Այսօր կալանքից ազատ է արձակվել հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով կալանավորված ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։ Գլխավոր դատախազությունից փոխանցել էին, որ Ադյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, և չի բացառվում, որ նա այդ օրն ազատ արձակվի։
Սամվել Ադյանը, ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանն ու «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը կալանավորվել էին փետրվարի 28-ին։ Ըստ ԱԱԾ-ի՝ Ադյանը Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-19-ին ապօրինի միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման, գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հովանավորյալ առևտրային կազմակերպության հաղթանակը:
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը մեղադրանքը շինծու էր որակել: Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը էլ հայտարարել է, թե իր պաշտպանյալի դեմ «գործ են կարում»։