«Հանգիստ նստի տեղդ»

«Հանգիստ նստի տեղդ»
14.05.2019 | 00:39

Մաշված ֆրազ է` դաշնակահարը նվագում է այնքան, որքան կարող է: Ընդ որում, «հեղափոխությունից» մեկ տարի անց արդեն ոչ թե պետք է քննադատել նոր իշխանությանը, այլ պինդ բռնել նրա կավե ոտքերից, որ չփշրվեն, որովհետև այնքան փուխր է, որ փլվելիս ոչ թե իրեն, այլ ոչ պակաս մեր փուխր պետականությունը կարող է թողնել իր փլատակների տակ:


Այո, պնդումը միանշանակ է, ոչ ոք այնպես չի աշխատում հեղափոխական «արժեքների» ոչնչացման դեմ, որքան օրվա իշխողներն իրենց իշխողի ղեկավարությամբ: Անցնող մեկ տարվա ընթացքում ոչ միայն տեղի չունեցավ հեղափոխության գեներացիա, այլև մսխվեցին բոլոր կարգի արդյունքները, և իզուր չէ, որ մի քանի ամիս անց (դեկտեմբեր, խորհրդարանական ընտրություններ) անչափ բարձր ռեյտինգ ունեցող ուժն ու իր լիդերն անկման լուրջ ցուցիչներ են արձանագրում: ՈՒ պետք չէ անդրադառնալ հանգամանքին, որ հեծանիվով գործի գնալը` մի քանի «ջիպազգիներով» ու թիկնապահներով, արդեն «дурной тон» է, քանզի կա ինքնատիպ լինելու (չնայած՝ կարծես հեծանիվը վաղուց է հորինվել) և կա լրջանալու ժամանակը: Այնուհանդերձ, մասսաներին իր նկատմամբ ակնածանքի սրբազան դողի մեջ պահելու ժամանակավրեպությունն արդեն մեղմ ծիծաղ է առաջացնում, եթե չասենք` խղճահարություն:


Մի կողմ թողնենք նաև վեց ժամ ասուլիսով ջուր ծեծելու աբսուրդը, մեկ արձանագրմամբ. մի՞թե Փաշինյանի կադրային բանկն այնքան սնանկ է, որ իր կողքինները վերջինիս չեն ասում` քանակը երբեք որակ չէ, պետք չէ Պուտինից բարձր նիշ վերցնել ու վեց ժամ անիմաստ` «իմպոտենցիայից, առաջին գիշերից, մայկա-տրուսիկից» խոսել, որովհետև շատ խոսքերի մեջ շատ ունայնություն կա: Ընդ որում, այդ վեց ժամվա մեջ գեթ վեց վայրկյան չտրամադրել օրվա խորհրդին` Շուշիի ազատագրմանը:
Անդրադառնանք հաջորդ օրվա` արցախյան այցից ստացած նրա «տպավորություններին»: Ընդամենը մի քանի ժամ Արցախում գտնված հայաստանյան լիդերը, որը «զրո» հարաբերություններ ունի իր թիմի, քաղաքական ընդդիմախոսների, խորհրդարանական ուժերի հետ (ոչ մի կառուցողական մոտեցում ու դիսկուրս` որևէ մակարդակում), երկրորդ անգամ թիրախավորեց Արցախը:


Առաջինը, հիշենք, Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնականությունն ու մնացածներին հաթաթա տալն էր, ինչ է թե` վերջիններս ընդդիմացել էին այն հեղափոխականներին, որոնք արցախյան ազատամարտից վեր էին համարել հարգարժան Սորոս հայրիկի` Հայաստանում արած գունավոր հեղափոխությունը:
Երկրորդ թիրախավորումն ընդհանրապես հատեց թույլատրելիության սահմանագիծը. թե՛ էթիկայի, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքաղաքական, թե՛ երկրի անվտանգության, և որ ամենակարևորն է, բարոյականության: Հայաստան վերադարձած օրվա իշխողը հարկ էր համարել օրը չլուսացած արձանագրել իր «տպավորությունները» եռատոնյան Արցախից. եթե հանկարծ այնտեղ հակահեղափոխությունը գլուխ բարձրացնի, Արցախի ժողովուրդը հեղափոխություն կանի…


ա) Հանուն Նիկոլ Փաշինյանի՞, հանուն հեղափոխական արժեքների՞, հանուն կրկին շատ ինտենսիվ կրակակետի տակ կրկին հայտնված Արցախի ու սահմանի՞։ Չասվեց:
բ) Շատ անհարմար բան ստացվեց: Սեփական գեներալիտետին, նախկին գերագույն հրամանատարին «փակած», մյուս գերագույն հրամանատարին հաթաթա տվող, Ալիևին կիրթ համարող անձը, որը Ղարաբաղի համար այս կարևորագույն փուլում (չթաքցնենք` հեղափոխությունը եղել է երկու պատճառով. Ռուսաստանի ազդեցության տակից հանել Հայաստանը, լուծել Ղարաբաղյան խնդիրը` Իրանի սահմանագծում` հակամարտության գոտում արևմտյան «բերետներ» կանգնեցնելու համար), և ուրեմն, օրվա բանակցողը` Փաշինյանը, որն սկզբում բանակցում է վերելակում, հնարավորություն տալիս «կիրթ» մարդուն Նախիջևանի կողմից հազարավոր կիլոմետրերով առաջ գալ, Ղարաբաղյան հակամարտության գծում շինարարություն իրականացնել, բլրակներ կառուցել, որպես հարմար պլացդարմ` պատերազմի ժամանակ լավագույնս դիրքավորվելու համար, օրվա իշխողը, վերելակից հետո, բանակցում է արդեն պաշտոնապես և, իրեն հատուկ «կրուտիտներով», հիմա էլ ասում` ես չեմ կարող Արցախի անունից բանակցել, որովհետև ինձ Արցախի ժողովուրդը չի ընտրել։ Իսկ աշխարհաքաղաքական-տարածաշրջանային, Վաշինգտոնում սպասվող բանակցային գործընթացից ժամեր առաջ իրեն «թույլ է տալիս» ասել՝ Արցախի ժողովուրդը հեղափոխություն կանի:
Ի՞նչ գիտես` կանի:
Իսկ որ չգիտես` «հանգիստ նստի տեղդ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao