Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նայած՝ ով ինչն է կարևորում

Նայած՝ ով ինչն է կարևորում
07.05.2019 | 03:49

Այս տարի ֆուտբոլասերին պարզապես խենթացնող առաջնություն է պարգևում անգլիական ֆուտբոլը, սակայն եվրոպական մնացած թոփ առաջնությունները հետաքրքիր խաղերի պակաս նույնպես չունեն: Այնպես որ, սկզբունքորեն ճաշակի հարց է նախապատվություն տալը: Հարկավ այս հանգստյան օրերի ֆուտբոլային դիմակայություններն ունեն երեքշաբթի-հինգշաբթի կայանալիք եվրոպական խաղարկությունների կնիքը, սակայն ամենուրեք չէր, որ թիմերն ամբողջովին նվիրաբերվել էին ներքին առաջնության խնդիրներին ու այնպես էլ չէ, թե ամբողջովին աչքաթող էին արել հիշյալ եվրոպականները: Մի խոսքով, յուրաքանչյուրն ազատ էր որոշման մեջ իր համար առավել առաջնային ներկայացող խնդրին գերապատվություն տալու հարցում, ու դա միանգամայն բնական է, քանզի ամեն մեկը հաշվարկում է սեփական հնարավորությունները, ամեն մեկն ամենից լավ գիտի իր հնարավորությունների սահմանը:

ԱՆԳԼԻԱ
Եվս մեկ տուր, ու կավարտվի պրեմիեր լիգայի ընթացիկ տարվա մրցաշրջանը, սակայն անգամ մեկ տուր առաջ անհայտ է, թե որ թիմն է լինելու երկրի չեմպիոնը, որը՝ բրոնզե մեդալակիրը: Փոխչեմպիոնի մասին չենք խոսում, որովհետև մրցաշարային աղյուսակում այնպիսի կտրվածություն է երկրորդ ու հնարավոր երրորդ տեղը գրավող թիմերի միջև, որ ավելորդ է անգամ բառ ասելը: Այս փոքրիկ նախաբանից հետո անցնենք կոնկրետացումներին:
Ոսկե մեդալների համար պայքարող «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ խաղաց «Նյուքասլի» հետ ու դժվարին հաղթանակ տարավ 3:2 հաշվով: Թե ինչպիսի լարվածություն է ունեցել խաղը, դրա ուղղակի վկայությունն է հանդիպման վերջնական հաշիվը: Ընդ որում լիվերպուլցիների կողմից դարպասի յուրաքանչյուր գրավմանը «Նյուքասլը» պատասխանել է համարժեքորեն, ու միայն խաղավարտին մոտ Դիվոկ Օրիգիի խփած գնդակն է առավելություն բերել հյուրերին՝ շարունակելով նրանց պահել չեմպիոնական մրցավազքում:
Հետաքրքիր է, որ արդեն զգալի ժամանակ է, ինչ Յուրգեն Կլոպի սաները տուրում իրենց հերթականը շահում, բարձրանում են առաջին հորիզոնական, մինչև որ մեկ-երկու օր ուշացումով նույնն անում է «Մանեչստր Սիթին» ու չեմպիոնության համար պայքարում մեկ միավորով շրջանցում իր միակ մրցակցին: Կկարողանա՞ն Խոսեպ Գվարդիոլայի սաներն այս տուրում էլ անել նույն բանը, հայտնի էր դառնալու երեկ ուշ երեկոյան, «Լեստերի» հետ պայքարում: Հիշեցնենք սոսկ, որ «Մանչեստր Սիթին» մինչև երեկ ուներ 92 միավոր:
37-րդ տուրը տհաճ անակնկալ էր պատրաստել երկար ժամանակ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը իր ձեռքերում պահած «Տոտենհեմի» համար, արտագնայում ում մրցակիցը «Բոռնմուտն» էր: Պոչետինոյի սաների համար ավելի ահավոր ընթացք դժվար էր երևակայել: Հանդիպման 43-րդ րոպեից թիմը մնացել է տասը հոգով: Երկրորդ խաղակեսից ընդամենը երեք րոպե է անցել ու «Տոտենհեմն» արդեն մնացել է ինը հոգով: Թիմը հերոսաբար խաղը փորձել է տանել գոնե ոչ-ոքիի հանգուցալուծման, սակայն տանտերերը լրացուցիչում խփել են հաղթական գոլը՝ 1:0:
Մնում է հուսալ, որ մեդալների համար լոնդոնցիների հետ հեռակա պայքարի մեջ մտած թիմերը, իսկ այս դեպքում՝ ավելի շատ՝ «Չելսին», կվրիպեն: Սակայն Սարիի սաներն այս անգան իրենց նման «շքեղություն» թույլ չեն տվել, և «ՈՒոթֆորդի» նկատմամբ հաղթանակն ավելի քան համոզիչ էր՝ 3:0: Արդյունքում «Չելսին» մեկ միավորով շրջանցեց «Տոտենհեմին» ու 71 միավորով դուրս եկավ երրորդ հորիզոնական:
Տուրը «Բրայթոնին» հյուրընկալած «Արսենալին» ցույց տվեց (հանդիպումն ավարտվել է 1:1), որ զինագործները հինգերորդ հորիզոնականում մնալուց ավելի հույսեր չեն կարող փայփայել: Ի միջի այլոց, եթե վերջին հանդիպումների տխուր ավանդույթով նրանք վերջին հանդիպումը տանուլ տան, ու «Մանչեստր Յունայթեդն» էլ իր ակտիվում երեք միավոր գրանցի, ապա «մանկունիացիները» նրանց դեռ վեցերորդ հորիզոնական էլ կմղեն: Բոլոր դեպքերում նշենք, որ մրցաշրջանի եզրափակիչ փուլն «Արսենալն» անցկացնում է խայտառակ վատ, ու նրա միակ փրկությունը կլինի Եվրոպայի լիգայի խաղարկությունում հաղթելը:

ԻՍՊԱՆԻԱ
Երկրի չեմպիոնությունը ժամկետից շուտ նվաճած «Բարսելոնը» հերթականում հյուրընկալվեց «Սելտային» ու պարտություն կրեց 0։2 հաշվով: Ինքնին հասկանալի է, որ այս պարտության մեջ տրագիկ ոչինչ չկա, քանզի այն կատալոնյան ակումբի համար բան չի որոշում, ու հենց այդ բան չորոշելն էր, որ Վալվերդեին հնարավորություն էր տվել Վիգո գնալու փաստացի երկրորդ կազմով: Անհանգստությունն ուրիշ բանում է՝ ունեցած ռեզերվի չունեցած հզորության:
Ինչևէ, հարցի մանրամասների հետևից շատ չընկնենք, բայց դե Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան դիմակայությունն էլ անգլիական «Լիվերպուլի» հետ առանձնապես չդրամատիկացնենք, քանզի առաջինում «Բարսելոնը» վստահ հաղթանակ է տոնել երեք անպատասխան գնդակի ամրության պաշարով, որը հնարավոր է մսխել միայն այն դեպքում, եթե իրապես տրամադրված ես մսխելու, քանզի այլ տարբերակ՝ չիք: Հետո չմոռանանք, որ Բարսելոնում կրած պարտությունից հետո երկու խաղի արդյունքով հանդիպման հաղթական ելքին լիվերպուլցիներն էլ չեն հավատում: Սրա կողքին եկեք չմոռանանք, թե թիմը ներքին առաջնությունում ինչ ուժաքամ անող հանդիպում ունեցավ «Նյուքասլի» հետ:
Տուրը պարտությամբ ավարտեց նաև ժամկետից շուտ երկրի փոխչեմպիոնությանն արժանացած «Աթլետիկոն» ու երևի թե նույնպես ոչ առանձնակի ողբերգության զգացողությամբ, քանզի ներքին առաջնության կտրվածքով բուն խնդիրը լուծված է, արծաթե մեդալները, սկսած անցած տուրից, գրպաններում: Մադրիդցիներն արտագնայում, զիջել են «Էսպանյոլին»՝ 0։3:
Տուրի կտրվածքով իսպանականի առաջին եռյակից հաղթանակի բերկրանքը ճաշակող միակը «Ռեալը» եղավ, որին սեփական հարկի տակ հաջողվեց կոտրել «Վիլյառեալի» դիմադրությունը՝ 3:2:

ԳԵՐՄԱՆԻԱ
Իսպանականի օրինակով բունդեսլիգայի առաջնության ավարտին նույնպես երկու տուր է մնացել, ու դժվար է հավատալ, որ տևական ջանքերից հետո առաջին հորիզոնականն իրեն վերադարձրած Մյունխենի «Բավարիան» այն ձեռքից բաց կթողնի: Չեմպիոնություն տանող ճանապարհին նրա մրցակիցը ոչ միայն աղյուսակը եզրափակող, այլև բարձրագույն խմբին հրաժեշտ տված «Հանովերն» էր, որի վերջին այցը Մյունխեն ավարտվեց 1։3 հաշվով պարտությամբ:
Հարկավ ոսկու համար մրցակցությունում դեռ կարող էր շարունակել պայքարի մեջ մնալ Դորտմունդի «Բորուսիան», սակայն եթե մի թիմ 2:0 հաշվով հաղթելու պայմաններում հաջողեցնում է մրցակցին, տվյալ պարագայում՝ «Վերդերին», հաշիվը հավասարեցնելու հնարավորություն տալ, փոքր-ինչ դժվար է այդ թիմի չեմպիոնական հավակնություններից խոսելը: Ասենք միայն, որ «Բավարիան» ունի 74, «Բորուսիան»՝ 70 միավոր:
Հերթականում կամային որակներով դորտմունդցիներին «վայել» որակական հատկանիշներ է հանդես բերել «Լայպցիգը», որն արտագնայում «Մայնցի» հետ մրցակցությունում երկու անգամ հաղթելիս է եղել երկու գնդակի տարբերությամբ, սակայն դիմակայությունն ավարտել է ոչ-ոքի արդյունքով՝ 3:3: Ասենք, որ «Լայպցիգի» բրոնզե մեդալներին սպառնացող ուժ չկա: Այն 65 միավորով երրորդ հորիզոնականում է:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին եռյակի կտրվածքով իր դիրքերը կորցնելու տագնապ ունի սոսկ երրորդ հորիզոնականում գտնվող «Ինտերը», որն արտագնայում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «ՈՒդինեզեի» հետ ու առաջնությունից երեք տուր առաջ ընդամենը մեկ միավորով է առաջ 62-ն ունեցող «Ատալանտայից»:
Ավելի վաղ կայացած «Յուվենտուս»-«Թուրին» մրցակցությունում կողմերը քաղաքային դերբիում փոխանակել են մեկական գոլ, իսկ ահա «Նապոլին» կամային հաղթանակ տոնեց «Կալյարիի» նկատմամբ՝ 2:1 ու պաշտոնապես հաստատեց իր փոխչեմպիոնությունը, որը, եթե անկեղծ լինենք, ոչ մեկն էլ կասկածի տակ չէր առնում:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջնության զարդը կարող էր դառնալ «Լիոն»-«Լիլ» դիմակայությունն ու դարձավ էլ: Հյուրերին, բնականաբար, հակացուցված էր պարտությունը, քանզի մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ նրանցից հետ մնալը տանտերերը կարող էին հասցնել չորս միավորի՝ փոխչեմպիոնության համար պայքարի այստեղից բխելիք հնարավոր ծանր հետևանքներով: «Լիոնն» առաջին խաղակեսն ավարտել է իր օգտին, սակայն երկրորդում հյուրերը կարողացել են ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ են անցնել: Սակայն լիոնցիները չեն թողել հյուրերի համար բանը հասնի կամային հաղթանակի: Գրանցված 2:2 հաշիվն այս մրցակցության տրամաբանական ելքն էր: Նկատենք, որ մեկ օր առաջ էլ ոչ-ոքի էր ավարտել իր հանդիպումը երկրի չեմպիոնությունը վաղաժամկետ նվաճած, «Նիցցային» հյուրընկալած «Պարի Սեն Ժերմենը»՝ 1:1:
Դիվիզիոնում միակ ռեալ տեղաշարժը, որ կարող է տեղի ունենալ, առնչվում է բացառապես երրորդ տեղին, որտեղ «Լիոնն» է 63 միավորով: Նրանից ընդամենը մեկ նիշով է հետ մնում «Սենտ Էտիենը», որը Մոնակոյում կամային հաղթանակ է տոնել տեղի համանուն թիմի նկատմամբ՝ 3:2:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ