Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հեղափոխության պարտության օրը

Հեղափոխության պարտության օրը
26.04.2019 | 01:16

Վաղը համաժողովրդական տոն է՝ քաղաքացու օրը։ Թեպետ ճիշտ կլիներ՝ հեղափոխության օր կոչվեր։ Համենայն դեպս՝ հեղափոխության հետևանք էր: Կա տարբերակ, որ հեղափոխությունն էր քաղաքացու ի հայտ գալու հետևանք, բայց քաղաքացին միշտ կա, հեղափոխություններ, հեղաշրջումներ, իշխանափոխություններ ամեն օր չեն լինում՝ ցիկլ են փակում: Այս օրերին ընդհանրական քննարկման առանցքը հեղափոխությունն էր՝ մի ափից նոստալժիի, մյուս ափից՝ դեժավյուի նոտաներով։ Տեսակետների ու մեկնաբանությունների պակաս չեղավ՝ հատկապես վերջին օրերի սկանդալների պատճառով: Բոլորն ընկած են հետևանքների վերլուծության բավիղները, ոչ ոք չի փորձում ճգնաժամի պատճառները պարզել: Փաստ է, որ հեղափոխությունը ունի ոչ միայն հաղթանակի, այլև պարտության օր:
Որքան էլ պարադոքսալ է՝ հեղափոխության պարտության օրը համընկավ Երևանի ավագանու քարոզարշավի սկզբին: Խոսքը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի աղմկահարույց սև-սպիտակ բաժանման մասին չէ։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի որոշման մասին է՝ վերցնել բացարձակ մեծամասնությունը մայրաքաղաքում ու հիմք դարձնել ԱԺ արտահերթ ընտրությունների: Դա հայեցակարգային ու սկզբունքային սխալ էր, որ վկայում է՝ Հայաստանում համակարգային փոփոխություններ չեն կարող լինել։ Հայեցակարգային էր, որովհետև կատարվեց դասական սխալ՝ պետության ու իշխանության նույնացում: Սկզբունքային էր, որովհետև շարունակվեց նախկին իշխանության սխալը՝ հավաքել բացարձակ մեծամասնություն։


Դասական ժողովրդավարության երկրներում ոչ մի կուսակցություն իր առաջ խնդիր չի դնում ընտրություններում հավաքել 35-40 տոկոսից ավելի ձայն: Կա տասնամյակների քաղաքական փորձ, որ վկայում է՝ ամենահայրենասեր, ամենաանաչառ, ամենաժողովրդավար կուսակցությունը դատապարտված է ձախողման ու տանուլ է տալիս հաջորդ ընտրությունները, եթե ստանում է այնքան ձայն, որ կարող է միայնակ որոշումներ ընդունել ու իրագործել։ Բացարձակ մեծամասնության պարագայում անխուսափելի պառակտումներ են սկսվում հաղթած թիմում։ Միայնակ որոշումների կայացման քվե ստացած թիմը միանգամից հայտնվում է իշխանության մեջ անվերահսկելիության վակուումում և օրեցօր ամրապնդվող ինքնավստահությունը զուգահեռվում է ամենաթողության հետ: Թիմը իր ղեկավարից պահանջում է նորանոր արտոնություններ: Ստանալու դեպքում կուսակցությունը կորցնում է վարկանիշն ու հեղինակությունը, չստանալու դեպքում ղեկավարը կորցնում է թիմը, ու սկսվում է ներքին պառակտումը: Այդպես է եղել ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀԿ-ի ժամանակ ու 3 նախագահների պաշտոնավարման տարիներին:


Ժողովրդի վստահության կորուստը, նախագահների ու ժողովրդի միջև բարձրացող պատը հետևանք չէին միայն նրանց անձնական քաղաքականության, ընդունելի կամ մերժելի քայլերի: Նրանք կորցնում էին ժողովրդին ու ստիպված էին հենվել իրենց ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգի վրա՝ իշխանությունը պահելու համար, որովհետև իշխանությունը նույնացնում էին պետության հետ ու թյուր կարծիք ունեին, որ միայն մեկ կուսակցության հենարանի վրա կարող են կառավարել: Այդպես անկախության ամբողջ ընթացքում չկայացավ կուսակցական համակարգը, իշխանական կուսակցությունները դարձան կարիերայի ու պաշտոնավարման հենակետ, ընդդիմադիր կուսակցությունները կամ հարկադրված էին համագործակցել իշխանության հետ ու կորցնել դեմքը, կամ վերանալ քաղաքական ասպարեզից։ Համակարգը այդպես էր կառուցված: Թվում էր՝ հեղափոխությունից հետո, համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը կթելադրի լուծումներ, որոնք կբացառեն հին համակարգի տեղում նորի ձևավորումը հին սկզբունքներով: Չեղավ: ՈՒ դա Հայաստանի թավշե հեղափոխության վերջակետն էր. Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններից հետո ձեռնամուխ եղավ դեկտեմբերին Աժ արտահերթ ընտրություններին՝ խնդիր դնելով խորհրդարանում ձևավորել բացարձակ մեծամասնություն: Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը բախվում է իր սխալի հետևանքներին՝ թիմը անկառավարելի է:

ՔՊ-ն նրանից պահանջում է ավելին ու ավելին, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին որևէ կերպ չեն կարող ազդել որոշումների ընդունման վրա, և ՔՊ-ն չունի զսպման որևէ պատճառ: Եթե նա կատարում է թիմի ցանկություն-քմահաճույքները, դադարում է թիվ 1-ը լինել և իր թիմում, և հասարակության աչքում: Եթե չի կատարում, թիմը սկսվում է դավադրել կամ թիմակիցների, կամ իր դեմ։


Բոլորովին այլ կլիներ պատկերը, եթե ՔՊ-ն խորհրդարանում չունենար միայնակ որոշումներ ընդունելու բավարար քվեներ և կազմավորեր կոալիցիա, այդ պարագայում կոալիցիայի յուրաքանչյուր կուսակցություն ներքին խթան կունենար իրատեսական ծրագրեր ներկայացնելու ու ծրագրերի կատարման ռեալ մեխանիզմներ ստեղծելու՝ թիկունքին զգալով ընդդիմության շունչը և հաջորդ ընտրություններում վերընտրվելու անհրաժեշտությունից ելնելով կմտածեր ոչ թե իր, այլ պետության շահերի մասին։
Անիմաստ ու անհնար է իշխանությունից պահանջել, որ կամավոր սահմանափակի իր իշխանությունը: Դա ընդդիմության, փորձագիտական շրջանակների ու լրատվամիջոցների խնդիրն է, որի միակ շահառուն պետք է լինի ընտրողը, ընդհանրության մեջ՝ հասարակությունը։


Այսօր Հայաստանում չկա գիտակցություն, որ ինչ-որ մեկը պիտի ընտրողին բացատրի՝ ընտրությունը լուրջ ու պատասխանատու աշխատանք է, որին պետք է պատրաստվել: Պատրաստվելը ենթադրում է քվեախցում ղեկավարվել ոչ թե ծանոթ-բարեկամին ձայն տալու սկզբունքով, այլ ընտրություններին մասնակից կուսակցությունների ծրագրերի ու այդ ծրագրերի իրականացման մեխանիզմներին քվե տալով: Փորձագիտական միտքը սահմանափակվում է այս ու այն քաղաքական գործչի հերթական հայտարարության վերլուծությամբ, լրագրողների հացը մնում են սկանդալները։ Փակ շրջանակ է, որ ստիպում է իշխանությանը գնալ իր նախորդների նվիրական ոտնահետքերով, իսկ տարբերվելու համար դիմել օրհնյալ պոպուլիզմին ու նույնքան օրհնյալ դեմագոգիային։ Այս համակարգը զարգանալու տեղ չունի: Առավելագույնը տեղապտույտն է, որի մեջ և հայտնվել ենք 2018-ի թավշե հեղափոխությունից հետո:
Համակարգը փոխում է դեմքերը, բայց ոչ սկզբունքները՝ մեկ տարի կար համոզվելու, որ արդյունքների տեսակետից «Իմ քայլի» քայլերը քաղաքական քոչարի են՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ։ ՈՒ՝ այդպես: Սխալ է ամեն ինչ իշխանության վրա թողնելը: Պետության առաջ պարտականություններ ունենք բոլորս: Եթե ուզում ենք համակարգային փոփոխություններ, ուզում ենք իշխանության ու պետության տարանջատում, ուզում ենք իրական՝ բովանդակային, ոչ թե ձևական ժողովրդավարության մեջ ապրել, պիտի անենք մեր աշխատանքը։ Բայց մենք անում ենք հակառակը։ Համենայն դեպս՝ լրագրական դաշտի մակարդակում:


Վերջերս Shabat.am կայքը հրապարակել է «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» տեսանյութ, որտեղ անվերապահ դասակարգում է գործող լրատվամիջոցներին, կամայական բաժանումներ կատարում՝ 3 խմբերի ու որակումներ տալիս: Նախ՝ որքանո՞վ է էթիկայի տեսակետից արդարացված, երբ ինչ-որ լրատվամիջոց գնահատականներ է տալիս լրատվական դաշտին: Երկրորդ՝ տեսանյութում ոչ մի բառ չկա, թե ինչ ուսումնասիրությունների, սոցիոլոգիական հետազոտությունների արդյունք են դասակարգումներն ու որակումները։ Եվ երրորդ՝ անհայտ է մնում, թե ինչ սկզբունքով են կատարվել դասակարգումներն ու որակումները: Կամ, ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունի տեսանյութը, ու՞մ է ուղղված և ի՞նչ նպատակով: Փաստացի՝ Shabat.am-ը թյուրիմացության մեջ է իր եզրակացություններում և մամուլը երեք մասի բաժանելու կայքի անիմաստ ջանքը ոչ միայն համարժեք չէ իրականությանը, այլև մեծ զրպարտություն է իրականության հասցեին ու ընթերցողին ապակողմնորոշելու շարքային քայլ: Չորրորդ իշխանության դերի ու նպատակների մասին նույնիսկ աղոտ պատկերացում ունեցողը կասի, որ մամուլը, չլինելով իշխանություն ու չունենալով իշխանական լծակներ, համարվում է իշխանություն, որովհետև գործառույթը իշխանության երեք թևերին հասարակության ուշադրության կենտրոնում պահելն է՝ վերահսկելը: Չորրորդ իշխանությունն իշխանություն է ձեռք բերում, երբ հրապարակումները արձագանք են ունենում և իրավիճակ են փոխում: Մամուլի ազատությունը ում մտքով ինչ անցնի՝ գրելը չէ։ Ո՞րն է այսօր մամուլի օգտակար գործողության գործակիցը։ Մամուլի ազատության ցուցիչը դա պիտի լինի: Ամեն օր հայտարարել, որ մամուլը Հայաստանում ազատ է, չի նշանակում արժևորել մամուլի դերը։ Առավել ևս մամուլի անկախության հայտարարությունները միֆ են: Անկախ մամուլ ունենալու համար Հայաստանը պետք է ունենա այնքան ուժեղ տնտեսություն, որ մամուլը կարողանա ինքնածախսածածկմամբ ապահովել իր անկախությունը: Թող որևէ լրատվամիջոց այսօր գլուխ չգովի, որ անկախ է ու կարողանում է իր եկամուտներով ինքն իրեն պահել: Դա լրջագույն խնդիր է 21-րդ դարի հայ լրագրության համար։ Բայց դա չի նշանակում, որ բացարձակապես բոլոր լրատվամիջոցները ստեղծվել ու ստեղծվում են այս կամ այն քաղաքական խմբի ու անհատի շահերի սպասարկման համար: Միշտ էլ եղել են ու կան խմբագիրներ ու լրագրողներ, որ իրենց ստորագրության պատիվը փողով չեն հաշվարկում ու չեն վաճառվում: Ոչ էլ իրենց համոզմունքները հարմարեցնում են օրվա պահանջներին ու կոնյունկտուրայից բխած սկզբունքափոխությունը համարում են ելակետ: Նրանց շնորհիվ է, որ Հայաստանում մամուլն իսկապես ազատ է, ոչ թե իշխանության բարեհաճության։ Իրական ու անիրական տերեր ու քաղաքական տանիքներ որոնելու փոխարեն, Հայաստանի լրատվական դաշտի պատկերը կազմողները սկզբունք պիտի ունենան՝ ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում, որ առաջնահերթ լուծման կարիք ունեն, և ինչպե՞ս են այդ խնդիրներն արտացոլվում լրատվամիջոցներում։ Ի՞նչ կարող են ու ի՞նչ պիտի անեն լրատվամիջոցները պետության, ոչ թե իշխանության առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այդ պարագայում չի ստացվի, որ երեկ իշխանության դեմ գրելը օրինական էր, այսօր՝ քրեական։ Իրեն հարգող ոչ մի լրատվամիջոց նպատակ չի դնի ինչ-որ մեկի դեմ գրելը, դա տաբու է, եթե դու ծառայում ես երկրիդ։ Եթե ծառայում ես ինչ-որ մեկին, մի ներկայացիր ոչ քաղաքական գործիչ, ոչ փորձագետ, առավել ևս ոչ էլ լրագրող: Դու վարձու աշխատող ես, ում այսօր վարձատրում են սեփական «ճշմարտությունը» հանրային դարձնելու համար, իսկ վաղը տերերը փոխվելու են ու փոխվելու է «ճշմարտությունն» էլ, որ կապ չունի ճշմարտության հետ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ստեղծված իրավիճակում անիմաստ է ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվելու է սուպերվարչապետական համակարգից կամ ձեռնամուխ է լինելու սահմանադրական փոփոխությունների: Անիմաստ է սպասել, որ նա կհամաձայնի իր ենթակայությունից դուրս թողնել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։ Նա հրաշալի հասկանում է, որ այդ երկու կառույցների նախարարություն դառնալը վտանգավոր է իր իշխանության համար: Պետք չէ հարցը պարզունակացնել այնքան, որ պարփակվի ԱԺ-ում հարցուպատասխանի մեջ: Եվ ոստիկանապետը, և ԱԱԾ պետը ոչ մի նախարարից պակաս հարցազրույցներ չեն տալիս: Ոչ էլ կառույցների քաղաքականացումն է խնդիրը։ Խնդիրը բացարձակ կառավարելիությունն է։ Այդ կառույցների ղեկավարները չեն կարող դառնալ թիմին ենթակա, նրանք պիտի մնան ենթակա վարչապետին այնքան ժամանակ, որքան վարչապետը բացարձակ վստահություն չի ունենա թիմի նկատմամբ: Բացարձակ վստահել 88 մարդու, ֆիկցիա է, որ ֆիկցիա է դարձնում հաջորդ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը: Այսօր փորձագիտական դաշտի, լրատվամիջոցների, ՀԿ-ների խնդիրը հասարակությանն ընտրության նախապատրաստելը, իրական ու այլընտրանքներ ունեցող, գաղափարական ու քաղաքական մրցակցության՝ դա է բովանդակային ժողովրդավարության բանալին։ Մնացածը միջանձնային հարաբերությունների պարզաբանում է, որ կապ չունի լրագրության հետ։ Ոչ էլ՝ քաղաքականության։

Դիտվել է՝ 1985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ