Արևմտահայ զվարճալիք

Արևմտահայ զվարճալիք
03.05.2019 | 01:14

Ներքո զվարճախոսությունները քաղել եմ տարբեր աղբյուրներից, և յուրաքանչյուրն ունի սկզբնաղբյուրային նշանակություն:
Դյուրընթեռնելիության համար դրանց բարբառները և ուղղագրությունը փոխադրել եմ արդի արևելահայերենի:

ԾԱԽՈՒ ԽԵԼՔԸ
Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկում ապրում էր Խելոք Մուշո անունով մեկը: Աժդահա մարդ էր, տգեղ ու տձև, ծուռ բերանով, նեղ ճակատով, պստիկ սև աչքերով ու թավ մորուքով: Մի խոսքով՝ վայրենի, կոպիտ, անտաշի մեկը:


Սակայն Մուշոն զուր չէր կրում Խելոք մականունը. նա իր իմաստնությամբ ու ճարտասանությամբ այնպիսի անառարկելի հռչակ էր վայելում, որ ամեն ոք նրանից խորհուրդ էր հարցնում, կամ եթե երկու հոգի վեճ ու կռիվ էին ունենում՝ նրան էին դիմում, որ վճիռ կայացնի: Իսկ կիրակի կամ տոն օրերին մարդկանց գլուխ գլխի էր ժողովում, բամբ ձայնով ճառ արտասանում ու հիացմունք պատճառում համագյուղացիներին: Միով բանիվ՝ իմաստնության ակունք, վերջին ճշմարտություն, անքննելի հեղինակություն:
Մի օր, երբ ճառելն ավարտեց, գյուղացիներից մեկն ասաց.
-Մեր աչքի լու՜յս, Աստված թող քեզ երկար կյանք պարգևի, բայց երբ դու մեռնես, մենք ի՞նչ ենք անելու առանց քեզ նման առաջնորդի, պաշտպանի և ուղեցույցի: Մի ճար արա…
Խելոքը՝ մի պահ խորհելուց հետո, բարբառեց.
-Պոլսում խելք են ծախում: Պետք է Պոլիս գնալ և ծախու առնել:
Գյուղացիներ Մուշոյի այս խորհրդին հավանություն են տալիս, ոսկի հավաքում, լցնում քսակն ու տալիս Խելոքին: Սա էլ քսակը դնում է մախաղի մեջ ու ճամփա ընկնում:
Գնում-գնում, հասնում է Պոլիս: Ծո՜վ, նավե՜ր, մեծ ու շքեղ պալատնե՜ր, ապրանքներով լեփ-լեցուն շուկանե՜ր, ամբոխի թոհուբո՜հ… Մուշոն հմայված-զմայլված, հիացած, բերանը բաց թափառում է քաղաքով մեկ:
Մի պոլսեցի ուշադրություն է դարձնում ու կռահում, որ պարզամիտ գյուղացի է: Մոտենում ու հարցնում է.
-Ի՞նչ ես փնտրում, եղբայր, ի՞նչ ես ուզում գնել:
-Եկել եմ ծախու խելք առնեմ,-պատասխանում է Խելոքը:
-Շատ լավ, իսկ որքա՞ն դրամ ունես,-հարցնում է պոլսեցին:
Մուշոն մախաղից հանում է քսակն ու ցույց տալիս ոսկիները.
-Ահա այսքա՛ն:
-Շատ լավ, քո փնտրածը ես ունեմ: Թեպետ իմ ունեցած խելքը թանկ է, բայց քեզ կզիջեմ: Գնանք տամ:
Երկուսով քայլում են: Ճամփին պոլսեցին Մուշոյին թողնում է փողոցում, մտնում է մի անասնավաճառանոց, տիկ առնում ու փչում-ուռցնում:
Ոսկու քսակը վերցնում է Մուշոյի ձեռքից, տիկը տալիս և ասում.
-Ահա՛, խելքը սրա մեջ է, բայց բերանը չբացես, թե բացես՝ խելքը միջից կփախչի: Իսկ երբ գյուղդ հասնես, մարդկանց հավաքիր, բերանը բաց, և բոլորդ էլ կխելոքանաք:
Մուշոն ուրախ-ուրախ բռնում է տունդարձի ճամփան: Գնում-գնում, հոգնում է:
Իր գյուղի մոտ տեսնում է մի ջրհոր ու որոշում հանգիստ առնել: Մտածում է. «Թե խելքը գյուղ տանեմ, ամենքը վրա կպրծնեն, ձեռիցս կխլխլեն, ինձ բան չի մնա: Ավելի լավ է իմ փայն առնեմ»:


Հենց տիկի բերանը բացում է, տկճորը սուլոց արձակելով օդը բաց է թողնում:
-Խելքը փախա՜վ, խելքը փախա՜վ, բռնեցե՜ք,- գոռում է Խելոքը:
Մուշոյի բղավոցի վրա գյուղացիները մեկեն հավաքվում են ու հարցեր տեղում.
-Հը՞, ի՞նչ արիր, խելքն առա՞ր:
-Առնելն՝ առա,-պատասխանում է Մուշոն,- բայց բերանը մի քիչ բացեցի՝ փախավ-ընկավ ջրհորը: Շու՛տ, պարան բերեք՝ հանենք:
Գյուղացիներից մեկը պարանը հանում է, մի ծայրը կապում է մեջքին, մյուս ծայրից բռնում են գյուղացիները: Մարդն իջնում է մութ ջրհորի մեջ ու սկսում փնտրտուքը: Հանկարծ ջրհորի կողապատի մեջ մի խոռոչ է նկատում: «Ըհը՜, կա-չկա խելքն այստեղ է թաքնվել»,- մտածում է մարդն ու գլուխը մտցնում խոռոչի մեջ: Քիչ անց բղավում է.
-Չկա՜, չկա՜…
Մուշոն ասում է գյուղացիներին.
-Չե՞ք լսում, թուրքերեն ասում է՝ «չե՛ք հա, չե՛ք հա», այսինքն՝ քաշեք, ի՞նչ եք սառել-կանգնել:
Գյուղացիներն սկսում են ամբողջ ուժով քաշել: Այնպես, որ ջրհորի մարդու գլուխը մնում է խոռոչում, իրենք դուրս են բերում մարմինը:
-Էս մարդն էն գլխից գլուխ չուներ,-բարբառում է Մուշոն:- Այսպես ուրեմն, խելքը փախել է ու չի ուզում դուրս գալ: Ոչինչ, երբ Պոլսում էի, խելք ծախողն ինձ շատ տվեց: Երբ մեռնեմ, մորուքիցս մի-մի մազ կպոկեք ու կպահեք ձեզ: Խելքս բոլորիդ էլ կհերիքի:
Ասում են այդ գյուղում մինչ օրս տներում սրբությամբ պահում են Խելոք Մուշոյի մորուքի մազերը:

ՍԱՍՈՒՆՑԻՆ ՈՒ ՆԱՐԻՆՋԸ
Շխոն երկու ընկերների հետ Սասունից գալիս է Հալեպ և իջևանում մի ծանոթ հայի տանը: Ընթրիքից հետո տանտիկինն ափսեով չորս հատ նարինջ է բերում ու հեռանում: Սասունցիները շվարած միմյանց երես են նայում՝ ի՞նչ էին սրանք և ինչպե՞ս պիտի ուտեին:
Մեկը նարինջը երկու կես է անում և կեղևով ուտում, մյուսը չորս կտոր է անում և ուտում, իսկ Շխոն կծելով է ուտում: Պտղի հյութը թափվում է շորերին, իսկ կես-լեղի, կես-քաղցր համից տղաների դեմքերը ծամածռվում են:
Տանտիկինը ներս է մտնում ափսեն տանելու ու հասկանալով, որ հյուրերը նարինջները կեղևով են կերել, ասում է.
-Դուք երևի այս պտղից առաջին անգամ եք կերել:
-Այո,-ամաչելով պատասխանում է Շխոն,- սա ի՞նչ պտուղ է, որտե՞ղ է աճում, անունն ի՞նչ է:
Տանտիկինը բացատրում է, որ պտուղն աճում է ծառի վրա, կոչվում է փորթակալ, և կեղևները կլպելով են ուտում: Ապա վերցնում է ափսեի չորրորդ նարինջը, դանակով կեղևը հանում ու մասնատելով՝ բաժանում տղաներին:
ՈՒտում են, ու համը մնում է բերաններում:
-Հասկացա,-ասում է Շխոն,- փորթակալը քաղաք է, անունը լսել եմ:
Տանտիկինը ծիծաղից թուլանում է…

ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Մի պոլսեցի երիտասարդ գալիս է Կեսարիա՝ ապրուստ վաստակելու: Այստեղ-այնտեղ գործ է փնտրում, սրան-նրան դիմում, բայց չի հաջողում:
Ստիպված գալիս է եկեղեցի ու նպաստ խնդրում:
Լուսարարը սրտացավորեն լսում է երիտասարդի տրտունջներն ու ասում.
-Տղաս, քեզ մեկ օր նպաստ տանք, երկու օր, երեք օր, բա հետո՞: Եկ քեզ մի գործի դնեմ, որ հացդ պատվով վաստակես:
Երիտասարդն ուրախությամբ համաձայնում է:
Իսկ ի՞նչ պիտի աներ:
Քառասնօրյա Մեծ պահքը մի քանի օրից սկսվելու էր: Եկեղեցու վարագույրը պիտի փակվեր, և, ըստ սովորության, Քրիստոսի խաչելության պատկերը պիտի վրան կախվեր, առջևն էլ մոմ վառվեր: Որպեսզի տեսարանն ավելի տպավորիչ լինի, իսկ բարեպաշտ ժողովրդի լումաները՝ ավելի առատաբուխ, լուսարարը վարագույրի առաջ մի մեծ խաչ է տնկում, երիտասարդին կապկպում վրան, մոմ վառում և այսպիսով ստանում «կենդանի»՛ տեսարան: Պոլսեցին այս դերակատարման համար օրական պիտի վարձատրվեր 5 ղուրուշ:
Սկսվում է Մեծ պահքը, և հավատացյալները շարվեշարան այցելում են եկեղեցի: «Խաչված» երիտասարդն ստիպված առավոտից իրիկուն լուռումունջ լսում է աղերսանքներն առ իր «ամենազորության»:
Հավատացյալների մեջ աչքի է ընկնում մի տարեց կին, որ ամեն առավոտ և ամեն երեկո եկեղեցի է գալիս, մոմ վառում խաչեցյալի առաջ և աղաչում. «Ամա՜ն, Հիսուսս, փեսայիս 500 ոսկի տուր մի խանութ բացի, առևտուր անի, վաստակ ձեռք բերի, մեզ ապրեցնի», «Ամա՜ն, Հիսուսս, 500 ոսկի…»: Այսպես շարունակ, օրը երկու անգամ, մեկական ժամ, և միևնույն աղաչանքը:
Երիտասարդը մեկ շաբաթ համբերատարությամբ լսում-լսում է, բայց այլևս չի դիմանում ու խաչի վրայից բղավում է.
-Ա՛յ կնիկ, ես օրական 5 ղուրուշ վաստակելու համար 12 ժամ խաչված եմ մնում, դու քո անբան փեսայի համար 500 ոսկի՞ ես ուզում:


ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՋ ԴԱՏԸ
Այնթապցի երեք ընկեր պարտեզում զբոսնում են: Մեկի դեմքն էր գեղեցիկ, մյուսի զգեստը, երրորդի ձայնը:
Հանկարծ մի թռչուն նստում է ծառի ճյուղին, մի քիչ դայլայլում ու թռչում-գնում:
Նա, որ գեղեցիկ ձայն ուներ, ասում է, թե թռչունն իր ձայնի գովքն արեց, մյուսը, թե՝ ոչ, իր զգեստի գովքը, երրորդն էլ, թե՝ ամենևի՛ն, իր գեղեցկության գովքն էր:
Երկար են վիճում ու չկարողանալով համաձայնության գալ՝ որոշում են դատավորի դիմել:
Բայց ցանկանալով, որ վճիռը հօգուտ իրեն լինի, յուրաքանչյուրն առանձին հանդիպում է դատավորին ու կաշառում:
Վճիռը հրապարակելու օրը դատավորը, որ արդեն լա՜վ օգտվել էր ապուշների վեճից, ասում է.
-Լսեք, թռչունը ոչ թե ձեզնից որևէ մեկի, այլ իմ գովքն է արել:

ՄԱԼԱԹԻԱՑԻՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ
Մալաթիայում ձմեռները ցրտաշունչ էին, երկարատև, իսկ ձյունը հասնում էր մինչև տների տանիքներ:
Մի ձմեռ էլ գյուղացիները որոշում են դիմել պարոնին՝ գյուղախմբի տանուտերին, որպեսզի ձմեռվա փոխարեն առաջիկայում մեղմ ու երկարատև ամառ շնորհ անի:
Պարոնը լսում է և խոստանում առաջիկայում երեք ամիս ծաղկալից գարուն ու վեց ամիս էլ տաք ու պտղալից օրեր:
Գյուղացիները խորին հարգանք ու երախտիք հայտնելով, դուրս են գալիս:
Ճանապարհին մեջների խելոքն ասում է.
-Մեր պարոնը բերանից թույլ էր, եթե ուզեինք՝ երեքի փոխարեն չորս ամիս գարուն կտար, վեցի փոխարեն՝ յոթ ամսվա ամառ:

ԲԱՂԵՇՑԻՆԵՐԸ
Մի խուլ ծերունի ջրի տիկ է կարկատում: Մոտենում է նրա կնքահայրը՝ նույնպես խուլ, և ասում.
-Բարև, սանահեր:
-Ջրի տիկ եմ կարկատան անում,- ասում է մյուսը:
-Սանամայրը ինչպե՞ս է:
-Շատ է մաշվել, տակից ջուր է թողնում:

«ԻՐԱՎԱՑԻ ԵՍ»
Լինում է, չի լինում՝ մի պոլսեցի, ով ում ասածը լսում էր, անկախ այն բանից ճիշտ էր, թե սխալ, ասում էր. «Այո, իրավացի ես»:
Մի օր սրա կինը հարցնում է.
-Այ մարդ, ով ինչ խոսում է, ասում ես՝ «իրավացի ես»: Երբևէ չի՞ պատահում, որ մեկը սխալ բան խոսի, և դու ասես՝ «իրավացի չես»:
Մարդը նայում է կնկան և ասում.
-Դու էլ ես իրավացի:

ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երկու վանեցի հանդիպում են:
-Կարծեմ քաղաքից ես գալիս:
-Կարծիր:
-Կարծեմ բեռդ գինի է:
-Կարծիր:
-Կարծեմ կտաս մի քիչ խմեմ:
-Ինչ կարծում ես, կարծիր, բայց այդ մեկը մի կարծիր:

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԱՅԾԸ
Երկու խարբերդցի հեռվից նկատում են ժայռի վրա թառած մի արծվի: Մեկն ասում է՝ արծիվ է, մյուսը, թե՝ չէ, այծ է: Սկսում են վիճել: Ստուգելու համար մոտենում են ժայռին: Նրանց տեսնելով՝ արծիվը թռչում-գնում է:
Մեկն ասում է.
-Տեսա՞ր, որ արծիվ էր:
Մյուս համառը պնդում է.
-Թեպետ թռավ, բայց այծ էր…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao