ReAnimania 2019
 

Թոկատ

Թոկատ
19.04.2019 | 02:25

Թեպետ այս քաղաքի անվանումն ունի բազմաթիվ գրելաձևեր, իսկ խոշորագույն պատմաբան Ա. Ալպոյաճյանն իր ծավալուն աշխատությունը վերնագրել է «Պատմութիւն Եւդոկիոյ հայոց», ես կգործածեմ Թոկատ ձևը:
Քաղաքը Սեբաստիայի նահանգի Թոկատ գավառի կենտրոնն էր և գտնվում էր Իրիս գետի Պեյզատի վտակի ափին` շրջապատված յոթ կարմրահող ապառաժոտ լեռներով: Ձմեռը խստաշունչ էր, ամառը՝ անտանելի շոգ:
XIX դ. վերջին այստեղ բնակվում էր 50000 հոգի, որից 30000-ը` հայ, մնացածը՝ թուրք, հույն, հրեա և այլք:
Թոկատն ուներ 9 եկեղեցի, որից 7-ը՝ լուսավորչական, Սբ. Աստվածածին մայր տաճարով և առաջնորդարանով, 2-ը՝ կաթոլիկ և ավետարանական, հայապատկան 5 վարժարան, 3 մանկապարտեզ, թատերական խմբակներ, 2 տպարան, որտեղից տարբեր ժամանակներում թողարկվում էին թերթեր ու գրքեր:
Ամբողջ առևտուրն ու արհեստները, այսինքն՝ հարստությունը, գտնվում էր հայոց ձեռքում:
Հայերը նրբակենցաղ էին, վայելք, բնություն, թռչուն, ծաղիկ, արվեստ սիրող: Բնավորությամբ մեղմ էին ու խաղաղ: Բարձրահասակ էին, կանոնավոր դիմագծերով, վայելուչ արտաքինով: Շատերն ունեին կապույտ, ծավի աչքեր ու խարտյաշ մազեր:

ՏՂԱՄԱՐԴԻԿ, ԿԱՆԱՅՔ, ԵՐԵԽԱՆԵՐ
Թոկատցի հայոց վարքուբարքը նահապետական էր: Տիրում էր բացարձակ հայրիշխանություն: Ընտանիքի հենասյունը տղամարդն էր, որին հնազանդորեն ծառայում էին կանայք: Անգամ պառավները ոտքի էին կանգնում, երբ ներս էր մտնում 20-ամյա երիտասարդ: Տան գլուխն էր լուծում ամուսնության խնդիրը և սովորաբար ամուսնացնում էր իր ճանաչած մարդկանց զավակների հետ, տղաներին՝ 20-25, աղջիկներին՝ 14-15 տարեկան հասակում: Խնամախոսությունը կատարում էին ծնողները, առանց զավակների կամքը հարցնելու: Նշանված մնում էին շուրջ մեկ տարի, իսկ հարսանիքը կատարվում էր ձմռանը, երբ մարդիկ ազատ էին, և միայն կիրակի երեկոյան:


Բուն հարսանիքը մի ամբողջ ծիսակատարություն էր, որից կառանձնացնեի հետևյալ ուշագրավ մանրամասը: Ամեն տուն ուներ պտղատու ծառերով այգի, և ամեն ոք մրգօղի էր թորում: Հարսին հորենական տնից հանելիս նստեցնում էին ամենագեղեցիկ ձիու վրա, որին նախապես օղի էին խմեցնում կամ շաքար կերցնում, որպեսզի ընթացքի ժամանակ ճոճվեր…
Մայրանալը, զավակներ ունենալը կնոջ համար ամենաբաղձալի երանությունն էր: Մայրը մանկանը սիրում ու գուրգուրում էր բնազդաբար: Երեխայի կոճից կապում էր 9-10 զանգուլակներով արծաթե շղթա, որպեսզի տան գործ անելիս անգամ զանգուլակների հնչյուններից իմանա մանկան գտնվելու վայրը:


Կանայք պճնասեր էին: Պարտադիր կերպով ճակատին կրում էին 15-20 զարդոսկիներից բաղկացած շարոց: Կրում էին նաև մատանի, օղ, ոսկե ապարանջան, մարգարտե կամ ոսկե ժամացույց ու շղթա: Այդ ամենը ամուսնանալու տարիքի հասած օրիորդների դրամօժիտն էր կամ դրա մի մասը: Միայն բացառիկ, ծայրահեղ դեպքերում էին զարդերը վաճառում: Այսպես, խղճի ազատության համար հալածանքի ենթարկված ամուսիններին կանայք կամովին հանձնեցին իրենց զարդոսկիները, որոնք այրերը վաճառեցին և օգտագործեցին որպես դրամագլուխ, մինչև կարողանային նոր գործ հայթայթել: Ընդ որում, դա արեցին գաղտնաբար, որովհետև թուրքերի քաղաքային օրենքով տղամարդկանց արգելված էր իրենց կանանցից փող առնել:
Կանանց արդուզարդի անբաժանելի իրերից էր ձեռքի ձվաձև հայելին՝ ագուցված սադափով, էբենոսով կամ արծաթով: Հայելին գործածում էին ոչ միայն տանը, այլև բաղնիք գնալիս կամ շրջելիս:
Կանայք խիստ աշխատասեր էին, 4-5 օրը մեկ հաց էին թխում իրենց բազմանդամ ընտանիքների համար, ընդ որում՝ հացի զանազան տարատեսակներ: Նրանց վրա էր նաև գերդաստանի համար ձմռան պաշար կուտակելու ծանր գործը:
Հայոց տները փայտաշեն էին կամ թրծված աղյուսից կառուցված, պարսպապատ էին միայն փողոցի կողմից, որ թուրքի աչքը չդիպչեր, և արտաքնապես շատ անշուք էին: Բայց պարսպից ներս միանգամայն այլ վիճակ էր:
Տներից յուրաքանչյուրը պարտադիր ուներ սպիտակ մարմարից պատրաստված քառակուսի, ուղղանկյուն կամ ութանկյուն ջրավազան, որը լցվում էր բազմաթիվ աղբյուրների սառնորակ ջրով: Մարմարը հայթայթում էին քաղաքը երեք կողմից շրջափակած Ղըժղըժ, Խաչդաղ ու Յայլաջըկ բլրալեռներից: Բայց կար մարմարի մի տեսակ, որն օգտագործում էին բացառապես թուրքերը՝ մզկիթ ու մինարե կառուցելու համար: Այդ մարմարն ուներ կանաչ թելաշերտ, իսկ կանաչը մահմեդականների, Ղորանի գույնն էր: Թուրքերը լեռնահողը փորում էին, 15 մետր խորությունից պետք եղած մարմարը հանում, ապա նորից հողով ծածկում, որպեսզի անհավատները չդիպչեին:
Հայերի անխտիր բոլոր ջրավազաններն ունեին շատրվան, որից երբեք ջուր չէր ցայտում, որովհետև ոչ ոք շինելու ձևը չգիտեր: Ամռանը հավաքվում էին որևէ մեկի ջրավազանի մոտ, բազմում գորգերի վրա, նարգիլե ծխում, սուրճ և օղի խմում ու անվերջ խորհում, թե որքա՜ն լավ կլիներ, եթե շատրվանը գործեր…


ԲՈՒԺԱՐԱՆ
Թոկատում, անշուշտ, կային ուսյալ, բարձրագույն կրթությամբ բժիշկներ, բայց և լայնորեն գործածվում էին ավանդությամբ կամ փորձառությամբ ամրապնդված բուսական, հանքային և կենդանական բուժամիջոցներ:
Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:
Ականջացավի ժամանակ մի պճեղ սխտոր էին վերցնում, կեղևով թեթևակի խարկում կրակի վրա, ապա ձեթի մեջ թաթախելով՝ դնում ականջի մեջ:
Գլխացավի պարագայում.
ա) քթով քացախ էին քաշում
բ) օղիով շփում էին ճակատը
գ) աղով սոխ էին կապում ճակատին
դ) ոտքերը դնում էին մանանեխով տաք ջրի մեջ:
Հազի դեպքում.
ա) բամբակի կտորի վրա մեղր և սև կամ կարմիր պղպեղ դնելով՝ տեղադրում էին կրծքի վրա
բ) բամբակը պահում էին խնկի ծխի վրա և տաք-տաք դնում կրծքին:
Փորլուծի դեմ բրինձ էին խաշում ու ջուրը խմում:
Սրտի հիվանդության դեպքում աղավնի էին մորթում և սիրտը տաք-տաք կուլ տալիս:
Անչափ հետաքրքիր էր կարիճի խայթոցներից պաշտպանվելը: Մայրերը սովորություն ունեին իրենց նորածին երեխաներին՝ ծննդաբերությունից մի քանի օր անց, մանկանը խմեցնելու մի թուրմ, որը պատրաստված էր ալկոհոլի մեջ պահված կարիճից և թունավոր օձերի ժանիքներից: Սրա շնորհիվ մանուկներն արդեն պաշտպանված էին կարիճի խայթոցներից: Նրանք աներկյուղ աշխատում էին դաշտերում, ուր վխտում էին կարիճները: Փոքրիկներն անգամ քարերն էին շուռ տալիս, բռնում կարիճներին, որոնք թեև խայթում էին, բայց որևէ վնաս չէին պատճառում:

ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԻ ԾԱՂԿԱՔԱՂ
Ամմեն խոստովանանք տէրտիրոջը չը՛սուիր – կան բաներ, որոնք բոլորից գաղտնի պիտի պահել:
Ամմենը սուտ, Աստուած իրաւ – միակ ճիշտն Աստված է:
Անկաճը կախ, սիրտն ուրախ – անհոգ, անտարբեր:
Ապուր կեր՝ դուռը ել, փիլաւ կեր՝ լեռը ել – ապուր ուտողը շուտ է քաղցածանում, փլավ ուտողը՝ ուշ:
Գրքին երկու երեսն ալ կարդալու է – հարկ է խնդիրը բոլոր կողմերից քննել:
Դանակը կովուն քովը կը տանին, չէ քի կովը դանակին – հարկ է գործը գլուխ բերելու դյուրին միջոցը գտնել:
Եղը էշով, մոխիրը դգալով – անխնա շռայլությամբ ուտող-խմող:
Ես ըսելը՝ սատանայ ըսել է – եսասիրությունը սատանայական մոլություն է:
Եօթը ծովէն դուրս ձգած – վերին աստիճանի վատ, անարգ մարդ:
Էշը հեծեր՝ էշ կփնտռէ – ձեռքի տակ եղածը չի տեսնում:
Էշն ինչ գիտէ նուշը, կ՛երթայ կ՛ուտէ փուշը – վատ մարդիկ իրենց օգուտը չեն հասկանում:
Ինքը քուն, բախտն արթուն – բախտն իրենից առաջ է ընկել:
Կատու չեղած՝ մուկ կը բռնէ – գլխից վեր գործ է բռնում:
Կուսութիւն, կուսութիւն, բերնի կուսութիւն – խոսքի անաղարտությունը ամենահարգի բանն է:
Հաց դրին կերաւ, գործ դրին փախաւ – ծույլ մարդ:
Մօրուք չունիմ քի խօսքս անցնի – հեղինակություն չունի:
Փաշին դուռը բօշան կը զերնէ – աղքատը հարուստից է պահանջում:
Փօրձված սատանան չի փօրձուած հրշտակէն աղէկ է – փորձվածը միշտ նախընտրելի է:
Քառսուն մարագ պսակուած – լկտի, անբարոյական:
Քրիստոս կը փսփսայ – խորը լռություն է տիրում:
Օձուն չուզած ծաղիկը քթին տակը կը բուսնի – չուզած մարդուն հանդիպել:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՌԵՐ
Առու – կանայք գլխի մազերը մեջտեղից բացում էին ու սանրում երկու կողմ: Այդ բացվածքն անվանում էին առու:
Բաղնեց տիրացու – այդպես էին անվանում հոռի ձայնով վատ երգիչներին, որոնց ձայնը լավ էր հնչում միայն բաղնիքում՝ արձագանքի շնորհիվ:
Բղուկ թռցնող – վհուկ, կախարդ, չարախոս կին: Միջնադարյան Եվրոպայում ընդունված էր, որ վհուկները ավել հեծած սուրում էին: Ավել բառը թոկատցիների բղուկ բառն էր:
Երամ – գերեզմանոցում որևէ գերդաստանի անդամների գերեզմանների շարք:
Հավտոն – դեկտեմբերի վերջերին՝ Սբ. Ստեփանոսի տոնի նախօրյակին, դպրոցի դասերը դադարում էին, և աշակերտները վարժապետներին նվերներ էին տանում: ՈՒսուցիչն էլ աշակերտների համար խնջույք էր կազմակերպում և թույլ տալիս չարաճճիություններ անել:
Հարսընկուլ – ըստ ավանդության, մի տան մեջ նորահարս է լինում: Երբ տան անդամները սեղանի շուրջ նստած հարիսա են ուտում, հավի ոսկորը մտնում է հարսի բերանը: Նա էլ, ամաչելով ոսկորը բերանից հանել, փորձում է կուլ տալ, բայց չի հաջողում՝ հարսը խեղդվում-մեռնում է: Հարիսայի միջի ոսկորն էին անվանում հարսընկուլ:
Յոթնեղբայր – Մեծ արջի համաստեղության յոթ աստղերը:

ԾՈՒՅԼ ՀԱՐՍԸ
(ժողովրդական զրույց)
Մի ծույլ հարս է լինում, որը տանը ոչ մի գործ չի անում՝ ոչ ճաշ է եփում, ոչ հաց թխում, ոչ լվացք անում, անգամ հատակը չի ավլում: Սկեսուրը շատ ջանք է թափում, որ հարսը տնային գործերն անի, բայց՝ ապարդյուն:
Մի օր էլ ճարահատ սկեսուրն ասում է ամուսնուն.
-Լսիր, արի էսպիսի մի բան անենք. երբ մեր հարսի ներկայությամբ սենյակն ավլելու կլինեմ, դու ձեռքիցս ավելը վերցրու, իբր դու ես ուզում ավլել: Հարսը կտեսնի, քեզնից կամաչի ու ինքը կավլի:
Մարդ ու կին որոշում են այդպես էլ անել:
Հաջորդ օրը սկեսուրը ավելը ձեռքն է առնում թե չէ՝ սկեսրայրը տեղից վեր է ցատկում, թե՝ տու՛ր ինձ, ե՛ս եմ ավլելու: Կինը չի տալիս.
-Քա, մեղք չե՞ս, տեսնվա՞ծ բան է, որ կնիկը նստի, մարդն ավել անի:
Սկսում են ավելը միմյանց ձեռքից քաշքշել:
Սա տեսնելով, հարսը նստած տեղից ասում է.
-Ջանըմ, ինչու՞ եք կռվում: Այսօր մեկդ թող ավլի, վաղը՝ մյուսդ:

Մեծ եղեռնի ժամանակ Թոկատի հայերի զգալի մասը կոտորվեց կամ տարագրվեց, իսկ փրկվածները ցրիվ եկան տարբեր երկրներ:
Արդեն 1915 թ. օգոստոսի դրությամբ Թոկատից սպանվեց, անհետացավ, բռնի իսլամացվեց և առևանգվեց 23.000 հայ: Աշխատասեր, նրբակենցաղ, օղի, սուրճ, խրախճանք, բնություն, թռչուն, ծաղիկ, արվեստ սիրող, բնավորությամբ մեղմ ու խաղաղ, բարձրահասակ, կանոնավոր դիմագծերով, վայելուչ արտաքինով, կապույտ, ծավի աչքեր ու խարտյաշ մազեր ունեցող տղամարդիկ գնդակահարվեցին, սրախողխող արվեցին, կացնահարվեցին:
Պճնասեր, բայց ամոթխած, անհուն կերպով ամուսիններին նվիրված կանայք բռնաբարվեցին, առևանգվեցին, ողջ-ողջ այրվեցին: 10-ամյա աղջնակները հարեմների փայաբաժին դարձան:
Թուրքերը ներխուժում էին հայերի մահվան քարավանների մեջ ու հարցնում. «Չոջուգ սաթան վա՞ր»՝ «ծախու երեխա ունե՞ք»: Եվ մայրերը, որոնք բնազդի աստիճան սիրում էին երեխաներին, որոնց համար մանչուկները մայրության բաղձանքի գագաթնակետն էին, նրանց կյանքը փրկելու համար տալիս էին: Կամ ինքնասպան լինում՝ իրենց հետ տանելով նաև երեխաներին…
1921 թ. ապրիլի 1-ի դրությամբ 30.000 հայ բնակչությունից Թոկատում մնացել էր 1800 հոգի, իսկ 1930-1940 թթ. այստեղ ապրում էր ընդամենը 400 հայ:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao