Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին հորդորել է եվրոպացիներին «թիկունք դարձնել» աջ արմատականներին: ԵՄ-ի երկրներում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների շրջանում զգալիորեն իջել է վստահության մակարդակը հանրակցության և նրա ինստիտուտների նկատմամբ: Միաժամանակ կտրուկ ուժեղացել է քաղաքական այն ուժերի ակտիվությունը, որ հանդես են գալիս ազգայնական և հակագլոբալիստական դիրքերից: «Ընտրությունների օրը կարելի է օգտագործել այն վտանգին թիկունք դարձնելու համար, որը բխում է աջից», - չորեքշաբթի Յունկերի խոսքը մեջբերել է Politico-ն: Ավելի վաղ Յունկերն ասել է, թե որ կուսակցությունները կարող են իրենց հիրավի ժողովրդական անվանել: ԵՄ-ի գործադիր կոլեգիայի ղեկավարի կարծիքով, «դուք ժողովրդական կուսակցություն եք, եթե ստանում եք ընտրողների ձայների 30 տոկոսը, դրանից պակասի դեպքում դուք պարզապես կուսակցություն եք»: Դիտորդների կարծիքով՝ Յունկերը ցանկացել է ընտրողներին համոզել՝ քվեարկելու ԵՄ-ի առաջատար քաղաքական ուժի՝ ԵԺԿ-ի օգտին, որը նա ինքը ներկայացնում է: Եվրախորհրդարանը ԵՄ-ի միակ ընտրովի ինստիտուտն է: Միավորված Եվրոպայի, ներառյալ ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի, 430 մլն քաղաքացիներ պետք է ընտրեն ԵԽ-ի 751 պատգամավորների: