Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարսի պայմանագիրը՝ համահայկական հարց

Կարսի պայմանագիրը՝ համահայկական հարց
06.05.2019 | 12:47

Մայիսի 4-ին Մամուլի ազգային ակումբում Քաղաքական լիգան հրավիրել էր դասախոսություն-քննարկում՝ «Կարսի և Մոսկվայի պայմանագրերը. դրանց պատմաքաղաքական հետևանքները և արդիականությունը» թեմայով: Բանախոսը ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանն էր: Վերջապես: Գոնե ինչ-որ կազմակերպություն գտնվեց, որ առաջարկում է Հայաստանի քաղաքական օրակարգ վերադարձնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հարցերը:


Մոսկվայի պայմանագիրը կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի Քեմալական կառավարությունների միջև 1921-ի մարտի 16-ին: Պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչված բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան և Ռուսաստանը կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ Կարսի մարզը և Բաթումի մարզի հարավային մասը։ Կարսի պայմանագիրը հաստատում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։ Կարսի պայմանագրի կնքմամբ չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը, բացառությամբ՝ Մոսկվայի պայմանագրի։ Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում՝ Թուրքիային են անցել Կարսի մարզը՝ Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով, Անիի ավերակներով (մոտ 18 հազ. քառ. կմ), Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազ քառ. կմ)։ Նախիջևանի մարզը հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ չի փոխանցվի որևէ երրորդ կողմի։


Ամենակարևորը՝ Կարսի պայմանագիրը կնքվել է 100 տարով և 2021-ի մարտի 16-ին պայմանագիրն ուժը կորցնում է ու օրակարգ է գալիս սահմանների ճանաչման հարցը: Ցանկանու՞մ է Թուրքիան, թե՞ ոչ, դե՞մ է Մոսկվան, թե՞ ոչ, Հայաստանը բոլոր իրավունքներն ունի միջազգային ասպարեզում հարցը բարձրացնելու: Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին չափազանց հակասական են՝ երկու տարվա հեռանկարով կանխատեսում անելու համար: Ինչպես թուրք-ամերիկյանը: Աշխարհում ու տարածաշրջանում գլոբալ փոփոխություններ են, որոնց ընթացքը ոչ միայն նոր աշխարհակարգ հաստատելու նպատակ ունի, այլև կարող է նոր սահմաններ գծել: Քննարկման ժամանակ պրոֆեսոր Գարիկ Քեռյանը նշել է. «Մենք միշտ ուշադրություն ենք դարձրել Հայաստանի անվտանգության խնդիրներին, բայց ուշադրություն չենք դարձրել սահմանների խնդրին: Մինչդեռ սսահմանային խնդիրները, անգամ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո, կարող են դառնալ բարդությունների առարկա»: Ամբողջ աշխարհում են սահմանները «բարդության առարկա»՝ վերջերս Գարեջի վանական համալիրի պատմությունը հաստատեց վրաց-ադրբեջանական կոնֆլիկտի գոյությունը սահմանների հարցում: Թուրքիան հորատումներ է անում Կիպրոսի Հանրապետությանը պատկանող բացառիկ տնտեսական գոտում, որտեղ գազի հանքեր են հայտնաբերվել և Անկարան, չգիտես ինչու, համարում է, որ իրավունքներ ունի շելֆի նկատմամբ։ Ամեն տարի թուրք-հունական բախումներ են լինում՝ որոշ կղզիների համար, որ կողմերը համարում են իրենցը: Օրինակները բազում են:


Նախքան սահմանների վերաձևակերպման հարցին անցնելը՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում պետք է պաշտպանի իր պատմական տարածքների օրինական վերադարձի հարցը՝ պայմանագրի ժամկետի ավարտի կապակցությամբ: Դա հիանալի հնարավորություն է՝ վերահաստատելու ցեղասպանության պատմական իրողությունը, որի հետևանք էր Հայաստանը մասնատող պայմանագրի կնքումը 102 տարի առաջ: Թուրքիայում քեմալականների Ազգային մեծ ժողովի ձևավորումը և 1917-ի բոլշևիկյան հեղափոխությունը կործանարար հետևանքներ ունեցան Հայաստանի տարածքների և սահմանների համար: Քեմալ-Լենին դաշինքով, «համաշխարհային հեղափոխության լենինյան ծրագրի» իրականացմամբ փաստացի գծվեցին հայ-թուրքական սահմանները: 1920-ի ապրիլին Քեմալը նամակ գրեց Լենինին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերութուններ հաստատելու մասին: Քեմալ-Լենին համագործակցությունը կայացավ առաջինը Ադրբեջանի հարցով՝ ի հաշիվ Հայաստանի տարածքների: 2021-ին Հայաստանը չի կարող ու չպիտի ճանաչի հայ թուրքական ներկա սահմանը: Իրավացի է Գարիկ Քեռյանը՝ «Հայաստանը կարող է վիճարկել Կարսի պայմանագիրը, Մոսկվայի և Կարսի պայմանագրերով գծված սահմանների հարցը պետք է պահել որպես խաղաքարտ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների դեպքում: Հայաստանին անհրաժեշտ է ելք դեպի ծով, և պետք է փորձել Թուրքիայի հետ բանակցություններ սկսել այդ հարցով: Չորս հարևանների հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի բացակայությունը լուրջ խնդիրների առջև կարող է կանգնեցնել Հայաստանին»:


Իրատեսակա՞ն է այս իրավիճակում նման հարցերի քննարկումը: Պատմությունը երբեք չի ունենում լավագույն պայմաններ ու լավագույն ժամանակներ:
Սպասել, որ ինչ-որ ժամանակ Ռուսաստանում իշխանություն կփոխվի ու կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը, ժամանակի կորուստ է: Ժամանակի կորուստ է սպասել Թուրքիայի թուլացմանն ու մասնատմանը: Հիմա է գործելու ու իրավիճակ փոխելու բուն ժամանակը՝ հարցի լուծմանը ներգրավելով հայկական ողջ ներուժը՝ ամբողջ աշխարհում: Սա միայն Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ, սա նաև հայրենազրկված ու ունեզրկված սփյուռքի խնդիրն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ոմանք կառարկեն, որ վտանգավոր է երկրորդ ճակատ բացել Թուրքիայի հետ՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրի գոյության պարագայում: Կա ավելի վտանգավորը՝ եթե Հայաստանը ընդունի և ճանաչի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով գծված սահմանները՝ Արցախին հրաժեշտ տալու հիմքեր է ստեղծում: Պատմական շանսը հենց այնպես նվիրել «դարավոր ոսոխին»՝ նշանակում է կրկնել այն հիմարությունը, որ Հայաստանի իշխանություններն արել են 102 տարի առաջ: Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի քննարկումը պետք է մտնի համահայկական օրակարգ՝ բոլոր նրբությունների իմացությամբ ու իրավական գնահատականով: Եվ այս մասին առաջինը պետք է խոսեն կուսակցությունները՝ իրենց քաղաքական ծրագրերում ընդգրկելով պատմական արդարության վերականգնումը՝ իբրև առաջնահերթություն: Պատմաբաններն ու իրավաբանները ևս պետք է ներգրավեն այդ քննարկումներում՝ հասարակությանը տեղյակ դարձնելու հարցի էությանն ու պատմությանը: Սա իրապես համահայկական հարց է՝ մեզնից յուրաքանչյուրի անձնական հարցը, եթե համարում ենք, որ սերունդներին Հայրենիք ժառանգելու պարտականությունն ու իրավունքն ունենք:

Դիտվել է՝ 8977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ