«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

ԵԽ նախարարները ելք գտան Ռուսաստանի հետ կոնֆլիկտից

ԵԽ նախարարները ելք գտան Ռուսաստանի հետ կոնֆլիկտից
19.05.2019 | 13:58

Մայիսի 17-ին Հելսինկիում ավարտվեց իր 70-ամյակը նշող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի երկօրյա նիստը։ Հոբելյանական նստաշրջանում կազմակերպության 47 երկրների ԱԳ նախարարներն առանց քննարկման ընդունեցին հայտարարություն, որ հնարավորություն է տալիս կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը։ Հունիսին ԵԽ-ին ՌԴ-ի անդամակցության հարցը կարող է պաշտոնապես մտնել օրակարգ։ Ֆրանսիան, որ կես տարով նախագահում է նախարարների կոմիտեում, հանդես եկավ ՌԴ-ի ԵԽ-ում մնալու առաջարկով։ Հելսինկիի հոբելյանական նստաշրջանին մասնակցում էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հրաժարվել էր նիստին մասնակցել և ուղարկել էր իր տեղակալին։ Ուկրաինան նաև սպառնացել է վերանայել հարաբերությունները ԵԽ-ի հետ՝ ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշման մեղմացման դեպքում։ ԵԽ նախարարների խորհուրդը իր հայտարարության մեջ կոչ էր անում վերականգնել ՌԴ-ի հետ լիարժեք համագործակցությունը։ Վերջերս ԵԽ-ում ՌԴ-ի մնալու օգտին արտահայտվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «ԵԽ-ն Ռուսաստանի կարիքն ունի, ինչպես Ռուսաստանն ու ռուսաստանցիները ԵԽ-ի կարիքն ունեն»՝ մայիսի 6-ին հայտարարեց Ֆրանսիայի նախագահը։ «Քայլ ճիշտ ուղղությամբ»՝ նախարարների հայտարարությունը որակեց ռուս սենատոր Կոնստանտին Կոսաչովը։ «Սա դիվանագիտություն չէ, այլ՝ կապիտուլյացիա»՝ France-Presse-ին հայտարարեց ԵԽ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Կուլեբան՝ հավելելով﮳ «Մենք ցանկանում ենք, որ ՌԴ-ն մնա ԵԽ-ում, բայց՝ նաև պահպանի իր պարտականությունները բոլոր որոշումների շրջանակներում, որ ընդունվել են ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի»։ Մայիսի 17-ին ԵԽ նախարարները հայտարարեցին,որ «բոլոր անդամ պետություններին պետք է հնարավորություն տրվի իրավահավասար սկզբունքով մասնակցել նախարարների կոմիտեի ու խորհրդարանական վեհաժողովի՝ կազմակերպության երկու կանոնադրական կառույցների աշխատանքին»։ Նրանք նաև հիշեցրին, որ «պարտադիր վճարները կանոնավոր բյուջեին» ԵԽ անդամ պետությունների հիմնական պարտականություններից են։ Նախարարների կոմիտեն կողմ է, որ «բոլոր անդամ պետությունների պատվիրակությունները կարողանան մասնակցել ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին»։ Այս նստաշրջանում պատգամավորները պետք է ընտրեն ԵԽ գլխավոր քարտուղար և ՄԻԵԴ-ի դատավորներ: France-Presse-ը հիշեցնում է, որ քանի դեռ Մոսկվան զրկված էր ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, առանց Մոսկվայի մասնակցության ընտրվել են ՄԻԵԴ-ի դատավորների կեսից ավելին, ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար Դունյա Միյատովիչը։ ԵԽ մամլո քարտուղաչ Դանիել Խյոլտգենը նախարարների կոմիտեի հայտարարությունն անվանեց «Մոսկվաի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհի փուլ»։ «Խորհրդարանական վեհաժողովը պետք է նախարարների որոշումը քննարկի և որոշի՝ փոխել իր ներքին կանոնները, որ ՌԴ-ն կարողանա մասնակցել հունիսյան ընտրություններին»՝ մեջբերում է Reuters-ը Խյոլտգենի խոսքերը։ ԵԽԽՎ-ն ՌԴ պատվիրակությանը զրկել է իրավունքների մի մասից՝ ըստ իր կանոնակարգի, որ նախարարների կոմիտեն փոխելու իրավունք չունի։ Նախարարներն առաջարկել են պատգամավորներին ստեղծել կանոնները խախտող պետություններին պատժելու համատեղ մեխանիզմ։ Մայիսի 17-ի հայտարարության մեջ «նախարարները ընդգծել են համակարգված գործողությունների անհրաժեշտությունը», որպեսզի «առավել արդյունավետ արձագանքեն իրավիճակներին, երբ այս կամ այն պետությունը խախտում է կանոնադրական պարտականությունները կամ չի պահպանում ԵԽ չափանիշները, հիմնարար սկզբունքներն ու արժեքները»։ Նախարարների կոմիտեն առաջարկել է «մշակել հստակ լրացուցիչ գործակարգ, որը կարող է նախաձեռնել կամ ԽՎ-ն,կամ Նախարարների կոմիտեն, կամ գլխավոր քարտուղարը և որին նրանք բոլորը պիտի մասնակցեն»։
Հելսինկիի մայիսի 16-ի նախարարների կոմիտեի նիստից առաջ ՌԴ ԱԳՆ հատուկ հայտարարություն արեց, որում France-Presse-ը արձանագրեց Մոսկվայի տոնի փոփոխություն ԵԽ-ի հետ երկխոսության մեջ։ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Ռուսաստանը շահագրգռված է ԵԽ-ի պահպանման ու ամրապնդման մեջ»։ ԵԽ-ն անվանվեց «առավել հեղինակավոր ու ներկայացուցչական միջազգային կազմակերպություններից մեկը եվրոպական մայրցամաքում» և «Եվրոպայի երկրների ճյուղային համագործակցության ունիկալ մեխանիզմ»։ ՌԴ ԱԳՆ-ն նաև նշեց մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի և ՄԻԵԴ-ի «մեծ նշանակությունը»։ Մասնակցությունը կոնվենցիային և ՄԻԵԴ-ին «նպաստել է ՌԴ դատական ու պենիտենցիար համակարգի կատարելագործմանը»՝ նշել են ԱԳՆ-ում՝ հայտարարելով, որ «նախարարական նստաշրջանը Հելսինկում վճռական նշանակություն ունի ԵԽ-ի հետագա ճակատագրում»։ ԵԽԽՎ-ում զրկելով ՌԴ պատվիրակությանը իրավունքներից՝ ԵԽ-ն հայտնվել է «ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ»՝ արձանագրել է ՌԴ ԱԳՆ-ն։
RFI


Հ.Գ. Հելսինկիում իր ելույթում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փաստացի նաև հիմնավորել է այդ «ինստիտուցիոնալ ճգնաժամը»՝ հայտարարելով. «70 տարի առաջ Եվրոպայի Խորհուրդը ստեղծվեց, որ Եվրոպայի ժողովուրդների միասնության ամրապնդման ճանապարհով մեկընդմիշտ բացառի պատերազմի հնարավորությունը: Ցավոք, հիմնադիր հայրերի միավորիչ օրակարգըմինչև վերջ չիրականացվեց: Նույն 1949-ին ստեղծվեց ՆԱՏՕ-ն՝ դառնալով բաժանարար գծերի ու մայրցամաքում լարվածության խորհրդանիշ: Համաեվրոպական տուն կառուցելու նոր շանս ստեղծվեց «սառը պատերազմի» ավարտից հետո, սակայն նրանք, որ դավանում են «բաժանիր և տիրիր» սկզբունքին, ամեն ինչ արեցին, որ պահպանեն բաժանարար գծերը Եվրոպայում և հիմա շարունակում են խորացնել: Փորձում են միջազգային իրավունքը փոխարինել տխրահռչակ «կանոնների վրա հիմնված կարգերով»՝ հօգուտ իրենց շահերի: Դրա հետևանքով՝ կոնսենսուսի մշակույթի հիման վրա կառուցված մեր կազմակերպությունը կորցնում է իր կշիռը»: Լավրովը նաև ասել է. «Եվրոպան պիտի հասկանա՝ առանց Ռուսաստանի հազիվ թե հնարավոր է ապահովել իրական եվրոպական անվտանգություն իր յուրաքանչյուր չափման մեջ: Հույս ունեմ՝ եվրոպացիները, այնուամենայնիվ, ուժ կգտնեն ինքնուրույնություն դրսևորելու մայրցամաքի ապագայի համար առանցքային հարցերում»: Նա հաստատել է, որ Ռուսաստանը չի ձգտում հեռանալ ԵԽ-ից և չի հրաժարվում իր որևէ պարտավորությունից՝ նաև ֆինանսական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao