Yerevan Perspectives International Music Festival
 

Մայիսը հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է

Մայիսը հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է
21.05.2019 | 04:02

6-7 տարի է՝ մայիսին գրում և Հայաստանի հանրությանը հիշեցնում եմ, որ գարնան վերջին ամիսն առանձնահատուկ է ողջ հայության համար։ Եվ միշտ պնդելու եմ իմ այդ կարծիքը։ Այո, մայիսի 9-ն արդեն անցել է, Հայաստանում, ինչպես և աշխարհի ավելի քան 100 երկրում, «Անմահ գնդի» քայլերթեր են կայացել։ Բայց խնդիրն այն է, որ կրկին ակտիվացել են տականքները։ Տականքների հատուկ տեսակ են հայ նորհիտլերականները, որոնք, ակնհայտորեն վճարի դիմաց, փորձում են հայ ժողովրդին համոզել, որ ԽՍՀՄ-ի քաղաքացի հայերի համար 1941-45 թթ. պատերազմը չի եղել Հայրենական մեծ պատերազմ, որ պետք չէ «Անմահ գնդի» ցույցեր անել և այլն, և այլն։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով, մանավանդ որ առջևում հայ ժողովրդի համար նշանակալից Մայիսի 28-ն է։ ՈՒստի պատմությունս կանեմ ժամանակագրական կարգով, որովհետև մեր ազգային «Հայերի մայիսյան հաղթանակները» տաճարի առաջին քարը դրվել է հենց 101 տարի առաջ, ոչ թե 1991-ին։


1918 թիվ... Հայ ժողովուրդը եղեռն է տարել, շուրջը կայսրություններ են կործանվում։ Ողջ հայ ազգի ֆիզիկական գոյատևման հարցն է ծառացած։ Եվ խորքային հոգեկան ուժեր են գտնվում. ժողովուրդը կենտրոնացնում է կամքը։ 1918 թ. մայիսի 28. ահա Հայաստանի անկախության, հայկական պետականության վերականգնման իսկական տարեթիվը։ Որովհետև այն կապված է օսմանյան մարդասպանների նկատմամբ հայկական բանակի պանծալի հաղթանակների հետ։ Սակայն, սկսած դեռ ՀՀՇ-ի իշխանությունից, արդի Հայաստանում, դիտավորյալ, թե անմտորեն, նվազեցվել է 1918 թ. մայիսյան այն օրերի նշանակությունը։ 1991 թ. պետական անկախության վերականգնումը չկապելով 1918-ի մայիսի հետ՝ 1990-ականների հանրապետության տերերը ոտնահարեցին պատմական արդարությունը։ Լավ է, որ խելքները հերիքեց Հայաստանի Հանրապետությունը Առաջին հանրապետության իրավահաջորդ ճանաչելու. չէ՞ որ 1918-ին և Արցախն էր հայկական, և Նախիջևանը, և Կարսի մարզը և այլն, և այլն։ Վիրավորական է, որ 1918 թ. մայիսի 28-ի նկատմամբ Հայաստանի իշխանությունների արհամարհական վերաբերմունքի պատճառով մեր երկրում քիչ են ճանաչում և ավելի քիչ պատվում 1918-ի մայիսի հերոսներին։ Մի՞թե այդպես են հոգ տանում այն նախնիների հիշատակի մասին, որոնք թշնամիներից կռվով հետ են նվաճել սեփական երկրում ապրելու՝ մեր ազգի իրավունքը։ Պետք է հիշել և Արամ Մանուկյանին, և Անդրանիկին ու Նժդեհին, և 1918 թ. մայիսյան մարտերի բոլոր մասնակիցներին։


1945 թ. մայիսի 9։ Քչերը գիտեն, որ երբ աշխարհը ցնծում էր Գերմանիայի կողմից մայիսի 2-ին անվերապահ կապիտուլյացիան ստորագրելու առթիվ, մարտերը շարունակվում էին։ Պրահայում (Չեխիա) գերմանական օկուպացիոն կորպուսը զենքը վայր չդրեց, և գերմանացիների, նրանց չեխ գործակիցների ու դավաճան վլասովականների դեմ մարտերին մասնակցում էին նաև խորհրդային բանակի կազմի մեջ մտնող մի շարք հայկական կազմավորումներ։ Ահա թե ինչու ԽՍՀՄ-ի ու նրա ժողովուրդների համար պատերազմի վերջ էր համարվում ոչ թե մայիսի 2-ը, այլ 9-ը։ 1945 թ. մայիսի 9-ին Չեխիայում բոլոր գերմանական զորքերն անձնատուր եղան։ Մայիսի 9-ը ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ժողովուրդների, այլև հայ ժողովրդի Հաղթանակի տոնի օրն է։ Իսկ տեղական բնույթի հատուկենտ կռիվները երդվյալ նացիստների հետ շարունակվեցին մինչև մայիսի 20-ը։ Այժմ ջանքեր են գործադրվում 1941-45 թթ. մասին տվյալները խեղաթյուրելու ուղղությամբ։ Բայց ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիան պատրաստ էր ներխուժելու Այսրկովկաս, եթե Գերմանիան Ստալինգրադի մոտ ճեղքեր ճակատը և շարժվեր դեպի հարավ։ Ստալինգրադի և Կովկասի համար մղված ճակատամարտերին մասնակցել են բազմահազար հայ զինվորներ ու սպաներ, նրանցից շատերը տուն չեն վերադարձել։ Փառք ու պատիվ նրանց՝ խորհրդային բանակում ծառայող հայտնի և անհայտ հայ հերոսներին, որոնք չէին կասկածում, որ «Գերմանիան թուրքի օգնականն է»։


Իսկ այժմ վերադառնամ ժամանակակից հայ նորհիտլերականներին։ Որովհետև նրանք ոչ խելք ու խիղճ ունեն, ոչ պատիվ ու արժանապատվություն, իսկ նրանց պատմական մոռացկոտությունը կամ ազգային դավաճանություն է, կամ վճարովի ստորություն։ Եղե՞լ է, այսպես կոչված, «Գերտրուդա» գործողություն։ Այո, եղել է, ծրագրվել է։ Թե ինչու է այն ծրագրվել, հարցաքննության ժամանակ պատմել է Մաքս Բրաունը, ծնված 1893 թ. Ֆրայզինգ քաղաքում (Բավարիա), գերմանացի, անկուսակցական, զինվորական բարձրագույն կրթությամբ, պրոֆեսոր, գերմանական բանակի (վերմախտի) փոխգնդապետ, արձանագրություն N39։ Քաղվածք. «Իրանի և Իրաքի նավթային շրջանների գրավման նպատակով գերմանական բանակի գլխավոր շտաբի մշակած պլանը ողջ Մերձավոր ու Միջին Արևելքը, ինչպես նաև Հնդկաստանը նվաճելու՝ Հիտլերի ընդհանուր մեծ պլանի մի մասն էր։ Այն ելնում էր նախապես խորհրդային Կովկասը նվաճելուց և նախատեսում էր երկու տարբերակ։ Եթե Թուրքիան հանդես գար Գերմանիայի կողմից, ապա ենթադրվում էր թուրքական ու գերմանական զորքերի համատեղ հարձակումը Իրանի և Իրաքի վրա։ Իսկ եթե Թուրքիան չհամաձայներ Գերմանիայի կողմից հանդես գալուն, ապա այդ դեպքում ենթադրվում էր նախապես ջախջախել ԽՍՀՄ-ի սահմանին գտնվող թուրքական բանակը, այնուհետև հարձակումը շարունակել առանց թուրքերի։ Պլանի իրականացման համար ենթադրվում էր գործի դնել 9 դիվիզիա, այդ թվում՝ մեքենայացված և տանկային, նախատեսվում էր նաև օդից նրանց օժանդակելը։ Նշված զորքերը երեք զորասյուներով պետք է թուրքական սահմանին հասնեին կովկասյան լեռնանցքերով։


Ինձ առաջարկվել էր եզրակացություն տալ պլանին հետևյալ հարցերի գծով։
1. Դիվիզիաների այդ քանակը կապահովե՞ր նշված պլանի իրականացումը, ինչքա՞ն ավիացիա կպահանջվի օդից դրանց պաշտպանության համար։ 2. Կախված թուրքական ճանապարհների վիճակից՝ ո՞ր ուղղություններով է ավելի լավ Թուրքիայից հարձակվել Իրանի և Իրաքի վրա. հենց խորհրդային սահմաններից դեպի արևելք և հարավ-արևե՞լք, թե՞ Թուրքիայի հարավային շրջաններով։ 3. Թուրքիայի տարածքում վառելիքով, պարենով, ջրով, բնակարաններով գերմանական զորքերի ապահովման հնարավորությունները»։ ՈՒ՞ր է վերմախտի փոխգնդապետ Մաքս Բրաունի, որը գործնականում Հիտլերի լիազորյալն էր Թուրքիայում և նույնիսկ դասավանդում էր թուրք զինվորականներին, որևէ հիշատակությունը Հայաստանի մասին, չխոսելով արդեն Մեծ Հայքի մասին։ Խնդրեմ, էլի քաղվածք Բրաունից. «Ընդամենը 5 տարի գտնվելով թուրքական ակադեմիայում՝ ես զրահատանկային, մեքենայացված զորքերի և ավիացիայի ռազմավարություն ու մարտավարություն եմ դասավանդել ինչպես բոլոր 3 հիմնական, այնպես էլ գեներալիտետի և ավագ սպայակազմի վերապատրաստման 4-րդ կուրսերում։ Առաջին կուրսում՝ գնդի ծավալով, երկրորդում՝ դիվիզիայի, երրորդում՝ բանակային կորպուսի և բանակի, չորրորդում՝ գնդից մինչև բանակային խմբի։ Շաբաթական պարապում էի 20 ակադեմիական ժամ, բացի դրանից ունկնդիրների հետ մեկնում էի հրաձգարաններ՝ նրանց հետ գործնականում առանձին մարտավարական խնդիրներ վերլուծելու համար։ 3-րդ կուրսի շրջանավարտների հետ ամեն տարի ամռանը մարտավարական զորավարժություններ և արշավներ էին անցկացվում Թուրքիայի տարբեր շրջաններում, գերազանցապես լեռնային վայրերում»։


ՈՒրեմն ինչու՞ էր մշակվում «Գերտրուդա» գործողությունը, որը նախատեսում էր ներխուժում Թուրքիա։ Ամենևին էլ ոչ հայերի պատճառով, և ոչ էլ այն պատճառով, թե իբր Հիտլերը քնում ու երազում էր վերականգնել Մեծ Հայքը։ Բանն այն է, որ 1939 թ. կնքված անգլո-թուրքական բարեկամության պայմանագրի պատճառով նկատելիորեն վատացել էին Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները։ Այդ կապակցությամբ Հիտլերը հետ էր կանչել Թուրքիայում աշխատող գերմանացի մասնագետներին (այդ թվում՝ զինվորական ակադեմիայի դասատուներին) և միջոցներ ձեռնարկել Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության գործունեությունն ուժեղացնելու համար։ Եվս մեկ քաղվածք Բրաունից. «Ընդհանրապես Հիտլերի քաղաքականությունն ուղղված էր նրան, որ Թուրքիային ստիպեր կռվելու Գերմանիայի կողմից, բայց համոզված չէր, որ դա կհաջողվի։ ՈՒստի միաժամանակ մշակվում էին Թուրքիայի ջախջախման պլաններ, եթե վերջինս չդաշնակցեր Գերմանիայի հետ։ Թուրքիան պատրաստվում էր ԽՍՀՄ-ի հետ պատերազմին, բայց նրա մշակած պլանների մասին անձամբ ինձ ոչինչ հայտնի չէ։ Դա է վկայում այն, որ 2-րդ համաշխարհային պատերազմից դեռ շատ առաջ թուրքերն ակտիվորեն պաշտպանական հզոր ամրություններ էին կառուցում ԽՍՀՄ-ի հետ սահմանին, որոնք ես անձամբ եմ տեսել Թուրքիայում զբոսաշրջային ուղևորության ժամանակ։ Բացի այդ, ինչպես ինձ հետ ոչպաշտոնական զրույցներում, այնպես էլ ակադեմիայում իրենց ելույթներում ԽՍՀՄ-ի դեմ պատերազմական տրամադրություններ էին արտահայտում թուրքական բանակի նախկին ղեկավարներ մարշալ Չաքմաքը, կորպուսի գեներալ Գյունդուսը և այլ գործիչներ։ Նրանք ընդգծում էին, որ Ռուսաստանը Թուրքիայի վաղեմի հակառակորդն է։ Սակայն, վախենալով ԽՍՀՄ-ի ռազմական զորությունից, նրանք այն միտքն էին հայտնում, որ թուրքերը ռուսների դեմ պետք է պատերազմեն միայն այն բանից հետո, երբ կորոշվի Անգլիայի ու Գերմանիայի պայքարի ելքը, և հաղթող երկիրը հանդես կգա ԽՍՀՄ-ի դեմ, ինչում նրանք լիովին համոզված էին։ Հարկ է նշել, որ թուրքական կառավարող շրջանակներին և գեներալիտետին բնորոշ է Անգլիայի ու Գերմանիայի միջև խուսանավելու և սպասելու քաղաքականությունը, թե այդ տերություններից որը կհաղթանակի։ Ընդ որում, նրանցից մի քանիսը՝ Չաքմաքը, Գյունդուսը և ուրիշներ կողմնորոշվում էին դեպի Գերմանիան, այլք՝ Օմուրդակը, Օրբրայը և ուրիշներ՝ դեպի Անգլիան։ Այդ քաղաքականության հետևանքն այն փաստն է, որ, օրինակ, 1939 թ. Թուրքիան բարեկամության պայմանագիր էր կնքել Անգլիայի, 1941-ին՝ Գերմանիայի, 1944-ին՝ նորից Անգլիայի հետ։ Թուրքիայի քաղաքականության մեջ դեպի Անգլիա շրջադարձի պատճառով այն ժամանակ պաշտոնաթող են արվել գերմանասերները՝ ԶՈՒ գլխավոր հրամանատար, մարշալ Չաքմաքը և նրա տեղակալը՝ գեներալ Գյունդուսը, իսկ բանակի ղեկավար պաշտոններում նշանակվել են դեպի Անգլիա կողմնորոշված գեներալներ Օմուրդակը և Օրբրայը»։
Ընթերցողներին հայտնեմ, որ «Գերտրուդա» գործողությունը գերմանացիները չեղյալ են հայտարարել։ Իսկ Թուրքիան համբերատար սպասում էր, թե ինչով կավարտվի խորհրդա-գերմանական հակամարտությունը Ստալինգրադում։ Այնտեղ գերմանացիների պարտությունից հետո էլ ծնվեց Անգլիայի հետ բարեկամության երկրորդ պայմանագիրը 1944 թ.։ Հետո՝ ԱՄՆ-ի հետ։ Բայց Մաքս Բրաունը հաստատում է ամենագլխավորը. թուրքերը պատրաստվում էին պատերազմի ԽՍՀՄ-ի հետ, և բնական է, որ կհարձակվեին հենց Այսրկովկասով, այսինքն կփորձեին օկուպացնել Հայկական ԽՍՀ-ն։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքացիներ, մենք ընդհանրապես կծնվեի՞նք, եթե 1942-ին խորհրդային զորքերը ջախջախվեին Ստալինգրադում, և թուրքերը հանդես գային Գերմանիայի կողմից։ Ոչ ոք չի՞ մտածել այդ մասին։ Իզուր, մտածեք, քանի դեռ ժամանակ կա։ Եվ թույլ մի տվեք, որ «էդուարդաբրահամյաններն» ու «արապապյանները» հիմարացնեն ձեր ուղեղներն ու գիտակցությունը։
Վերջապես, 1992 թ. մայիսի 9-ը։ Բազմաչարչար Արցախը պատերազմի մեջ է։ Ողջ Հայաստանը, աշխարհի հայությունն Արցախին օգնության են շտապում։ Այդ ժամանակ իմ ենթագիտակցության մեջ ակամա պատկերվեց նմանությունը 1918-ի. հետ։ Հիշեցնեմ. Ղարաբաղի ազգային խորհուրդը հետևյալ պատասխանը տվեց կովկասյան թաթարների և անգլիական հրամանատարության վերջնագրերին. «Ղարաբաղի հայկական ազգային խորհուրդն ամբողջ կազմով, Ղարաբաղի բոլոր շրջանների հայկական զորքերի հրամանատարների հետ համատեղ, քննարկելով ադրբեջանական կառավարության կողմից Ղարաբաղում գեներալ-նահանգապետ նշանակելու փաստը, եկավ այն եզրակացության, որ հայկական Ղարաբաղը չի կարող հաշտվել նման փաստի հետ, քանի որ ադրբեջանական կառավարությունից կախումը, ինչ ձևով էլ այն դրսևորվի, հայ ժողովուրդը համարում է անընդունելի այն բռնության և իրավունքների այն ոտնահարման պատճառով, որոնց հայությունն ընդհուպ մինչև վերջին ժամանակներս ադրբեջանական կառավարության կողմից ենթարկվում էր ամենուրեք, որտեղ իր բախտը կապել էր այդ կառավարության հետ։ Ելնելով այն բանից, որ բրիտանական հրամանատարության կողմից հայկական Ղարաբաղը, մինչև խաղաղ կոնֆերանսում հարցի լուծումը, ճանաչվել է ոչ ենթակա որևէ պետության, մասնավորապես հատկապես Ադրբեջանին, ազգային խորհուրդը հայկական Ղարաբաղի համար ընդունելի կառավարման միակ ձև է համարում անգլիացի գեներալ-նահանգապետի նշանակումը։ Ինչի մասին էլ առաքելությունը խնդրում է միջնորդել անգլիական բարձրագույն հրամանատարության առջև»։ Ով ինձ չի հավատում, թող կարդա աղբյուրը. «Լեռնային Ղարաբաղը 1918-23 թթ.։ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու»։ Երևան, 1992, էջ 93, փաստաթուղթ N59։
Բայց 1992 թ. մայիսի 9-ից հետո մենք այդ օրն անվանում և անվանելու ենք «ազգային եռատոն»։ Միայն դավաճանները չգիտեն, որ 1941-45 թթ. զոհվածների, հետևաբար Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերի ու նախապապերի հիշատակը մեծարելու հետ մեկտեղ հայրենասեր հայերն այդ օրը նշում են նաև Շուշիի ազատագրման օրը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։ Դա նաև 1991-94 թթ. պատերազմում զոհված մեր եղբայրների ու քույրերի հիշատակի օրն է, երբ մենք հիշում ենք նաև մեր այնպիսի զոհված հայրենասերներին, ինչպիսիք են Լեոնիդ Ազգալդյանը, Արթուր Մկրտչյանը, Աշոտ Ղուլյանը (Բեկոր), Կարո Քաղքեջյանը (Սպիտակ արջ), Յուրա Պողոսյանը, Մոնթե Մելքոնյանը և շատ ուրիշներ։ Մենք մեծարելու ենք բոլոր նրանց, ովքեր անցել են այդ պատերազմը և մնացել կենդանի, ապրում են մեր շրջապատում։ Եվ միշտ հիշելու ենք այն շատ տարբեր ու հակասական տարիները։ Բայց՝ ազգային հույսի տարիները։


1918 թվականից մենք թշնամուն հաղթում ենք մայիսին։ Հավատում եմ, որ միշտ կլինի այդպես։ Մեր մայիսյան հաղթանակների քաղաքական նշանակությունն անգնահատելի է։ Բայց այդ մասին պետք է ոչ միայն հիշել, այլև միշտ բարձրաձայն ասել, որպեսզի ոչ ոքի մեջ կասկած չառաջանա, թե հանուն ինչի են կռվել ու զոհվել հայերը 1918-ին, 1941-45-ին, 1991-94-ին։ Եվ որպեսզի հայերի մեջ չլինեն մոռացկոտ ու հայրենամերժ մանկուրտներ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao