Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին
22.05.2019 | 12:35

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ըստ նրա՝ այդ բարեփոխումները Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են, քանի որ Հայաստանի քաղաքացիները չեն վստահում դատարաններին։ «Ես կարծում եմ, որ արդարադատության համակարգի խոր և համապարփակ բարեփոխումը կենսական նշանակություն ունի ձեր ապագայի համար: Անցած տարիներին ԵՄ-ն ֆինանսավորել է անկախ հետազոտություններ, որոնք ցույց են տվել՝ մեծ թվով հայաստանցներ չեն վստահում իրենց դատարաններին: Այսօր հրապարակել ենք ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին զեկույցը, որտեղ, հղում կատարելով այլ ինստիտուտների, նշվում է՝ Հայաստանը այս առումով խնդիրներ ունի: Դուք բարեփոխումների կարիք ունեք հանրային վստահությունը վերականգնելու համար, - հայտարարեց դեսպանը:- Այս բարեփոխումները պետք է կատարվեն Սահմանադրությունը, Հայաստանի միջազգային՝ այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև մեր փոխադարձ հանձնառությունները հարգելով»:


Հաստատելով ԵՄ պաշտոնական տեսակետը՝ Սվիտալսկին ասաց՝ պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել բարեփոխումների իրականացման համար.«Ես այսօր կարող եմ հաստատել, որ Եվրամիությունը պաշտոնապես պատրաստ է աջակցել դատական համակարգի խոր և համապարփակ բարեփոխումներին՝ տրամադրելով տեխնիկական, ֆինանսական աջակցություն: Ես փակագծեր բացեմ՝ խոսքը առարկայական ֆինանսական աջակցության մասին է։ Վարչապետի երեկվա հայտարարությունը մենք ընկալում ենք որպես շատ ուժեղ հանձնառություն, մենք ոչինչ չենք պարտադրում, բայց Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ նրանք կարող են մեր օգնության վրա հույս դնել»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դատական համակարգի բարեփոխումներին նվիրված խորհրդակցությանը հայտարարեց՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Փաշինյանն այդ նպատակին հասնելու 5 քայլ ներկայացրեց, որոնց թվում՝ դատավորների վեթինգը: Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները չեն վստահում դատարաններին, Եվրամիության դեսպանը, հղում անելով նույն զեկույցին, պատասխանեց՝ պատճառները շատ են․«Դատարաններին չվստահելու երկու հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան էր նախկինում և մյուսը` քաղաքական կախվածությունը»: ԵՄ դեսպանի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ արդարադատության բարեփոխումների քաղաքականության մշակման երկխոսություն են սկսել, և խրախուսում ենք կառավարությանը բարեփոխումների մշակումն իրականանցնել՝ հիմնվելով քաղհասարակության, արդարադատության ինստիտուտների, իրավագետների, բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության վրա: ԵՄ դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի քաղաքացիներին իրենց կյանքն ավելի լավը դարձնելու գործում։

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ