«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Փողը ճիշտ կառավարում է պահանջում

Փողը ճիշտ կառավարում է պահանջում
19.04.2019 | 01:51

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստեղծվել է հաշվեքննիչ պալատի հետ ամենաօրյա աշխատանք իրականացնող մասնագիտական ենթահանձնաժողով, որը զբաղվելու է բյուջետային վերահսկողության մշտադիտարկմամբ։ Այս մասին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում» ծրագրի աջակցությամբ հրավիրված սեմինարում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։ Իր հերթին ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս տարվանից, մինչ պետբյուջեի նախագիծը պաշտոնապես ԱԺ ուղարկելը, կարող է քննարկվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Ինչ խոսք, բյուջեի մշտադիտարկումը, ինչպես նաև դրա նախնական տարբերակի քննարկմանը ֆինանսավարկային հանձնաժողովի ընդգրկումը կարող են որոշակիորեն դրական ազդեցություն ունենալ ավելի ռեալ պետբյուջեի նախագիծ ունենալու հարցում և այն հնարավորինս զերծ պահել անընդհատ վերադասավորումներից։

«ԵՍ ԱՐԱԳ ՇՏԱՊԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ»

ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ (ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ)


-Տիկին Թանդիլյան, ինչ խոսք, պետբյուջեի կատարողականի վերահսկումը խիստ կարևոր և անհրաժեշտ գործընթաց է, սակայն չե՞ք կարծում, որ քանի դեռ կատարողականի ցուցանիշները պետբյուջեի մասին օրենքի մաս չեն կազմում, այն ունի ավելի շատ դեկլարատիվ բնույթ, ինչը հնարավորություն է տալիս ցուցանիշները ներկայացնելիս մանևրել ըստ ցանկության։ Նախորդ գումարման ԱԺ-ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծիք էր հայտնել, որ 2002-2003-ին կատարողականի ցուցանիշները կարող են օրենքի մաս կազմել։ Դուք ի՞նչ կասեք։
-Համաձայն եմ Ձեզ հետ, թեև օրենքում նշված է, որ կատարողականի ցուցանիշներն անխախտելի մաս են կազմում, այնուհանդերձ, հաշվետվողականությունն այդ ձևաչափով որքանով կլինի պատշաճ ուշադրության ներքո, այս տարի կտեսենք, կքննարկենք։ Ինչ վերաբերում է Ձեր նշած ժամկետներին, ապա կարծում եմ, որ պարոն Մինասյանը դանդաղ շտապելու սկզբունք ուներ, ես արագ շտապելու կողմնակից եմ, քանի որ դրանք այն ցուցանիշներն են, որոնք որակ են արտահայտում։ Ամեն դեպքում ես նույնպես կարծում եմ, որ կատարողական ցուցանիշները պետք է օրենքի մաս կազմեն։ Ժամանակն է այդ հարցը դիտարկել և, կարծում եմ, դա պետք է արվեր ավելի շուտ Ձեր նշած ժամանակահատվածից։ Այս պահին, որքան տեղյակ եմ, հստակ ժամկետներ չկան, սակայն կարծում եմ, որ այդ գործընթացը պետք է արագացնել։

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ ԲԱՎԱՐԱՐ ՈՐԱԿ, ՈՐՈՆՔ ԿԱՐՏԱՑՈԼԵՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ (ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ)


-Դուք ի՞նչ կասեք, պարոն Մկրտչյան, բյուջեի կատարողականի ցուցանիշները ե՞րբ կդառնան օրենքի մաս։
-Քանի դեռ պետբյուջեի կատարողականի ցուցանիշները չունեն բավարար որակ, որոնք կարտացոլեն օբյեկտիվ իրականությունը, բնույթը, այդ ցուցանիշների օրենքի մաս կազմումը ռիսկեր է պարունակում։ Ինչու՞, որովհետև եթե այնպիսի ցուցանիշ է դրված, որին հասնել հնարավոր չէ և այն չի բնութագրում իրականությունը, ստիպված պետք է գնալ օրենքում փոփոխություններ, վերաբաշխումներ անելու։ Նշեմ, որ այս պահին այդ հարցը դեռևս չի քննարկվում։ Ի դեպ, ես նույնպես հիշեմ պարոն Մինասյանին. Ծաղկաձորում կազմակերպված սեմինարներից մեկում այս հարցին անդրադառնալով նա ասաց, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կատարողական ցուցանիշները «Բյուջեի մասին օրենքի» մաս դառնան և միևնույն ժամանակ նկատեց` այդ նույն օրենքով էլ պետք է մի հոդված նախատեսենք, որ բյուջեն փոխել հնարավոր չէ։

«ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵԼ Է 2006-ԻՆ»

ԵՆՍ ՊԵՏԵՐՍԵՆ-ԹՈՒՄԶԵՐ (ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար)


-Պարոն Թումզեր, ծրագրի խորագրում ասված է «Հայկական ֆինանսական երկխոսություն», որքան ես գիտեմ ֆինանսներն ազգեր չունեն և ազգություն չեն ճանաչում, ուրեմն սա բոլորովին նո՞ր մոտեցում է ֆինանսական աշխարհում։
-Իհարկե, ֆինանսներն ազգություն չունեն, խոսքը հայկական համատեքստում ֆինանսական հարցերի քննարկման մասին է։ Այո, թեև ֆինանսներն ազգություն չունեն, բայց այստեղ դերակատարում ունեն և՛ քաղաքական գործիչները, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են հայաստանյան մասնավոր և պետական հատվածը. հենց այդքանով է, որ ֆինանսները համարվել են հայկական։
-Առաջին տարին չէ, որ ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը համագործակցում է Հայաստանի իշխանությունների և հասարակական կառույցների հետ։ Անցած իշխանությունների օրոք ձեր կազմակերպությունը բյուջեի կատարողականը միշտ բարձր է գնահատել. նոր իշխանությունների պարագայում որակական ի՞նչ փոփոխություններ եք նկատում։
-Դեռ շուտ է որևէ բան ասել այս նոր փուլի մասին, սակայն կարող եմ նշել, թե ինչ ենք արել մինչ այժմ և ինչ կարելի է անել։ Օրինակ, մեզ հաջողվել է 2018-ի ապրիլին Հայաստանի կողմից ընդունված «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի հիման վրա ստեղծել այնպիսի կառույց, որը համապատասխանում է այդ ոլորտի եվրոպական և միջազգային չափանիշներին։ Երկրորդ շատ կարևոր ձեռքբերումն այն է, որ 2019-ի պետբյուջեն Հայաստանում առաջին անգամ հաստատվեց որպես ծրագրային բյուջե, որտեղ ոչ միայն համեմատվում են որևէ հատվածում եկամուտները և ծախսերը, այլև, եթե չեմ սխալվում, մոտ 180-ից ավելի ծրագրեր են նշված։ Ավելին, տրված է, թե ինչ թվերի հետ դրանք պետք է համեմատվեն, որպեսզի պարզեն` ծառայե՞լ են այն ծրագրերը նպատակին, թե՞ ոչ։ Իսկապես շատ բարդ հարց է որոշել, թե որոնք են այդ ինդիկատորները, որոնց հիման վրա կարելի է որոշել այս կամ այն ծրագրի արդյունավետությունը։ Դրա համար բավականին ժամանակ է պետք և մեծ ջանքեր։ Չպետք է մոռանալ նաև, որ այս գործընթացը սկսվել է դեռևս 2006-ին` 13 տարի առաջ։


Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ