«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Աշնանը Լիոնում կկայանա Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Աշնանը Լիոնում կկայանա Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը
26.04.2019 | 13:21

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի մետրոպոլի և քաղաքապետարանի հայաստանյան ծրագրերի ղեկավար Իզաբել լա Գյուլը և այլ պաշտոնատար անձինք։ Ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել միջպետական ու միջտարածաշրջանային հարթություններում ապակենտրոնացված փոխգործակցության ներկապնակն առավել հարստացնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Նախարարն արդյունավետ է բնորոշել Հայաստանի և Ֆրանսիայի երկու տասնյակից ավելի քույր քաղաքների միջև տարբեր ոլորտներում առկա գործակցությունը, որի գործնական վկայությունն, ըստ նրա, բոլորովին վերջերս Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրն էր։
Դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև խորացող հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է։ Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը ևս շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նկատել, որ ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում արձանագրված դրական տեղաշարժերը հայ-ֆրանսիական հարաբերությունների վերբեռնման և դրանք որակապես նոր հիմքերի վրա դնելու հիանալի հնարավորություններ են ընձեռնում։ Փոխքաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ աշնանը Լիոնում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը երկու պետությունների վարչատարածքային միավորումների համար նույն հաճախականությամբ խոսելու և գործելու յուրօրինակ հարթակ կդառնա։


Նախարար Պապիկյանը ողջունել է երկկողմ հարաբերությունները նոր փուլ թևակոխելու վերաբերյալ զրուցակցի մոտեցումները և շեշտել, որ բովանդակային նոր հիմքերի վրա խարսխված գործնական կապերն ու ֆրանսիական հաջողված փորձի տեղայնացումը մեծապես կնպաստեն Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս տեսանկյունից նախարարն առանցքային է համարել նաև փոխշահավետ բիզնես միջավայրի ձևավորումն ու վստահելի գործընկերային հարաբերությունների կառուցումը։ Հյուրերին ներկայացնելով Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը՝ Սուրեն Պապիկյանն արձանագրել է. «Մեզ համար առաջնահերթ է ժողովրդավարության արմատները դնել հենց համայնքներում։ Մենք ձգտում ենք հավասարակշռության գործուն մեխանիզմ ապահովել համայնքի ավագանու և ղեկավարի միջև՝ նպատակ ունենալով խուսափել տեղերում գերանձնավորված իշխանությունից»։

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ