«Մանչեստր Սիթին» բաց չթողեց շանսը

«Մանչեստր Սիթին» բաց չթողեց շանսը
14.05.2019 | 01:57

Ավարտվեց Անգլիայի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությունը: Չեմպիոնական պայքարում այն հանգուցալուծվեց հօգուտ «Մանչեստր Սիթիի», որն արտագնայում 4:1 հաշվով առավելության հասավ «Բրայտոնի» նկատմամբ, ինչն անիմաստ դարձրեց «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ «Լիվերպուլի» հաղթանակը (2:0), քանզի լիվերպուլցիներից մեկ միավորի առավելությամբ Խոսեպ Գվարդիոլայի թիմի պոկվածությունը ճակատագրական եղավ ոսկե մեդալների համար պայքարում: Միջանկյալ նկատենք, իսկ սա բնավ էլ կատակ բան չէ. չեմպիոնության հասնելու համար «Մանչեստր Սիթիից» պահանջվեց անընդմեջ 14 հաղթական ելքով դիմակայություն, որն աներևակայելի ցուցանիշ է: Ընդ որում, բացառությամբ վերջինի, որ ամբողջ պրեմիեր լիգայի համար նույն օրն ու նույն ժամին էր, Գվարդիոլայի տղաները խաղում էին մեկ կամ երկու օր հետ ընկած գրաֆիկով, ինչը հոգեբանորեն ավելի ծանրակշիռ էր դարձնում նրանց հաղթանակը, քանզի դրանցից որևէ մեկում վրիպումը չէր տալու այն արդյունքը, որն ունեցավ թիմն այս մրցաշրջանում:

Քանի որ ոսկե և արծաթե մեդալների առումով խոսակցությունն այս երկու թիմերի շրջանակում է ծավալվելու, ընթերցողի համար բերենք հնարավորինս շատ վիճակագրական տվյալներ, որոնք նաև հետաքրքրության առումով լույս կսփռեն այս թիմերի անմիջական ու հեռակա մրցակցության վրա:
Սկսենք «Մանչեստր Սիթիից»: Սա թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր պրեմիեր լիգայում, իսկ ընդհանրապես՝ վեցերորդը: Ըստ տարեթվերի, մանչեստրյան ակումբը չեմպիոնությանը տիրացել է 1937, 1968, 2012, 2014, 2018 և 2019 թվերին: Դժվար չէ նկատել, որ թիմն անընդմեջ չեմպիոն դարձել է միայն մեկ անգամ: Դառնանք թիմին այս հաղթանակին բերած մարզչին՝ Խոսեպ Գվարդիոլային: «Մանչեստր Սիթիի» հետ սա նրա հինգերորդ տիտղոսն էր, սակայն չմոռանանք, որ դիմացը դեռևս Անգլիայի գավաթի խաղարկությունը կա: Իսկ եթե ընդհանրապես ենք նայում Գվարդիոլա մարզչի նվաճումներին, դրանք 26-ն են: Այդ 26-ից ութը չեմպիոնական առաջնություններում է նվաճվել: Մանչեստրյան երկուսին գալիս են գումարվելու Իսպանիայում՝ «Բարսելոնի», Գերմանիայում՝ «Բավարիայի» հետ նվաճած վեցը:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ այն եվրոպական թոփ առաջնությունների մեջ սահմանեց յուրօրինակ ռեկորդ՝ հավաքեց 97 միավոր, սակայն այդպես էլ անմասն մնաց չեմպիոնական տիտղոսից: Նախկին առավելագույնը պատկանել է Մադրիդի «Ռեալին», որը 2010-ին փոխչեմպիոնության է հասել 96 միավորով՝ երեք նիշով հետ մնալով իր հավերժական մրցակցից՝ կատալոնյան «Բարսելոնից»:


Մեկ այլ ռեկորդ էլ է սահմանել լիվերպուլյան ակումբը: Պրեմիեր լիգայի պատմության մեջ այն առաջին թիմն է, որը մրցաշրջանում կրելով ընդամենը մեկ պարտություն՝ այդպես էլ չի դառնում չեմպիոն: Նկատենք, որ նրան պարտության մատնած թիմը «Մանչեստր Սիթին» է: Ի դեպ, բավական հետաքրքրական է եղել «Մանչեստր Սիթի»-«Լիվերպուլ» համեմատականի մեջ Յուրգեն Կլոպը, որտեղ իրավիճակին շատ սթափ գնահատական է տրված: Փաստելով, որ լիվերպուլյան ակումբի պատմության մեջ այս «Լիվերպուլը» եղած լավերից մեկն է, գերմանացի մասնագետն այնուամենայնիվ խոստովանել է, որ ոչ միայն իր, այլև անգլիական ցանկացած թիմի համար չափազանց դժվար կլինի մրցակցել ֆինանսական նման հզորություն ունեցող մանչեստրյան ակումբի հետ, քանի որ նման պարագայում հաջողության հասնելու համար իդեալական խաղ պիտի ցույց տալ. «Մենք լուրջ մրցակից ունեինք: Երկու սեզոնի ընթացքում 198 միավորը գերազանց ցուցանիշ է: Մենք մեր զարգացման մեջ մեծ քայլ ենք արել: Տղաները հասել են նոր մակարդակի, ինչն ինձ դուր է գալիս, սակայն առաջընթացը դեռևս ավարտված չէ: Սա չեմպիոնության համար պայքարելու մեր առաջին փորձն էր: Սա մեր լավագույն օրը չէ, սակայն ապագան ցույց կտա՝ իրականու՞մ այն լավն է»:
Լիվերպուլյան թեման ավարտենք նրանով, որ նախորդի հանգույն Յուրգեն Կլոպի սաներն այս մրցաշրջանում երկրորդ անգամ անընդմեջ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ինչը ոչ պակաս գերազանց արդյունք է:


Արդ դառնանք առաջին վեցյակը կազմած մյուս թիմերին:
Նախավերջին տուրում «Տոտենհեմից» խլելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն ու նրան շրջանցելով մեկ միավորով՝ «Չելսին» այդ առավելությունը ձեռքից այլևս բաց չթողեց, թեպետ, կատարյալ հանգիստ լինելու, ամեն ինչից ապահովագրված լինելու համար «Լեստերից» այդպես էլ չկարողացավ կորզել երեք միավոր ու բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ ողջ խաղի ընթացքում հայացքը հառած «Տոտենհեմ»-«Էվերտոն» դիմակայությանը:
Դառնալով արագ գոլի հեղինակ՝ «Տոտենհեմը» հանդիպումն իր համար հաղթական ելքով գլորում էր ցանկալի ավարտ, սակայն երեք րոպեում բաց թողնելով երկու գոլ՝ հետապնդվողից վերածվեց հետապնդողի: Ճիշտ է, հանդիպման 75-րդ րոպեին Էրիկսենը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն բրոնզե մեդալների համար պայքարում այն թիմին ոչինչ չտվեց՝ բացառությամբ հաջորդ տարի Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակից դառնալուց:


Սակայն «Տոտենհեմի» հարցում մի շատ նրբագույն հանգամանք կա, որը փակում է այս թիմի համար այս մրցաշրջանը ձախողված համարելու թեման, քանզի Պոչետինոյի սաները նվաճել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու իրավունքը (մրցակիցը «Լիվերպուլն» է)՝ սա մեկ, և երկրորդ՝ այդ իրավունքը ձեռք են բերել «Այաքսի» հետ այնպիսի խելահեղ պայքարում, որը հա հիշվելու է ու հիշվելու է և աչք է փակելու թիմի ձախողումների վրա:
Մրցաշրջանի իր վերջին հանդիպումը «Բյոռնլիի» հետ «Արսենալը» ավարտեց հաղթանակով (3:1), սակայն միանգամայն հասկանալիորեն այն լոնդոնյան ակումբին եկող մրցաշրջանում չտվեց Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն, թեպետ թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին լավատես է՝ նկատի ունենալով այն, որ թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ տոնելիք հաղթանակը կբացի ակումբային թիվ մեկ խաղարկության դռները: Ի միջի այլոց, եթե Էմերիին հաջողվի դա անել, նա կդառնա Եվրոպայի լիգայում չորս անգամ հաղթած մարզիչ, որը կլինի նոր պատմության սկիզբ: Նկատենք, որ այստեղ նրա թիմի մրցակիցը լինելու է լոնդոնյան մեկ այլ ակումբ, որն «Արսենալի» համեմատ մրցաշրջանում շատ ավելի շոշափելի բանի հասել է՝ դառնալով երկրի երրորդ թիմը: Այնպես որ, մայիսի 29-ին Բաքվում կայանալիք այս դիմակայությունում «Արսենալը» շատ ավելի մոտիվացված է լինելու:


Առաջին վեցյակի մասին պատմությունն ավարտենք «Մանչեստր Յունայթեդի» հիշատակումով, քանզի հենց նա է այդ վեցյակը եզրափակող թիմը: Իր վերջին խաղում այն արտագնայում հաղթեց «Ֆուլհեմին»՝ միավորների թիվը հասցնելով 66-ի, ինչը չորս նիշով քիչ է «Արսենալի» ունեցածից, որն իր հերթին մեկ միավորով հետ մնաց չորրորդ տեղում հայտնված «Տոտենհեմից», որն իր հերթին նույնպես մեկ միավորով… սակայն վերևում այդ մասին արդեն ասել ենք, ընդ որում, ասել ենք նաև առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերի մակարդակով: Այնպես որ, Անգլիայի այս տարվա առաջնությունը նաև այս առումով էր բացառիկ հետաքրքրական:
Իհարկե, կարելի է չզլանալ ու մի երկու խոսք էլ ասել պրեմիեր լիգան ինչպես լքող, այնպես էլ համալրող թիմերի մասին, սակայն այս եռյակի (թե լքող, թե համալրող) երրորդ թիմի պարագայում դեռևս ամեն ինչ չի որոշված, ուստի ամբողջական ասելիքը թողնենք հետագային:


Պրեմիեր լիգայի առաջնության վերաբերյալ այս բավականին ծավալուն խոսքից հետո անցնենք եվրոպական մյուս թոփ առաջնություններին, որոնցում շատ բաներ արդեն վաղուց հայտնի են, ուստի աշխատենք խոսքի մեջ լինել հնարավորինս համառոտ:
Լա լիգայում մեդալների հարցը դեռևս նախորդին նախորդող տուրից հայտնի էր, ուստի կարճ հաղորդագրության կարգով՝ «Բարսելոնը» հաղթել է «Խետաֆեին» (2:0), «Աթլետիկոն» ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Սևիլիայի» հետ, «Ռեալ Սոսիեդադը» սեփական հարկի տակ պարտության է մատնել Մադրիդի «Ռեալին»՝ 3:1:
Բունդեսլիգայի նախավերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասնելով Դյուսելդորֆի «Ֆորտունայի» նկատմամբ՝ «Բավարիայից» հետ մնալը հասցրել է երկու միավորի ու դա նաև բրոնզե մեդալները շահած «Լայպցիգի» ջանքերի շնորհիվ, որը հյուրընկալելիս գոլազուրկ հանդիպում է ունեցել մյունխենցիների հետ, սակայն հավատալ, թե վերջին տուրում դորտմունդցիների համար հրաշք կլինի, ու «Բավարիան» կպարտվի, մի փոքր անհավանական է ներկայանում, թեպետ վերջին շրջանում այնքան անհավանական բաների ականատես եղանք, որ չլինելն էլ է արդեն անհավանական դառնում: Մի խոսքով՝ ամեն ինչ կլինի, կավարտվի, հետո կխոսենք:


Երեկ ուշ երեկոյան կայացած «Ինտեր»-«Կիևո» դիմակայությունն էր վկայելու, թե միլանցիները երրորդ հորզոնականում հանդուրժելու էի՞ն «Ատալանտայի» հայտնվելը, որը «Ջենովայի» նկատմամբ տնային մրցակցությունում 2:1 հաշվով առավելության հասնելով՝ մաս էր կազմել առաջին եռյակի:
Առաջին եռյակը կազմած մյուս երկուսի կտրվածքով ասենք, որ երկրի փոխչեմպիոնությունը նվաճած «Նապոլին» հյուրընկալվելիս հաղթել է ՍՊԱԼ-ին (2:1), իսկ ութերորդ անգամ անընդմեջ չեմպիոնությունը նվաճած «Յուվենտուսը» իտալական գայլերի հետ արտագնա մրցակցությունը տանուլ է տվել 0:2 հաշվով: Ի դեպ՝ այս հաղթանակը բավականին ռեալ է դարձնում եվրոպայի լիգայում հայտնվելու «Ռոմայի» շանսերը:


Դիվիզիոնի առաջնությունում «Լիլը» հյուրընկալելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Բորդոյի» նկատմամբ, իսկ երրորդ տեղում ընթացող «Լիոնը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի՝ «Մարսելի» դարպասը՝ իր պոկվածությունը «Սենտ Էտիենի» նկատմամբ հասցնելով չորս միավորի: Չշտապենք երկրորդ-երրորդ տեղերը շնորհել «Լիլին» ու «Լիոնին», որքան էլ այս ակումբներն աղյուսակում բավական պինդ են իրենց դիրքերում: Բոլոր դեպքերում առջևում երկու տուր կա, իսկ անակնկալներից երաշխավորված չէ ոչ ոք: Ինչ վերաբերում է ժամկետից շուտ չեմպիոնությունը նվաճած «Պարի Սեն Ժերմենին», արտագնայում այն հերթապահ հաղթանակն է տոնել «Անժի» նկատմամբ՝ 2:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao