«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Տասնամյակների ընթացքում ձևավորվել է մի հսկայական շարժում, որը պարզապես ներշնչված է Կոմիտասով»

«Տասնամյակների ընթացքում ձևավորվել է մի հսկայական շարժում, որը պարզապես ներշնչված է Կոմիտասով»
19.04.2019 | 02:11

«Իրատեսի» հյուրը կոմպոզիտոր, երգիչ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ է:

-Պարոն Արծրունի, պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալուց հետո առաջին անգամ ենք հանդիպում: Շնորհավորում եմ Ձեզ Ձեր պապի՝ բժշկապետ Վահան Արծրունու հիմնադրած կրթօջախում կարևոր այդ առաքելությունն ստանձնելու առթիվ և հենց այս համատեքստում էլ ցանկանում եմ սկսել մեր զրույցը: Ի՞նչ պարտավորություններ և հնարավորություններ է ենթադրում այս կարգավիճակը: Նախկինում այն խիստ քաղաքականացված էր բոլոր բուհերում, այսօր ինչպիսի՞ն է պատկերը:
-Նախկինում սա լծակ էր, որը թույլ էր տալիս ներազդել համալսարանական կյանքի վրա: Հիմա հոգաբարձուների խորհրդի նախագահի ինստիտուտին այլ բնույթ է վերապահված, սպասումներն այլ են. այն պետք է աշխատի ի նպաստ և ի բարօրություն համալսարանի: Խորհրդի կազմը բավական մեծ է, բաղկացած է 32 անդամից, որոնց թվում կան և՛ համալսարանի դասախոսական կազմի, և՛ ուսանողության, և՛ գիտության ներկայացուցիչներ, և՛ կառավարության կողմից առաջարկված անձինք: Բոլորիս նպատակն է համակարգել համալսարանական աշխատանքը, կյանքը, իրականացնել վերահսկողական և արարողակարգային գործունեություն, որոնք ուղղակիորեն առնչվում են համալսարանին:
-Կարո՞ղ ենք աներկբայորեն հայտարարել, որ բժշկական համալսարանի ուսանողներին այսօր իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու, միտինգների մասնակցելու և այս կարգի այլ բաների համար տույժերի, պատիժների չեն ենթարկի:
-Ընդհանրապես, կարծում եմ, այսօր այդ բաները բացառվում են, սա միայն բժշկականին չի վերաբերում: Այսինքն՝ համալսարանների ապաքաղաքականցումն այսօր օրակարգային խնդիր է: Եվ այս ուղղությամբ շատ բան է արվում: Բժշկականն ունի առանձնահատուկ վիճակ, քանի որ այստեղ ուսանողների զգալի մասը օտարերկրացի է: Հոգաբարձուների խորհուրդը պետք է զբաղվի նրանց խնդիրներով՝ սկսած կեցության հարցերից մինչև ներգրավումը ուսանողական, համալսարանական կյանքին: Ապագա բժիշկը ոչ միայն մասնագետ է, այլև քաղաքացի, որը պետք է շատ լայն մտահորիզոն ունենա, որպեսզի կարողանա շփվել հասարակության բոլոր շերտերի հետ՝ գիտնականից մինչև բանվոր: Իսկ սա պահանջում է ձևավորել համապատասխան աշխարհայացք, ապահովել կրթվածության որոշակի մակարդակ: Այս ուղղությամբ մենք հիմա նախաձեռնում ենք մի շարք միջոցառումներ, ձգտում ենք ուսանողներին կապել մշակութային կյանքին: Պրոֆեսորադասախոսական կազմն այս իմաստով բավական ակտիվ է բժշկականում: Օրինակ, վերջերս Գրքի տոնի հետ կապված նախաձեռնությամբ հանդես եկանք: Համալսարանի գրադարանում բաց ունեինք՝ 4000 անուն մասնագիտական գրքի չափով: Այդ բացը փակվեց մեկ օրվա ընթացքում. համալսարանին նվիրաբերվեց 6000 անուն գիրք:

-Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների հանրային հանձնաժողովի նախաձեռնությունն իր շուրջն է հավաքել Հայաստանի և սփյուռքի նշանավոր երաժշտական դեմքերին: Ի՞նչ պարբերականությամբ և ի՞նչ աշխարհագրությամբ եք պատրաստվում իրականացնելու այդքան մեծ համախմբում ունեցող նախաձեռնությունը:
-Սա դեռևս նախաձեռնություն է, ծրագրային բնույթ չի կրում: Այն ունի խորագիր՝ «Կոմիտասի ներշնչանքով»: Ես հասկացա, որ հոբելյանական պետական հանձնաժողովն իր մոտեցումներն ունի՝ ոչ այնքան ընդունելի իմ և մի շարք արվեստագետների կողմից: Օրինակ՝ այդ հանձնաժողովի հայտարարած մրցույթի մասին գրեթե ոչ մի արվեստագետ տեղյակ չէր: Մրցույթն արդեն ավարտված է, և, փաստորեն, դրան մասնակցել են միայն ՊՈԱԿ-ները: Անհատ ստեղծագործողները, ՀԿ չունեցող մտավորականները, արտիստները զրկված էին այդ հնարավորությունից: Ես գիտեմ, որ դա փուլային գործընթաց է, երկրորդ փուլը պիտի լինի սեպտեմբերին, բայց առաջին փուլն արդեն, իրազեկում չլինելու պատճառով, դուրս է թողել շատերին: Չգիտեմ՝ դա նպատակ էր, թե պատահականություն, բայց արդյունքը սա է: Մշակույթի նախարարության դիրքորոշումը անհասկանալի է: Երբ հայտարարում եք մրցույթ, ասում, որ ոչ մի սահմանափակում այն չի ունենալու, հետն էլ ավելացնում, թե մասնակցել կարող են միայն ՀԿ-ները, արդեն սահմանափակում եք իմ հնարավորությունները, որովհետև ո՛չ ես, ո՛չ էլ դրսում բնակվող մեր որևէ հայրենակից ՀԿ չունենք, որպեսզի կարողանանք մասնակցության հայտը լրացնել: Այսպիսի մերժողականությունն ստեղծում է որոշակիորեն բացասական մթնոլորտ: Եվ այստեղ կա նաև խորքային խնդիր. այս հարթությունը, որն իրականում ստեղծագործական պետք է լիներ, իրավաբանորեն տեղափոխվում է լրիվ այլ դաշտ: Չեն պաշտպանվում թափանցիկության սկզբունքը, հավասար հնարավորությունների և պայմանների ապահովման սկզբունքը, ստեղծագործ մտքի իրականացման իրավունքը, պրոֆեսիոնալ ինքնադրսևորման հնարավորությունը: Սա ազատ մտքի դրսևորման իրավունքի խախտում է արդեն: Ոչ գրագետ կերպով ներկայացված մի նախապայման իրավաբանական չորս խնդիրների պատճառ է դառնում, և դա ինձ շատ է անհանգստացնում: ՈՒ ես որոշեցի առաջին հերթին հանդիպել այն պաշտոնյաների հետ, որոնք ղեկավարում են ոլորտը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, «Կոմիտաս-150» միջոցառումների կազմկոմիտեի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի: Այդ հանդիպումները հեռանկարային են կարծես թե, համենայն դեպս Արայիկ Հարությունյանի և Մխիթար Հայրապետյանի հետ հույսեր եմ կապում, որովհետև նրանք հասկացան, որ հոբելյանական պետական հանձնաժողովի ծրագրերը չեն ընդգրկում ամբողջ դաշտը: Նրանք իրենց ծրագրերում ներառել են միայն բնագրային Կոմիտասին վերաբերող նյութը, որը, անշուշտ, շատ կարևոր է: Բայց հաշվի չի առնվել, որ տասնամյակների ընթացքում ձևավորվել է մի հսկայական շարժում՝ ոչ միայն երաժշտության, այլև գրականության, կերպարվեստի, կինոյի, թատրոնի բնագավառներում, որը պարզապես ներշնչված է Կոմիտասով: Երբ մենք նշում ենք Կոմիտասի 150-ամյակը, պետք է ներառենք այդ ծրագրում ամբողջ դաշտը՝ սկսած ինքնուսներից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալներ, որպեսզի իրապես համազգային բնույթ հաղորդենք այդ տոնին: Սա չափազանց կարևոր է, որովհետև Կոմիտասն իր էությամբ ընդունված է և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում: Կոմիտասն ունիվերսալ խորհրդանիշ է: Կարծում եմ՝ այս տարին մենք պարզապես պետք է հերթական անգամ օգտագործենք, որպեսզի այդ խորհրդանիշի շուրջը համախմբենք ամբողջ հայությանը: Մեր նախաձեռնության աշխարհագրությունը ֆանտաստիկ է՝ Սիրիայից մինչև Կանադա, Պուրտուգալիա և այլ երկրներ: Մասնակիցները մեր հայրենակիցներն են, որոնք մի քանի տասնամյակ են իրենց նվիրումը բերել Կոմիտասին: Այդ հսկայական ռեսուրսը չնկատելն ու չօգտագործելը պարզապես անկարելի է:
-Նոր իշխանությունները գուցե լավ իրազեկված չե՞ն այդ ռեսուրսի մասին:
-Նոր իշխանություններն ունեն կառույցներ, որոնք պարտավոր են ճանաչել դաշտը և ունենալ որոշակի ռազմավարություն այս ուղղությամբ: Այսինքն՝ եթե նրանք թերանալու են այդ հարցում, մենք՝ արվեստագետներս, պատրաստ ենք մեզ վրա վերցնելու բոլոր պարտավորությունները և իրականացնելու դրանք: Չինովնիկական որևէ խոչընդոտ չի կարող մեզ հետ պահել հանրության հետ շփվելուց այս ձևաչափով: Մեր շփման հարթակն անփոփոխ է, դա համերգային դահլիճն է, ներկայացվող ծրագիրը և հանրության հետաքրքրությունը: Ես Արայիկ Հարությունյանին ասել եմ, որ մերժողականությունը Կոմիտասին նվիրված ծրագրին անթույլատրելի է: Եվ մենք ոչ թե իբրև հակաթեզ ենք ներկայացնում այս ծրագիրը, այլ ուշադրություն ենք հրավիրում այս հանգամանքի վրա և ցույց ենք տալիս, որ այն կարող է ծրագրային բնույթ կրել: Մեր նախաձեռնության մեջ ընդգրկված են երաժիշտների տարբեր շերտեր՝ մենակատարներ, նվագախմբեր, ազգագրական, ժողովրդական խմբեր, երգչախմբեր: Ովքեր մտահոգված են հոբելյանի համար հատկացված ֆինանսների բաշխումով, սթրեսային վիճակ են ապրում: Բայց մենք մեր շուրջն ենք համախմբել այնպիսի համաշխարհային անուններ, որոնք աշխարհի մեծ բեմերում են լեփ-լեցուն դահլիճներ ապահովում, այնպես որ դահլիճ լցնելու խնդիր հաստատ չենք ունենա:
-Կոմիտասյան նախաձեռնության մեծ ծավալները հավանաբար թույլ չեն տա, որ այլ ձևաչափով շփվեք հանդիսատեսի հետ այս տարվա ընթացքում, այո՞:
-Այդ նախաձեռնության համատեքստում, իհարկե, կլինի նաև իմ «Կոմիտաս. Տասը հայտնություն» համերգային ծրագիրը՝ հիմնված Կոմիտասի բանաստեղծությունների վրա:

-«Երաժշտական եռանկյունի» ռադիոհաղորդաշարը մշտապես բովանդակալից անակնկալներ է մատուցում ունկնդիրներին: Փաստորեն, այս հաղորդման շնորհիվ մենք նաև բացահայտում ենք մի կարևոր բան՝ Հայաստանում բավական շատ են երաժշտությանը մոտ կանգնած ոչ երաժիշտները: Ինչպե՞ս եք գտնում Ձեր հյուրերին, որքանո՞վ է նրանց երաժշտական ճաշակը գոհացնում Ձեզ՝ իբրև հաղորդաշարի հեղինակի:
-Ծրագիրը շաբաթը երկու անգամ հեռարձակվում է հանրային ռադիոյի իրիկնային եթերում՝ սկսած 2017 թվականից: Սկզբունքն այն է, որ պիտի եթերում լինեն երկու հյուր, որոնցից մեկը երաժիշտ է, մյուսը՝ ոչ: Երկրորդի ոչ երաժիշտ լինելը հավասարակշռում է մասնագիտական մոտեցումը: Ստացվում է, որ հաղորդմանը մասնակցում է երաժիշտը՝ կատարող կամ ստեղծագործող, և հանդիսատեսը: Այդ եռանկյունին թույլ է տալիս ոչ միայն փոխըմբռնման խնդիրներին անդրադառնալ, այլև տարբեր մոտեցումների դրսևորմանը: Սա աշխատում է ի նպաստ հաղորդման: Հաղորդումից ստացած տարբեր տպավորությունները վկայում են, որ շատ բազմազան ու բազմաշերտ են թե՛ երաժշտական ստեղծագործությունները, թե՛ դրանց մասին եղած կարծիքները: Պետք է ասեմ, որ ընդգրկվածությունը շատ լայն է՝ երաժիշտներ, երաժշտագետներ, գիտնականներ, մանկավարժներ, անգամ կառավարության ներկայացուցիչներ: Կարծում եմ՝ կարևոր է, որ մարդիկ մեկ ժամվա ընթացքում կարողանում են դրսևորել իրենց պատկերացումները երաժշտության շուրջ, և շատերի համար նույնիսկ բացահայտումներ են լինում հաղորդման ընթացքում:
-Չեմ կարող չհիշել իմ հյուրընկալությունը «Երաժշտական եռանկյունու» տաղավարում: Ինձ համար էլ անսպասելի՝ ես ընտրել էի Արամ Խաչատրյանի գրած «Խորհրդային Հայաստանի օրհներգը», որը վերադարձնելու քննարկումները, հուրախություն ինձ և շա՜տ շատերի, ակտիվացել են այսօր: Զարմանալի զուգադիպությամբ օրեր առաջ հունահայ մամուլում կարդացի 1950-ականներին տպագրված մի հոդված, որտեղ ճիշտ մերօրյա փաստարկներով քննադատվում էր «Մեր հայրենիքը» իբրև ազգային քայլերգ (այդ եզրույթով էր բնութագրվում երգը) ընդունելու համգամանքը: Փաստորեն, խնդիրը նոր չէ և միայն հայաստանյան չէ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս խնդրին:
-Օրհներգը միշտ արտահայտում է դարաշրջանի էությունը, որի մեջ հետևյալ գործոններն են՝ իշխանություն, ժամանակ և երաժշտական դրսևորում: Այս երեքն անբաժան են իրարից: Աշուշտ, երաժշտական տեսանկյունից Խաչատրյանի օրհներգը գրեթե կատարյալ է, բայց այն կապված է խորհրդային դարաշրջանի հետ, խորհրդանշում է հենց այդ դարաշրջանը:
-Հոգևոր շարականների հենքով գրված օրհնե՞րգը: Մի՞թե հենց այս հանգամանքը չի վկայում, որ Խաչատրյանը հմտորեն խախտել է խորհրդային ռեժիմի պահանջները և իր ազգի համար ստեղծել հայեցի երաժշտություն:
-Միևնույն է, դա բնորոշում էր Խորհրդային Հայաստանի կարգավիճակը և պատմական շրջանը: Վերադարձնելով այդ օրհներգը՝ մենք այն բերում ենք լրիվ այլ պատմական իրականության դաշտ: Եթե պատմականորեն ստացվել է այնպես, որ դեռ չի ծնվել նոր օրհներգի պահանջը, չի կարելի փոխել օրհներգը: Այդպես Ֆրանսիան մինչ օրս չի հրաժարվել «Մարսելյեզից», Գերմանիան՝ Հիտլերի ժամանակ ընդունված օրհներգից:
-Նույն տրամաբանությամբ «թշվառ, անտեր» հայրենիքի մասին վկայող, մահվան քարոզ սփռող օրհներգը չի կարող համապատասխանել մեր այսօրվա իրականությանը, դա բացասական կոդ է պարունակում, ըստ իս:
-Այս հարցը բազմիցս քննարկվել է «Երաժշտական եռանկյունում», որովհետև շատերին է հուզում այն: Ինքս համարում եմ, որ նոր Հայաստանը պետք է նոր օրհներգ ունենա: Օրհներգի ի հայտ գալու հանգամանքը գերակշռում է պատմական տվյալ պահին առկա մնացած բոլոր հանգամանքները: Մենք նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչն է մեզ համար առաջնայինը և ըստ դրա էլ վարվենք: Բնական է, որ եթե մենք հռչակում ենք նոր Հայաստան, պետք է ունենանք նոր խորհրդանիշեր: Դա վերաբերում է և՛ Սահմանադրությանը, և՛ Սահմանադրությունից բխող մնացած բոլոր ասպարեզներին:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao