Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆուտբոլային խելահեղ երեկո «Կամպ Նոուում»

Ֆուտբոլային խելահեղ երեկո «Կամպ Նոուում»
03.05.2019 | 01:34

Երեքշաբթի-չորեքշաբթի կայացան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը: Արդյունքները հայտնի են, ու թվում է, թե այս հենքի վրա խաղերի տեսությունն անելն ավելի քան հեշտ է, սակայն արի ու տես, որ ամեն ինչ այդպես միանշանակ չէ: Հարկավ կարելի է տրվել հանդիպումների մանրամասն վերլուծությանը, րոպեներով, վայրկյաններով ասել, թե ով ինչ արեց, ինչ գործողություններ էին ծավալվում խաղադաշտում, սակայն տեխնիկայի մեր այս դարում, երբ ամեն ինչ այնքան հասանելի է, երբ կարող ես ուզածդ մրցակցությունը դնել ու ուզածդ անգամ դիտել, մի տեսակ անիմաստ են դառնում մանրամասները: Փոխարենն իմաստավորվում են այլ բաներ, որոնք կոչվում են հոգեբանություն, փիլիսոփայություն…, բայց հիմա հատ-հատ հո չե՞նք գնալու դրանց թվարկման հետևից՝ թողած խաղերն ու դրանց բերած զգացողությունները, որոնց մասին որքան պատմես, այնքան կպատմվի:

«ԱՅԱՔՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐՄԱՑՆԵԼ


Չէ, ենթավերնագրի մեջ ասված զարմացնելու վրա չպիտի զարմանալ, ու այն ավելի քան տեղին է գործածված, քան հմայել բառը կարող էր լինել:
Վերապահում եմ անում:
Գուցե: Սակայն այս վերապահման մեջ ինքնապահովագրման տարր իսկ չկա, ուր մնաց թե՝ մտայնություն:
Ավելի շուտ՝ իրականությանը սթափ նայելու ճշտությունը կա, ու ահա թե ինչու ենք նաև այդպես մտածում:
Փլեյ օֆ դուրս գալուց հետո ինչ է անում «Այաքսը»:
Սեփական հարկի տակ «Տոտենհեմի» հետ հանդիպումն առջևում է, ուստի հարցը դիտարկենք մեկ ութերորդի ու մեկ քառորդի հանդիպումներով: Հոլանդական թիմը տնային խաղերում ոչ-ոքի գրանցելով՝ թուլացնում էր մրցակցի զգոնությունը, վրահաս կարկուտն ապահովելով արտագնա մրցակցությանը:
Եթե այդ դիմակայություններում գրանցված հաշիվներին նայենք, «Յուվենտուսը» «Ռեալից» ավելի բախտավոր է եղել, որովհետև կրկնակի պակաս գոլ է կերել. հիշենք՝ պատասխան խաղում մադրիդցիները գնդակը չորս անգամ հանեցին սեփական դարպասից, թուրինցիները՝ ընդամենը երկու: Հիմա այդ կրկնակին փաստվել է և «Տոտենհեմի» հետ մրցակցությունում, որտեղ չգիտեմ էլ ընթերցողի քիմքին ոնց հարմար կլինի՝ ասեմ անգլիական ակումբն ընդամենը մեկն է բաց թողե՞լ, թե՞ հոլանդական ակումբն է ընդամենը մեկ գոլ խփել ու ապահովել հաղթական ելք:


Սակայն երևի թե սա էլ չէ կարևորը: Նկատի ունենք խփած գոլերի քանակը:
Շատ ավելի կարևորը ջահել արյուն ունեցող հոլանդական ակումբի ընտրած ստրատեգիան է, որը մինչև այժմ արտահայտվել է արտագնա խաղին տված ավելի խոշոր գերապատվությամբ, թեպետ տրամաբանությունը միանգամայն հակառակն է ավելի բանական տեսնում: Իհարկե, «Տոտենհեմի» պարագայում շատ նուրբ հանգամանք կա: Եկեք չմոռանանք, որ փլեյօֆյան նախորդ խաղերում այս թիմի խաղին տոն տված երկու առանցքային ֆուտբոլիստներն էլ տարբեր պատճառներով նստած էին պահեստայինների նստարանին: Տեսականորեն անգլիական ակումբի համար բոլորովին այլ իրավիճակ կլիներ, եթե դաշտում լինեին Հարի Քեյնն ու կորեական երազը՝ Սոնը, սակայն տվյալ պահին Պոչետինոն ուներ այն, ինչ ուներ:
Սակայն եկեք մի բան էլ չմոռանանք: Որքան էլ մրցակիցը իտալական գրանդն էր՝ «Յուվենտուսը», այդուհանդերձ, «Այաքսն» այնպիսի սպանիչ մեկ քառորդ չունեցավ, ինչպես «Տոտենհեմը», որը դրանից երեք օր հետո էլ նույն «Մանչեստր Սիթիի» հետ ունեցավ երկրորդ հյուծիչ խաղը՝ այս անգամ ներքին առաջնության շրջանակներում, որը պակաս կարևորության դիմակայություն չէր, եթե չմոռանանք, որ անգլիացիներն առանձնահատուկ վերաբերմունք ունեն իրենց ազգայինի հետ կապված հարցերում: Օբյեկտիվ լինենք՝ քամված, հարձակման գծի առաջատարներից զրկված «Տոտենհեմ» էր «Այաքսի» հետ մրցակցությունում, որոնք այդու չեն կարող թերաժևորել հոլանդական թիմի հաղթանակը:


Պատասխան խաղում Պոչետինոյի սաները բնականաբար կռիվ են տալու, ու այդ կռիվը լինելու է արյունահեղ: «Տոտենհեմը» կիսաեզրափակիչ է հասել ոչ նրա համար, որ, թող ներվի ասելը, «Այաքսի» թեթև ձեռքով դուրս մնա պայքարից, թեպետ այդ թեթևի ձեռքի երկու զոհ կա այս խաղարկությունում, որոնք, անկախ իրենցից, հեռվից հեռու իրենց էներգիան են ուղղորդելու առ «Այաքս», որ հարկ եղած դեպքում ասեն թե ում ձեռքով են վերածվել հանդիսատեսի: Իհարկե, դրա համար հոլանդական թիմը դեռ պիտի եզրափակիչ դուրս գա, եզրափակչում էլ հաղթի «Բարսելոն»-«Լիվերպուլ» զույգի հաղթողին, որ… բայց զարգացումներից այսքան առաջ ընկնելով մենք կարծես նմանվում ենք այն սուտլիկ որսկաններին, ովքեր, արջին չխփած, արդեն մաշկում են:


Սպասենք, սպասենք «Այաքս»-«Տոտենհեմ» խաղին, որը խոստանում է աներևակայելի ուշագրավ լինել, որքան էլ դիմացը «Լիվերպուլ»-«Բարսելոն» դիմակայությունը կա, որտեղ անգլիական ակումբը սարսափելի ծանրության խնդիր ունի լուծելու, եթե, իհարկե, որևէ մեկը հավատում է դրա լուծմանը՝ հօգուտ Յուրգեն Կլոպի սաների:

«ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆ» ԱՐԵՑ ԻՐԵՆԸ


Չէ, շտապենք ֆուտբոլասերին հնարավոր թյուրիմացության մեջ չգցել ու ասել, որ հաղթական գոլի հեղինակն այս դիմակայությունում Լուիս Սուարեսն է՝ լիվերպուլյան ակումբի նախկին խաղացողը, իսկ Լեո Մեսին ոչ թե անշրջելի է դարձրել կատալոնյան ակումբի հաղթանակը. դա ինքնին հասկանալի է, այլ երկու հեքիաթային գոլ է հեղինակել՝ էսթետիկական գերագույն հաճույք պատճառելով հանդիսատեսին:
«Բարսելոն»-«Լիվերպուլ» դիմակայությունը համաշխարհային ֆուտբոլի այն հանդիպումներից չէ, որի մասին առնվազն մեկ շաբաթ առաջ չխոսեր համաշխարհային հանրությունը: Անգլիական ակումբի գլխավոր Յուրգեն Կլոպը հարկավ ինքնատիպ չէր իր այն ասածում, որ «Բարսելոնը» մի բան է առանց Մեսիի, մեկ այլ բան է Մեսիով: Ի միջի այլոց, «առանց Մեսիի» ասելով՝ գերմանացի մասնագետը բնավ էլ չէր թերագնահատել կատալոնյան ակումբի կարողությունները, պարզապես երկրորդ շեշտադրմամբ կամեցել էր ընդգծել «Բարսելոնի» աներևակայելի հզորությունը: Ի դեպ, Մեսիի հետ կապված, Յուրգեն Կլոպը մեկ այլ դիպուկ նկատառում էլ էր բարձրաձայնել՝ ասելով, որ կարող ես թղթի վրա ցանկացած սխեմա գծել, սակայն Մեսին մի ֆուտբոլիստ է, որն այդ ամենը անիմաստ է դարձնում:


Այնպես չէ, որ առաջին խաղակեսում «Լիվերպուլը» պասիվ էր, բայց երկրորդ խաղակեսի գոնե առաջին քսան րոպեն նրա հուժկու ճնշման տակ էր անցնում, մինչև որ Կլոպի ասած պլաններ քանդող Մեսին արեց իր գործն ու պատասխան խաղը շատ բաներով ձևականի վերածեց:
Խաղից հետո Կլոպը կանդրադառնա ու անդրադարձել է իր ֆուտբոլիստների մրցելույթին, ու թող բնավ էլ տարօրինակ չթվա, որ գովել է նրանց գործադրած ջանքերը, մի բան, որ «մերսիսայդցիները» նախաձախնդրորեն են արել, սակայն լինում են, չէ՞, խաղեր, որ գնդակը պարզապես չի ուզում հատել դարպասի ժապավենը: Սակայն սեփական սաներին դրվատելով հանդերձ՝ Կլոպը խաղի արդյունքը որակել է դաժանագույն. «Մենք շատ լավ խաղացինք՝ տղաները գերազանց խաղ ցույց տվեցին: Այդ ինչպե՜ս էին նրանք գնդակը վերահսկում երկրորդ խաղակեսում: Սակայն այնպիսի մրցակցի դեմ, որպիսին «Բարսելոնն» է, չի կարելի անգամ փոքրագույն շփոթ հանդես բերել: Ես շատ գոհ եմ մեր խաղից… սակայն արդյունքը… Մեզ պետք է պարզապես ընդունել այն»:


Ի միջի այլոց, չնայած տոնած խոշոր հաշվով հաղթանակին, Մեսին իր գոհունակությունն է հայտնել, որ լիվերպուլցիներին կարողացել են թույլ չտալ իրենց դարպասը գրավել, որովհետև մրցակցի հարկի տակ խփած ցանկացած գնդակ չասենք առիթավորում, նվազագույնը թևավորում է յուրաքանչյուր թիմի:
Ինչ խոսք, որ 3:0-ն անհաղթահարելի հաշիվ չէ, սակայն… հաղթահարելի հաշիվ էլ չէ: Սա իմ նեղ անձնական կարծիքն է, ու թույլ տվեք իմ մոլորության մեջ, եթե իհարկե, դա մոլորություն է, հաստատ լինել: Ճիշտ հասկանանք իրար՝ իրավիճակ շտկելու համար «Լիվերպուլն» ամեն ինչ ունի: Լոկ մի բան չունի: Սակայն այդ մեկ բանն աշխարհում և ոչ մի թիմ չունի: Այդ «Բարսելոնի» գերագույն երջանկությունն է, որ ունի Մեսի՝ խելահեղ ֆուտբոլային հանճար, ֆուտբոլիստ, ում հետևից գնդակն է վազում:
Չդրամատիկացնենք, բայց և ասենք, որ 3:0-ն արդեն ոչ թե հաշիվ է, այլ վճիռ: ՈՒրիշ բան, որ դրա հետ կարող են չհամակերպվել լիվերպուլցիները ու չեն էլ համակերպվելու: Նրանք կտան իրենց կռիվը նաև զուտ նրա համար, որ չասեն, թե առանց մարտի հանձնվեցին: Իսկ եթե ի վերուստ վիճակված է, որ նրանք պիտի լինեն ասպարեզը լքողը, հավատացեք, դրանում ամոթալի ոչինչ չկա, եթե զիջում ես քեզնից ուժեղին: Կան օրինաչափություններ, որոնց հետ, ուզես, թե չուզես, պարտավոր ես հաշվի նստել:


Ամփոփենք: Դառը իրականություն կարող է լինել, որ ընթացիկ մրցաշրջանում ամենադիտարժան առաջնություն տված երկիրը՝ Անգլիան, կարող է կիսաեզրափակչով էլ ավարտել Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը:
Չափից ավելի հետաքրքրական կլինի, եթե շարունակվի հոլանդական հեքիաթը, և «Այաքսը» դուրս գա եզրափակիչ: Սա կլինի անցյալի փառահեղ պատմություն ունեցող թիմի վերադարձ համաշխարհային ֆուտբոլի էլիտա:
Ինչ վերաբերում է «Բարսելոնին», վերջին տարիներին այն այս խաղարկության եզրափակչում չի եղել, ինչն իրերի բնականոն զարգացումներից ու տրամաբանությունից դուրս է՝ այն էլ Մեսի ունենալու պարագայում:
Իսկ եթե ընդհանրացված տեսանկյունով ենք մոտենում խնդրին, եզրափակիչը, առանց իսպանական ֆուտբոլի ներկայացուցչի առնվազն տարօրինակ տեսք կունենա:
Ինչևէ: Մի բան է ակնհայտ, ու դա անժխտելի ճշմարտություն է՝ լինելիք բանը լինելու է:
Այսքանը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ