռնտու չէ։ Այստեղ հարցն այն է, թե որ երկիրն է կարողանում արդյունավետ մոդերացիա անել։ Եթե Ռուսաստանը կարողացել է ստեղծել այն մթնոլորտը, որ ռազմագերիների ընտանիքները կարողանան փոխայցեր կազմակերպել, ինչը ևս բավական բարդ է, շատ լավ։ Մի բան է այդ այցերը կազմակերպելը, մեկ այլ բան երկու դիվերսանտներին հետ ստանալը կամ նրանց ընտանիքների այցը Շուշի, որտեղ դատապարտված են։ Հայաստանն արդյոք իրավասու՞ է պաշտոնական Ստեփանակերտի փոխարեն որոշումներ կայացնելու՝ այդ ընտանիքները գա՞ն, թե՞ չգան։ Ստեփանակերտը, որպես բարի կամքի դրսևորում, կարող է թույլ տալ, բայց այդ դեպքում Արցախը պետք է լինի գործընթացի մասնակից։ Ադրբեջանի համապատասխան մարմիները պետք է դիմեն Արցախին, որպեսզի այդպիսի թույլտվություն ստանան։ Մենք Ադրբեջանում ունենք ռազմագերիներ և պատանդ վերցրած ու դատված ՀՀ քաղաքացի, ո՞ր ընտանիքին են թույլտվություն տալու։ Բավական մշուշոտ ու ընդհանուր ձևակերպումներ են տվել։ Արտգործնախարարների հանդիպման հաջորդ պայմանավորածությունը վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ չկրակելուն։ Սակայն մենք ունենք դեպքեր, երբ Ադրբեջանը չի պահել այդ պայմանավորվածությունը և կրակել է։ Ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտվեց նաև, որ Ադրբեջանն իր հրետանին պահում է բնակելի վայրերին մոտ, ինչը խստիվ արգելված է։ Ընդհանուր առմամբ այս պայմանավորվածությունները շատ լավն են, եթե իհարկե, դրանք իրագործվեն, ինչը խիստ կասկածելի է։ Ադրբեջանը պայմանավորվածությունները չի պահում։
-Նախորդ իշխանության ներկայացուցիչները մշտապես հիշեցնում են, թե Փաշինյանի մեծ բացթողումն այն է, որ արդեն մոռացվել են 2016-ից հետո եղած Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները։ Սա վտանգավո՞ր բացթողում է։ Ի դեպ, համանախագահների վերջին հայտարարության տեքստում էլ այս մասին չկար։
-Դրանք պայմանավորվածություններ էին, որոնք պարտադրվել էր Ալիևին՝ 2016-ին ապրիլյան պատերազմ հրահրելու պատճառով։ Դրանք Ադրբեջանի համար պատժամիջոցի պես մի բան էին։ 2016-ին Ալիևը ևս բացահայտ ասաց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ճնշումը շատ ուժեղ էր։ Հիմա նա իրեն շատ ավելի հարմարավետ է զգում, լավատեսություն է հայտնում, շատ ավելի դրական տրամադրվածություն ունի բանակցային գործընթացի վերաբերյալ, այսինքն ճնշում առնվազն չկա։ Չնայած իշխանությունները վստահեցնում են, թե չեն մոռացվել այդ պայմանավորվածությունները, բայց դրանք չեն արտացոլվում Մինսկի խմբի հայտարարություններում, ինչը փաստում է, որ Ադրբեջանը կարող է «պլստալ» դրանց տակից։
-Փաշինյանը մշտապես հայտարարում է, թե առանց օրակարգի է բանակցում Ալիևի հետ, բայց արտգործնախարարների վերջին պայմանավորվածությունները վկայում են՝ ինչ-որ օրակարգ, այնուամենայնիվ, կա։ Որքա՞ն ժամանակ Հայաստանի իշխանությունը կարող է խուսափել հստակ օրակարգի ձևակերպումից։
-Այնքան ժամանակ, մինչև հակառակորդը դա կարող է հանդուրժել։
-Որպես փորձագետի, Ձեզ համար պա՞րզ է, թե այս իշխանությունը ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում։
-Հնարավորինս ձգել ստատուս-քվոն մինչև վերադիրքավորվելը։ Հիմա բավական վտանգավոր իրավիճակ է. մի կողմից Ադրբեջանին ձեռնտու չէ առաջնագծում սրացում, որովհետև իր ներքին հարցերն ունի լուծելու, մյուս կողմից էլ Ալիևն ունի դեմքը փրկելու խնդիր։ Երբ Ալիևն ասում է, թե անցել ենք բուն բանակցային օրակարգին, բովանդակային քննարկումներ ենք անում, ներքին սպառման համար քարոզչական ուղերձ է հղում, այսինքն ձեր կառավարությունը ձեզ համապատասխան տեղեկություն չի տալիս։ Չեմ կարծում, թե բուն բովանդակային հարցերին են անցել, որովհետև համաձայնեցման փուլերը կարող են տարիներ տևել։ Սա Ալիևի միտումնավոր քարոզչությունն է։ Այս ամենին զուգահեռ Հայաստանում անընդհատ խաղաղասիրության մասին խոսակցություններ են, որոնք զրոյական արձագանք ունեն Ադրբեջանում։ Ինձ ավելի շատ սա է անհանգստացնում, որովհետև մեզ մոտ պացիֆիզմի մոդայիկ ալիք են բարձրացնում այն մարդիկ, որոնք բացարձակապես դրա իրավասությունը չունեն, իրենք երբևէ ծանոթ չեն եղել ոչ կոնֆլիկտի պատմությանը, ոչ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին, ոչ նրանց տրամադրվածությանը մեր հանդեպ (խոսքը ոչ միայն Ադրբեջանի իշխանության մասին է, ընդդիմությունը երբեմն ավելի արմատական հակահայկական դիրքորոշումներ ունի)։ Մարդիկ, որոնք ուզում են հավատալ ռոմանտիկ, մանկամիտ բաների, որ ահա հիմա կբարիշենք ու խաղաղ կապրենք, պիտի սթափ դատեն՝ չենք բարիշելու։ Սա պարզ է ցանկացած մասնագետի, որը մի քիչ ճանաչում է ադրբեջանական հասարակությանը։ Իսկ երբ խաղասիրություն քարոզողներն ասում են, որ դա պետք է, ես, որպես մասնագետ, հարց ունեմ.՝ կարո՞ղ են ինձ բացատրել, թե ինչպես է դա հնարավոր։ Միայն Հայաստանը խաղաղության նախապատրաստելով, ոչ մի բանի չեք հասնի, իսկ Ադրբեջանը խաղաղության նախապատրաստելու համար ձեզնից կպահանջվեն տասնամյակներ, եթե հենց այս պահից սկսած այդ գործը ստանձնեք։
-Ասել է՝ անիրատեսական գաղափարներ են առաջ քաշվում, բայց հանուն ինչի՞։
-Բացարձակ անիրատեսական են, սակայն գրավիչ, որովհետև ոչ մեկը չի ուզում պատերազմ լինի։ Բայց պիտի իրատես լինել, տեսականորեն անգամ անհնար է, ունենալով Ադրբեջանի պես հակառակորդ, այս պահին հասնել խաղաղության։ Ինչ կլինի 50 տարի հետո, ոչ ոք չի կարող ասել։ Բայց այս պահին նման քարոզն ինձ համար առնվազն անհասկանալի է։ Մտահոգիչ է խաղաղասիրության քարոզի սխալ ուղղությունը, անվերահսկելի գործընթաց է սկսվել։ Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսավորվելով, հնարավորություն ունեն անարգել ու ազատ հասարակության ներսում զգոնությունը թուլացնելու։ Սա մեծ խնդիր է, որովհետև այդ տրամադրություններն ազդում են նաև բանակի վրա, Մեղրիի զորամասի դեպքը դրա վառ օրինակն է։ Այսպիսի գործողություններին պիտի շատ խիստ արձագանքել։ Եթե պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ես, զգոնությունը թուլացնելու շռայլություն չես կարող քեզ թույլ տալ։ Պետք է հասկանալ՝ հակառակորդը չի փոխվել, որքան էլ գրանտ ստացողներն ասեն, թե Ադրբեջանի հասարակությունը մեզ չի ատում, այդպես չէ։ Ատում է, որովհետև այդ մարդիկ հերոսացնում են հայ սպանողին, Սաֆարովի անունով են կոչում երեխաներին, ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորների կտրած գլուխը գյուղերում պտտում էին ու սելֆիներ անում։ Այսինքն, ոչ թե իշխանությունը, այլ հասարակությունն է քեզ ատում։ Ադրբեջանի իշխանությունը շատ ավելի պրագմատիկ է, իսկ հասարակության համար ամենևին վատ բան չէ հայ սպանելը։ Այդքան տարի այդ ագրեսիայի, քարոզչության մեջ ապրելն ինչ-որ ժամանակ պետք է պոռթկա։ Ի դեպ, եթե մենք էական առավելություն ենք համարում, որ բանակցություններում լեգիտիմություն ունեցող ղեկավար է մասնակցում, կարելի է միանշանակ պնդել, որ Ալիևը, չնայած ներքին խնդիրներին, այս հարցում ունի իր երկրի բոլոր քաղաքական ուժերի, հանրության աջակցությունը, որովհետև նրանք միահամուռ նույն կարծիքն են առաջ տանում։ Այնպես չէ, որ մենք ավելի լեգիտիմ ղեկավար ենք ուղարկել բանակցելու, իսկ Ադրբեջանը՝ ոչ։
-Այսպիսի տրամադրությունների առկայության պայմաններում Հայաստանի իշխանության ո՞ր օրակարգն է ճիշտ։ Հիմա խոսքը միայն բանակցություններին Արցախի մասնակցելու մասին է։
-Դժվար է ասել։ Իսկ Արցախի մասնակցությունը բանակցություններին այս պահին դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր։ Անշուշտ, շատ լավ կլինի, եթե ստացվի, բայց պարզապես չեմ պատկերացնում՝ ինչպես։ Մի քանի տարի հետո գուցե և լինի այդ հնարավորությունը, այս պահին՝ ոչ։
-Ի՞նչ է փոխվելու մի քանի տարի հետո։
-Երբ ավարտվի տեխնիկական հարցերի քննարկումն ու անցնեն բուն բանակցություններին, դա հնարավոր է։ Համանախագահները ևս անընդհատ ասում են, որ առանց Արցախի այդ փուլը չի լինելու։
-Հասկանալի է, որ նոր իշխանությունները ոչ մեկի խորհրդի կարիքը չունեն, բայց այդուհանդերձ, որպես փորձագետ, բանակցությունների վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։
-Պետք է կենտրոնանալ հումանիտար միջոցառումների վրա, աշխատել Արցախը ներգրավել միջազգային կառույցների աշխատանքում՝ սկսած մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև ընտրական գործընթացներով զբաղվող կառույցներ։ Արցախը ներառել մոնիտորինգային, միջազգային զեկույցների, վարկանիշային ցուցակների մեջ։ Պարբերաբար դա «Freedom House»-ն է անում, մյուսներն էլ դրա քաջությունը պետք է ունենան։ Երբ դա սկսեն անել, շատ հետաքրքիր պատկեր կստանան։ Արցախն ավելի ժողովրդավար պետություն է, քան Ադրբեջանը, որը ստիպում է Արցախին իր կազմ վերադառնալ։ Սա լուրջ խաղաթուղթ կլինի հայկական կողմի ձեռքում, ու ևս մեկ անգամ Ադրբեջանի քարոզչական միֆերը կջախջախվեն։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ