Amadinda
 

Ադրբեջանական զորավարժությունները և հայկական ցնցումները

Ադրբեջանական զորավարժությունները և հայկական ցնցումները
23.05.2019 | 12:53

Ադրբեջանը սկսել է այս տարի երրորդ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որ շարունակվելու են մինչև մայիսի 24-ը: Զորավարժությունները ղեկավարում է ՊՆ նախարար Զաքիր Հասանովը՝ նախագահ Իլհամ Ալիևի հաստատած ծրագրով: ՊՆ-ի տեղեկություններով՝ զորավարժություններին մասնակցում են 10 000 զինծառայողներ, գործարկվելու են 150 միավոր հրանոթներ, տարբեր տրամաչափի 200 հրթիռահրանոթային կայանքներ, համազարկային ռեակտիվ համակարգեր ու ականանետներ, 35 ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: «Զորավարժությունների ընթացքում մարտական կրակի տակ տարբեր զորանոցներում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային ու ռադիոէլեկտրոնային պայմաններում կատարվելու են համակցված գործողություններ տանկային, ավիացիոն, հրանոթային ռազմական ուժերի և մարտական այլ տարրերի»:

Նաև՝ «կմշակվեն դեսանտային ու հատուկ մանևրային ուժերի կիրառման գործողություններ հակառակորդի թիկունքի խորքում, հակահարվածի ու հարձակման անցնելու գործողություններ»: Այս զորավարժություններն անվանում են մասշտաբային: Թեպետ 2017-ի ապրիլին Բաքուն համանման զորավարժություններում ներգրավել էր 30 000 զինծառայողներ, 250 տանկ ու զինտեխնիկա, 200 հրթիռահրանոթային կայանքներ, հրանոթային կրակի ու ականանետների համակարգեր, 25 միավոր մարտական ավիացիա ու անօդաչուներ: Եվ՝ զորավարժություններն անցկացվում էին «մարտականին մոտ պայմաններում». Եվ դա՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ շփման գծում մթնոլորտը շատ լարված էր, ոչ մի օր չէր դադարում կողմերի հրաձգությունը: Իսկ հիմա՞: Կան լուրջ նյուանսներ: Նախևառաջ Բաքուն անոնսել է հակահարձակման, այլ ոչ հարձակման սցենար, թեպետ վերջերս հնչեցնում է ռազմական հռետորաբանություն Երևանի հասցեով: Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի զորավարժությունները, հայտարարեց, որ Բաքուն «խախտել է իր պարտավորությունները ԵԱՀԿ-ում, նախապես չտեղեկացնելով առաջիկա զորավարժությունների անցկացման մասին, որ չի նպաստում խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում՚: Նրա խոսքով՝ «այդ հարցը ԵԱՀԿ-ում բարձրացվելու է արդեն վաղը՚: 2011-ին Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ զորավարժությունների մասին պետք է տեղեկացնել, եթե ներառում են նվազագույնը 9000 մարդ, 250 տանկ կամ 500 մարտական մեքենա, 250 ինքնագնաց ու հրանոթների քարշակներ, ականանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ադրբեջանը նախկինում էլ անեսսում էր այդ կարգը՝ պատճառաբանելով, որ Հայաստանն ինքը խախտում է Վիեննայի փաստաթղթի դրույթները՝ ԵԱՀԿ-ին տեղեկություններ չհաղորդելով «Ադրբեջանի գրավյալ տարածքներում՚ տեղակայված մարդուժի ու զինտեխնիկայի թվաքանակի մասին: Նաև՝ չի տեղեկացնում այդ տարածքներում անցկացվող զորավարժությունների մասին, թաքցնում է ուժերը Վիեննայի փաստաթղթով նախատեսված տեսչական ստուգումներից: Բաքվի ու Երևանի այդ դիվանագիտական լեզվակռվին բոլորն արդեն վաղուց ընտելացել են: Փաստ է, որ Ալիևի ու Փաշինյայի Վիեննայի հանդիպումից առաջ Բաքուն անցկացնում էր զորավարժություններ, որ Երևանում գնահատվեց իբրև ադրբեջանական կողմի ճնշում: Այդ ժամանակ Երևանում կայացավ բանակի հրամկազմի հետ փակ հանդիպում: Փաշինյանն այդ պահին բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղաի կոնֆլիտի կարգավորման բանակցություններում Ստեփանակերտի պարտադիր մասնակցության դրույթը՝ իբրև առանձին կողմ: Ադրբեջանն այդ գաղափարը չընդունեց, բայց և զորավարժությունները Երևանի վրա սպասելի տպավորությունը չթողեցին: Հիմա, կարծես, իրավիճակն այլ է: Գուցե զուտ պատահականություն է, բայց Ադրբեջանում զորավարժությունների սկիզբը ժամանակագրորեն համընկնում է Հայաստանում քաղաքական ճգնաժամի տարրերի ի հայտ գալու հետ, որ դիտարկվում է մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վճռի ընդունումից հետո: Քոչարյանի հակառակորդները պահանջեցին նրան նորից կալանավորել՝ հակառակ դեպքում սպառնալով քաղաքացիական անհնազանդությամբ: Թեպետ, սպասված, «հեղափոխական էկզալտացիան՚ այդպես էլ չկայացավ: Գուցե պատահական չէ, որ այդ պահին Բաքվի որոշ թերթերում հայտնվեցին հրապարակումներ «Փաշինյանին այլևս հետաձգում չի տրվի՚ տիպի վերնագրերով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման նախապատրաստման ակնարկներ էին պարունակում: Տեսականորեն՝ ադրբեջանական բանակի զինավարժություններին զուգահեռ Հայաստանում ու Արցախում նոր ներքին դիմակայություն ստեղծելը չափազանց վտանգավոր է: Թեպետ ուղղակի կապ այդ երկու իրադարձությունների միջև չկա: Միևնույն ժամանակ՝ հայկական «Փաստ՚ թերթի տվյալներով՝ Փաշինյանը անցկացրել է փակ խորհրդակցություններ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի ու Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ և քննարկել է Ադրբեջանի զորավարժությունների հետ կապված հարցեր, որ թերթի գնահատականով «ռիսկային են՚: Թերթի տվյալներով՝ այդ հանգամանքով ու բողոքական ակցիաների մասնակիցների սակավաթիվությամբ է պայմանավորված փաստը, որ Փաշինյանը փոխեց հռետորաբանությունը և «էյֆորիկ ու ագրեսիվ հայտարարություններից ու կոչերից անցավ առավել կառուցողական դաշտ»: Ի՞նչ է դա նշանակում:

Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ինչ էլ դա նշանակի, չի նշանակելու Ռոբերտ Քոչարյանի վերադարձ: Նրա գնացքը ոչ միայն գնացել է, այլև՝ վերացել: Ինչ զանգեր ունամակներ էլ Ռոբերտ Քոչարյանը ստանա իր նախկին գործընկերներից, ինչ ճնշումներ էլ Հայաստանի վրա գործադրեն «ռազմավարական՚ դաշնակիցները, Հայաստանում այլևս երբեք չի կարող վերականգնվել ստի, վախի ու դավաճանության, քաղաքական ուժերի այլասերման կամ մարգինալացման, տնտեսական լծակների սեփականացման կամ ռուսաֆիկացման քոչարյանական ռեժիմը: Նրա ժամանակը սպառվել է: Ռոբերտ Քոչարյանը պայքարում է ու պայքարելու է մինչև վերջ իր ազատության ու ունեցվածքի պահպանության համար ու մի վերջին անգամ փորձելու է խառնել քաղաքական դաշտն ու ամբողջ երկիրը իր սակրալ խնդիրները լուծելու համար: Ապարդյուն: Նրան սպասում են միայն իր վարձավճարված կողմնակիցները, իսկ երբ վերջանա փողը, կվերջանա և Ռոբերտ Քոչարյանը: Բաքվի զորավարժությունները ուժի ցուցադրում են՝ հրադադարի ռեժիմի պահպանմանը զուգահեռ՝ «Չկարծեք՝ հաշտվել ենք իրավիճակին, մենք պնդում ենք մեր սուբստանտիվը» ենթատեքստով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ