Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լրատվամիջոցները սուտ են որակում Քոչարյանի հայտարարությունը, թե մամուլի ազատությունը չի սահմանափակվել

Լրատվամիջոցները սուտ են որակում Քոչարյանի հայտարարությունը, թե մամուլի ազատությունը չի սահմանափակվել
18.05.2019 | 01:34

Լրատվամիջոցների ներկայացուցիչները սուտ, իրականությանը չհամապատախանող են բնութագրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ դատարանի դահլիճում հայտարարությունը, թե 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին հաջորդած արտակարգ դրության ընթացքում մամուլի, ինտերնետի ազատությունը չի սահմանափակվել: «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ իրենց կայքը ուղղակի արգելափակվել էր, հեռուստաընկերության աշխատակիցները աշխատում էին ոստիկանության, ԱԱԾ ներկայացուցիչների ուղղակի սպառնալիքի տակ: «Ռոբերտ Քոչարյանը իր տարերքի մեջ է, ինչպես միշտ ցինիզմը և սուտը շարունակում է աշխատել իր մոտ։ Ես զարմանում եմ, որ ինքը էնքան էդ ձևի մեջ է, որ դատարանում էլ արդեն չի կարողանում ստից հրաժարվել: Դա ակնհայտ սուտ է։ 2008-ին, երբ հայտարարվեց արտակարգ իրավիճակ, միանգամից անջատվեց մեր կայքի դոմեն հասցեն, ջնջվեց, մենք աշխատում էինք երրորդ կողմի շնորհիվ, արտասահմանյան գործակալության շնորհիվ և պլյուս բլոգ էինք բացել, էդ բլոգի միջոցով տարածում էինք մեր նկարահանումները։ Չմոռանանք նաև նշել, որ ահագին նկարահանումների տեսաերիզներն առգրավվեցին էդ օրերին։ Գործը այնտեղ էր հասել, որ մոնտաժի համար մենք տուն էինք վարձել, ստեղից տեղափոխել էինք տեխնիկան և այնտեղ էինք աշխատում, որովհետև ամեն օր ստեղ գալիս էին առգրավելու առումով տեսաերիզները և վախեցնելու լրագրողներին և մեր օպերատորներին, որ չաշխատեն», - նշեց Մեսրոպ Մովսեսյանը։


Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում երեկ, խոսելով 2008-ին սահմանափակումների ենթարկված ԶԼՄ-ների մասին ասաց․ «ՀՀ 32 հեռուստաընկերություններից սահմանափակումների են ենթարկվել միայն 9-ը, որոնք տեղակայված են Երևանում, մնացածը առանց որևէ խփանման, առանց որևէ սահմանափակումների աշխատել են։ Երևանում նաև մամուլի տեսանկյունից մի քանի տասնյակ թերթեր կան, նաև մարզային, ոչ մեկի գործունեությունը չի սահմանափակվել և չէր կարող սահմանափակվել, քանի որ այդ հրամանագրով նախատեսված չէր որևէ նման սահմանափակում: Որևէ սահմանափակում ինտերնետի նկատմամբ ևս չի եղել»։
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է․ «2008-ի մարտի 2-ին՝ ցերեկը, ինձ զանգահարել էին «Արմինկոյից»՝ մեր այն ժամանակվա պրովայդերից և տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրեց ԱԱԾ գրաքննիչը, որը պահանջում էր, նախագահի հրամանագրին համապատասխան, ներքին կյանքի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ: «Առավոտը» ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա այդ պահանջը չի պատրաստվում կատարել: Այնպես որ գոնե այս մասով երկրորդ նախագահի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում»:


«Չորրորդ իշխանության» գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանն «Ազատությանը» պատմեց, թե 2008-ի այդ 20 օրերին ԱԱԾ գրաքննիչը ինչպես էր արգելում իրենց հրատարակել թերթը: «Ամեն օր մենք ուղարկել ենք թերթ, թերթը չի տպագրվել։ Էդ մարդը, որը նստած էր՝ ԱԱԾ-ի ներկայացուցիչը, կարդում էր սկզբից մինչև վերջ ամբողջ թերթը, զանգահարում էր, մենք մինչև գիշերվա ժամը 3-4-ը նստում էինք և խմբագրությունում սպաում էինք։ Մեր լարգրողներն էլ, որ գնում էին՝ Գոհար Վեզիրյանը և Թագուհի Թովմասյանն էր, էն ժամանակ նա մեր մոտ էր լրագրող աշխատում, նրանք գնում էին ամբողջ օրը ընդեղ սպասում էին, որ մերժում ստանային ու վերադառնային՝ ՄԻՊ-ի ներկայացուցիչների հետ միասին։ Այսինքն դա էնպիսի փաստ է, որ մենակ մենք չենք և խնդիրը ինչ էր՝ մենք տպագրում էինք պաշտոնական, ինչպես որ էդ ժամանակ հրահանգվել էր, որ պաշտոնական լրատվությունից բացի ուրիշ ոչ մի լրատվություն։ Մենք չբողոքեցինք, մենք ուղղակի ձևը փոխեցինք, մենք պաշտոնական լրատվությունը դնում էինք և տալիս էինք Մարկեսի «Նահապետի աշունից» հատվածներ։ Ես հասկանում եմ, թե ինչու էին մեզ մերժում, ինձ թվում է ենթագիտակցորեն զուգահեռներ էր տանում իր իշխանության հետ», - ասաց Շողեր Մաթևոսյանը։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, այդ օրերին իրականացվող գրաքննությունն ապօրինի էր: «Առանց որևէ փաստաթղթային հիմնավորման, առանց որևէ որոշման՝ իրականացվում էր նախնական գրաքննություն, այսինքն բոլոր երևացող լրատվամիջոցներ ուղարկված էին գրաքննիչներ հատուկ ծառայություններից, որոնք ներկայանում էին, չէին ցույց տալիս խմբագիրներին կամ լրատվամիջոցների ղեկավարներին որևէ պաշտոնական հրահանգ, թե իրենք ինչ պետք է անեն, բայց փաստորեն իրականացնում էին այն գրաքննությունը, որ կար Խորհրդային Միության ժամանակ», - նշեց Բորիս Նավասարդյանը։

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ