ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ձևի ու բովանդակության պատերազմ

Ձևի ու բովանդակության պատերազմ
03.05.2019 | 00:08

Հասանք մայիս՝ հաղթանակների ամիս։ Հետաքրքիր է՝ այս տարի ու՞մ ենք հաղթելու։ Ըստ իշխանության՝ աղքատությանը, որ մեր գլխում է։ Ըստ պետության վիճակի՝ աղքատությունն է մեզ հաղթում: Բայց պայքարն անդադրում է՝ օրինակ երբ բարձրահասակ Սանչո Պանսայի արտաքինով, բայց դեմքին դոն Կիխոտի տրտմությամբ՝ Կենտրոնի թաղապետը ապամոնտաժում է Չարենցի փողոցի անօրինական 6 կրպակները, աղքատությունը կուչուձիգ է անում նրա առաջ ու անհետանում՝ իբրև մայթին տնկված տձև ձև, բայց բովանդակությամբ, չգիտես ինչու, պահպանվում է ու կրպակատիրոջ ձայնով ասում է՝ «Չագուջն էլ ա իրանց ձեռը, մեխն էլ, որ հարկերը մուծում էի՝ անօրինական չէի, հիմա անօրինական եմ։ Ես ի՞նչ կարամ անեմ»։ ՈՒ իրեն վայել վեհապանծ քայլվածքով Չարենցի փողոցի վրա ճեմում է Կենտրոնի թաղապետը՝ տուն գնալիս մտածելով. «Ես Երևանին նվիրեցի մի լայն մայթ, մեկն էլ վաղը կնվիրեմ, ո՞վ ունի մայրաքաղաքին մայրաքաղաքի տեսք տալու իմ վճռականությունը», ու մտքում զմայլվում է օրինականությունը քաղաքամայր վերադարձնելու իր վճռականությամբ ու կամքով։ Չէ՞ որ ամեն ինչ արվում է մարդու համար՝ մարդն է արարչության բարձրագույն կերպարը: Եվ՝ հեղափոխություն եղավ մարդու համար։ Որ 6 ընտանիք ապրուստի միջոց կորցրեց, մեծ մանրուք է՝ փոքր մարդկանց կյանքից։ Թող գնան նույն գործն ուրիշ տեղ անեն: Եթե խնդրեն, թաղապետը գուցե մտածի նրանց մասին։ Կարևորը գործն է՝ գործն է անմահ։ Մարդը մահկանացու է։ Գուցե Կենտրոնի ինտելեկտուալ թաղապետը մտքում նաև Հովհաննես Թումանյան է արտասանում, չէ՞ որ Թումանյանը տրենդում է՝ վարչապետն էլ է արտասանում: ՈՒրեմն ամեն ինչ ճիշտ է, արդար է, օրինական է, հեղափոխական է, պատմական է, հաղթական է:


Սքանչելի օրեր ենք ապրում. հետհեղափոխական՝ ըստ ժամանակի, հեղափոխական՝ ըստ էության։ Ձևի՝ ըստ վիճակի։ Պատմական՝ ըստ բովանդակության։
Բովանդակության մասին։ Մի ամբողջ խմբակցություն Աժ-ում չի կարողանում որոշել՝ ազգիս բարերար Գագիկ Ծառուկյանը գործարար է՞, թե՞ ոչ։ Ինչու՞ է խնդիրը հրատապ: Գերհրատապ է՝ ՔՊ-ի սատելիտ արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը համարում է, որ խախտվել է Սահմանադրությունը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Նրանք Աժ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկել են Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմել, ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն: Հույսը միայն Արարատ Միրզոյանի վրա չդնելով՝ «ՔՈ»-ն դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, եթե խախտվել են Սահմանադրության պահանջները: Արարատ Միրզոյանը փակ նիստով խորհրդակցում է ու խորհրդակցում՝ առանց եզրակացության գալու։ «Իմ քայլն» էլ դիրքորոշում չունի՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու քննարկումներին մասնակցելով՝ խախտե՞լ է Սահմանադրությունը, թե՞ ոչ: ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը դիրքորոշումը հստակեցնելու կարիք է զգում. «Ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է քննարկել որոշման հետ կապված հանգամանքները և վստահանալ, որ ամեն ինչ կատարվում է տրամաբանության և լեգիտիմության շրջանակներում»: Ճիշտ է անում, բայց խնդիրը Սահմանադրությունը խախտել-չխախտելը չէ, այլ խախտումն արձանագրելու քաղաքական հետևանքները։ Աժ-ում ցեմենտգեյթի ընթացքը վկայում էր, որ երկրորդ քաղաքական ուժը պաշտպանում է մասնավոր շահեր՝ ելույթ կունենար խմբակցության ղեկավարը, թե ոչ: Ճիշտ է՝ նրանք ունեն անխոտելի հիմնավորում՝ Գագիկ Ծառուկյանը խոսում էր ոչ իբրև սեփականատեր, այլ շարքային պատգամավոր՝ «Արարատցեմենտի» աշխատակիցները հրապարակային Գագիկ Ծառուկյանին, որպես պատգամավորի, խնդրել են խորհրդարանում ներկայացնել իրենց հուզող հարցը: Գագիկ Ծառուկյանը խոսել է 1300 աշխատակիցների անունից։

Իրականում հարցը սկզբունքային է՝ կունենա՞ ՔՊ-ն այնքան վճռականություն, որ հարցը մեկընդմիշտ հանի օրակարգից՝ պահպանելով Սահմանադրությունը և հայտարարելով, որ ձեռներեցները չեն կարող պատգամավոր լինել։ Եվ ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը։ Հարց է՝ առանց մանդատի Ծառուկյանը չի՞ կարող պահպանել սեփականությունը: Երբ դեկտեմբերին՝ ընտրություններից առաջ, Ծառուկյանին հարցրել էին՝ ինչի՞ն է պետք մանդատը, պատասխանել էր, որ մասնակցում է ընտրություններին, որ օգտագործի իր հնարավորությունները բարգավաճ Հայաստան կառուցելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար: Նաև ասել էր, որ ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, նրանց պաշտոն ու փող պետք չէ: Նրանք սիրում են հայրենիքը ու ցանկանում լավ գործեր անել, բերել էր ԱՄՆ միլիարդատեր նախագահ Դոնալդ Թրամփի օրինակը։ Դա քաղաքական լիրիկա է, real politik-ը հուշում է, որ ոչ նա, ոչ իշխանությունը դեռ չգիտեն՝ ի՞նչ անել Գագիկ Ծառուկյանի հետ։
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ նոր Հայաստանում պարտադիր չէ քաղաքականությամբ զբաղվել հաջողակ գործարար լինելու համար: Դա վերաբերում է գործարարներին, որ կարողությունը վաստակել են օրենքի շրջանակում: Որո՞նք են սեփականության լեգիտիմության գնահատման չափանիշները: Քանի չկան չափանիշներ, Գագիկ Ծառուկյանի հարցը մնալու է օրակարգում, ու շարունակվելու են անվերջ ստուգումները նրա կայսրությունում, քաղաքական սկանդալները նրա անվան ու ունեցվածքի շուրջ։ Ընդունեք, որ ՔՈ-ն իզուր է Արարատ Միրզոյանին դիմել՝ դա նրա որոշելու հարցը չէ։ Ոչ էլ գլխավոր դատախազի։ Հարցը սկզբունքային է՝ սկզբունքային որոշում պետք է կայացնի պետությունը։ Շուկայական տնտեսությամբ ժողովրդավարական երկրում սեփականության լեգիտիմությունը որոշում է պետությունը, կառավարությունը, որը սեփականության տիրապետման մանդատ է տալիս:


Հայաստանը կամ պետք է ճանաչի նախկին կառավարությունների օրենքները, կամ էլ օրենքից դուրս հայտարարի: Միջանկյալ տարբերակը, երբ պահանջներ են ներկայացվում առանձին գործարարների, միշտ համարվելու է քաղաքական հետապնդում: Այդ շարքում Գագիկ Ծառուկյանը մի օղակ է՝ բոլոր ձեռներցների գլխին կախված է անորոշության դամոկլյան թուրը: Պետությունը պետք է բիզնեսի ու ներդրումների պայմաններ ապահովի, որ բիզնեսին պատգամավորի մանդատ պետք չլինի: Միակ միջոցը սեփականության անձեռնմխելիության ապահովումն է, որ ընդունված է աշխարհում: Հայաստանում այդ սկզբունքի հարգման համար չկան ոչ միայն մեխանիզմներ, այլև քաղաքական կամք, դա վանում է ներդրողներին, ստիպում գործարարներին սեփականության պաշտպանության համար քաղաքական լոբբինգի դիմել: Դա է պատճառներից մեկը, որ Հայաստանում արտասահմանից մեծ ներդրումներ չեն լինում։
Քաղաքական կամքի մասին. ո՞վ կարող է ասել՝ քրեական գործի ավարտին կռնատ Դավիթ Սանասարյա՞ն ենք ունենալու, թե՞ «մեղավոր» Արթուր Վանեցյան։ Ասուլիսում ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված, պետը հայտարարեց, որ ինքն անմեղ է. «Որ լրատվամիջոցը, որ աղբյուրը, որ կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս էքսկլյուզիվ ձեռքս իրանց լրատվամիջոցում կկտրեմ, եթե կաշառք վերցնելու նման տեսանյութ լինի։ Ես վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է: Արվում է նրա համար, որ տեսնում են ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է նման բան լինի, որ ես որևիցե ձևով կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ»։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին հարցազրույցում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին ասել է. «Մենք մեղադրանք առաջադրեցինք, քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որ ամբողջությամբ մեզ իրավունք էին վերապահում մեղադրանք առաջադրելու համար»: ՈՒ՞մ «համակցություններն» են ճիշտ։

Ոմանք հարցը քննարկում են Սանասարյան-Վանեցյան հարթության մեջ ու սպասում մեկնումեկի կարիերայի ավարտին, հարցը սուպերվարչապետության համակարգի արգասիք է ու բումերանգով հարվածում է համակարգին և ուղիղ՝ վարչապետին: Եզրակացությունները նա պետք է անի։ Եթե չունի իր թիմին քրեական գործերով կառավարելու ու զսպումների մեխանիզմ սահմանելու նպատակ։
Մեխանիզմի մասին. Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն էր: ԵԱՏՄ վարչապետերի հավաքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ բարձրացրեց գազի ոչ խտրական գնագոյացման ձևավորման հարցը: Եթե չի ձևավորվում միասնական էներգետիկ շուկա, խախտվում է տնտեսական միասնական տարածքի սկզբունքը՝ մասնակիցները հայտնվում են անհավասար մրցակցության մեջ, անիմաստ է դառնում տնտեսական միությունը: Լուկաշենկոն նույնպես պարբերաբար բարձրացնում է միասնական էներգետիկ տարածքի ու շուկայի հարցը՝ 2018-ի դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ գագաթաժողովում դիմելով Պուտինին՝ նա ասաց, որ ռուսական գազի գինը Բելառուսի սահմանին 1000 խորանարդ մետրը 130 դոլար է, սահմանակից Սմոլենսկի նահանգում՝ 70 դոլար: «Ինչպե՞ս մրցակցել»՝ հարցրեց Լուկաշենկոն: Հայաստանի սահմանին ՌԴ գազի 1000 խորանարդ մետրը 165 դոլար է, սպառողների համար՝ 285 դոլար: Երևանի համար հարցը կենսական է՝ պայմանավորված տնտեսական շրջափակմամբ, որ թանկացնում է հայաստանյան ապրանքների ինքնարժեքը: Հենց այդ լծակն է Մոսկվան օգտագործում որպես Հայաստանի վրա ճնշման միջոց՝ հասկանալով սոցիալական բովանդակությունը։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում ընդամենը կայացած համարեց ԵԱՏՄ-ն: Այսինքն՝ զբաղվեք ձեր գործով, մեզ մի խանգարեք։ 2013-ին Մաքսային միությանը անդամակցելու գլխավոր փաստարկը էժան գազն էր, 2020-ին ՀՀ-ում համատարած թանկացումներ են սպասվում ԵԱՏՄ-ի անհամեմատ բարձր մաքսատուրքերի պատճառով։ Ինքներդ գնահատեք ԵԱՏՄ-ի առավելություններն ու վնասները: Համենայն դեպս՝ տնտեսական հեղափոխության տեսակետից։ Լավ է՝ գոնե ՀՅԴ-ն մխիթարեց, ասաց՝ իր օրակարգում իշխանափոխության հարց չկա։ Դեռ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իլհամ Ալիևը վերահաստատել է՝ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի «երկրի տարածքային ամբողջականության շրջանակում` միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերի և որոշումների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»: «Այլ մոտեցում չկա»,- ասել է Ալիևը ու ընդգծել. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի դառնա բանակցությունների թեմա»: «Բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում կանխվել են: Բացի այդ, մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ, վկայում էր, որ հակամարտության կողմերը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կուժեղացնենք մեր երկիրը և բանակը: Տարեսկզբից այս ուղղությամբ շատ աշխատանքներ են կատարվել և կշարունակվեն»,- ասել է Ալիևը: Իսկ Հայաստանում անարձագանք մնաց, որ ապրիլի 30-ին խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվեց Տավուշի մարզի Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը, վիրավորվեց զինծառայող Արգիշտի Սեփխանյանը: Փաստացի՝ Հայաստանում իշխանությունները հարգում են Դուշանբեի պայմանավորվածությունները նաև արձագանքման իրավունքի սահմանափակման մակարդակում, Ադրբեջանում՝ ըստ ցանկության կրակում են։ Այս անգամ համազարկը Մեդվեդևի Երևան գալու պատվին էր, ու հայկական լռությունը հաշվարկված էր։ Հարց՝ ձև՞ն ենք կարևորում, թե՞ բովանդակությունը։

Դիտվել է՝ 1955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ