Մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը

Մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը
11.05.2019 | 12:58

Եթե նկատեցիք՝ մեկ շաբաթում գրավոր ու բանավոր խոսեցին Արցախի ու Հայաստանի նախկին ու ներկա նախագահները ու Հայաստանի վարչապետը: Լռում է միայն ՀՀ առաջին նախագահը: Մինչդեռ նա միշտ ասելիք ունի՝ համենայն դեպս պարզաբանումների ու իրավիճակի գնահատականի տեսակետից: Լևոն Տեր-Պետրոսյանը ակներևաբար երկար դադար է վերցրել՝ նախորդ ակտիվության պասիվ հետևանքների կամ այն պատճառով, որ զարգացումներն իրեն բավարարում են:


Զարմացրեց Ռոբերտ Քոչարյանը: Նրա հարցազրույցը Reuters-ին քաղաքական նոնսենս է՝ կամ ՀՀ երկրորդ նախագահը, հայտնի հանգամանքների բերումով, չի տիրապետում իրավիճակին, կամ տիրապետում է տեղեկատվության, որ հայտնի չէ հանրությանը: Իսկ դա նման է դավադրության: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և ինքը մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին: Որո՞նք են այդ «հզոր ընդդիմադիր ուժերը»: Հայաստանում ու Արցախում ժողովներ գումարող ՀՅԴ-ն հրապարակավ մարտահրավերի մտադրություն չի հայտնում: Առավելևս՝ Ռոբերտ Քոչարյանի հետ միավորման: Եթե կա գաղտնի պայմանավորվածություն, արդեն քաղաքականություն չէ: ՀՀԿ-ն ևս չի շտապում որևէ մեկի հետ համախմբվել ու մարտահրավեր նետել: ԲՀԿ-ն ունի շատ լուրջ խնդիրներ՝ ավելի լուրջ, քան երևում է արտաքուստ: Խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան համակարգային՝ բիզնես-իշխանություն տիրույթում: Գագիկ Ծառուկյանը կանգնած է ունեզրկման հեռանկարի առաջ ու դա է նրա իրական մարտահրավերը: Առանց Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն համարեք՝ չկա: Այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանի հետ համախմբվելը ինքնասպանություն է Գագիկ Ծառուկյանի համար՝ չափազանց արմատական քայլ, որին դիմելու ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի կարող տալ ԲՀԿ-ում ոչ ոք: ԼՀԿ-ի վրա հույս դնելը նույնն է, թե միլիոններդ ներդնես ավազի մեջ, ջուր էլ չլինի, ավազը հոսելու է ու գնա քամուց՝ Էդմոն Մարուքյանը աշխատում է բոլորովին այլ ուղղությամբ ու ղեկավարվում այլ նկատառումներով: Եթե Ռոբերտ Քոչարյանի մտադրությունը կամ հույսը մանրիկ մարդ-կուսակցություններն են, ի՞նչ հիմքով է նրանց «հզոր ուժեր» անվանում: Եթե հույսը համաժողովրդական բողոք-ընդվզումն է նոր իշխանությունների դեմ, շատ է շտապում՝ ոչինչ չի կարող գեներացնել մի քանի տասնյակ բողոքավորներից բացի՝ ընտանեկան շրջանակում:
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ. «Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»: Որո՞նք են նոր ընդդիմադիրները, ինչու՞ նրանց մասին գիտի միայն երկրորդ նախագահը: Պատասխանը մեկն է միայն՝ ինքն է ստեղծելու: Եվ ովքեր են լինելու այդ ուժի անդամները: Ենթադրաբար՝ տարբեր կուսակցություններից դժգոհները: Այլմոլորակայիններ ներմուծել Հայաստան՝ դեռ տեխնիկապես անհնար է: Ռոբերտ Քոչարյանը, կարծես, չի ընկալում հասարակության վերաբերմունքն իր անձին ու գործունեությանը, որ ինքնաբերաբար տարածվելու է նրա բոլոր նոր նախաձեռնությունների վրա: Ինչու՞ է, ուրեմն նա բարդացնում առանց էլ իր ծանր կացությունը:


Հայաստանում լրագրողների հետ շփումներից հրաժարվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց Արցախում՝ հիմնականում Շուշիի ազատագրման մասին, ընկերների, կարոտի, հավատարմության: Ոչինչ կամ գրեթե ոչինչ քաղաքական, եթե հաշվի չառնենք, որ նրա գնահատականներն էլ սուբյոկտիվ են: Իսկ Հայաստանին վերաբերող հարցերը նա խորհուրդ տվեց Հայաստանում տալ՝ փաստացի Արցախը դուրս բերելով ներհայաստանյան խնդիրներից:


Դեռ չդադարող քննարկումների առիթ տվեց Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին՝ ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եռատոնին մասնակցելու հնարավորություն տալու համար: Դիմումը, պարզվեց, սխալ է Արթուր Դավթյանին հասցեագրելը, Նիկոլ Փաշինյանն էլ ասուլիսում, մեղմ ասած, չորեց դիմումատուներին: Քչերը գիտեն՝ ինչ են խոսել այդ թեմայով Ստեփանակերտում Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը: Հրապարակավ դժգոհություն հայտնեց ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, առ այն, որ Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց իր մամլո քարտուղարի միջոցով. «Տարօրինակ է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայից լսել նման մեկնաբանություններ: Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Գուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»:
Եռատոնն անցավ առանց Ռոբերտ Քոչարյանի, բայց նստվածքը մնաց: Թեպետ՝ իսկապես՝ Ռոբերտ Քոչարյանը եռատոներին Արցախում չէր լինում, ակնհայտորեն Սերժ Սարգսյանի մասնակցության պատճառով: Իսկ Սերժ Սարգսյանը նախապես էր հրապարակել Ստեփանակերտ գնալու մտադրությունը:


Եվ վերջապես՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է. «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»: Իսկ Արցախում 2020-ին նախագահական ընտրություններ են: Եվ հետո՝ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում քոչարի է պարել ու լավ գիտի տրամադրությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դիմումն անվանեց «երկու նախագահների անձնական, մարդասիրական նախաձեռնությունն է, առանց միջամտելու այդ գործընթացներին, որոշելու՝ ով է ճիշտ, ով է սխալ»։ Իսկ փոխհարաբերությունների մասին ասաց. «Անկախ ամեն ինչից, թե ով է ղեկավար Հայաստանում և Արցախում, մենք պետք է ունենանք սերտ համագործակցություն, որովհետև սա մեր ժողովրդի, մեր պետության, մեր պետականության հիմքն է։ Չի կարող լինել այնպես, որ մեկ հայրենիքի երկու հատվածները մեկը մյուսի դեմ լինեն։ Դա անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ կանգնած Հայաստանում ու Արցախում, ինչ ուժեր են գալիս իշխանության։ Անհրաժեշտ է միշտ ունենալ նորմալ, գործընկերային հարաբերություններ՝ մի կողմ դնելով անձնական խնդիրները։ Իսկ եթե մարդիկ իրար չեն ճանաչում, հաշվի առնելով պատասխանատվության աստիճանը, հաշվի առնելով, որ մեր միասնականությունը մեր բոլոր ձեռքբերումների հիմքն է, երկու կողմն էլ պարտավոր են իրար նկատմամբ լինել նորմալ, սա իրենց անձնական քմահաճույքը չէ։ Այնպես չի, որ ամեն մեկն իր նախասիրություններով որոշի պետության քաղաքականությունն ինչպիսին պետք է լինի, ոնց պետք է արվի։ Սա այնքան մեծ պատասխանատվություն է՝ քաղաքական, պատմական, ռազմավարական, որ իրավունք չունեն այդպես վարվել»։ Այսօր սա է ճշմարտությունը, որի մասին ոմանք անընդհատ խոսում են, ոմանք՝ լռում:

Դիտվել է՝ 891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao