Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տնտեսական համակարգում հեղափոխություն չի լինում»

«Տնտեսական համակարգում հեղափոխություն չի լինում»
07.05.2019 | 02:58

Խորհրդարանի` մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները բավական զավեշտալի են։ Իշխանությունը Ծառուկյանից պահանջում է հավաստիացում, որ նա բիզնես գործունեությամբ չի զբաղվում, որպեսզի նրա պատգամավորական մանդատի առկայությունը չհամարվի օրենքի խախտում և չհանգեցնի մանդատից զրկման։ Սա ընդամենը քաղաքական անհաջող ներկայացում է։ Ինչպես հասարակության յուրաքանչյուր անդամ, այնպես էլ իշխանության ցանկացած ներկայացուցիչ համոզված է, որ մեր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, օլիգարխի «տիտղոսը» նվաճել է՝ ունենալով բազմաթիվ բիզնեսներ։ Եթե, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր ասում, թղթերով ամեն ինչ կարգին է, ի՞նչ են պահանջում, որ ԲՀԿ ղեկավարը պարզաբանի։ Ի վերջո, ոչ վաղ անցյալում հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը սեփականատեր է, այսինքն եթե ԱԺ խոսնակը Գագիկ Ծառուկյանի «կարգավիճակի» վերաբերյալ հարցում է ուղարկել նրան, թող դեռ Փաշինյանից պարզի՝ Ծառուկյանը հիմա սեփականատե՞ր է, բիզնեսմե՞ն, թե՞ օլիգարխ։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցում ենք տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:

-Անկախության տարիներին Հայաստանում բիզնեսը և քաղաքականությունը մշտապես սերտաճած են եղել։ Հիմա Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելով, հնարավո՞ր է վերացնել նման սերտաճումը։
-Տնտեսությունում չնչին խնդիրներ անգամ չեն լուծվի։ Հայաստանում ամեն ինչ փորձում են բացարձակ արժեքներով գնահատել։ Ասում են՝ չեն կարող բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել։ Տեսականորեն հասկանալի է, բայց պետք է հաշվի առնել, թե ինչ ժամանակի, տարածության, մտածողության պայմաններում ենք ապրում։ Կան առանձնահատկություններ, առանձին դեպքեր։ Խելոք հասարակություններում թվարկվածները միմյանցից առանձին են դիտարկվում ու մեկնաբանվում։
Հայաստանում սկսվել է չափորոշիչների պայքար, այսինքն, անհրաժեշտության դեպքում որպես օրինակ կարող են մատնանշել աֆրիկյան մի ինչ-որ հեռավոր երկիր, մի այլ իրավիճակում կվկայակոչեն եվրոպական որևէ զարգացած երկիր` չցանկանալով խորանալ, թե մեր իրականությունը զարգացման ինչ աստիճանի վրա է։ Մենք դեռևս շուկայական հարաբերությունների ձևավորման փուլում ենք, և օբյեկտիվ պատճառներով է նաև, որ քաղաքականությունն ու բիզնեսը միախառնվել են։ Լինելով մաքսիմալիստ, մեզ թվում է, որ եթե այսօր հրովարտակենք, թե շուկայական հարաբերություններ են, վաղն իսկ այդպես կլինի։ Բայց ո՛չ, այդպես չի լինում։ Պահանջվում են տասնամյակներ, անգամ դարեր, որպեսզի այդ հարաբերությունները միս ու արյուն ստանան։ Իսկ այդ միջակայքում քաղաքականությունից բիզնեսը չի հեռանա։ Կարելի է կտրուկ գործել, բայց դա չի կարելի դարձնել օղապարան։ Լավ, ենթադրենք, ուզում եք գործարարությունը տարանջատել քաղաքականությունից, հարց՝ ովքե՞ր են ձեր քաղաքական գործիչները, որտե՞ղ է ձեր քաղաքական համակարգը։ Թյուր պատկերացում կա, թե ուզում են դասական, կլասիկ քաղաքական համակարգ կառուցել, իսկ դրանում գտնվողներն էլ փառահեղ գործիչներ են, ու այդ գործը կարող է խափանել խորհրդարանում հայտնված մի գործարար։ Ամեն երևույթ պետք է գնահատել տվյալ ժամանակի մեջ։ Ձեռնպահ մնալով կոնկրետ մարդկանց անուններ թվարկելուց, նկատեմ, որ այդ գործարար մարդիկ անցնող 30 տարիների ընթացքում եղել են տնտեսությունը խթանող, զարգացնող, լոկոմոտիվ հանդիսացող անձնավորություններ։ ՈՒ այսօր հանկարծ դատաիրավական համակարգն է հուզվել, մեկը հարցում է անում, մյուսը ստուգում է։ Է՜հ, ստուգեք։ Այս ինչքա՜ն հեզաճկուն դարձանք...
-Կարելի՞ է ենթադրել, որ ամեն ինչ ընտրողաբար է իրականացվում, և, ինչպես բարձրաձայնում են որոշ ուժեր, առկա է քաղաքական հետապնդման փորձ։
-Բոլոր ժամանակներում էլ ընտրողական մոտեցում եղել է։ Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, կարող եմ նման բան ենթադրել։ Ոչ միայն քաղաքական հետապնդման տարրեր եմ տեսնում, այլև կարծում եմ, որ սեփականության վերաբաշխում էլ կա։ Կցանկանայի մանդատից զրկելու մասին բարձրաձայնողներից և այս թեման շահարկողներից իմանալ՝ իրենք իրենց գիտակցական կյանքում գոնե մի բան արե՞լ են։
-Այսօրվա իշխանությունը վստահեցնում է, թե այլևս կարիք չկա, որ գործարարը գա խորհրդարան, իրենք կարող են պաշտպանել նրա շահերը։ Ներկա խորհրդարանի պատկերը հաշվի առնելով՝ գործարարներն այդ տեսանկյունից կարո՞ղ են հանգիստ լինել։
-Ողջ մոլորակը կառուցված է շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման սկզբունքով։ Օրինական շահը երբևիցե դատապարտելի, մերժելի չէ։ Երկար տարիներ լինելով պատգամավոր, չեմ հիշում մի դեպք, երբ ինչ-որ մեկի սուբյեկտիվ շահերն ենք պաշտպանել։ Այդպիսի բան չի եղել։ Չպետք է մի բանը մյուսի հետ խառնել։ Մեզանում գործարար-իշխանություն հարաբերությունները եղել են հետևյալ կերպ՝ գործարարին պարտադրվել է հարաբերությունների մի դաշտ կամ ընդհանրապես ոչինչ։ Եթե նախկինում մեկի շահերը պաշտպանելու հարց լիներ, կարվեր ոչ օրենսդիրով, ոչ էլ քաղաքականությամբ։ Հիմա ասում են՝ իրավիճակը փոխվել է, նախկին հարաբերությունները չկան։ Շատ լավ, գործով ամեն ինչ կերևա։
-Անդրադառնանք այսօրվա տնտեսական ցուցանիշներին ու զարգացման միտումներին և փորձենք հստակեցնել` ի՞նչ է կատարվում մեր տնտեսական դաշտում։
-Տնտեսության վիճակը գնահատում եմ վատ։ Ոչ թե տրամադրված եմ վատ գնահատելու, այլ ասում եմ այն, ինչ կա։ Գեղեցիկ խոսքերով, թե համակարգային կոռուպցիան վերացրել ենք, ստվերային տնտեսություն, «փայ մտնել» հասկացություններ այլևս չկան, սին ձևակերպումներ են, դրանցով տնտեսություն չես զարգացնի։ Դրանք սուբյեկտներին ուրախացնող, տրիվիալ, հասարակ, առ ոչինչ խոսքեր են։ Այս պայմաններում չեք գտնի մեկին, որը կշփոթվի ու կցանկանա այս երկրում գործունեություն ծավալել, դա նույնիսկ չանվանենք ներդրում։ Ցանկացած գործունեություն իրականացնող, ֆինանսական և նյութական ռեսուրսներ ներդրող հետապնդում է մեկ բան՝ զրոյական ռիսկ և ակնկալվող շահույթ։ Հակառակ պարագայում մարդն ինչու՞ պիտի այստեղ ներդրում անի։ Սա հավասարապես վերաբերում է և՛ ներքին, և՛ արտաքին ներդրողին։ Ընդհանրապես ցանկացած գործունեություն պահանջում է էներգիայի «անջատում», որը հետո պետք է վերադարձվի։ Եթե չի վերադառնալու, մարդը հիմար հո չէ՞, որ նման գործունեություն սկսի։ Ցանկացած պետություն հաջողության է հասնում այն պարագայում, երբ ներդրողը շահույթով է աշխատում։
-Ի՞նչ չի անում այս իշխանությունը, որ ներդրողը հրաժարվում է գալ Հայաստան։ Իշխանափոխության օրերին ասում էին, թե ճամպրուկները կապած սպասում են, որ գան. ի՞նչ եղավ, փոշմանեցի՞ն։
-Դուք դրան հավատացե՞լ եք։ Ոչ մասնագետները, այո՛, ուրախացել էին։ Իսկ մասնագետներս այն ժամանակ էլ դա զավեշտալի համարեցինք։ Որքան էլ երգեցիկ, սիմֆոնիկ տարբեր ռեժիմներով ասես «հալվա», դրանից բերանդ չի քաղցրանա։ Եթե մի քայլ են արել ու ասում են, թե հեղափոխություն է, դրան կարող են տարբեր ածանցյալներ ավելացնել, օրինակ, կոռուպցիա չկա, ներդրողները ճամպրուկներով դրսում հերթի են կանգնած։ Կարող են ասել, բայց հայտնի անեկդոտի պես՝ է` դու էլ ասա։
-Տնտեսական հեղափոխություն էլ են խոստացել։ Դա ի՞նչ «տեսք» պիտի ունենա, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա այն զգա։
-Տնտեսական հեղափոխությունն այդպիսի տերմինաբանությամբ չի լինում։ Այ, հեղափոխություն էր, երբ արհեստագործական վիճակից մարդիկ անցան մեքենայական արտադրության։ Սա է հեղափոխությունը, որը ոչ մի երկրի տնտեսության չէր վերաբերում, սա ողջ մարդկության հարցն էր։ 20-րդ դարի վերջին չունեինք հեռահաղորդակցության այն ժամանակակից միջոցները, ինչ ունենք այսօր, սա էլ ողջ աշխարհում հեղափոխական զարգացում ապահովեց, առաջացան սոցցանցերը։ Տնտեսական համակարգում հեղափոխություն չի լինում։ Այլ բան է, որ ասեն, թե տրամադրված են խորքային, առարկայական, արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու։ Նույնիսկ այս պարագայում հաջողության հասնելու ռիսկերը մեծ են, որովհետև դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ մասնագիտական մակարդակ, կառավարման հմտություն, ռեսուրսների առկայություն, ժամանակ և այլն։ Հաջողության համար պետք է լինեն մտքով, բազկով ուժեղ, ունենան ծրագրեր, տեսլականներ, որոնք կլինեն չափելի և ընդունելի հանրության համար։ Հակառակ դեպքում բոլոր խոսքերը լիրիզմ են, ինչ երևակայությունդ թույլ տա, կարող ես ասել։ Այս ամենը հիշեցնում է Թոմազո Կամպանելայի Արևի քաղաքը կամ Նյու Վասյուկին։
-Տնտեսագետի աչքով գնահատեք, խնդրեմ. այս կառավարության տնտեսական քաղաքականությունը մեզ ու՞ր է տանում։
-Մտքիս այնպիսի բաներ են գալիս, որ խուսափում եմ դրանք ասելուց։ Արդեն հակված եմ մտածելու` իսկ գուցե ինչ-որ տեղ սցենա՞ր է գրված և ըստ դրա, այսպիսի բաներ պետք է կատարվեն։ Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ են հետապնդում։ Այս իրավիճակում չեմ տեսնում անգամ այն վեկտորը, որ մեզ առաջընթաց է ապահովելու։ Առաջընթաց բոլոր ուղղություններով՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ սոցիալական։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ