Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանն առայժմ չի հրաժարվի իր միակ հենարանից

Նիկոլ Փաշինյանն առայժմ չի հրաժարվի իր միակ հենարանից
26.04.2019 | 02:15

Հայաստանում այսօր ակտիվ քննարկումների և տարբեր բանավեճերի թեմա են դառնում, այսպես կոչված, թավշյա հեղափոխության առաջին տարեդարձի հետ կապված խնդիրները, արդյունքները, բացթողումները։ Հայաստանյան քաղաքական դաշտը հեղաշրջման առաջին տարեդարձը դիմավորեց կարևոր դիսկուրսով, որն առնչվում է գերվարչապետական համակարգի պահպանմանը։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին և նոր իշխանություններին ուղղված գլխավոր մեղադրանքներից մեկը, ինչպես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկն էր պնդում, Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումը հագնելն ու այդ կոստյումին հարմարվելն է։ Այս թեման բավականին հետևողականորեն արծարծվում է, ու ակնհայտորեն երևում է, որ այն բավականին նյարդայնացնում է թե իշխանությանը, թե անձամբ Նիկոլ Փաշինյանին, որը շատ դեպքերում ստիպված է լինում արձագանքել այդ հարցերին։ Այլ հարց է, որ երբեմն այդ պատասխանները ճնշող մեծամասնության համար այդպես էլ մնում են ոչ համոզիչ։


Հիմնական քննարկումն ընթանում է ուժային կառույցների, մասնավորապես, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության շուրջ։ Երբեմն հիշատակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի անունը։ Եվ վիճարկվում է հետևյալ հարցը. Փաշինյանը՝ որպես վարչապետ, իշխանական համակարգը հավասարակշռության բերելու համար չպե՞տք է արդյոք այդ կառույցներն օրենքի ուժով իր վերահսկողությունից հանձնի խորհրդարանին։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ու՞մ վերահսկողության տակ պետք է լինեն ուժային կառույցները՝ խորհրդարանի՞, թե՞ վարչապետի. ահա այս համատեքստում են վերջին քննարկումները։
Հասկանալի է, որ այս համակարգը Սերժ Սարգսյանը նախապատրաստել էր անձամբ իր համար։ Այն ժամանակ խնդիր էր դրված բոլոր լծակները փոխանցել վարչապետին, որպեսզի վերջինս դեֆակտո պահպանի նախկին նախագահական լիազորություններն ու վերահսկողության գործիքները։


Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները բացատրության հարմար տարբերակ են գտել։ Քաղաքական ոչ համոզիչ կլիշեների հավաքածու են մեջբերում՝ իբրև թե չեն ցանկանում քաղաքականացնել ուժային կառույցները։ Սա իհարկե բավականին թույլ փաստարկ է. Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում այդ կառույցներն ունեցել են նախարարության, առընթեր կոմիտեների, ծառայությունների կարգավիճակ, ու անկախ ամեն ինչից, դրանք դեֆակտո քաղաքական են եղել՝ հանդես գալով որպես օրվա իշխանությունների պատժիչ գործիքը։
Այս տեսակետից ակնհայտ է, որ եթե նույնիսկ այժմ Նիկոլ Փաշինյանը համարի, որ կարող է ուժային կառույցները հանձնել խորհրդարանական վերահսկողությանը, ապա ոչինչ չի փոխվի, քանի որ այնուամենայնիվ, ԱԺ քաղաքական ճնշող մեծամասնությունն առանձնապես ոչ մի լուրջ վերահսկողություն չի կարող ունենալ, քանի որ վարչապետը միևնույն է, անձամբ է կառավարելու այդ համակարգերը։ Խնդիրն ավելի շուտ ֆորմալ բնույթ ունի։


Քաղաքական մեծամասնությունը՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, տեսնելով, որ իրենց փաստարկները լուրջ չեն ընդունվում, խուսափելու համար բարձրացվող աղմուկից, առաջարկեց օրենսդրական փոփոխություններ մտցնել և օրենքի ուժով ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարներին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու հնարավորություն տալ, ինչով որոշակիորեն կկարողանան բավարարել ընդդիմության նկրտումները, մեղմել իրավիճակը։ Սակայն կարծես թե այսքանով թեման չի ավարտվում։
Սա բանավեճի արտաքին շղարշն է։ Իրականում իհարկե ուժայինների պահպանման միտումը սկզբունքային, նույնիսկ պրագմատիկ ու կիրառական նշանակություն ունի գործող վարչապետի համար։ Բանն այն է, որ այսօր ձևավորված է մի կարծիք, որ իրավիճակից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանը՝ շատ լավ հասկանում է, որ անցած մեկ տարվա ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ իրեն չի հաջողվել ստեղծել իր հստակ հենարանները։ Վարչապետը գիտակցում է, որ այսօր ինքն ունի ընդամենը մեկ հենարան՝ հանրային աջակցությունը։ Այդ աջակցությունը, մեկ կամ կես տարվա կտրվածքով դիտարկելիս, անհամեմատ նվազել է։ Թեև ինքը՝ Փաշինյանը, այդ փաստը վերջերս հրապարակայնորեն ժխտեց, սակայն շատ լավ գիտի, որ իր միակ հենարանը հանրության մի զանգվածն է, որը շատ հեղհեղուկ է և նվազելու միտում ունի։ Բնական է, որ հասարակության մեջ ծագած սպասումները չբավարարվելով, այդ հենարանը աստիճանաբար հիասթափվելու է, ուստի այդ ռեսուրսն ամսեամիս մաշվելու է։


Որպես կանոն, իշխանությունն ունենում է իր լուրջ քաղաքական հենարանը։ Սակայն մեկ տարվա ընթացքում պրակտիկան և կյանքը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կիսաինստիտուցիոնալ կուսակցությունից առանձնապես չզարգացավ և չդարձավ հզոր քաղաքական կառույց։ Գուցե այստեղ որոշ օբյեկտիվ պատճառներ կան. նախորդ իշխանություններից տասնամյակներ պահանջվեցին, որ կարողանան ձևավորել ոչ միայն իշխող հանրապետական կուսակցությունը, այլև նրա արբանյակ ուժերը, որոնք քողարկված կամ բացահայտ անհրաժեշտության դեպքում աջակցում էին երկրի ղեկավարին։ Փաստ է, որ «Քաղպայմանագիրը» ոչ զանգվածների, ոչ կառուցվածքի, ոչ կադրային առումով չի դարձել այդ կուռ քաղաքական ուժը, և քաղաքական ազդեցության առումով ծանրակշիռ կուսակցություն չէ։


Մնացյալ քաղաքական ուժերը հայաստանյան դաշտում կամ կշիռ չունեն, կամ քաղաքական այլ սպեկտրներում են և առանձնապես իրենց տեղն էլ չեն գտնում։ Ավելին, ԱԺ ընտրությունների շեմին Նիկոլ Փաշինյանը, վստահ լինելով այդ պահի իր վարկանիշի վրա, այդ ուժերը վանում էր իրենցից՝ թույլ չտալով մոտ գալ։
Մյուսը, որ որպես կանոն ամրապնդում է իշխանության ղեկավարի դիրքերը, տնտեսական հենարաններն են։ Պետք է փաստել, որ մեկ տարվա ընթացքում Փաշինյանը տնտեսական դաշտի լուրջ վերաձևումների չի գնացել։ Գուցե եղել են վիճելի հարցեր, մասնավորապես, ինչ-որ կերպ գումարներ էին վերցվում որոշ օդիոզ դեմքերից, և պարզ չէր՝ ինչ մեխանիզմով, և ուր էին այդ գումարները ի վերջո գնում, սակայն այնուամենայնիվ մեծ փոփոխություններ չեն արվել։ Նույն օլիգարխիան, խոշոր բիզնեսները, որոնք նախկին իշխանության տնտեսական հենարանն էին, փոփոխական հաջողությամբ շարունակում են գործել, սակայն ասել, թե դրանք Փաշինյանի տնտեսական հենարանն են, չենք կարող։ Իսկ նոր տնտեսական կորպորացիաներ, կառույցներ կարծես թե դեռ չեն ձևավորվել։ Ասել, որ այսօր կան տնտեսական կամ բիզնես օղակներ, որոնք շահագրգիռ են ներկա իշխանության գոյատևման և երկարակեցության հարցում, չենք կարող։


Հաջորդը սոցիալական հենարաններն են՝ բիզնես խավերը, մշակութային էլիտաները, մտավորականությունը, որոնք յուրաքանչյուր իշխանության օրոք ստանում են աշխատելու, զարգանալու որոշակի պայմաններ, օգտվում են իշխանության գործունեությունից, և շատ դեպքերում պարտական են լինում իշխանությանը իրենց քիչ թե շատ բարեկեցիկ կյանքի համար և որպես այդ ամենի հետևանք ընտրությունների ժամանակ աջակցում են իշխանություններին։ Այս հենարանի գոյության մասին էլ չենք կարող փաստել։ Այնպիսի տպավորություն է, թե մշակութային գործիչները, մտավորականները գլուխ չեն հանում այս իշխանություններից։ Թերևս միակ խավը տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքն է, որը որոշակի հույսեր է կապում ներկա ղեկավարության հետ, քանի որ կառավարությունը գոնե խոսքով հույսը դնում է ՏՏ-ի վրա՝ բարձրագոչ խոսքեր շռայլելով այս ոլորտին ու հեռանկարներ ձևակերպելով վերջինիս հետ։ Սակայն այդ հեռանկարներն էլ արվում են շատ ամորֆ ու անհասկանալի կերպով, ինչը պայմանավորված է իշխանության ոչ կոմպետենտությամբ, անպատրաստ լինելով և ռեսուրսների պակասով։


Որպես կանոն, ՀՀ բոլոր իշխանությունները ամուր հենարան են ունեցել Արցախում։ Այս պահի դրությամբ ասել, որ Արցախը հիացած է ՀՀ ղեկավարության վարած քաղաքականությամբ, շատ լավատեսական կլինի, սակայն քիչ թե շատ աշխատանքային տանելի հարաբերություններ ստեղծվել են երկու հայկական հանրապետությունների միջև։
Այս պարագայում, երբ երկրի ներսում որևէ լուրջ հենարան չունի, Նիկոլ Փաշինյանին մնում է միայն հույսը դնել ուժային կառույցների վրա։ ՈՒստի բնական է, որ վարչապետը գոյություն ունեցող միակ այս հենարանը չի զիջի խորհրդարանին, որքան էլ ֆորմալ առումով այնտեղ մեծամասնություն լինի իր քաղաքական ուժը։ Քաղաքական այդ մեծամասնությունն այնքան խայտաբղետ է, այնտեղ առկա տարբեր խմբերն այնքան քիչ ընդհանրություններ ունեն միմյանց հետ, որ միամտություն կլինի այդ թիմին վստահել ազգային անվտանգության հարցերը։


Այսուհանդերձ, չի բացառվում, որ առաջիկայում որոշակի առաջընթաց ունենալու և ոտքի վրա ամուր կանգնելու դեպքում Փաշինյանը գուցե աստիճանաբար ԱԺ-ին զիջի ուժային կառույցների վերահսկողությունը։
Սակայն հատկանշական է, որ անգամ ուժային կառույցների պարագայում նկատելի են տարաձայնություններ և մրցակցություն տարբեր գերատեսչությունների միջև։ Եվ անգամ ուժայինների պարագայում վարչապետը ստիպված է լինելու հավասարակշռել նրանց ազդեցությունը, այդ թվում՝ քաղաքական գործընթացների վրա։ Թերևս պատահական չէ, որ իշխանության սորոսական թևը և նրանց սոցցանցային ու իրական կյանքում գոյություն ունեցող ներկայացուցիչները այս օրերին բառացիորեն թիրախավորել են ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին՝ փոխարենը պահանջելով սորոսական Դավիթ Սանասարյանի քրեական գործը ԱԱԾ-ի վարույթից վերցնել ու փոխանցել հատուկ քննչական ծառայությանը, որի ղեկավարը, ինչպես հայտնի է, սերտորեն կապված է «Բաց հասարակության հիմնադրամի» հայաստանյան ղեկավարության հետ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ