ReAnimania 2019
 

Ես խղճում եմ մոլորյալներին

Ես խղճում եմ մոլորյալներին
23.04.2019 | 03:00

Եթե որևէ երկրի սահմանների վրա ռազմական ներխուժման անգամ ամենաթույլ փորձ է կատարվում, ապա հարձակման ենթարկված պետությունը կենտրոնացնում է իր ռազմավարական և մարտավարական ուժերը` հակառակորդին սահմանից հետ մղելու համար։ Այդպիսի դեպքերում օրինաչափորեն հակահարվածն իր ուժգնությամբ մի քանի անգամ գերազանցում է հարձակումը, և դա արդարացված է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական օրենքներով։


2017 թ. մայիսին օպերայի հարևանությամբ` Կարապի լճի շուրջը, հայտնվել էին լուսանկարներ` տղամարդը տղամարդու հետ գրկախառնված և համբուրվող: Հանրությունը շատ բուռն արձագանքեց համասեռամոլների այդ քարոզչությանը և հիշեց ու փաստեց 2013 թվականին Ազգային ժողովի վավերացրած օրինագիծը.
«Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները.
1. սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները .
1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:


Հենց այդ օրինագիծն էլ դարձավ այն «պաշտպանող թիկունքը», որ համարձակություն տվեց ԼԳԲՏ-ների աշխուժացմանը և հասարակության մեջ բացեիբաց հանդես գալուն:
«Գենդերային հավասարության» վերոնշյալ կետով Հայաստանը ոչ միայն փորձ չարեց պաշտպանելու իր սահմանները հակառակորդի ուժեղ հարձակումից, այլև կամավոր բաց թողեց երկիրը պաշտպանող միջնաբերդի դարպասները։ Ամեն երկրի միջնաբերդը նրա այսօրվա և բոլոր ժամանակների երիտասարդներն են, որոնց պետք է այսօր սնենք ազգային ոգով, որ վաղը դառնան նրա այդ ոգու կրողը։
Ցավոք, այսօր մեր երկրի դարպասները բաց են կրնկի վրա, և թշնամին ոչ թե ծածուկ ու աննկատ է մտնում, այլ համարձակ ու անկաշկանդ, հաճախ` այնքան լկտի, որ զարմանում ես, սարսուռն է պատում քեզ, թե ինչպես մարդ բանականը, որ շեղվել է կամ շեղել են նրան իր Աստծո պարգևած մարդկային կերպարից ու էությունից, կարող է իջնել կենդանական բնազդի մակարդակի:


Մարդու իրավունքների «պաշտպան» որոշ ՀԿ-ներ անտեսում են ազգի, ժողովրդի իրավունքները: Իսկ ի՞նչ արժեք ունի մեկ մարդ-անհատի իրավունքը, եթե ոտնահարվում են ազգի` իր երկրում իր ծես ու ավանդույթներով խաղաղ ապրելու իրավունքները։ Չկա՛ մարդու իրավունք ազգի իրավունքից դուրս և առավել, հակառակը պնդողները մոլորեցնում են մարդկանց և, որ ավելի դատապարտելի է, պառակտում ու քայքայում են ազգը ներսից, մինչդեռ ազգը ամբողջական մարմին է` համախմբված անհատ առ անհատ։
Մարտի 5-ին և իշխանությունների կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու պատճառով նաև մարտի 8-ին Ազգային ժողովի բարձր ամբիոնից հնչած ԼԳԲՏ ներկայացուցիչների խայտառակ և սկանդալային ելույթ-կոչը և ելույթ-պահանջը ցնցեցին ողջ հանրապետությունը, ես կասեի` ողջ հայությանը, բայց ոչ մեր ժողովրդի գենետիկ դաշտից դուրս մի քանի տասնյակ շեղվածների: Այն զգացողությունն ունեինք շատերս, ասես թուրքերը մտել են մեր ընտանիքներն ու ավերում, պղծում են ամեն ինչ, իսկ մեզ հանգստացնում են, թե` նրանք էլ մարդ են, թե` մարդու իրավունքներին հակառակ գնալ չենք կարող։


Մեր երկիրն ու ազգը ժողովրդագրական մեծ խնդրի առաջ են կանգնած: Վերջին 30 տարիների անկառավարելի տարերքի նման արտագաղթը, ես կասեի` բռնագաղթը, ծնելության ահաբեկող անկումը, մահացությունների բարձր տոկոսը մեր պետությունը կանգնեցրել են ռազմավարական ահագնացող խնդրի առաջ։ Այսօր մենք բանակը համալրելու խնդիր ունենք։ Պատերազմական վիճակում գտնվող պետությունն ու ժողովուրդը կանգնած են և վաղն առավել ևս կանգնելու են ինքնապաշտպանական խնդրի առաջ: Իսկ մեր երկրում հայտնվել են ինչ-որ այլմոլորակային արարածներ, և մեր երիտասարդ աղջիկներին ու տղաներին փորձում են ներգրավել համասեռամոլության դժոխքը, որտեղից վերադարձ դեպի առողջ և մարդկային կյանք, հետևաբար նաև հասարակություն, չկա: Մեր տղաների մի մասը զոհվում է հայրենիքի սահմանները հերոսաբար պաշտպանելիս, իսկ մյուս մասին նպատակաուղղված և նպատակասլաց, դրսի ուժերի ֆինանսավորմամբ այլասերում և պղծում են ինչ-որ գրանտակերներ: Հայրենիքը պաշտպանող երիտասարդների մի մասը զոհվում է սահմանին` դեռ չհայրացած, սերունդ չտված, իսկ մյուս մասը պղծում են, ինչը հավասարազոր է զոհվելուն, որովհետև համասեռամոլ դարձած, բայց նախկինում սեռաբանորեն առողջ տղաները, որպես լիարժեք տղամարդ, այլևս ունակ չեն լինի ամուսնանալու և զավակ ունենալու… Նույնը և աղջիկները` համասեռամոլությամբ վարակված, ընդունակ չեն լինի, գոնե հոգեբանորեն, զավակ ունենալու և դաստիարակելու նրանց հասարակության համար։
ՈՒզում եմ «մարդու իրավունքներ» ճոճողներին հարցնել` մտածե՞լ եք արդյոք, որ եթե մեր սահմանները պաշտպանող առողջ և քաջ տղաները չլինեին, ո՞վ էր այդ շեղվածների խաղաղ կյանքն ապահովելու։


Մենք երեխա ենք ունեցել մեզ համար և մեր ազգի ու հայրենիքի համար, այլ ոչ նրա, որ դրսի ինչ-ինչ ուժեր և մեր երկրում այդ ուժերից սնվող ապազգային խմբեր կործանեն մեր զավակներին: Հանրապետության հազարավոր հայ և այլազգի կանայք վիրավորված և նսեմացած են մեր և մեր տղամարդկանց արժանապատվության հանդեպ այդ ախտածին հիմնադրամների ցուցաբերած բարոյազուրկ ոտնձգությունից: Ո՞վ, եթե ոչ մենք, սրբություն սրբոց մեր տան դռները պիտի փակենք օտարածին այլասերության և բարոյազրկության դեմ: Մեր երիտասարդները մեր ազգի ու պետության ապագան կերտող ճարտարապետներն են:
Սեռական «փոքրամասնություն» հասկացությունը շինծու է ու մտացածին, այն ոչ թե սոցիալական երևույթ է` իր խնդիրների լուծման ակնկալիքով, ինչպես փորձում են ներկայացնել հակապետական և ապազգային այդ խմբերը, այլ քաղաքական էքսպանսիա է` իր ամենակոպիտ ու այլանդակ դրսևորումներով:


Ինչպես արդեն նշեցի, պետական սահմանի վրա հարձակման դեպքում ցանկացած պետության ինքնապաշտպանական բնական դրսևորման անհրաժեշտություն կա: Հիմա մեր երկիրն ու ազգը նույն այդպիսի պատերազմական վիճակում են, երբ մեր սահմաններին ոչ միայն իրական, զինված հարձակումներ են լինում ամեն օր, այլև մեր ժողովրդի և հասարակության բարոյական հիմքերը քայքայող ներխուժում: ԼԳԲՏ շեղված մարդիկ փորձում են աշխարհի հասարակություններին համոզել, որ միասեռական հարաբերությունները բնականոն երևույթ են, հետևաբար բնական է նաև նրանց գոյությունը հասարակության մեջ: Սակայն գիտականորեն վաղուց ապացուցված է, որ համասեռամոլությունը ոչ թե հորմոնային բնական` ֆիզիոլոգիական խախտումների պատճառով առաջացած հիվանդություն է, այլ այլասերություն։ Եվ հատուկ նպատակով «բուծում» են նմաններին` այլասերելով պատանի աղջիկներին ու տղաներին, որպեսզի իրենց ընտրությունը շարունակական լինի, հակառակ դեպքում, մի օր իրենց նմանների ծերության և մահվան պատճառով, կպակասի նրանց թիվը, և իրենք կմնան չբավարարված: Ահա նրանց ողջ թվաբանությունն իր տրամաբանությամբ:
Անկեղծորեն, ես խղճում եմ մարդկային բնականոն կյանքից շեղված այդ մարդկանց: ՈՒ զարմանալի և զավեշտալի է, երբ այդ մոլորյալ, ես կասեի` մոլորեցված մարդիկ խոսում են իրենց այլասերվածության իրավունքները ոտնահարված լինելուց, բայց չեն հասկանում, որ ոտնահարված է նրանց մարդկային բարոյական և բնական կյանքով ապրելու իրավունքը:
Զարմանալի է ու զայրացուցիչ, որ այլասերության տարածումը Հայաստանում փորձում են պաշտպանել սփյուռքում ապրող մեր որոշ անվանի արվեստագետ հայրենակիցներ: Եթե նրանք պիտի այսպիսի ծրագրերով գան հայրենիք, ապա ավելի նախընտրելի է, որ ընդհանրապես չգան։


Մենք պարտավոր ենք և կարող ենք պաշտպանել մեր երեխաների բարոյապես մաքուր և ազգային չափանիշներով ապրելու իրավունքը: Իսկ նրանք, ովքեր չեն կարող մարդկային կյանքով ապրել մեր կողքին, թող իրենց համար նոր մոլորակ գտնեն…

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ.Գ. Տեղին է պահանջել Նիկոլ Փաշինյանից և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից անհրաժեշտ պարզաբանում. հեղափոխությունից հետո Հայաստանում ինչու՞ այսքան աշխուժացան տրանսգենդերներն ու մյուս այլասերվածները։ Պարո՛ն Փաշինյան, ի՞նչ է նշանակում Ձեր հարցը` «հիմա նրանք մա՞րդ են, թե՞ մարդ չեն»: Չգիտեմ` մա՞րդ են, թե՞ չեն, բայց գիտեմ, որ այլասերության գովազդ ու քարոզ են անում։ Դուք դա համարում եք օրինաչա՞փ: Եթե որևէ մեկը պետական կարգի տապալման քարոզչություն անի, Դուք կարդարացնե՞ք նրան, թե` մարդ է, դա էլ մարդու իր իրավունքն է… Այս այլասերվածների քարոզչությունը համազոր է մեր պետականության դեմ ոտնձգության, որովհետև մենք ունենք ժողովրդագրական մեծ խնդիր, որովհետև մենք պատերազմի մեջ ենք, և մեր զինվորները պիտի լինեն առողջ ու առնական: Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի Հայաստանում, եթե այս քարոզչությունը չարգելենք. մատաղ սերունդը կայլասերվի, և տարիներ անց առհասարակ ծնելություն չի լինի, չեն լինի նաև հայրենիքը պաշտպանող զինվորներ… Ի դեպ, առանց ժողովրդի Դուք չէիք կարող հեղափոխություն անել…Հետևաբար հաշվետու եք մեր ժողովրդին Ձեր յուրաքանչյուր քայլի ու բառի համար:

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao