«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱԳ նախարարը «Независимая газета»-ում հոդվածով ամփոփել է հրադադարի հաստատման 25 տարիները

ԱԳ նախարարը «Независимая газета»-ում հոդվածով ամփոփել է հրադադարի հաստատման 25 տարիները
14.05.2019 | 22:12

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման 25-րդ տարվան նվիրված հոդված է հրապարակել «Независимая газета» օրաթերթում:


«Հրադադարի հաստատման հիմքը դրվեց 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև բանակցությունները և ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը։ Ի հավելում մայիսյան համաձայնագրին` 1994 թվականի հուլիսի 26-27-ին ստորագրվեց լրացուցիչ համաձայնագիր, որով երեք կողմերը հաստատեցին հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը։ 1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը վճռական կերպով աջակցեց հրադադարի մասին համաձայնագրին: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովն ողջունեց հակամարտության կողմերի կողմից 1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի հաստատումը»,- գրել է Մնացականյանը:


ԱԳ նախարարը նշել է, որ միջազգային հանրության կողմից հաշտության կնքման փորձեր ձեռնարկվել էին նաև 1992-1993թթ., սակայն խոչընդոտել էր Ադրբեջանի կողմից հակամարտության ուժային լուծման հետևողական քաղաքականությունը:
«1992-ի ամռանն ադրբեջանական զինված ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը՝ իրականացնելով էթնիկ զտումներ: Հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի կնքման առաջին նախադրյալները ստեղծվեցին 1994թ. սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել կոնֆլիկտն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի վերջին փորձերը և դուրս գալ պաշտպանական դիրքեր, որտեղից հնարավոր էր ապահովել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այսպիսով, հակամարտության գոտում հաստատվեց ռազմական հավասարակշռություն և այդ պայմաններում ադրբեջանական կողմը համաձայնեց բանակցել հրադադարի շուրջ»,- նշված է հոդվածում:


Զոհրաբ Մնացականյանի խոսքով` այսօր Լեռնային Ղարաբաղը ոչ միայն հակամարտության անվանում է, այլև ինքնուրույն քաղաքական միավոր՝ զարգացման ձգտող իր դինամիկ հասարակությամբ, սակայն մարդկանց անվտանգությունը շարունակում է առավել խոցելի լինել։


«Հրադադարի հաստատումից հետո ընկած այս քառորդ դարի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է խախտել հաստատված հավասարակշռությունը և վերստին նախադրյալներ ստեղծել հակամարտության ուժային լուծման համար։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2016 թ. ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը, խախտելով հրադադարի ռեժիմը, անցան լայնամասշտաբ հարձակման շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում։ Ապրիլյան էսկալացիայի արդյունքները վերահաստատեցին, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Անվիճելի է նաև այն, որ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձ և յուրաքանչյուր կործանված մարդկային կյանք ավելի են խորացնում կողմերի միջև անդունդը և խարխլում վստահության մնացորդները՝ ծայրահեղ բարդացնելով բանակցային գործընթացը: Ադրբեջանի ապրիլյան լայնամասշտաբ հարձակումը, խաղաղ բնակիչների սպանությունն ու նրանց կտտանքների ենթարկելը, մարտական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի այլ կոպիտ խախտումներն ակներև ցուցադրեցին, որ համաձայնագրի անշեղ իրագործումն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության և անվտանգության գրավականն է»,- գրել է նախարարը:


Նա հրադադարի ռեժիմի անշեղորեն պահպանման հարցում կարևորել է Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման և կողմերի միջև ուղիղ կապի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Ցավոք, պետք է արձանագրել հրադադարի ռեժիմի ամրապնդման և հնարավոր էսկալացիայի վաղ ահազանգման ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, ինչը 1994 և 1995 թվականների համաձայնագրերի իրագործման լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Այս համատեքստում մենք կարևորում ենք 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների գործնական կիրառումը, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումը, ինչպես նաև միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծումը»,- նշել է Մնացականյանը:


ԱԳ նախարարն ընդգծել է, որ համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումը բխում է կողմերի շահերից։ «Ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ, այլ հստակ պարտավորություն, որի պահպանումը պետք է լինի կարգավորման սկզբնակետը: Եզրափակելով կարելի է արձանագրել, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավման շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների: Համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև անմիջական շփումների միջոցով, ինչը ևս մեկ անգամ հաստատում է բոլոր կողմերի մասնակցությամբ լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը: Հրադադարի կնքումը նպաստեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների վերացմանը: Իսկ խաղաղ գործընթացն, իր հերթին, պետք է ուղղված լինի վերացնելու հակամարտության սկզբնապատճառը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի խախտումը»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը։ Նա հոդվածն ավարտել է վերահաստատելով, որ Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության և կարգավիճակի հարցը խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի բացարձակ գերակայություններն են:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ