«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կոկորդկրծոցին՝ մինչև վերջին շունչը

Կոկորդկրծոցին՝ մինչև վերջին շունչը
26.04.2019 | 03:46

Տևական ընդմիջումից հետո պրեմիեր լիգայի 35-րդ տուրը միայն հնարավորություն տվեց հնարավորինս ամբողջական խոսելու Անգլիայի առաջնության մասին, քանի որ բոլոր թիմերն էլ անցկացրել են հավասար թվով հանդիպումներ, ու մրցաշարային աղյուսակում այս կամ այն ակումբի ունեցած տեղի մասին արդեն կարող ենք խոսել առանց վերապահումների: Բնականաբար, խոսքի առանցքում ունենալու ենք առաջին վեց հորիզոնականում եղածներին, քանի որ այդ նրանք են դառնալու ներքին առաջնության մրցանակակիրներն ու եվրոպական ակումբային խաղարկության մասնակիցները:

ԱՆԳԼԻԱ
Եվ այսպես՝ 89 միավորով աղյուսակի առաջին հորիզոնականում երկրի գործող չեմպիոնն է «Մանչեստր Սիթին», որն ընթացիկում արդեն ազատված լինելով մեկ այլ մրցաշարի մասնակցելու հնարավորությունից (հիշենք ու հիշեցնենք, որ նրան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ փուլից դուրս մղեց նույնպես անգլիական ակումբ՝ «Տոտենհեմը»), ամբողջովին ծանրացել է ներքին առաջնության վրա՝ ոսկե մեդալների համար պայքարում մրցակից ունենալով «Լիվերպուլին», որն իրենից հետ է ընդամենը մեկ միավորով, իսկ սա նշանակում է, որ առաջնության ավարտին մնացած երեք խաղում թե՛ «Մանչեստր Սիթին», թե՛ Յուրգեն Կլոպի սաները վրիպելու իրավունք չունեն:
Ասենք, որ «քաղաքաբնակներին» աղյուսակի առաջին հորիզոնական հանեց «Մանչեստր Յունայթեդի» հետ արտագնայում 2:0 հաշվով տոնած հաղթանակը: ՈՒ մեկ որ հիշել ենք «Յունայթեդին», ասենք՝ սա «մանկունիացիների» երկրորդ անընդմեջ պարտությունն էր, իսկ նման պարագայում խոսել հնարավոր երրորդ տեղի համար նրանց պայքարի մասին, գործնականում դառնում է անիմաստ, քանի որ դիմացը անցնելիք ճանապարհն անհնարին է վիճակ փոխելու համար: Առավելագույնը, որ կարող են անել նրանք (ակտիվում ունեն 64 միավոր), առաջին վեցյակում հնարավոր տեղաշարժն է:
Բրոնզե մեդալների համար շատ կարևոր հաղթանակ տարավ աղյուսակի հետնապահների շարքում գտնվող «Բրայտոնին» հյուրընկալած «Տոտենհեմը»: Հյուրերը ահռելի դիմադրություն են ցույց տվել, սակայն մրցակցի բարձր կարգը, այդուհանդերձ, իրեն զգալ է տվել. խաղավարտից երկու րոպե առաջ Էրիկսենը խփել է հանդիպման միակ գոլն ու իր թիմին հնարավորություն տվել 70 միավորով միանձնյա շարունակելու մնալ երրորդ հորիզոնականում: «Տոտենհեմին» մոտենալու ու երրորդի տեղի համար նրան ձեռնոց նետելու լավագույն հնարավորություն ուներ «Արսենալը», սակայն նախորդ հանդիպման տխուր օրինակով Հենրիխ Մխիթարյանի թիմը դարձյալ պարտվեց՝ 1:3: Այս անգամ նրանից երեք միավոր տանողը մրցաշարային աղյուսակի առաջին վեցյակը կազմած թիմերի աչքի փուշ «Վուլվերհեմպտոնն» էր, որն ընթացիկում դարձել է յուրօրինակ Ռոբին Հուդ՝ ուժեղագույններից միավորներ է կորզում և հեշտ ու հանգիստ տանուլ տալիս ստորին հորիզոնականներում գտնվողներին: Ինչևէ: «Արսենալը» 66 միավորով հինգերորդ հորիզոնականում է, մեկ միավորով հետ է մնում «Չելսիից», որը վերջին տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 էր խաղացել «Բյոռնլիի» հետ ու կորցրել «Տոտենհեմի» շնչին պինդ նստելու հնարավորությունը:
Խոշոր առումով Անգլիայի այս առաջնության յուրահատկությունը դառնում է այն, որ, ըստ էության, մինչև վերջին տուրը պայքար է գնալու թե՛ ոսկե, թե՛ բրոնզե մեդալների համար, ինչն անչափ հետաքրքրական է դարձնում այս առաջնությունը:

ԻՍՊԱՆԻԱ
Հակառակ Անգլիայի առաջնությանը՝ իսպանականում իրավիճակն անհամեմատ խաղաղ է, ու առաջին եռյակը կազմածները՝ հայտնի: Ավելին՝ կարելի է մի փոքր ռիսկի դիմել ու ասել, որ այս եռյակի մեջ էլ դասավորությունն ակնհայտ է, սակայն բոլոր դեպքերում եկեք մի փոքր էլ համբերենք, մանավանդ որ առաջնությունն էլ սրընթացորեն մոտենում է ավարտին: Հուսալ, թե մնացած չորս խաղում Մադրիդի «Աթլետիկոն» կարող է չեզոքացնել «Բարսելոնից» ունեցած 9 միավորի կտրվածությունը, ինքներդ էլ հասկանում եք, ոչ թե վառ, այլ աներևակայելիորեն վառ երևակայության արդյունք է: Հերթականում կատալոնյան ակումբը երկու անպատասխան գնդակի առավելությամբ արտագնայում հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ ու 80 միավորով վերևից ներքև է նայում բոլորին:
Իհարկե, 34-րդում «Աթլետիկոն» «Վալենսիայի» հետ տնային խաղում կարող էր ամրագրել Բարսելոնի» չեմպիոնությունը՝ պայմանով, որ զիջեր հյուրերին, սակայն Դիեգո Սիմեոնեի սաներին նույնքան անհրաժեշտ է յուրաքանչյուր երեք միավորը, քանզի նրան հետապնդող «արքայականը» դեմ չէ իր այս ձախողած առաջնությունում գոնե երկրի փոխչեմպիոնությունը ձեռք գցելուն: «Վալենսիան» արժանի դիմադրություն է ցույց տվել տանտերերին, երկու անգամ կարողացել է հավասարեցնել հաշիվը, սակայն նույնը չի կարողացել անել երրորդ անգամ ու ստիպված գլխիկոր է լքել մարզադաշտը:
Երեկ երեկոյան, «Խետաֆեի» հետ ունենալիք արտագնա խաղում, հաղթելու դեպքում «Ռեալը» կարող էր միավորներով «Աթլետիկոյից» խզվածությունը հասցնել չորսի ու բրոնզե մեդալների համար մնալ իրական պայքարի մեջ, սակայն չմոռանանք, որ եվրոպական ակումբային խաղարկությունների դռներ բացող առաջին վեցյակում ամրապնդվելու համար «Խետաֆեին» ոչ պակաս միավորներ են պետք:


ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում հանդիպումները զոհաբերված էին գավաթային խաղերին, իսկ այստեղ կիսաեզրափակիչ մրցակցությունների փուլն էր: Առաջինը մրցեցին «Լացիոն» ու «Միլանը»՝ թիմեր, որոնք առաջին դիմակայությունում չէին կարողացել որոշել ուժեղագույնին՝ այդպես էլ անզոր լինելով խոցելու մեկմեկու դարպաս: Երկրորդն էլ առանձնապես գոլառատ չի եղել: Հանդիպման ելքը որոշել է Խոակին Կորեայի կողմից հյուրերի դարպասի գրավումը, որն էլ հռոմեացիների առաջ բացեց եզրափակիչ տանող դռները: Այստեղ նրանց մրցակիցը կլինի «Ֆիորենտինա»-«Ատալանտա» զույգի հաղթողը: Հիշեցնենք, որ Ֆլորենցիայում գրանցվել է գոլառատ խաղ, կողմերը երեքական անգամ կարողացել են գրավել մեկմեկու դարպաս: Ավելացնենք, որ պատասխան խաղը նշանակված էր երեկ:

ԳԵՐՄԱՆԻԱ
Երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցել են «Վերդերն» ու «Բավարիան»: Գրանցվել է գոլառատ հանդիպում: Հաշիվը բացել են տանտերերը, ինչին հյուրերը պատասխանել են երկու գոլով: Այնուհետև տանտերերը շատ արագ վերականգնել են հաշվի հավասարությունը: Խաղի ելքը վճռվել է 80-րդ րոպեին, երբ Լևանդովսկին դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով «Վերդերի» դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ Եզրափակչում մյունխենցիները խաղալու են «Լայպցիգի» հետ։
Ավելորդ չհամարենք նկատել, որ այս խաղը մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլլերի համար երկրի գավաթի խաղարկության տասներորդ կիսաեզրափակիչն էր, որով նա դարձավ գերմանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը: Ի դեպ, իր համար հոբելյանական այդ հանդիպումը Մյուլլերը նշանավորել է դարպասի գրավումով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ