Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ներքին հակամարտությունը սկսում է կրել բազմապրոֆիլ և բազմավեկտոր բնույթ

Ներքին հակամարտությունը սկսում է կրել բազմապրոֆիլ և բազմավեկտոր բնույթ
03.05.2019 | 00:25

Երկար կարելի է վիճել Քաղաքացու օրը տոնական օրացույցում ընդգրկելու նպատակահարմարության, այդ տոնի կապակցությամբ ֆինանսներ ծախսելու և հարակից թեմաների շուրջ, սակայն անկախ ամեն ինչից՝ Քաղաքացու օրվա տոնակատարությունների ընթացքը լակմուսի թղթի արդյունք ունեցավ։


Առնվազն մի քանի հետևություն կարելի է անել այդ իրադարձություններից.
ա) եթե մինչ այժմ ասում էինք, որ հեղափոխական էյֆորիան զգալիորեն նվազել է, ապա վերջին տոնախմբության արդյունքում կարող ենք արձանագրել, որ մարդկանց շրջանում էյֆորիա այլևս ընդհանրապես գոյություն չունի,
բ) եթե էյֆորիան գոյություն էլ ունի, ապա միայն բուն հեղափոխական զանգվածների առաջնորդների մոտ, որոնք հեղափոխության արդյունքում եկել են իշխանության,
գ) Քաղաքացու օրվա տոնակատարությունը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, վերջինիս ղեկավարած կուսակցությունն ու մերձավոր շրջապատն անցկացրին միայնակ։ Մենք չտեսանք քաղաքացիական ակտիվիստների մասնակցությունն իրադարձություններին։ ՈՒժերի կոնգլոմերատը՝ քաղաքական ու քաղաքացիական շարժումների համախումբը, որ մասնակցում էր ընտրությունների, այս անգամ կարծես թե ձեռնպահ էր մնացել որևէ դերակատարումից։ Եթե որպես հեղափոխության մասնակից, աջակից, դաշնակից համարենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ապա այստեղ էլ մենք որևէ նախաձեռնողականության ականատես չեղանք։ Այսպիսով արձանագրենք՝ Քաղաքացու օրվա տոնախմբությունները կատարեցին քաղաքական ախտորոշման դեր։
Փորձենք առանձին-առանձին հասկանալ նշված երեք կետերի պատճառահետևանքային կապերը։


Ինչու՞ էին հասարակական հատվածը, քաղաքացիական ակտիվիստները, մասնավորապես, նրանք, ովքեր սնվում են դրսից ֆինանսավորվող տարբեր հիմնադրամների կողմից, բավականին սառը վերաբերվում տոնական գործընթացին։ Նկատելի էր, որ վերջիններս հաճախ քողարկված կերպով դեմ էին արտահայտվում նորահայտ այս տոնի վերաբերյալ՝ փորձելով վարկաբեկել գաղափարը, սակայն խնդիրն այն է, որ ակտիվիստների կրավորական կեցվածքը վերջին շրջանում նրանց կողմից որդեգրված քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Ակնհայտ է, որ քաղաքացիական շարժման, այլ կերպ ասած, Սորոսի հիմնադրամի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բավականին լուրջ տարաձայնություններ կան, որոնք խուլ հակամարտությունից օր օրի վերածվում են չքողարկվող վեճի։ Եվ այդ հակամարտությունը աստիճանաբար սկսում է կրել բազմավեկտոր, բազմապրոֆիլ բնույթ։


Սորոսյան խմբի համար բաց հակամարտության մեկնարկի ուղղակի ազդակ եղավ իրենց թիմակից Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ակնհայտ դարձավ, որ Դավիթ Սանասարյանի անվան հետ առնչվող կոռուպցիոն էպոպեան զարգանում ու գեներացվում է երկրի քաղաքական ղեկավարության թողտվությամբ։ Սա վերջին կաթիլն էր, որը հիմք տվեց սորոսականներին արձակելու ձեռքերը և բացահայտորեն մտնելու մարտի դաշտ։
Ի՞նչ մարտավարություն են որդեգրել սորոսականները։ Առաջին բանը, որ վերջիններս փորձում են անել, վարչապետին իր առանց այն էլ սակավ հենարաններից զրկելն է. նախ և առաջ թիրախավորվում են ուժային կառույցները։ Խոսքն առաջին հերթին ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մասին է, որը եթե ընդամենը մի քանի ամիս առաջ համարվում էր գրեթե ազգային հերոս, հեղափոխության ավանգարդ, պատկերավոր ասած՝ պատժող թուր (ի դեպ, նման կերպ սոցիալիստական հեղափոխության տարիներին անվանում էին Ձերժինսկուն), ապա այսօր նրան անվստահություն են հայտնում՝ Սանասարյանի հետ կապված քրեական գործի վարույթը պահանջելով փոխանցել յուրայինին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Ընդ որում, այդ պայքարը շատ ենթաշերտեր ունի, և գլխավոր գործող անձանց՝ Վանեցյանի և Սանասարյանի միջև շատ լուրջ լեզվակռիվ է ծավալվել։ Սանասարյանը նույնիսկ սպառնում է նոր պայքար սկսել՝ շատ դեպքերում վաբանկ գնալով։ Այս պատերազմը ծավալվում է նաև ինֆորմացիոն հարթակներում՝ իրեն բնորոշ դրսևորումներով, լրատվական արտահոսքերով և այլն։ Ամենայն հավանականությամբ սորոսականները Վանեցյանի դեմ կոմպրոմատային պայքարին առաջիկայում կհաղորդեն նաև բովանդակություն, ինչն էլ ավելի հետաքրքիր կդարձնի դեպքերի ընթացքը։


Ինֆորմացիոն պայքար ակներև է նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ, ընդ որում՝ իշխանափոխության հենց առաջին օրից։ Այս առումով առաջնագծում «Սասնա ծռերն» են, որոնց նույնպես ասոցացնում են որոշ հիմնադրամների հետ։ Պատահական չէ, որ անգամ նիկոլական փորձագետները համարում են, որ վարչապետի մեծ սխալն էր «Սասնա ծռերի» նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը՝ համարելով այն դանդաղ գործողության ական կառավարության ղեկավարի տակ։
Իսկ բանակի նկատմամբ անվստահություն հայտնելը, գեներալներին պիտակավորելը, վարկաբեկելը վաղուց արդեն զարմանալի չէ, և հասարակական սեկտորի ներկայացուցիչները մեծ հաճույքով են ինքնահաստատվում այդ թեմաներում։


Հասարակական շարժման անդամները թիրախավորում են նաև վարչապետի քաղաքական թիմը։ Այստեղ ակնհայտ է, որ նրանք այդ հիմքերն ունեն։ Այդ թիմը այս ընթացքում ապացուցել է, որ թե կադրային, թե գիտելիքների, թե ունակությունների առումով շատ հեռու է երկիրը ղեկավարելու կարողություններից։ Այնպես որ, առանձնապես մեծ ջանքեր էլ պետք չէ գործադրել. թիմը ինքն իրեն վաղուց վարկաբեկել է։ Եվ պարզ է, որ գործընթացները որքան թեժանան, այնքան հակամարտությունը ավելի ակնհայտ կլինի։


Հաջորդ շերտը, որի վրա սկսում են աշխատել սորոսականները, Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունը հասունացնելն է։ Նախ՝ անհասկանալի գործընթաց սկսվեց «Արարատցեմենտ» գործարանի շուրջ, երբ թվում էր, թե վարչապետի հավանությունը կար «Արարատցեմենտին» արտոնություններ տալու համար։ Մինչդեռ շատ տարօրինակ կերպով Փաշինյան-Ծառուկյան նախնական պայմանավորվածություններն ԱԺ-ում կարծես թե արգելափակվեցին։ Եվ մինչ այժմ էլ այդ թեման որևէ լուրջ հանգուցալուծում չի ստացել։ Սակայն սա ընդամենը, այսպես ասած, նախավարժանք էր։ Լուրջ հարվածը եկավ սորոսական ավելի արմատական թևի՝ «Քաղաքացու որոշումը» կազմակերպության կողմից, որը հանկարծ հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ։ Քաղաքացու որոշումը հանկարծ հայտնաբերեց, որ Ծառուկյանը ոչ թե սեփականատեր է, ինչպես ամիսներ առաջ վերջինիս կնքել էր Նիկոլ Փաշինյանը, այլ այնուամենայնիվ՝ խոշոր գործարար։ «Քաղաքացու որոշումը» քաղաքական օրակարգ մտցրեց Ծառուկյանի պատգամավորական իմպիչմենտի հարցը։ Ասել, թե Ծառուկյանն իր ԲՀԿ-ով Փաշինյանի ամենասերտ դաշնակիցն է, իհարկե միամտություն է, սակայն ԲՀԿ-ն եղել է վարչապետի քաղաքական ուղեկիցը, և այդ կարգավիճակը Փաշինյանին ձեռնտու է, քանի որ ինքն այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու, և ծառուկյանական արհեստածին թեման լրացուցիչ գլխացավանք է իր համար։


Այսպիսով՝ սորոսյան թևը փորձում է բոլոր ճակատներով հարվածի տակ պահել Նիկոլ Փաշինյանին՝ թուլացնելով նրան։ Պատեհ առիթի դեպքում չի բացառվում՝ իշխանափոխության նոր գործընթաց սկսեն։ Ինֆորմացիոն հոսքերում, իհարկե, շրջանառվում է, թե Ծառուկյանին հարվածելը «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնությունն է, սակայն դա փորձում են անել ուրիշի ձեռամբ՝ «Քաղաքացու որոշում» կառույցի միջոցով։ Սա, իհարկե, տեղեկատվական պայքարի տիրույթից է։ Այդ հարթակում համապատասխան լրատվամիջոցների էջերում հանդիպում ենք նաև մեկ այլ ուշագրավ արտահոսք, ըստ որի, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է սեփականության վերաբաշխում կատարել։ Ինչ խոսք, կարելի է Նիկոլ Փաշինյանին շատ բանում մեղադրել, սակայն իրականում նա չունի այնքան ռեսուրս, որպեսզի ի վիճակի լինի միաժամանակյա բազմավեկտոր պայքար մղելու բազմաթիվ ճամբարներում, ու մի բան էլ զբաղվելու սեփականության վերաբաշխմամբ։ Այստեղ չպետք է մոռանալ, որ Ծառուկյանն ունի նաև աշխարհաքաղաքական մեծ կապեր ու հենարաններ։ Նա սերտ առնչություններ ունի նախ և առաջ ռուսաստանյան որոշ շրջանակների հետ։ Պատահական չէ, որ ԲՀԿ առաջնորդը ՌԴ նախագահ Պուտինի հրավերով հաճախ հայտնվում է տնտեսական համաժողովներում։ Այսօր Ծառուկյանին ձեռք տալը ներքին լուրջ բախում կարող է առաջացնել, քանի որ նրա ղեկավարած քաղաքական ուժը մեծ ռեսուրսներ, կառույցներ ունի, կազմակերպված է։ Պետք է նկատենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի մոտ անցել է ՌԴ-ի հաշվին ինքնահաստատվելու սինդրոմը, և Ծառուկյանի ոտքը տրորելը նշանակում է լրջագույն խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ, երկիր, որի հետ նա փորձում է հնարավորինս համագործակցել։


Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի համար մեկնարկել է բավականին բարդ շրջան. չունի իր թիկունքն ամուր պահող քաղաքական կուռ կառույց, հենարաններ, փոխարենը նրա դեմ աշխատում են վարժեցրած կառույցներ, լրատվամիջոցներ, լուրջ փողեր՝ ի դեմս կասկածելի հիմնադրամների։ Որքանով Փաշինյանը ճկուն կգտնվի, որպեսզի իր դժվարին ճանապարհին չկորցնի գոնե ժամանակավոր ուղեկիցներին, որքանով ճկուն կգտնվի, որպեսզի կարողանա հասարակությանը համախմբել սորոսյան թևի դեմ, որքանով ճկուն կգտնվի, որպեսզի նոր դաշնակիցներ գտնի կամ արտաքին հենարաններ ստեղծի, ժամանակը ցույց կտա։ Իսկ ժամանակը Հայաստանում աներևակայելի արագ է ընթանում. գրեթե ամեն օր ինչ-որ բան փոխվում է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ