«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Այն, ինչ այսօր կատարվում է, սահմանադրական կարգի տապալման տիպիկ օրինակ է»

«Այն, ինչ այսօր կատարվում է, սահմանադրական կարգի տապալման տիպիկ օրինակ է»
21.05.2019 | 03:51

Դատական համակարգի փոփոխության Նիկոլ Փաշինյանի տեսլականը պարզվում է դատարանների արգելափակումն է, իսկ նրա տեսաուղերձում քաղաքական գործիչներն ու քաղաքագետները լիովին այլ բան են տեսնում։ Երեկվա իրադարձությունների շուրջ զրուցել ենք քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ և ՀՀԿ անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ։

«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԴՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ»


-Պարոն Ենոքյան, այսպե՞ս պետք է բարեփոխել դատական համակարգը։
-Գործադիր իշխանությունը ցանկանում է ստանալ ամբողջական լիազորություն նաև այդ ոլորտում։ Դատարանը կայացրել է մի վճիռ, որից եթե դժգոհ ես, կարող ես դիմել այլ ատյաններ (ի վերջո, դա այնպիսի գործ է, որ որևէ դատավոր չէր գնա կամայական որոշումների)։
-Դուք նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի գո՞րծը։ Այս ամենը դրա համա՞ր էր։
-Համենայն դեպս, առիթը դա էր։ Ի դեպ, միայն Քոչարյանի գործը չէ, հեռուստաընկերության ղեկավարի կալանավորման հարցն էլ կար։
-Նիկոլ Փաշինյանը մի քանի հրահանգներ տվեց, թե ինչպես պետք է դատական «հեղափոխությունը» կյանքի կոչվի։ Այս քայլերով հնարավո՞ր է ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնել։
-Իհարկե ոչ։ Սա բարեփոխման ճանապարհ չէ։ Ես մասնագետ չեմ, չգիտեմ ինչ բարեփոխումներ պետք է անել, բայց հստակ գիտեմ, որ այսպես չպետք է անել։ Երբ նա իր քաղաքացիներին կոչ է անում գնալ դատարանների մուտքերը փակել, նշանակում է վարչապետն իր քաղաքացիներին դրդում է հանցագործության։ Իսկ սա սարսափելի բան է։
-Ի՞նչ պետք է անեն արտախորհրդարանական և ընդդիմադիր ուժերը, որոնցից ոմանք արդեն իրենց անհանգստություններն են հայտնել։
-Ամբողջ հարցն էլ այն է, որ արտախորհրդարանական ուժերը բավականաչափ կազմակերպված չեն, որպեսզի կարողանան հստակ գործողությունների դիմել։ Ինչ-որ քայլեր գուցե ձեռնարկեն, բայց չեմ կարծում, որ այս փուլում նրանք աջակցություն կունենան։
-Այն հայտարարությունները, որոնք հնչեցին, այդ թվում նախագահի ուղերձը, կարծում եք իրավիճակին համարժե՞ք էին։
-Ոչ, մասնավորապես, նախագահի հայտարարությունը բացարձակ համարժեք չէր։ Նիկոլ Փաշինյանի կոչերը սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ էին։ Իրավապահ մարմինները պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկեն, որպեսզի նախանշված միջոցառումները չիրագործվեն։
-Հայտնի տեսաուղերձում Փաշինյանը յուրահատուկ կերպով «սղացրեց» Արցախին առնչվող բավականին վտանգավոր մտքեր, թե կան մարդիկ, ովքեր ուզում են տարածքներ հանձնել, բայց ինքը դա թույլ չի տա։ Ի՞նչ է սա նշանակում։
-Կարծում եմ, նրա ողջ ելույթի ուղերձը հենց դա էր։ Դատարանների հետ կապված այս աղմուկն անհրաժեշտ էր, որպեսզի հիմնական մեսիջը թաքցներ։ Ոչ մի տրամաբանություն չկա նրա ասածի մեջ, այսինքն, Արցախում Հայաստանի իշխանությանը մեղադրելու համար պատրաստ են իրենց հայրենի՞քը զիջելու։
-Ինչու՞ հենց հիմա Փաշինյանը նախընտրեց խոսել այդ մասին։
-Այս ամենի տակ թաքնված է Նիկոլ Փաշինյանի Արցախի հարցը լուծելու մոտեցումը, այսինքն ինքն է ցանկանում պատերազմի միջոցով տարածքներ հանձնել ու ամեն ինչի մեջ կմեղադրի արցախցիներին։
-Պատասխանատվությունից խուսափելու ձև՞ է։
-Այո, պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու ձև է։

«ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՄԵԿ ՏԱՐԻ Է ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է»


-Տիկին Եսայան, երեկ հայտարարվեց դատական ոլորտի վիրահատական միջամտության մասին։ Ընդհանուր առմամբ, ի՞նչ կատարվեց նախորդ մեկ օրվա ընթացքում։
-Երկրում իշխանությունը վերցրել է մի անձ, որը բացարձակ չի պատկերացնում պետության, անվտանգության սկզբունքները։ Այդ անձն այսօր անում է այն, ինչ ուզում է։ Ցավալի է, որ նրա քայլերը իշխանության մյուս թևերը համարժեք գնահատականի չեն արժանացնում։ Նախագահը, իրավական համակարգը չեն միջամտում, որևէ կերպ չեն հորդորում վարչապետի պաշտոնին նստած անձին, որ իր գործողություններով չհակասի Սահմանադրությանը։ Մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարչապետն է սահմանադրությունը խախտում, զավեշտալին հենց սա է։
-Ժամանակը չէ՞, որ քաղաքական դաշտի մյուս դերակատարները որոշակի քայլեր ձեռնարկեն։
-Մեր երկիրն արդեն մեկ տարի է ցնցումների մեջ է։ Հերթական ցնցումը շատ ավելի ցավալի է լինելու։ Այսօր քաղաքական իրավիճակը անկայուն է ու զարմանալիորեն դա անում է իշխանությունը, կարծում եմ, և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերը պետք է իրենց հստակ դիրքորոշումը հայտնեն։ Մի կողմ քաշվելը լի է վտանգներով։ Պետք է փորձել համոզել, հասկացնել վարչապետին, որ երկիրն այսպես չեն ղեկավարում։ Այսօր մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, և այն քայլերը, որոնք Փաշինյանն իրականացնում է տարբեր ոլորտներում, համարժեք չեն։ Պետք է նրան բերել տրամաբանության դաշտ, ինչը, խիստ կասկածում եմ, որ հնարավոր է։
-Տեսաուղերձը դատական ոլորտին էր նվիրված, սակայն Փաշինյանը կարճ խոսեց Հայաստան-Արցախ հակադրությունից և ասաց, որ տարածքներ հանձնողներ կան, որոնք դա փորձում են բարդել Հայաստանի իշխանության վրա։ Ի՞նչ նկատի ուներ։
-Այս ողջ թատրոնն իրականում այլ միտում ուներ, քողարկել այն, ինչի համար այս ամենը բեմականացվեց։ Հիմնական հարցը կապված էր Արցախի հիմնախնդրի հետ։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Արցախի հարցում վարչապետը որոշակի լուծումների պետք է գնա և փորձում է պատասխանատվությունը դնել ուրիշի վրա։ Ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը ասում էր, որ ժողովուրդը հրապարակում պետք է որոշումներ կայացնի կամ քանի դեռ ՀՀԿ-ն խորհրդարանում է, ներդրումներ չեն լինելու։ Տևական ժամանակ է ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, բայց ներդրումներ այդպես էլ չկան։ Ասել է` ցանկացած հարցում նա իր վրայից պատասխանատվությունը գցում է։ Նույն բանը կատարվեց նաև երեկ, այսինքն Արցախի հարցում ինչ որոշում էլ կայացնի, դրա պատասխանատվությունը չի կրելու։ Նա չարաչար սխալվում է, քանի որ ցանկացած լուծում, որը չի լինելու Արցախի և Հայաստանի կամքով, դրա պատասխանատուն միմիայն Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Եվ, ընդհանրապես, այն բոլոր հակասահմանադրական արարքները, որ իրականացնում են, ի վերջո, դրանց համար նա պատասխանատվություն է կրելու։ Այսպես երկար շարունակվել չի կարող։ Հաթաթաներ է տալիս Արցախի իշխանություններին, նախկին, ներկա ղեկավարներին` մոռանալով, որ Արցախի հետ Հայաստանի ոչ մի ղեկավար այդ բառապաշարով երբևէ չի խոսել։ Փաշինյանը չարաչար սխալվում է` կարծելով, թե դրա իրավունքն ունի։ Այո, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց իրականում 30 տարիների ընթացքում բոլորին էլ պարզ դարձավ, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն էլ Արցախն է։ Այս երկուսը միասնաբար պետք է իրենց անվտանգությունը պահպանեն։ Առանց Արցախի չի կարող լինել Հայաստան, և հակառակը։ Մեկ բռունցք պետք է լինենք, բայց այսօրվա վարչապետը դա փորձում է աղավաղել, սակայն դա իրեն չի հաջողվելու։ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ վարչապետ աշխատել։ Այսպիսի ներկայացումներով փորձում է ուշադրություն շեղել։ Երեկվա ամբողջ ներկայացումն Արցախի առնչությամբ այդ մեկ նախադասության համար էր։ Չէր կարող դա ուղղակի ասել` հասկանալով դրա հետևանքները, փորձեց քողարկված անել։ Բարեբախտաբար կան մարդիկ, որոնք հասկանում են ասվածի ենթատեքստը, նա չի կարողանալու պատասխանատվությունը գցել ուրիշի վրա։ Թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
-Ի դեպ, այս մեկ տարվա ընթացքում հայաստանցի-արցախցի հակադրությունը մեծացել է, հասարակությանը տարբեր բևեռների են բաժանել, անհանդուրժողականությունն այնքան է մեծացել, որ փողոցում մարդկանց վրա են սկսել հարձակվել։ Որքա՞ն կարող է այսպես շարունակվել։
-Այդ ամենի պատասխանատուն ևս Նիկոլ Փաշինյանն է, որն իր արբանյակներով այդպիսի մթնոլորտ է ստեղծել։ Երբ մեկ տարի առաջ ասում էինք, որ այդ հայհոյանքներին, ֆեյքային հարձակումներին վերջ պետք է տրվի, քչերն էին դա հասկանում, շատերն անգամ այդ ամենին տոն էին տալիս։ Հայաստանցի-արցախցի հակասություն իրականում գոյություն չունի, իրենք են փորձում ստեղծել այդ ամենը, իսկ որոշ ուժեր էլ տուրք են տալիս իրենց ցանկությանը։ Շատ վտանգավոր բան կստացվի, եթե այդպիսի հակասություն լինի, ինչին ձգտում է հենց Փաշինյանը։ Այս ամենը կտևի այնքան, որքան ժողովուրդը կհանդուրժի Փաշինյանին որպես վարչապետ, իսկ սա հղի է մեծ վտանգներով, ինչպես Արցախը կորցնելով, այնպես էլ Հայաստանի անվտանգությունը։ Այս վտանգները գնալով մեծանալու են, պետությունը լինելու է անպաշտպան, անկառավարելի։ Այն մարդիկ, ովքեր այսօր Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր են լցնում, իրավիճակի փոփոխման դեպքում պետք է կանգնեն դատարանի առաջ, որովհետև նպաստել են սահմանադրական կարգի տապալմանը։ Այն, ինչ այսօր կատարվում է, սահմանադրական կարգի տապալման տիպիկ օրինակ է։ Քանի դեռ մենք չենք դարձել լուրջ, մտահոգ հասարակություն, քանի դեռ թույլ ենք տալիս, որ զոմբիներն ինչ ուզում են անեն, տրամադրություն ստեղծեն, մենք վտանգի մեջ ենք։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ