Փաշինյանը լավագույնս բացահայտեց իր իրական դեմքը

Փաշինյանը լավագույնս բացահայտեց իր իրական դեմքը
17.05.2019 | 02:49

Բանականությունը չկորցրած ցանկացած մեկը չի կարող չհասկանալ, թե ինչ ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Արցախում ներքին լուրջ բախումը՝ բնակչության մի մասին իշխանությունների դեմ հանելով կամ բնակչության մի մասին մյուսի դեմ հանելով:


Արցախի և Հայաստանի ազգային անվտանգությամբ փոքր-ինչ մտահոգ, ոչ թե կեղծ, սոսկ հռետորական հայտարարություններով, այլ իրականում հայրենասեր ցանկացած մեկը չի կարող Արցախում Հայաստանի 2018 թ. ապրիլյան իրադարձությունների կրկնումը, Արցախը հեղափոխության օջախի վերածելը խիստ վտանգավոր, մերժելի, անթույլատրելի համարելու փոխարեն, ըստ էության, հնարավոր ու թույլատրելի համարել ու դեռ մի բան էլ սպառնալ դրանով:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս անդրադառնալով այն խոսակցություններին, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, այսինքն՝ ոմանց մոգոնած և անհիմն այդ խոսակցություններին լուրջ վերաբերվելով, այդ տեղեկությունը հավաստի կամ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր համարելով, ինչպես արդեն հայտնի է, կատարել է հետևյալ գրառումը. «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ:
Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:
Նախ հիշենք, թե Փաշինյանի այս յուրօրինակ հաթաթան ինչին հաջորդեց. յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է մայիսյան Եռատոնը, և Ստեփանակերտում ու Շուշիում անցկացվող տոնակատարություններին, ավանդույթի համաձայն, հյուր են դառնում ու մասնակցում նաև Արցախի բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, որոնք իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր բանակի ու պետության ստեղծման ակունքներում, մասնակցել Շուշիի ազատագրմանը, մեր հաղթանակը կերտել, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ՀՀ գլխավոր դատախազին խնդրել էին, մայիսի 9-ին ընդառաջ, Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին համապատասխան որոշում կայացնել:


Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հույս էին հայտնել, որ Արթուր Դավթյանն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն Ստեփանակերտում ու Շուշիում մայիսի 9-ի տոնակատարություններին, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»: Արցախի նախկին ու ներկա ղեկավարները նաև պատրաստակամություն են հայտնել հանդես գալու ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի մեկուսարանից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ու կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար:
Ահա, կարծում ենք, հենց ՀՀ գլխավոր դատախազին ուղղված այս դիմումն է, որ դուր չի եկել կամ անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, և նա, ամենայն հավանականությամբ, կիսելով ոմանց կողմից հրապարակայնորեն արտահայտված, անհիմն և անհեթեթ այն կարծիքը, թե նրանց այսպիսի դրսևորումները (Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հիշյալ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին) խիստ ցուցիչային են՝ «ներկայացնում են իրենց ռևանշիստական պատրաստվածության մակարդակը և ռևանշ իրականացնելու պատրաստակամությունը», ֆեյսբուքյան իր էջում գրել է այն, ինչ գրել է:


Փաշինյանի «մեսիջը» շատ պարզ է, ակնարկը շատ թափանցիկ՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան կամ Արցախի իշխանություններ, «հանգիստ նստեք տեղներդ», այլապես Արցախում «հեղափոխություն» կկազմակերպվի, և «Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», կտապալի Արցախի ներկայիս իշխանությանը: Փաշինյանը Արցախի ժողովրդի անունից է հանդես գալիս, թեև պարզ է, թե սպառնալիքի իրագործման պարագայում այն ում կողմից կկազմակերպվի, ով և ովքեր կփորձեն Արցախը դարձնել, այսպես կոչված, «հեղափոխության օջախ», իրականում հակասահմանադրական ճնշմամբ, սպառնալիքով ու շանտաժով, ազգային անվտանգությունն ուղղակի սպառնալիքի տակ դնելով, ինչպես դա եղավ Հայաստանում:


Ընդգծենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիշյալ գրառմամբ, իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում (իրեն է հայտնի, թե Բակո Սահակյանի և Արցախում այլոց կողմից հետագա ինչ քայլեր նկատի ունի) ոչ թե դատապարտելի, անթույլատրելի, այլ, ըստ էության, միանգամայն հնարավոր ու թույլատրելի է համարել Արցախի ժողովրդի կողմից (թեև շատ լավ հասկանում ենք, թե իրականում ում կողմից) կիսապատերազմական իրավիճակում, ինչպես ասում են, վառոդի տակառի վրա գտնվող Արցախը «հեղափոխության օջախ» դարձնելը, այսինքն՝ Արցախի իշխանության տապալումը:
Ավելին, Փաշինյանն իբրև թե արցախյան վերջին այցից իր տպավորությունները կիսելով, ըստ էության, ուղղակիորեն թե անուղղակիորեն սպառնացել է նրանով, որ Արցախն այդ դեպքում «հեղափոխության օջախի» կվերածվի, այսինքն՝ կկրկնվի «հեղափոխության», իշխանության տապալման այն նույն «սցենարը», որն իրականացվեց Հայաստանում, ընդ որում, արտաքին որոշ ուժերի աջակցությամբ, ներառյալ մեր անմիջական թշնամու՝ Ադրբեջանի ակտիվ դերակատարությամբ: Հիշենք, որ 2018 թ. ապրիլին Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների հրապարակած պաշտոնական տեղեկությունների ու տեսանյութերի համաձայն, մեր հայրենիքի սահմանների մոտ արձանագրվում էր թշնամու զինուժի ակտիվ շարժ, ռազմական տեխնիկայի մոտեցում, կուտակումներ: Այդ ամենը նկատվել է ոչ մեկ անգամ, ապրիլյան տարբեր օրերի ընթացքում:


2018 թ. ապրիլի 23-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հեռուստաեթերից հավաստեց, որ այդ ամենը իրավիճակը հանդարտեցնելու նպատակով իշխանությունների կողմից սարքված կեղծիք չէ, հորինովի մի բան չէ, այլ իրականություն, որի հետ մեր ազգային անվտանգության հրամայականով պետք է հաշվի նստենք: Նախարարի այս խոսքն անհրաժեշտություն էր դարձել, քանի որ ատելությունից կուրացած մեր որոշ հայրենակիցներ, բայց հիմնականում քայլողների ֆեյքերը սոցիալական ցանցերում ակտիվորեն տեղեկություններ էին տարածում, թե այդ լուրերը կեղծ են ու նպատակ ունեն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման: Հիմա էլ այս նույնի կրկնման վտանգը կա Արցախում, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր Արցախում իշխանափոխություն իրականացնել:
Արցախի բնակչությունը ողջախոհ է, գտնվելով կիսապատերազմական իրավիճակում, շատ լավ հասկանում է կայունության գերակա արժեքն ու կարևորությունը: Համոզված ենք, որ ծայրահեղ դեպքում, ի տարբերություն Հայաստանի, նրանց ընդամենը չնչին մասը կարող է ԱՀ իշխանությունների դեմ դուրս գալ փողոցներ, այն էլ միայն Արցախի և, հատկապես, Հայաստանի որոշ ուժերի հրահրման ու կազմակերպման պարագայում: Այդ դեպքում, ի տարբերություն Հայաստանի, նրանց դեմ, ոստիկանությունից բացի, Արցախի բնակչության մեծ մասը ոտքի կկանգնի:


Թե վերոնշյալ զարգացման պարագայում իրադարձություններն ինչով կավարտվեն, դժվար է միանշանակ ասել, սակայն եթե երկրի ներքին կայունության վտանգմանը զուգահեռ, թշնամին ակտիվորեն նախապատրաստվի հարձակման, ապա Բակո Սահակյանը հավանաբար ստիպված կլինի նույն կերպ վարվել, ինչպես վարվեց Սերժ Սարգսյանը 2018 թ. ապրիլի 23-ին հրաժարական տալով: Ախր Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտե, որ եթե 2018 թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր գլխավորած ընդդիմության և իշխանության ուժերի լուրջ բախման (ինչով սպառնում էր իշխանությանը, քանի որ հայտարարել էր թույլ չտալ, որ ՀՀ վարչապետն այնտեղ ծաղկեպսակ դնի) և այդ պարագայում թշնամու հարձակման վտանգը չլիներ, ապա Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տա, իսկ ինքը վարչապետի աթոռը չէր տեսնի ու հիմա, լավագույն դեպքում, կլիներ քրեակատարողական հիմնարկում:
Ընդգծենք, որ եթե որևէ մեկը՝ անկախ նրանից, թե ով կլինի կամ ինչ բարձր պաշտոնի տեր, ԱՀ-ից կլինի թե ՀՀ-ից, փորձի Արցախում ներքին բախում հրահրել, բնակչության մի մասին մյուս մասի և Արցախի իշխանությունների դեմ հանել, այդպիսով Արցախի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգությունն ուղղակիորեն սպառնալիքի տակ դնել, նրա արարքը որակվելու է պետական դավաճանություն, ու նրա նկատմամբ վերաբերմունքը լինելու է պատերազմական ժամանակի օրենքներով:


Մի պահ ենթադրենք` ոմանք իսկապես փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Ի՞նչ եք կարծում՝ այդ դեպքում ինչպես կվարվեր ՀՀ հայրենասեր ղեկավարը: Վստահ ենք` կվարվեր ճիշտ այն մոր նման, որ գնացել էր Սողոմոն իմաստունի մոտ: Հիշենք Աստվածաշնչի Թագավորաց երրորդ գրքից հայտնի ու Սողոմոն իմաստունի հետ կապված մի պատմություն:
Մի դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,- բացատրում է նրանցից մեկը,- ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։


Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
-Ո՛չ,- ճչում է իսկական մայրը։- Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։ Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao