Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
17.05.2019 | 01:38

(Նախորդ մասը)

Էդիկ Պետրոսյանի մոտ չանցան նաև իմ ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ ոչ կոնտակտային տեստային ստուգման համակարգի ներդրումը նոր հնարավորություններ կբացի դիոդների և միկրոսխեմաների արտադրությունների համար, կլուծվի 2Д-906ВП (военная приемка), 2Д-906 ОС (особо стабильные) հատուկ պատասխանատվության կիսահաղորդչային սարքերի հուսալիության խնդիրը, որ Աբովյանի դիոդները դուրս կգան նախարարության ոչ հուսալի արտադրատեսակների ցանկից, որ հուսալիությունը միանգամից կբարձրանա, տույժ ու տուգանքներց կազատվեք: Գործարանում արտադրվում էին նաև КД-906 ОТК «շիրպոտրեբային» դիոդները: Գներն այսպիսին էին՝ ВП-ն՝ 1 ռուբլի 20 կոպեկ, ОС-ը՝ 2 ռուբլի, ОТК-ն՝ 9 կոպեկ: Գների մեծ տարբերությունը գալիս էր որակի ու հուսալիության նկատմամբ ունեցած հատուկ պահանջներից: Եթե Թկ մակնիշի դիոդներն օգտագործվում էին ռազմական էլեկտրոնիկայի մեջ՝ տանկերի ու հրանոթների կառավարման համակարգերում, ռազմանավերում, կապի սարքավորումներում և այլն, ապա Կհ մակնիշինը օգտագործում էին ատոմային էլեկտրակայաններում, տիեզերքում, սուզանավերում և հրթիռային տեխնիկայում՝ ներառյալ ստրատեգիականները:


-Ոչինչ, թող տուգանեն, բայց, ամեն դեպքում, դուք ցեխից հեռու մնացեք:
Հետո ֆոտոշաբլոնների լաբորատորիայի վարիչ Նելսոն Զաքարյանից իմացանք, որ Պետրոսյանի պահանջով բռնագրավել ու, բացի աշխատանքային ֆոտոշաբլոններից, ոչնչացրել էին նաև էտալոնային ֆոտոշաբլոններն ու գծագրերն այնպես, որ այլևս հնարավոր չէր դրանք վերականգնել ու արտադրություն վերադարձնել:
Մեր խմբի մեկ տարվա քրտնաջան աշխատանքը ջուրը լցվեց, հետագայում հրաժարվեցինք նաև նույն աշխատանքները Բրյանսկի ու Ալեքսանդրովի կիսահաղորդչային սարքերի գործարաններում ներդնելու ծրագրից, որն արդեն արժանացել էր նախարարության հավանությանը:
Նախարարությունում դժվար կլիներ բացատրել, թե ինչու են Աբովյանում խոչընդոտվում ռազմական կիրառություն ունեցող արտադրանքի հուսալիության բարձրացման աշխատանքները, եթե դրանց դրական արդյունքներն արդեն տեսանելի են, եթե արված են գյուտերի մակարդակով, առաջինն են աշխարհում ու կիրառելի՝ նախարարության մնացած կիսահաղորդչային գործարաններում:
Բառերով հեշտ է ասել՝ առաջինն էինք աշխարհում: Կիսահաղորդչային տեխնիկայի բնագավառում հեղինակային վկայականներ ստանալը, գիտական գաղափարները իրավաբանորեն փաստելը, որ առաջինն ես աշխարհում, որ մենք կարողացել ենք շրջանցել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ամերիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսրայելում ու «էլեկտրոնային» այլ գերտերություններում աշխատող միլիոնավոր ինժեներներին ու գիտնականներին, բոլորից առաջ ենք ընկնել՝ օգտագործելով մեր ճկուն միտքն ու հայկական հնարամտությունը: Բայց մենք ապրում էինք խորհրդային Հայաստանում, որտեղ ամենուր կարելի էր հանդիպել չկամների միավորված խմբերի՝ սեփական շահերի ու ամենաբարձր ամբիցիաների ձեռքից տառապած: Այդպիսի մարդկանց դատողություններն ու կոնկրետ քայլերը ենթարկվում են անառողջ, սատանայական տրամաբանությանը. ուրիշների արածը ինձ վնաս չէ, բայց վախենում եմ իրենց օգուտ լինի:


Թեստերի ներդրման օգուտը լինելու էր ոչ թե շատ, այլ անչափ մեծ: Դատեցեք ինքներդ, միայն խոտանի ծավալները 30 տոկոսով նվազեցնելը համազոր էր աշխատանքի արտադրողականության բարձրացմանը նույն 30 տոկոսով: Մեր գյուտերի ներդրման հաշվարկային տնտեսական էֆեկտը գերազանցում էր 2-3 միլիարդ ռուբլին: Կարո՞ղ էր արդյոք «Սիրիուսի» ղեկավարությունը թույլ տալ, որ երիտասարդ գիտնականների խումբը իրենց քթի տակից, իրնց գործարանից տաներ 300 հազար ռուբլու հաշվարկային հոնարարը, իհարկե ոչ:
-Դա քո մեծ սխալն է, որ բոլորին պատմում ու բացատրում ես տնտեսական մեծամեծ էֆեկտի մասին,- այդ օրերին ինձ բացատրեց Սարգիս Հակոբովիչը, որը Խորհրդային Միությունում ճանաչված գյուտարարներից էր, հետագայում ինձ օգնել է արևային տեխնիկայի նախագծման հարցերում։
-Ո՞վ քեզ թույլ կտար, որ այդքան էֆեկտ ստանաս ու մեծ հոնարարի վրա աչք ունենաս, էլեկտրոնային արդյունաբերության գլոբալ խնդիրներից ես խոսում, որոնց լուծման համար, չեմ բացառում, քեզ կարող են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանացնել, Պետրոսյանն ինքն է աշխատում այդ ուղղությամբ, երբեք չի թողնի, որ քեզ նման մեկը իրենից առաջ ընկնի, եթե անգամ դեմը մաղով ոսկի փռես, տես ու սովորիր, թե ես ինչպես եմ աշխատել Վազգեն Առաջին վեհափառի հետ, ում հետ շատ մտերիմ էի, ինձ շատ էր սիրում ու վստահում, եկեղեցու հետ առնչություն ունեցող բոլոր գործերն ինձ էր անել տալիս: Մի անգամ Վեհափառը Անգլիայից ոսկուց պատրաստված Աստվածաշնչի մի գեղեցիկ կազմ էր բերել, վրան հարյուրավոր նրբաքանդակներ կային: «Սարգիս, կարո՞ղ ես սրանցից պատրաստել, ոսկին վերցրու, որքան որ պետք է»: «Դժվար գործ է, հատուկ շտամպ է պետք պատրաստել, բայց կմտածեմ»:- Մի ամիս չարչարվեցի շտամպի վրա, ոչինչ չստացվեց, մի օր երազ եկավ, որ շտամպի փոխարեն պետք է ռետինախեժից կաղապար հանել ու ոսկու բարակ թերթերը դրանցով սեղմել: Գիշերով գնացի լաբորատորիա, կաղապարը պատրաստեցի ու հաջորդ օրը, մի բանվորի հետ, 200 հատ կազմ խփեցինք: Հաջորդ օրը որոշեցի ոսկուց կազմերը տանել Էջմիածին, վեհափառի մոտ: Հոպ, մտածեցի, կասեն թե դա իրականում այնքան հասարակ գործ է եղել, որ մի օրում 200 հատ է պատրաստվել, մեկ-մեկ է պետք տանել: Ամեն Աստծո շաբաթ մի կազմ բռնած գնում էի էջմիածին.- Վեհափառ, կազմը պատրաստել ենք,- ու այդպես շարունակ, մինչև ասաց, որ արդեն բավական է, շնորհակալ եմ: Իմ ներկայությամբ Պետրոսյանին խոստացար, որ 30 տոկոսով կավելացնես աշխատանքի արտադրողականությունը, կբարձրացնես արտադրանքի որակն ու հուսալիությունը: Պետրոսյանն այդ գործը Ռուբիկին ու Դավիթին վերահանձնարարեց, քեզ էլ խնդրեց, որ իրենց օգնես, հունի մեջ գցես, չուզեցիր, չհամաձայնեցիր, դրա համար էլ ֆոտոշաբլոններդ պահեցին, չտվեցին, որ Բրյանսկ տանես:

Սարգիս Հակոբովիչը ճիշտ էր, բայց յուրովի ու հայավարի էր մտածում, մենք տարբեր դիրքերից էինք խոսում: Իսկապես, այդ դեպքում ինչպես բացատրել իմ գործընկերներին (հիմնականում իմ ասպիրանտներին), որ մեր մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքները պետք է տալ ուրիշներին, որովհետև գլխավոր տնօրենը այդպես է ցանկանում: ՈՒրիշներն էլ են գրագետ ու գիտնական, թող իրենց համար գյուտեր անեն ու զբաղվեն, դա է ճիշտը: Նոր աշխատանքներ սկսելիս ընդունել ու մշտապես առաջնորդվել եմ իմ գիտական ղեկավար ու ուսուցիչ Նիկոլայ Գորյունովի աշխատաոճով. եթե ցանկանում ես արդյունքի հասնել, ապա թիմի ամդամները պետք է մինչև վերջ հասկանան աշխատանքի էությունը, պատկերացնեն դժվարություններն ու սպասվելիք արդյունքները: Գաղտնիքներ պահելով առաջ չես գնա, կմնաս մենակ, արդյունքի չես հասնի, քեզ հետ աշխատողները պետք է հստակ իմանան, որ իրենց նկատմամբ ազնիվ են, իրենց չեն խաբում, չեն շահագործում, ինչի համար են աշխատում, այլապես նրանցից ոչ մի օգուտ չի լինի: Գորյունովի այդ մոտեցումը ես սրբորեն պահել ու պահպանել եմ իմ աշխատանքային հարաբերություններում, մարդկանց, մանավանդ գիտնականներին ու գյուտարարներին, չի կարելի գաղտնաբար շահագործել, սեփական շահերին ծառայեցնել, կոլեգաների հետ համատեղ շահ ունենալն ավելի ընդունելի է ու արգասաբեր աշխատանքի մղող ու տրամադրող:


Սարգիս Հակոբովիչի ասածը ես սկզբունքորեն չընդունեցի, որովհետև իմ խառնվածքի համար դա տարբերակ չէր, ոչինչ չտվող, ոչինչ չխոստացող, շարունակում եմ աշխատել Գորյունովի ոճով, ես «գորյունովական» եմ, ինչպես Մոսկվայի մեր լաբորատորիայի բոլոր նախկին աշխատակիցները:
Հելիոֆիկացիայի հարցում ևս ես նախընտրում եմ կիրառել Գորյունովի ոճը, ի լուր բոլորի մշտապես հայտարարել եմ, թե տնտեսական ինչ արդյունքների կարելի է հասնել, եթե իրականացվի Հայաստանի ու Արցախի հելիոֆիկացիան (տարեկան 700 միլիոն դոլարի օգուտ միայն էներգետիկ ոլորտում և այդպես՝ յուրաքանչյուր տարի, 2 միլիարդ դոլարի տարեկան օգուտ միայն վերամշակող արդյունաբերության մեջ կիրառելով): Հայաստանից դուրս սպասվող օգուտները երեք կարգով ավելի բարձր են լինելու, եթե մեզ հաջողվի կտրվել մրցակիցներից ու համաշխարհային տնտեսության մեջ մոնոպոլ դիրքեր գրավել: Հելիոֆիկացիայի հարցերում Հայաստանի հին և նոր իշխանությունները երկու հիմնական մոլորության գերին են դարձել.
ա) արևի էներգիայի մասսայական օգտագործումը կխփի իրենց էներգետիկ շահերին՝ ընդսմին նվազեցնելով սպառվող գազի սպառումը։
բ) Եթե հելիոֆիկացիայի շուկան հասնի 10 տրիլիոն դոլարի սահմաններին (որը 1500 անգամ կգերազանցի Հայաստանի ներկայիս արտաքին պետական պարտքը), ապա ճիշտ կլինի այն մտցնել կառավարական ծրագրերի մեջ՝ դնելով յուրայինների հսկողության տակ: Նմանատիպ առաջարկը ես արդեն ստացել ու մերժել եմ, որովհետև մեր աշխատանքի պտուղներից պետք է օգտվեն միայն նրանք, ովքեր մասնակցել են գիտական ու պրակտիկ աշխատանքներին, ջանք ու եռանդ չեն խնայել աշխատանքները ճիշտ ռելսերի վրա դնելու համար, որպեսզի գործը շարունակություն ունենա, հաջողության հասնենք:


Կրասնոյարսկի ռազմական գաղտնի գործարանից բերված դիոդների տեխնիկական դիագնոստիկայի արդյունքում նոր բացահայտումներ եղան: Ոսկու փոխարեն պղնձի օգտագործումը կարող էր կայուն դեֆեկտների պատճառ դառնալ՝ միայն նվազեցնելով կիսահաղորդչային սարքերի ծառայության ժամկետները, չաշխատող դիոդները հեշտությամբ կարող էին հայտնաբերվել էլեկտրական չափումների միջոցով: Բայց Աբովյանի սարքերում գտանք դեֆեկտների մի այլ տեսակ, որը մշտապես համարվել է կիսահաղորչային էլեկտրոնիկայի պատուհասը, դրանք անկայուն դեֆեկտներն են, որոնք անմիջապես չեն ազդում սարքերի էլեկտրական պարամետրերի վրա, բայց որոնք, ժամանակի ընթացքում, կարող են ակտիվանալ ու ցանկացած պահի կատաստրոֆիկ խափանման պատճառ դառնալ: Նման դեֆեկտները կապված են կիսահաղորդչային բյուրեղների մակերևութային վիճակների (поверхностные состояния) հետ, որոնք առաջանում են պինդ մարմնի ու դրան հարակից միջավայրի փոխազդեցության պատճառով, երևույթը հայտնաբերել է խորհրդային ֆիզիկոս Ի. Տամմը 1932 թվականին, դա վտանգ է ներկայացնում սարքերի աշխատանքի համար, p-n անցումների շրջանում առաջացնում է լիցքերի կուտակումներ ու ցրում, որոնք առաջացնում են վոլտ-ամպերային բնութագրերի տատանումներ՝ ընդհուպ մինչև էլեկտրական կարճ միացումներ:


Լիցքերի կուտակումների համար որոշակի պայմաններ են անհրաժեշտ (ագրեսիվ միջավայր, ջերմաստիճան և այլն): Ամենաբարենպաստ միջավայրը վակուումն է, որը իրական է միայն էլեկտրոնային լամպերի համար (լամպային էլեկտրոնիկա), բխում է նրանց աշխատանքային ռեժիմից, պինդ մարմնային էլեկտրոնիկայում վակուումային պայմաններ չկան, չեն կարող լինել: Մակերևութային լիցքերի կուտակումների դեմ պայքարելու համար մշակվել են կիսահաղորդչային բյուրեղի մակերևույթի պասսիվացման բազմաթիվ ձևեր. քիմիական մշակում, բյուրեղների մեկուսացումը շրջակա միջավայրից՝ սիլիցիումաօրգանական կաուչուկների ու բազմակոմպոնենտ այլ հերմետիկների միջոցով: Սիլիցիումաօրգանական կաուչուկները, չնայած իրենց չափազանց բարձր գներին (դրանք ոսկուց էլ թանկ են) Աբովյանի համապատասխան արտադրամասի բանվորները քսում էին իրենց կոշիկների կարերին, որ անձրևի ժամանակ ջուր չքաշեն:


Հերմետիկից հետո կիսահաղորդչային սարքերը պաշտպանվում են մետաղական կամ պլաստմասսե կորպուսներով: Խորհրդային Միությունում պլաստմասսե կորպուսները սկսեցին կիրառվել 1970-ական թվականներից՝ ամերիկացիներից հետո: Պլաստմասսային կորպուսով ամերիկյան առաջին տրանզիստորի ուսումնասիրությունը կատարել եմ ես Մոսկվայում: Տրանզիստորը հանվել էր Վիետնամում խոցված ամերիկյան «Ֆանտոմ-4» կործանիչի էլեկտրոնային բլոկից:
Հետաքրքիր է այդ ինքնաթիռը խփելու պատմությունը: Խորհրդային ռազմական ղեկավարությանը մեծ ցանկություն ուներ ուսումնասիրությունների համար ունենալու այդ ինքնաթիռը, պետք էր դրանք խոցել: Վիետնամցիները դեմ էին, հարցը հասել էր ԽՍՀՄ-Վիետնամ հարաբերությունների խզմանը: Բանն այն էր, որ բոլորի համար նորություն դարձած այդ ինքնաթիռը թռչում էր անսովոր ցածր բարձրությունների վրա ու անմիջապես հետ դառնում, երբ սկսում էին կրակել վիետնամական զենիթային հրանոթները: Խորհրդային ռազմական խորհրդատուները պահանջում էին, որ թույլ տան խորանալ երկրի տարածքը, որպեսզի հնարավոր լինի խոցել: Վիետնամցիները դեմ էին, չէին ցանկանում վտանգի տակ դնել մարդկանց կյանքը, խուսափում էին ավերածություններից: Ի վերջո, հաջողվեց մեկ ինքնաթիռ խոցել, որի էլեկտրոնային բլոկը բերվեց Մոսկվայի մեր լաբորատորիա՝ ուսումնասիրությունների համար: Մասնագետների համար այդպիսի ուսումնասիրությունները շատ հետաքրքիր, նույնիսկ հետաքրքրաշարժ են, երբ տեսնում ու հասկանում ես, որ ամերիկացիներն էլ են մեզ նման մտածում, մեր տեխնիկական լուծումները, գրեթե նույնաբար, գտել ու օգտագործել են երկրագնդի հակառակ կողմում աշխատող մեր կոլեգաները: Մեզ համար նորություն էին ինտեգրալ սխեմաները, որոնց հերմետիզացիայի համար օգտագործվել էին ոչ թե մետաղական կորպուսներ, ինչպես ընդունված էր մեզ մոտ, այլ պատրաստված էին կապույտ գույնի պլաստմասսայից: Խոցված «Ֆանտոմը» ջունգլիներում մնացել էր երկու օր, որը բավական էր եղել, որ կապույտ պլաստմասսան նմանվեր մեղրահացի, այնքան ծակծկված տեսք ուներ: Հետագայում մեր մասնագետները՝ ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանի ղեկավարությամբ, կպարզեն, որ մերձարևադարձային երկրներում պլաստմասսա ուտող յուրահատուկ միկրոբներ են ապրում: Սա նոր գաղափարի ծնվելու հիմք հանդիսացավ. է՞լ ինչ կուտեն այդ միկրոբները, հնարավո՞ր է արդյոք սինթեզել այնպիսի միկրոբներ, որոնց համար որպես սնունդ ծառայեն երկաթը, տիտանը և բոլոր այն նյութերը, որոնք օգտագործվում են հակառակորդի ռազմական տեխնիկայի մեջ: Շատ գայթակղիչ գաղափար է. միկրոբների փոքրիկ խմբաքանակը բաց ես թողնում հակառակորդի ծովային բազայի շրջակայքում ու մեկ տարի հետո ստանում ես ցանկալի արդյունքը. սուզանավերի տիտանե կորպուսները ծակվել են, արդեն պիտանի չեն հետագա օգտագործման համար:


Ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանը ԽՍՀՄ ռազմական տեխնիկայի կարևորագույն դեմքերից էր, որի կարծիքը հնարավոր չէր հաշվի չառնել: 2008 թվականին նա եկավ Աբովյանի մեր հելիոպոլիգոն, ծանոթացավ մեր արևային աշխատանքներին ու մեծ ոգևորությամբ փորձեց ՀՀ գիտության կոմիտեի միջոցով թեմատիկ նոր ուղղություն բացել, բայց անարդյունք, նրա առաջարկությունները չանցան, նման գիտնականների հետ մեր իշխանությունները չեն ցանկանում գործ ունենալ, որովհետև մեզ մոտ միայն լավ գաղափարներ են, փող չկա:
Կրասնոյարսկից բերված դիոդներում հայտնաբերեցինք անկայուն դեֆեկտների գոյության փաստը, պարզեցինք դրանց առաջացման պատճառները: Վոլտ-ամպերային բնութագիրը նորմաներից դուրս էր, բայց, մի քիչ տաքացնելուց հետո, անմիջապես տեղն էր գալիս: Խնդիրը պլասմասսայի պաշտպանիչ կորպուսի ու բյուրեղը պասիվացնող կոմպաունդի մեջ էր: Կրասնոյարսկի ինժեների հետ գնացինք Աբովյան՝ համատեղ հետազոտություններ կատարելու համար: Ընդունված կարգ կար, որ նմանատիպ անալիզները պետք էր կատարել՝ ելնելով գոյություն ունեցող ոլորտային ստանդարտներից: Դիագնոստիկ ուսումնասիրությունների ժամանակ մասնակցում էին շահագրգիռ կողմերը՝ կիսահաղորդչային սարքերի արտադրողների և սպառողների ներկայացուցիչները, ինչպես նաև արբիտրաժային հետազոտությունը իրականացնող մեր մասնագետը: Արբիտրաժային հետազոտությունը վերածվեց մեծ պատերազմի: Առաջարկեցինք, որ հետազոտությունը սկսվի վոլտ-ամպերային բնութագրերի նախնական չափումներից, որին կատեգորիկ դեմ գնաց արտադրանքի որակի հարցերով «Սիրիուսի» գլխավոր տնօրենի տեղակալ Ստեփան Շիկանյանը:


-Կարդացեք, թե ինչ է գրված դեֆեկտների անալիզի պաշտոնական ստանդարտում, սկզբում դիոդները պետք է երկու ժամ պահել թերմոստատի մեջ, հետո նոր անցնել չափումների:
Շիկանյանը աչքակապությամբ էր զբաղված, սեփական փորձով նա գիտեր, որ թերմոստատից հետո պարամետրերը վերականգնվում էին և դեռ երկար ժամանակ, անգամ տարիներ շարունակ դրանք վերականգնված կմնան: Այդ հնարքով գործարանի ղեկավարությունը կարողանում էր թաքցնել վտանգավոր դեֆեկտի գոյության փաստը, թվացյալ որակ ցույց տալ ու խաբելով ճամփու դնել իրենց սպառողներին: Ոչինչ չկարողացա անել, որ Կրասնոյարսկի ներկայացուցիչը օբեկտիվ ինֆորմացիա ստանար ու գնար իրենց որակների հետևից, միայն հարցրի.
-Ի՞նչ եք մտածում անել:
-Ոչինչ, կդիմենք մյուս մատակարարներին, պլատայի վրա 40 գործարանի արտադրանք կա, կտեսնեն, թե ով կընդունի իր սխալը:
Իրենք ճիշտ հասցեով էին եկել, բայց վստահ չէին, որ էլեկտրոնային բլոկի չաշխատելու գաղտնիքը Աբովյանի արտադրության սարքերի մեջ է, պատրաստ են դիմելու մյուսներին, ինչն ուղղակիորեն «շառ» անելու տարբերակ էր: Ահա թե ինչ մակարդակի էր հասել կարևոր օբեկտների հուսալիության ապահովման գործը: Ես գիտեի աբովյանցիների խորամանկության պատճառը, գործարանի արտադրանքի որակը կտրուկ նվազել էր, հայտնվել էին ոչ հուսալի արտադրանքների ցուցակում ու, վաղ, թե ուշ, պետք է պատասխան տային իրենց տնտեսական հանցագործությունների ու դավաճանության համար: Խնդիրը միայն ոսկու գողության մեջ չէր, այստեղ պասսիվացնող պլաստմասսայի նոր հանգամանք էր բացվում: Ֆիզիկոս Տամմի հայտնաբերած մակերևութային վիճակների դեմ ԽՍՀՄ-ում պլաստմասսային հակախաղ այդպես էլ չգտան, շատ ցածր էր խորհրդային քիմիական արդյունաբերության տված կորպուսային պլաստմասսայի որակը: ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության մեջ օգտագործվում էր ճապոնական բարձրորակ հերմետիկացնող պլաստմասսան, որը գնվում էր ոսկով՝ նաև Աբովյանի գործարանի համար: «Սիրիուսում» ճապոնական պլաստմասսան հիմնականում օգտագործվում էր «շիրպոտրեբային» արտադրամասերում՝ սեղանի լամպերի ու խաղալիքային մոտոցիկլետների արտադրության մեջ, դրանք անչափ բարձրորակ էին ու «սովետով» մեկ մեծ պահանջարկ էին վայելում: Այդ արտադրամասերում վարիչները ներկայումս հայտնի գործարարներ են։ Սեղանի լամպերը արտադրում էր Նորայր Խաչատրյանը՝ «Կերամիկայի», «Երևան մոլի» և այլ օբեկտների սեփականատերը, իսկ խաղալիքների արտադրողին ներկայացնելու կարիք չկա, հայտնի գործարար, նաև նախկին իմ ուսանող Խաչատուր Սուքիասյանին բոլորը գիտեն, մի քանի օր առաջ պատահաբար հանդիպեցինք, հիշեց, թե ոնց էր պլաստմասսայից մոտացիկլետներ արտադրում ու «սովետով» մեկ «գռռացնում»: Պակաս հայտնի չէ նաև 2Դ-906 արտադրամասի վարիչ Խաչիկ Զաքարյանը՝ Սարգիս Հակոբովիչի սիրելի զարմիկը և «Միջազգային բիզնես կենտրոնի» հիմնադիրը: Իհարկե, Աբովյանի «Սիրիուսից» շատ գործարարներ դուրս եկան, ովքեր շրջահայաց էին ու ժամանակակից ձևերով կազմակերպեցին իրենց բիզնեսները: Նրանք կարող էին ներդրումներ կատարել նաև մեր արևային գործերում, հնարավորություններ ունեին, մեր գործերին քաջատեղյակ էին, իմ տեղն էլ լավ գիտեին, բայց չարեցին: Նման գործարարների հետ աշխատելու ցանկություն ես էլ չեմ ունեցել, չափից շատ են բիզնեսի նկատմամբ մեր մոտեցումների տարբերությունները: Բիզնեսը պետք է որոշակի բարոյական հիմքեր ունենա, այն չի կարող պտտվել ամեն գնով փող «շինելու» գաղափարի շուրջ, այն պետք է կրթի ու դաստիարակի ապագա սերունդներին այնպես, որ բոլորը հասկանան, որ ճնճղուկների վրա թնդանոթով կրակելու համար շատ խելք ունենալ պետք չէ, դա բիզնես չէ:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 1915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao