Իրավիճակայի՞ն, թե՞ ուղղորդված հակադրություն. սա է հարցը

Իրավիճակայի՞ն, թե՞ ուղղորդված հակադրություն. սա է հարցը
17.05.2019 | 01:19

Թե՛ քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից, թե՛ կենսականությունն ապահովելու տրամաբանությունից ելնելով՝ ցանկացած իշխանություն հստակ գիտե, որ ապահովագրված չէ անհաջողություններից։ Առավել ևս պրագմատիկ ու ողջամիտ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ մի բան է, թե ինչ խոստումներ ես տալիս նախընտրական շրջանում, ինչ սպասումներ ես առաջացնում հանրության մոտ՝ պահի խնդիրը լուծելու և իշխանության գալու համար, մեկ այլ բան է իրական կյանքը։ Այս տեսակետից ցանկացած իշխանություն, առավել ևս փորձված ու գրագետ իշխանություն, միշտ իր զինանոցում որպես պահեստային տարբերակ ունենում է անհաջողությունների կամ սպասումները չարդարացնելու համար պատրաստի մեղավորներ, արտաքին կամ ներքին թշնամիներ, ում կվերագրվեն արձանագրված անհաջողությունները։ Իշխանության գործունեության ամբողջ ընթացքում այդ թիրախները շատ դեպքերում փոփոխվում են։ Մասնավորապես, ՌԴ-ում ներքին անհաջողությունների համար գրեթե միշտ մատնանշվում է արտաքին գործոնը՝ պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ։ Եվ այս պայմաններում ավելի առաջնային է համարվում արտաքին թշնամու դեմ պայքարը, քան երկրի ներքին հարցերը։ ՈՒկրաինայի հեղափոխությունից հետո ուկրաինական անհաջողություններն ու հեղափոխությունից հետո էլ իրավիճակի չկարգավորվելն ու շատ դեպքերում վատթարացումը պայմանավորվում են ռուսական գործոնով, որը խոչընդոտում է ժողովրդավարական ՈՒկրաինայի զարգացմանը։ Նման օրինակները բազմաթիվ են։


Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ներկա իշխանությունը որքան էլ անփորձ է համարվում, այնուամենայնիվ, նրա քաղաքական հատվածը հասկանում է, որ իրենց շատ դժվար է լինելու հանրության սպասումները արդարացնել։ ՈՒստի օգտագործվում է հին, բազմաթիվ անգամ կիրառված սցենարը՝ նշանակվում են մեղավորներ, թշնամիներ։
Առաջին իսկ օրից հայ հասարակությունը գործող իշխանությունների թեթև ձեռքով բաժանվեց երկու մասի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների։ Հեղափոխականների, որոնք, ըստ իշխանությունների, փորձում են կերտել նոր Հայաստան, և հակահեղափոխականների, որոնք ռևանշիստական քայլերով սաբոտաժ են անում։ Հետագայում՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների նախաշեմին, հեղափոխականներ-հակահեղափոխականներ տերմինաբանությունը փոխակերպվեց սևերի-սպիտակների։ Մինչև դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները որպես իշխանությունների ծրագրերի ձախողման, դանդաղման կամ անորոշության մեղավորներ նշվում էին հանրապետականները։ Թեև իշխանությունը գտնվում էր Նիկոլ Փաշինյանի ձեռքում, և միայն խորհրդարանն էր, որ ֆորմալ առումով ՀՀԿ-ի տիրապետության ներքո էր, սակայն իրականում հանրապետականները 2018 թ. ապրիլին ինչպես հլու-հնազանդ հանձնեցին իշխանությունը, նույն կերպ էլ խորհրդարանը հլու-հնազանդ դակում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր օրինագծերը։ Այնուամենայնիվ, քանի որ բարեփոխումները առաջ չէին գնում, անհրաժեշտ էին մեղավորներ, ում վրա դուրս կգրվեին անհաջողությունները, և այդ մեղավորները հենց ՀՀԿ-ականներն էին։ Ընտրությունների ընթացքում սև-սպիտակ բաժանումը կոնֆրոնտացիոն սցենարով, ինչը որևէ աղերս չուներ թավշյա հեղափոխության սիրո և հանդուրժողականության կարգախոսի հետ, իշխանությունը վերցվեց։ Ըստ էության, գուցե դա էլ մտնում էր հանրապետականների պլանի մեջ, քանի որ վերջիններս, շատ մոտ լինելով ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելուն, ծպտուն անգամ չհանեցին և չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները, և այսօր միայն պատերի տակ են խոսում ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների մասին։ Հանրապետականները գուցե հասկանում էին, որ այդ պահին պետք էր նահանջել, որպեսզի հերթական անգամ իրենց մեղավորի աթոռին չնստեցնեն։


Այսքանից հետո պետք էր ենթադրել, որ հակահեղափոխականությունը ջախջախվել է։ Բայց արի ու տես, որ դրանից հետո էլ, երբ տոտալ իշխանությունը գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, իրական արդյունքներ տեսանելի չեն։ Դա ապացուցեց նաև վարչապետի վերջին ասուլիսը, որտեղ հնչած 100 կետերը վկայեցին, որ իրական գործ ու արմատական փոփոխություններ այս ընթացքում չեն կատարվել։ Եվ պարզ է, որ այս պարագայում նոր մեղավորներ են անհրաժեշտ։ Հայաստանի դեպքում արտաքին թշնամիներ նշանակելը դժվար գործ է, դա նաև վտանգավոր է։ Հայաստանը չի կարող թշնամի նշանակել Ռուսաստանին, Եվրամիությանը, ԱՄՆ-ին, լավագույն դեպքում ներքին անհաջողությունները կարելի է դուրս գրել Ադրբեջանի, առավելագույնը Թուրքիայի վրա։ Սակայն այդ քայլն էլ առանձնապես չի անցնում, քանի որ դրանով ժամանակին զբաղվել են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը։ Այնպես որ՝ այդ հնարքն այլևս արդիական չէ։ Այդ իսկ պատճառով պետք է մատնանշել նոր թիրախներ. հանրապետականներն այլևս օրակարգում չեն, փոխարենը երևան են գալիս նոր հակահեղափոխականները՝ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով։ Այս թիրախը, թեև Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների ընդգծմամբ, շատ փոքրաթիվ է, սակայն անհրաժեշտության դեպքում նշում են, որ նրանք են սաբոտաժ անում և խոչընդոտում հեղափոխության հաջողություններին։


Այս վարկածը նույնպես համոզիչ չէ, այդ իսկ պատճառով շատ ավելի վտանգավոր թշնամի ընտրվեց. պարզվեց, որ հակահեղափոխականությունն այժմ ասոցացվում է Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, հասարակության մի մասի հետ։ Բոլորիս էլ հասկանալի է, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան անթերի չէ, սակայն, այնուամենայնիվ, Արցախում ատելի չէ, և ինչպես երբեմն Արցախում են շեշտում, անիծվող չէ, ինչպես ՀՀ նախկին իշխանություններն էին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով։ Այս պարագայում մեր ժողովրդավարական բարեփոխումների արգելակը, հակահեղափոխության օջախը համարվում է Արցախը։ Նույնիսկ Արցախում քննարկվող համահայկական թեմաները, օրինակ, «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը, որին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀ և Արցախի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով համարվում էր հակահեղափոխականների հավաք։


Իհարկե, Արցախի իշխանությունն էլ միատարր չէ։ Այնտեղ էլ կան մարդիկ, որոնք կրակի վրա յուղ լցրին՝ անելով հայտարարություններ, երբեմն նաև զինվորական ուղղամտությամբ արված, որոնք շատ դեպքերում քաղաքական չէին, սակայն ըստ էության, տարբեր պրովոկացիաների արդյունք ու պատասխան էին։ Հայաստանի իշխանությունների հետ կապված որոշ շրջանակներ, երբեմն նաև ՀՀ վարչապետը հետևողականորեն թեժացնում են թեման։

Մասնավորապես, մեծ աղմուկ բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»։ Այստեղ հարց է առաջանում։ Սա զուտ ներքին սպառողին ժամանակավորապես կերակրելու և ժամանակ շահելու հնա՞րք է, թե՞ միտումնավոր է արվում։ Իհարկե, կան տարբեր վարկածներ։ Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանության, մասնավորապես Արցախյան հարցի վերաբերյալ վերջինիս վարած քաղաքականության նկատմամբ որոշակի կասկածներն այդպես էլ չեն փարատվում, ուշագրավ է առանձնացնել ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչների՝ այժմ ՀՀ իշխանությունում առանցքային դիրքեր զբաղեցնելը, իշխանության մեջ որոշ հիմնադրամների ներկայացուցիչների պատկառելի ազդեցությունը։ Այս պայմաններում չի բացառվում, որ լարվածությունը հայկական երկու հանրապետությունների միջև միտումնավոր է մտցվում, և երևի թե սա այն թեման է, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։ Սա այն հարցն է, որը իսկապես եթե լավ քննես, ապա գուցե դուրս գանք գործակալների վրա, որոնց մասին հիշատակում էր Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կարող է լինել ինչպես զուտ ներքին քաղաքական խնդիր, որը լուծում է ՀՀ իշխանությունը, այնպես էլ դրսից միտումնավոր իրականացվող քայքայիչ քաղաքականություն։ Ինչպես ասում են, ժամանակն է, որ թացը չորից տարանջատվի։ Ըստ էության, իրար հետ կարող են համադրված լինեն վատը և շատ ավելի վատը, իսկ ավելի ստույգ՝ վտանգավորը։ Երբ ականատես ենք լինում, թե ինչ ակտիվությամբ է իշխանության սորոսյան թևը տաքացնում ՀՀ և Արցախի միջև տարաձայնությունների թեման, պարզ երևում է, որ կա հստակ քաղաքական գիծ, որն ակնհայտորեն թելադրվում է պատվիրատուներից, ամենայն հավանականությամբ՝ դրսի։


Այսպիսով՝ մենք մտել ենք թշնամիներ փնտրելու բավականին վտանգավոր փուլ. 29 հազար քառակուսի կմ տարածքից մենք անցնում ենք ըստ էության Հայաստանի մաս կազմող Արցախի տարածք, և բոլորին էլ հասկանալի է, որ դա զգալիորեն թուլացնում է հայկական դիրքերը, ինչը վտանգում է Արցախյան հարցի շուրջ իրավիճակը։ Սա կարող է հանգեցնել նրան, որ հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական էլիտաների միջև կարող են բավականին լուրջ հակասություններ առաջանալ՝ սկսած անձնականից, մինչև մարտավարական։ Կարևոր է, որպեսզի ՀՀ և Արցախի ղեկավարները շատ արագ փակեն այս հարցը։ Հայաստանում պետք է ընկալվի, որ եթե Արցախի գործող և նախկին նախագահները ինչ-որ հարցով, զուտ մարդասիրական, դիմում են Հայաստանի ղեկավարությանը, ապա դա միայն իրենց անձնական ցանկությունը կամ ամբիցիան չէ։ Նրանք են փոխանցում թե՛ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, թե՛ Արցախի հասարակության մի մեծ մասի տրամադրությունները։ Հակառակ դեպքում, եթե Արցախում նման տրամադրություններ չլինեին, անկախ նրանից Փաշինյանը կցանկանար հեղափոխությունն արտահանել Արցախ, թե ոչ, վաղուց փողոցները ողողված կլինեին Արցախի ղեկավարության դեմ հանդես եկող քաղաքացիներով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման միտում Արցախում չկա, ծիլերն անգամ չեն երևում։ Նույնիսկ ինչ-որ պահի որոշ մարդիկ փորձում էին նման նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն այդ փորձն ինքնիրեն մարեց։ Ինչպես Հայաստանի այսօրվա ղեկավարությունը պետք է հաշվի նստի արցախյան տրամադրությունների հետ, արցախյան ռազմաքաղաքական էլիտան նույնպես պետք է շատ նրբանկատ լինի և հաշվի նստի հայաստանյան իրողությունների հետ, անկախ նրանից, դա նրանց սրտով է, թե ոչ։ Հարցերը հակադրությամբ չեն լուծվում, հարցերը լուծվում են բանակցություններով և փոխըմբռնմամբ։
Իհարկե, նախ և առաջ պետք է հաշվի առնվի նաև այն, որ Արցախում արդեն իսկ նախընտրական տրամադրություններ են ձևավորվում, և անգամ հայտնի են ընտրապայքարի հիմնական դերակատարները։ Այս պայմաններում չի բացառվում, որ որոշ հայտարարություններ բխում են զուտ ընտրությունների տրամաբանությունից՝ ընտրողների այս կամ այն խմբերին դուր գալու համար։ Ի դեպ, այս առումով բավականին հետաքրքրական էր օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մի դիտարկումը. նա հորդորեց արցախյան որոշ գործընկերների տեսախցիկների առջև արված հայտարարությունները համապատասխանեցնել դրանցից դուրս արվող հավաստիացումներին։ ՀՀ խորհրդարանի խոսնակը նկատի ուներ, ինչպես ինքը պնդեց, իր կողմից շատ համակրելի Վիտալի Բալասանյանին։ Այնուամենայնիվ, փաստենք, որ կարծես թե նաև դրական միտումներ են նկատվում, ինչը պայմանավորված է օրերս Երևանում Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջխորհրդարանական գագաթաժողովի անցկացման հետ։ Այստեղ կարծես թե նշմարվում է բավականին հետաքրքիր տանդեմի ձևավորում՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի միջև։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ նոր իշխանությունների համար բավականին կոմֆորտային է բանակցել և համագործակցել վերջինիս հետ, և գուցե հենց նա կարող է հանդիսանալ հենց այն կամուրջը, որի միջոցով կարող են հարթվել ժամանակ առ ժամանակ ծագող իրավիճակային կամ ուղղորդվող իրական ու արհեստական հակասությունները։
Ի դեպ՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդության հարցով Հայաստանում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ապա գրեթե կասկած չի հարուցում, որ նա կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում էլ հավանաբար ինչ-ինչ նոր հստակեցումներ կարվեն խաղի կանոնների շուրջ։ Կյանքը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը պարբերաբար առաջանում է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao