«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Բարսելոնն» էլ վաղաժամկետ դարձավ չեմպիոն

«Բարսելոնն» էլ վաղաժամկետ դարձավ չեմպիոն
30.04.2019 | 03:13

Այս շաբաթը նախ և առաջ այսօր-վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղերով է նշանավոր, ինչը նշանակում է, որ եվրոպական թոփ առաջնությունների ֆոնին մենք դրանք աչքաթող անելու իրավունք պարզապես չունենք, սակայն եկեք չմոռանանք և անցած հանգստյան օրերի խաղերը, որոնցում հետաքրքիր զարգացումների պակաս չի եղել: Առաջնություններ ասելով՝ բնականաբար մենք չենք թերարժևորելու և Ֆրանսիայի գավաթի խաղարկությունը՝ այն մատուցելով որպես դեսերտ, բայց եկեք առանձնապես շատ չշտապենք ու ամեն ինչի մասին իր տեղում ու իր ժամանակին խոսենք, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ մեկը, որսորդ դարձած, ընկել է հետևներիցս, մենք էլ խելակորույս արագությամբ փորձում ենք պոկված լինել նրանից:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի 35-րդ տուրով վերջապես վերջակետ դրվեց երկրի չեմպիոնության համար արդեն անհամորեն երկարող բոլորիս սպասումներին, քանզի մրցաշրջանի կեսից հայտնի էր, որ երկրի գործող չեմպիոնը կրկնելու է նախորդ մրցաշրջանի հաջողությունը, ու դրանում նրան ոչինչ չի կարող խանգարել: Այո, «Բարսելոնի» համար սա սկզբունքորեն անմրցակցային առաջնություն էր, քանզի արմատական թարմացման կուրս վերցրած Մադրիդի «Ռեալը» ալեբախումների մեջ էր՝ մեկ մրցաշրջանում երեք գլխավոր մարզիչ փոխելու պարտադրանքով, իսկ մադրիդյան մյուս գերակումբը՝ «Աթլետիկոն», հարկավ լավն է, բայց ոչ այնքան լավը, որ «Բարսելոն» եղած տեղը կարողանա չեմպիոնական խաղեր տալ:
Ինչևէ: Թեմային որ թողնենք, անսահմանորեն ծավալվելու գիրկը մեզ կտանի, բայց սույն նյութով մենք բոլո՛ր առաջնություններին անդրադառնալու խնդիր ունենք, ուստի փորձենք հնարավորինս լակոնիկ լինել: Վալվերդեի նախկին թիմն ամեն ինչ արեց, որ կատալոնյան ակումբի չեմպիոնությունն իրենով չգրանցվի, դրա համար «Լևանտեն» իսկապես կռիվ տվեց ու լուրջ կռիվ տվեց, սակայն ինչ անի նա կամ նրա փոխարեն ցանկացած թիմ, եթե կատալոնյան ակումբը նման դեպքերի համար, երբ խաղը չի ստացվում, ունի պահեստային տարբերակ՝ խաղադաշտ է հանում ֆուտբոլային հանճարին, որն էլ անում է իր թիմի համար օգտակար, դիմացինի համար սև գործը: Այո, երկրորդ խաղակեսում դաշտ մտավ Մեսին ու ամեն ինչ դրեց իր տեղը:


Իհարկե, կարելի է մի քիչ քնարերգակ լինել ու ձեռքն արտիստիկ կերպով ճակատը տանելով՝ ասել, բա էլ ուրիշ ով, եթե ոչ Մեսին թիմի չեմպիոնություն արձանագրող խաղում պիտի լիներ ոսկե գոլի հեղինակը, բայց թե ինքներդ էլ հասկանում եք, որ պաթետիկան միանգամայն ավելորդ է այստեղ, որովհետև բա էլ ուրիշ ով, եթե ոչ… Մի խոսքով՝ իրար հասկացանք:
Լա լիգայի 35-րդ տուրը, սակայն, միայն չեմպիոնին չէ, որ ի հայտ բերեց: Այն ընդհանրապես վերջնական տեսքի բերեց առաջին եռյակը, որտեղ Մադրիդի «Աթլետիկոն» երկրորդ տեղում է (նվազագույն հաշվով պարտության է մատնել «Վալյադոլիդին»), ինչը նշանակում է, որ Դիեգո Սիմեոնեի սաները նվաճել են փոխչեմպիոնությունը, իսկ մադրիդյան մյուս ակումբը՝ «Ռեալը», ստիպված է բավարարվել բրոնզե մեդալներով: «Արքայականը» նվազագույն հաշվով զիջել է վտանգավոր գոտում գտնվող «Ռայո Վալեկանոյին», որին այս հաղթանակն էլ դժվար օգնի մնալու բարձրագույն լիգայում: Համենայն դեպս, թիմը տարավ պատմական հաղթանակ այն առումով, որ վերջին 17 խաղում մշտապես զիջել է «Ռեալին»:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի հերթականը սկսվեց վերջին շրջանում անփոփոխ սկզբունք դարձած վիպասքի ընթերցումով: Հիմա կասեք՝ հալլա-հա, հո չասե՜ց, սակայն բարեկամաբար խորհուրդ կտամ ձեր չհիմնավորված պոռթկումները պահել ձեր հոգու նվիրական գանձարանում, քանզի այն, ինչ տեղի է ունենում մառախլապատ Ալբիոնի այս առաջնությունում, փառահեղ գծված սցենար է. մեկ օր առաջ հանդես եկող «Լիվերպուլը» գզում-գցում է հերթական մրցակցին, մրցաշարային աղյուսակում անցնում առաջ ու սույնով «Մանչեստր Սիթիին» պարտադրում հերթականում պայքարել միայն ու միայն երեք միավորի համար: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն էլ ստորագրություն տվածի ջերմեռանդությամբ անում է իրենից պահանջվող անելիքն ու կրկին իրենով անում մրցաշարային աղյուսակի առաջին հորզոնականը, քանի որ «Լիվերպուլից» մեկ միավոր ավելի ունի վաստակած, ինչն էլ ապահովում է ընթացիկ մրցաշրջանի առաջնության գերինտրիգայնությունը:


Այս մի փոքր երկարած, սակայն պահանջված առաջաբանից հետո կարճ փաստենք տուրում սույն թիմերի ունեցած հանդիպումներն ու անցնենք առաջ, քանզի երրորդ տեղի համար պայքարում պակաս հեքիաթային մրցակցություն չի ծավալվել: Այսպես՝ 36-րդում «Լիվերպուլը» պարզապես բզկտել է «Հադերսֆիլդին» (5:0), որը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է պրեմիեր լիգան, իսկ «Մանչեստր Սիթին» արտագնայում նվազագույն հաշվով կոտրել է «Բյոռնլիի» համառությունը:


Տուրում մրցակիցներին պարզապես արքայական նվեր արեց երրորդ տեղում ընթացող «Տոտենհեմը»՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Վեստ Հեմին»: Այդ երրորդ տեղն իրենով կարող էր անել «Չելսին», սակայն վերջին երկու հանդիպումները տանուլ տված ու մեդալների համար պայքարից ինքն իրեն զրկած «Մանչեստր Յունայթեդը» վերցրեց մեր էն թառլան «Հարսնացու հյուսիսից» կինոնկարի Մուրադի պես կատաղեց՝ թե ես Աբրամովիչի թիմին միավորից ավելի տվողը չեմ: Արդյունքում՝ ոչ-ոքի՝ 1:1, «Չելսին» մնաց 70 միավոր ունեցող «Տոտենհեմից» երկու միավորի հեռավորության վրա՝ այդպես էլ անկարող լինելով ներխուժելու բաղձալի եռյակ: Բայց «Մանչեստր Յունայթեդ»-«Չելսի» ճակատագրական դիմակայության այս ոչ-ոքին էլ հեչ է «Արսենալի» մրցելույթների հենքի ֆոնին: Ինչ կասեք, եթե ասեմ, որ վերջին հինգ խաղում զինագործները կրեցին չորրորդ պարտությունը, որից վերջին երեքը՝ անընդմեջ (այս տուրում «մանկունիացիները» երեք անպատասխան գնդակի տարբերությամբ զիջել են «Լեստերին»): Նման խայտառակ ֆինալը կարող է «ուտվել» միայն մի դեպքում, եթե «Արսենալը» կարողանա տրամաբանական ավարտին հասցնել մրցելույթները Եվրոպայի լիգայում, որտեղ դուրս է եկել կիսաեզրափակիչ: Ինչևէ: 66 միավորով Հենրիխ Մխիթարյանի թիմը հինգերորդ հորիզոնականում է՝ մեկ նիշով ավելի լինելով առաջին վեցյակը եզրափակող «Մանչեստր Յունայթեդից»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի 31-րդ տուրում սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիան» 2:4 հաշվով զիջելով «Շալկեին»՝ չեմպիոնական մրցավազքում պարզապես շքեղագույն նվեր արեց Մյունխենի «Բավարիային»:
Եղածն ավելի քան իրատեսորեն գնահատելով՝ դորտմունդցիների գլխավոր մարզիչը շտապեց հայտարարել (անկեղծ լինենք՝ խաղի մրցավարությունից նա իր դժգոհության ահռելի չափաբաժինն անվիճելիորեն ուներ), որ չեմպիոնության համար պայքարն արդեն ավարտված է: Այսպես ասելով՝ Ֆավրը նկատի ուներ, որ մնացած երեք տուրում իր թիմն այլևս ի զորու չի լինի բռնացնելու բավարացիներին:


Նույնիսկ հիմա դժվար է ասել՝ իրապե՞ս դորտմունդցիների պարտությունը առաջնությունը շահելու խելահեղ զգացողություն առաջացրեց մյունխենցիների մեջ՝ բթացնելով զգոնությունը, բայց փաստը մնում է փաստ, որ արտագնայում «Բավարիան» անկարող եղավ կոտրելու աղյուսակի անհուսալի հետնապահներից մեկի՝ «Նյուրնբերգի» դիմադրությունն ու բավարարվեց մեկ միավոր վաստակելով (1:1), իսկ սա նշանակում է, որ դորտմունդցիներից նրանց ունեցած երկու միավորի պոկվածությունն առանձնապես անհաղթահարելի արգելք չէ, և բունդեսլիգայում ինտրիգը շարունակում է ոչ միայն մնալ, այլև տիրություն է անում:
Ի դեպ, չափազանց դժվար է ասել, թե ի՛նչ կարող է լինել դեպքերի որոշակի զարգացումների պարագայում, եթե հանկարծ դորտմունդցիները մնացած երեք խաղում իրենց պահեն այնպես, ինչպես «Շալկեի» հետ խաղում: Այս դեպքում հրաշալի հեռանկար կբացվի սեփական հարկի տակ «Ֆրայբուրգին» 2:1 հաշվով հաղթած երկրի գործող փոխչեմպիոն «Լայպցիգի» համար, որն այս պահին 64 միավորով երրորդ հորիզոնականում է ու առնվազն բրոնզե մեդալները գրպանում:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին եռյակում փոփոխությունները մեզ, մեղմ ասած, անհավանական են թվում, թեպետ հայտնի բանաձևումն ասում է՝ երբեք մի ասա` երբեք: Ինչևէ, համոզված լինելով, որ «Նապոլին» ու «Ինտերը», այնուամենայնիվ, մեր այս տարիքում մեզ խոր փիլիսոփայական ընդհանրացումների չեն մղի («Յուվենտուսի» հարցում ամեն ինչ պարզ է. «ծեր սինյորան» վաղաժամկետ նվաճել է երկրի չեմպիոնությունը ու հիմա, անկախ Հայաստանի պետական ծառայողների պես, պարապությունից «շարիկ» է գլորում), առաջին եռյակի կտրվածքով, բոլոր դեպքերում, ներկայացնենք տուրի արդյունքները. «Ինտերն» ու «Յուվենտուսը» միմյանց հետ խաղացել են ոչ-ոքի՝ 1:1, «Նապոլին» արտագնայում 2:0 հաշվով հաղթել է հետնապահներից մեկին՝ «Ֆրոզինոնեին»: «Նապոլին» 70 միավորով երկրորդ հորիզոնականում է, 62 միավորով «Ինտերը» հաջորդում է նրան՝ չորս միավոր ավելի ունենալով չորրորդ տեղում գտնվող «Ռոմայից»:

ՖՐԱՆՍԻԱ
Մնացած չորս խաղի համար վեց միավորով «Լիոնից» «Լիլի» առաջ լինելն անվիճելիորեն հզոր հաղթաթուղթ է երկրի փոխչեմպիոնությանը տիրանալու համար, սակայն, բոլոր դեպքերում, եկեք զարգացումներից առաջ չընկնենք, բայց և նշենք «Նիմի» նկատմամբ «Լիլի» 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակը: Տուրի իր հաղթանակը «Լիոնը» տոնել էր երկու օր առաջ՝ Բորդոյում տեղի համանուն թիմի նկատմամբ առավելության հասնելով 3:2 հաշվով:
Հենց այստեղից էլ, առանց հապաղելու, անցում կատարենք երկրի գավաթի խաղարկությանը, որտեղ եզրափակիչ դիմակայությունում այն, ինչ արեց «Ռենը» երկրի գործող չեմպիոն ու ընթացիկ մրցաշրջանում այդ տիտղոսը ժամկետից շուտ նվաճած «Պարի Սեն Ժերմենի» հետ, ֆանտաստիկայի ոլորտից էր:
«Մայրաքաղաքցիների» համար ավելի հարմար սկիզբ անհնար էր երևակայել. «Ստադ դե ֆրանսում» նրանք արդեն 21-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով: Շարունակության մեջ էր ողբերգությունն ու զավեշտալին:


Նախ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն օրվա մրցակցին ինքնագոլով օգնեցին կրճատելու հաշվի տարբերությունը, իսկ դրանից այն կողմ ուրիշ բան չուներ անելու «Ռենը»՝ բացի հաշիվը հավասարեցնելուց ու, եթե հաջողվեր, նաև առաջ անցնելուց:
Խաղի հետագա ընթացքն այսպիսի զարգացում ունեցավ: Հիմնական ժամանակում «Ռենը» հասավ ոչ-ոքիի՝ 2:2, այդ հաշիվը կարողացավ պահպանել լրացուցիչ ժամանակում, իսկ դրանից այն կողմ մնում էր լոկ մի բան՝ ֆուտբոլային ռուլետկան: «Ռենի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ եղան՝ 6:5, իսկ սա նշանակեց, որ թիմն իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի գավաթակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ