Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պուտինն արդեն չի՞ հավատում Էրդողանին

Պուտինն արդեն չի՞ հավատում Էրդողանին
03.05.2019 | 00:58

Իդլիբում, որի խնդիրը Թուրքիան ու Ռուսաստանը վճռել են համատեղ կարգավորել, առաջընթաց ոչ մի կերպ չի ստացվում։ Մոսկվայի անհամբերությունն ավելանում է։ Երկու երկրները երկար ժամանակ համակարգում են իրենց գործողությունները՝ մաքրելու Սիրիայում ահաբեկիչների ձեռքում գտնվող վերջին կարևոր շրջանը՝ Իդլիբը։ Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվեցին Իդլիբը մաքրել ահաբեկիչներից: Բայց այդ ժամանակից չի հաջողվել որևէ նշանակալից հաջողության հասնել, ու դա ռուսական կողմի անհանգստությունն է հարուցում։ Անհանգստությունն ակնհայտ դարձավ Սիրիայում Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հայտարարությունից: «Մեր թուրք բարեկամները և չափավոր ընդդիմությունը չկարողացան կատարել այնտեղ մնացած ահաբեկիչների ոչնչացման իրենց աշխատանքը,- ասել է Լավրենտևը։- Որ ահաբեկիչներին հաջողվեց վերահսկողություն սահմանել այդ տարածքի մեծ մասի նկատմամբ, իհարկե, բազում հարցեր է հարուցում և մեծ հիասթափություն»։ Ռուսաստանի գերակայությունների վարկանիշում Իդլիբի հարցի կշռի չափազանց մեծացումը հասկանալի է դառնում և Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունից։ Նա ասաց, որ ահաբեկիչների դեմ պայքարը Իդլիբում պետք է շարունակվի, բայց առայժմ որևէ մասշաբային հարձակում նպատակամետ չէ, պետք է ուշադրության տակ առնել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Թուրքիան մասշտաբային գործողություն չի ցանկանում, զգուշանալով մի կողմից փախստականների հոսքից դեպի թուրքական սահման, մյուս կողմից՝ տարածքում թուրք զինծառայողների կյանքը վտանգի չենթարկելու համար։ Անցյալ տարեվերջին Թուրքիան հասավ Իդլիբում գործողության կասեցմանը՝ տարածքը ահաբեկիչներից մաքրելու պայմանով։
ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի խորհրդական, Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Ելենա Սուպոնինան փոխանցում է. «Ռուսաստանի ունեցած տեղեկություններով՝ Իբլիբում 40000 զինված էքստրեմիստներ կան: Նրանց վրա կտրականապես չի կարելի աչք փակել։ Ռուսաստանը հետաձգեց, ոչ թե բեկանեց ռազմական գործողությունը: Սակայն որոշ մանր գործողություններ ինչ-որ ահաբեկչական կազմավորումների դեմ շրջանում շարունակվում են։ Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիան ավելի շատ ջանքեր գործադրի որոշ զինյալներին համոզելու զենքը վայր դնել ու միանալ բանակցություններին։ Իհարկե, Անկարան այդ ուղղությամբ մեծ աշխատանք է արել։ Ռուսաստանը տեսնում է դա ու հասկանում է իրավիճակի ամբողջ բարդությունը։ Այնուհանդերձ, Ռուսաստանը հույս ունի, որ ավելի ակտիվ ջանքեր կգործադրվեն և իրավիճակը դեպի լավը կփոխվի»։


Ֆուադ Սեֆերով, Medya Gunlugu (Թուրքիա)
Հ. Գ. Ռուսաստանը կարող է 100 տարի էլ սպասել, բայց Թուրքիան Իդլիբը չի մաքրելու ահաբեկիչներից, որովհետև քանի նրանք այնտեղ են, այնտեղ է թուրքական զորքը, իսկ ազատագրված Իդլիբի պարագայում ծագելու է շրջանի կարգավիճակի հարցը: Բնականաբար, Մոսկվան պնդելու է, որ Իդլիբում հաստատվի Դամասկոսի իշխանությունը, իսկ Էրդողանի մտքում Սիրիայի մասնատումն է։ ՈՒ Պուտինը դա գիտի: Բայց Էրդողանի գործերը, հավանաբար, այնքան էլ լավ չեն, որ Իդլիբի վրա չգրոհելու փաստարկ է դառնում թուրք զինվորականների կյանքին սպառնացող վտանգը: Պատկերացնու՞մ եք՝ զինվորին պատերազմում վտանգ է սպառնում։


Թուրքիայի En Son Haber պարբերականը գրում է. «Ռուսաստանը, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ոտքի վրա պահեց Դամասկոսը, վայելում է իր ջանքերի պտուղը՝ ստանալով արտոնություններ տարածաշրջանում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Սիրիայի կառավարությունը դիմացավ Ռուսաստանի աջակցության շնորհիվ։ Դամասկոսին ցուցաբերված ռազմական ու նյութական օգնությունից հետո Ռուսաստանը սկսել է վճարը ստանալ»։ Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել է, որ ռուսական «Տրանսգազշին» ընկերությանն է փոխանցվել երկրի ամենամեծ նավահանգստի՝ Տարտուսի կառավարումը 49 տարով։ Ռուսական ընկերությունը 500 միլիոն դոլարի ներդրումներ կանի։ Նախարար Համուդը նշեց, որ Տարտուս նավահանգիստը մեծ նավերի համար հարմար չէ։ «Ներկա ինֆրակառուցվածքը 30-35 տոննա ջրատարողությամբ նավեր ընդունելու հարմար չէ, մենք պետք է ապահովենք նավահանգստի բավականաչափ խորությունը, որ այնտեղ կարողանան կայանել 100 տոննա ջրատարողությամբ բեռնանավեր»,- ճշտել է Համուդը: Նրա խոսքով՝ ծրագրվում է մեծացնել նավահանգստի արդյունավետությունը Արևելյան Միջերկրականում տարեկան 4-38 միլիոն տոննայի։ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է. «Առանցքային հարցը, որ դրական դինամիկա պիտի հաղորդի, Տարտուսի նավահանգստի օգտագործման հարցն է։ Մենք այդ հարցում լավ առաջ ենք գնացել և հույս ունենք, որ մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի պայմանագիրը, որով Տարտուսը 49 տարով կփոխանցվի Ռուսաստանին»։


Փաստացի՝ Անկարան դժգոհ է, որ Մոսկվան փոխհատուցում ստանում է, իսկ ինքը պիտի Իդլիբը մաքրի ահաբեկիչներից ու հանձնի Ասադին և եթե իսկապես Պուտինի համբերությունը հատնում է, ռուս-թուրքական բախումը այս հարցում անխուսափելի է։ Ճիշտ է՝ Անկարան ու Մոսկվան հնարավորինս խուսափելու են հարաբերությունները սրել՝ ելնելով առևտրական ու ռազմական համագործակցության շահերից, ԱՄՆ-ին Սիրիայից դուրս մղելու ընդհանուր նպատակից, բայց փաստ է, որ Անկարան Իդլիբի շրջանը պահում է իբրև ահաբեկչության բույն, ու դա հակասում է Մոսկվայի ու Դամասկոսի՝ պատերազմն ավարտելու շահերին: Իսկ պատերազմը շատ թանկ է նստում Ռուսաստանի բյուջեի վրա։ Մոսկվան ցանկանում է օր առաջ ավարտել Սիրիայի պատերազմն ու քաղաքական, ռազմական հաղթանակ տոնել Մերձավոր Արևելքում՝ ձեռնամուխ լինելով Սիրիայի տնտեսության վերականգնմանը։ Անկարան ցանկանում է մասնատել Սիրիան ու գոնե վերադարձնել Օսմանյան կայսրության որոշ տարածքներ։ Իդլիբի նահանգում ահաբեկիչներին պահելու և Մոսկվայի հետ պայմանավորվածությունը չկատարելու բուն պատճառը դա է։ Օրերս Պուտինն ու Էրդողանը նորից հեռախոսել են, ըստ տեղեկության, Սիրիայի հարցով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, այսինքն, Իդլիբի հարցում նորություն չկա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ