«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Այն, ինչ ասաց և արեց Փաշինյանը, սպառնում է Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությանը

Այն, ինչ ասաց և արեց Փաշինյանը, սպառնում է Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությանը
24.05.2019 | 02:03

Հայաստանի դատական համակարգն արդարադատության առումով, իրոք, լուրջ խնդիրներ ունի, կոռուպցիան արմատավորված է այդ համակարգում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ: Խիստ կասկածում եմ, թե Փաշինյանը, որպես լրագրող, դատավորների, դատարանների, ՀՀ դատական համակարգի վերաբերյալ այնքան քննադատական ու փաստարկված հոդվածներ գրած լինի, որքան ես, բայց հիմա խնդիրը դա չէ:


Խնդիրն այն է, որ դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու և, ընդհանրապես, համակարգը բարելավելու օրենսդրական, հարկ եղած դեպքում նաև սահմանադրական հնարավորություններ կան, սակայն Փաշինյանը դրանք թողած, ընտրեց արդեն սակավաթիվ յուրայիններին ոտքի հանելով դատարանների մուտքերը շրջափակելու, դատարանների բնականոն գործունեությանը խոչընդոտելու հակասահմանադրական ճանապարհը: Ինչո՞ւ… Տվյալ հարցին խոստացել էի անդրադառնալ թեմայի առնչությամբ իմ նախորդ՝ «Փաշինյանի քայլն անհարիր է պետության ղեկավարին» հրապարակմամբ:


Կառավարությունում մայիսի 20-ի իր ելույթով Փաշինյանն անազնիվ դատավորներից պահանջեց հրաժարական տալ: Այս հորդորը կամ պահանջը կատարման առումով այն աստիճանի անլուրջ է, անիրատեսական, որ նույնիսկ ծիծաղելի է: Հրապարակայնորեն հնչեցված հիշյալ պահանջից հետո ցանկացած դատավորի հրաժարական (նույնիսկ բոլորովին այլ պատճառով՝ առողջական, արտերկիր մեկնելու և այլն) հանրության կողմից ընկալվելու է այդ նույն դատավորի կողմից իր իսկ անազնիվ կամ կոռումպացված լինելու ինքնախոստովանություն: Դրանից հետո էլ ո՞ր դատավորը կգնա նման քայլի, կամ եթե նույնիսկ 1-2 բացառություններ եղան, դրանից ի՞նչ է փոխվում։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետն այսքանը չի՞ գիտակցում, ինչպե՞ս կարող է չգիտակցել։
Եվ ի՞նչ է անելու Փաշինյանն այն բանից հետո, երբ դատավորները հրաժարական չեն տա (ի դեպ, նրանցից մեկը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, արդեն հայտարարել է, որ եթե վարչապետը հրաժարական տա, ինքն էլ հրաժարական կտա: Անշուշտ, շատ դիպուկ է ասել): Դատարանների մուտքերը շրջափակելու, ներսուդուրս անելն արգելելու մեկանգամյա միջոցառումը դարձնելու է բազմանգամյա՞, ամենօրյա՞, անընդմե՞ջ, անժամկե՞տ՝ մինչև դատավորները ստիպված լինեն հրաժարական տալ: Էլի ստիպված չեն լինի: Աշխատավայր իրենց մուտքի արգելման միանգամայն հիմնավոր պատճառով պարզապես աշխատանքի չեն գա, կնստեն իրենց տներում և կստանան իրենց բարձր աշխատավարձերը, թեկուզ հարկադիր պարապուրդի դիմաց:


Ի՞նչ է՝ Փաշինյանը կկարգադրի չվճարե՞լ նրանց։ Շատ լավ, երբ դատավորները մի օր դատարան մտնելու հնարավորություն կունենան (իսկ շրջափակումը երևի նույնիսկ 1-2 ամիս չի կարող անընդմեջ շարունակվել), ավելի քան 200 դատավորներ զանգվածաբար դատի կտան ՀՀ վարչապետին, կառավարությանը կամ գանձապետարանին և շատ մոտ ապագայում դատը հաստատ կշահեն, ուշ թե շուտ, կստանան իրենց հասանելիք գումարը՝ բանկային տոկոսներն էլ հետը:


Եթե դատավորները մտածեն, որ ԴԱՀԿ ծառայությունը, վարչապետի ցուցումով, չի կատարելու դատարանների վճիռները կամ պատասխանող կողմն է հրաժարվելու ԴԱՀԿ ծառայության որոշումները կատարելուց, Վճռաբեկ դատարանում նախորդած դատարանի վճիռներն արհեստականորեն կբեկանեն և հայցվորների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություն կստեղծեն: Եվ որևէ կասկած չկա, որ ՄԻԵԴ-ը դատավորների բողոքները բավարարող որոշումներ կընդունի և ՀՀ կառավարությանը կպարտավորեցնի հսկայական գումարներ վճարել նրանց:
Սակայն միայն վերը նշվածը չէ, որ տեղի կունենա: Դատավորները կամ նրանց մեծ մասը, քաղաքական ընդդիմությունը միաժամանակ հաճույքով կհետևեն, թե հասարակության մեջ վարչապետի գործունեությունից արդարացի բողոք ու զայրույթ ունեցողների թվաքանակն ինչպես է գնալով աճում, քանի որ դատարանների մուտքերի շրջափակման ու դատարանների աշխատանքի դադարեցման պատճառով բազմահազար մարդիկ կտուժեն: Բացի այդ, ֆինանսապես կտուժի նաև պետությունը (բազմաթիվ բռնագանձումներ կմնան օդում կախված) և իր վճարային պարտավորությունները կատարելու դժվարություններ կունենա:
Չեմ կարծում, թե ՀՀ վարչապետն այս ամենը չի հաշվարկել, նկատի չի ունեցել ու չի հասկացել, որ դատարանների շրջափակման իր անհեռանկար նախաձեռնությամբ չի կարող հասնել դատավորների ոչ հրաժարականի, ոչ դատական համակարգում կոռուպցիայի վերացման, դրա մակարդակի էական նվազման, կամ, ընդհանրապես, դատական համակարգի բարելավման, ոչ էլ հասարակության վստահությունը վայելող դատական համակարգի ձևավորման (եթե սխալվում եմ, այսինքն՝ Փաշինյանը չի հասկացել վերոնշյալը, ուրեմն շատ ավելի վատ նրա և այդպիսի ղեկավար ունեցող երկրի համար): Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ դեպքում, այսինքն՝ հասկանալով իր նախաձեռնության նույնիսկ հակասահմանադրական լինելու գնով դատարանների մուտքերը շրջափակելու անպիտան, անհեռանկար լինելը մայիսի 20-ի իր ելույթում հայտարարված նպատակներին հասնելու առումով, վարչապետն ինչու՞ գնաց այդ քայլին։
Եթե փորձենք գտնել վերոնշյալ հարցի պատասխանը, ապա պետք է ուշադրության առնենք այն բոլոր վարկածները, որոնք, կարծում եմ, գոյության իրավունք ունեն:


ՎԱՐԿԱԾ ԱՌԱՋԻՆ. ինչ էլ որ ասաց Փաշինյանը մայիսի 20-ի իր ելույթում, որքան էլ փորձեց «կռուտիտներ» անել, անժխտելի փաստ է, որ նա դատարանների մուտքերի շրջափակման քայլին գնաց անմիջապես այն բանից հետո, երբ դատավորը կամ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխեց Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այսինքն՝ վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությամբ այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդված):


Միանշանակ է, որ դատարանն իր վերոնշյալ քայլով եթե ՀՀ օրենսդրության որևէ պահանջի խախտում է թույլ տվել, ապա միայն այն առումով, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ոչ թե պետք է փոխարիներ անձնական երաշխավորությամբ, այլ ընդհանրապես վերացներ, խափանման որևէ միջոց չկիրառեր, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի համաձայն, «Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման», եթե «քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը»:


Ընդգծենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը նրա գործով դատավարության նախորդած ընթացքում չի հիմնավորվել, սակայն փաստ է նաև այն, որ դատարանի հիշյալ որոշումից հետո Նիկոլի վկաների կողմից դատավորի նկատմամբ սկսվեց վիրավորանքների, հայհոյանքների տարափ ու բացահայտ ճնշում դատարանի նկատմամբ: Եվ սա՝ չնայած նրան, որ բոլորն էլ հասկանում էին ու հասկանում են, որ խափանման միջոցի փոփոխությունը բնավ չի նշանակում մեղադրյալին ազատ արձակել, ու եթե վերջինս հանցանք է գործել ու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Քոչարյանի մեղքն ապացուցվի, նա դարձյալ հայտնվելու է անազատության մեջ, քրեակատարողական հիմնարկում:


Մեղադրյալին ազատ արձակել չի նշանակում նաև դատարանի որոշման 2-րդ մասը, որով քրեական գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է, դիմվել է Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի («Սահմանադրական կարգը տապալելը») սահմանադրականության, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզելու խնդրով:


Վերոնշյալի համատեքստում միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանի հակասահմանադրական քայլը միտում ունի Քոչարյանի հանդեպ իր քաղաքական վրիժառության շրջանակում ճնշում գործադրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի ու նշված դատարանի վրա, ահաբեկել դատավորին, ինչպես նաև վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների դատավորներին, որոնցից ցանկացածի մոտ առաջիկայում կարող է հայտնվել Քոչարյանի գործը: Այս պարագայում որպեսզի դատարանների մուտքերը շրջափակելու իր նախաձեռնության բուն նպատակն ակնհայտ չլինի, ինչ-որ կերպ քողարկվի, կարելի է հասկանալ, թե Փաշինյանն ինչու կոչ արեց շրջափակել ոչ թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի կամ, ընդհանրապես, նշված դատարանի բոլոր նստավայրերի, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների մուտքերը, այլ, ընդհանրապես, ՀՀ բոլոր դատարանների մուտքերը՝ իբր թե դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու, ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգի ձևավորման հասնելու նպատակներով, որոնց մասին հայտարարեց հաջորդ օրը:


Իրականությանն այս վարկածի համապատասխանության պարագայում լիովին հասկանալի է նաև ճնշման, ահաբեկման, շանտաժի միջոցով դատավորներին հասցեագրված «մեսիջի» իմաստը՝ եթե Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու, վարույթը կասեցնելու և Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը պարզելու նպատակով ՍԴ դիմելու միանգամայն օրինական որոշման համար գնացի հանրապետության բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու և դատավորների հրաժարականը պահանջելու քայլին, ապա պատկերացրեք, թե ինչ կամ ինչեր կանեմ, եթե հիշյալ դատարանը հանկարծ, անկախ ամեն ինչից, Քոչարյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ չկայացնի:
Ընդգծենք նաև, որ անկախ ՀՀ վարչապետի նպատակից, նրա մայիսի 19-ի հայտարարությունը և հաջորդ օրը ՀՀ դատարանների մուտքերի շրջափակումը բացահայտ ճնշում էին հայաստանյան դատարանների, դատավորների, ՀՀ ողջ դատական համակարգի վրա, ինչը չի կարող իր հետևանքները չունենալ։


ՎԱՐԿԱԾ ԵՐԿՐՈՐԴ. հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունից հետո Փաշինյանի յուրայինների և հասարակության՝ վարչապետին դեռ համակրող շրջանում ոմանց կամ շատերի մոտ դժգոհություն առաջացավ նրա նկատմամբ: Շատ մարդիկ սկսեցին մտածել ու հրապարակայնորեն արտահայտվել, որ Փաշինյանն այլևս իրավիճակի տերը չէ և ունակ չէ կառավարելու, սկսեցին կասկածել նրա կարողություններին: Բացառված չէ, որ ՀՀ վարչապետն իր հիշյալ հակասահմանադրական քայլով փորձեց իրենից դժգոհ, իր կարողություններին արդեն կասկածող այդ շրջանակին ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ երկրի հզոր վարչապետը և իր կամքին ընդդիմանալու, իշխանության դատական թևի կողմից իր համար անընդունելի դատական ակտերի կայացման պարագայում ունակ է գնալու ծայրահեղ քայլերի: Ի դեպ, այս դեպքում վարչապետի արարքին թեև կարելի է և կարեկցանքով կամ «ըմբռնումով» մոտենալ, սակայն խոսքը դարձյալ, անկախ նպատակադրումից, ՀՀ դատական համակարգի նկատմամբ ճնշման, հակասահմանադրական և հակաօրինական գործողությունների մասին է:


ՎԱՐԿԱԾ ԵՐՐՈՐԴ. կա նաև վարկած, որ վարչապետը իր արագորեն կորսվող հասարակական վստահության ու դիրքերի սասանման պայմաններում ՀՀ դատական համակարգի վրա ճնշում գործադրելուց բացի, մայիսի 19-ի իր հակասահմանադրական կոչով, կառավարությունում մայիսի 20-ի ելույթով և ոստիկանության կողմից (ո՞ւմ պարզ չէ, որ հենց իր հրահանգով) Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ կատարված հայտնի գործողությամբ փորձում է երկրում միմյանց նկատմամբ կործանարար ատելություն ու ներքին բախումներ հրահրել: Առնվազն ցանել ներքին բախումների սերմերը (դա հենց այն շատ քիչ բաներից մեկն է, որն ամենաակնառու կերպով ստացվում է հասարակությանը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանած «թավշյա հեղափոխականների» մոտ), ինչպես նաև նպաստել քայլականներից կամ «թավշյա հեղափոխականներից» ոմանց ջանքերով հայաստանցիների և արցախցիների միջև լարվածություն առաջացնելու փորձերին:


Վերոնշյալի մասին է թերևս հուշում նաև Փաշինյանի մայիսի 20-ի ելույթում դատական համակարգից բացի, դրա հետ բացարձակապես անկապ արցախցիների հետ կապված հարցի արծարծումը, 2016-ի ապրիլյան իրադարձությունները քննելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու հաթաթան, ինչպես նաև ներքին բախումների, անկայունության պատճառով հօգուտ Ադրբեջանի տարածքային կորուստների դեպքում մեղքը կանխավ իրենից վանելու և ուրիշների վրա բարդելու անշնորհք փորձը: Բնականաբար, հարց է առաջանում. եթե վարչապետը 2016-ի ապրիլյան իրադարձությունների հետ կապված ինչ-ինչ կասկածներ ունի և ազնիվ է, ապա հիշյալ հանձնաժողովի ստեղծման մասին ինչու՞ ավելի վաղ չէր խոսում, այլ սկսեց խոսել միայն Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտնի միջնորդությունից հետո:


Պատահական չէ, որ հենց Փաշինյանի վերոնշյալ ելույթից հետո հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ասաց՝ «Նույն Վիտալի Բալասանյանը, էլի եմ ասում, թող ձեռը տանի գրպանը, մի հատ փող հանի, նայի տեսնի ում փողն ա, աշխատավարձ ստանալուց հարց տա՝ իսկ ով ա՞ վճարում իրան այդ աշխատավարձը, մենք ենք վճարում, Հայաստանի հարկատուներն ենք վճարում…»: Պնդելով, որ Արցախը Հայաստանի մարզ է ու դա հիմնավորելու համար որոշ մտքեր արտահայտելով, Պապյանը, իմ և այլոց տպավորությամբ, հակադրություն է առաջացնում հայաստանցիների և արցախցիների միջև: Իսկ «թավշյա հեղափոխականներից» ու Փաշինյանի աջակիցներից մեկ ուրիշի՝ Գեղամ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը («Մեռնեմ սռտիտ դուխով. ԲԱԿՈԻՆ ՎԻՏՈԻՆ ՌՈԲԻԿԻՆ ՍԵՌԺԻԿԻՆ ՍԱՄԱՍՈՒԴ ԿԱՆԵՆՔ ԻՐԱ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ»)՝ զետեղված Փաշինյանի ելույթի տեսագրության տակ ու, հետևաբար, ուղղված նրան, ոչ միայն ներքին թշնամանք, բախումներ, արցախցիների ու հայաստանցիների միջև լարվածություն առաջացնող է, այլև հանցագործություն կամ հանցագործության մասին հրապարակային հայտարարություն:
Եթե ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն քաղաքականացված չեն, պետությանը, նրա իրավակարգին, սահմանադրական կարգին ծառայելու փոխարեն, գործող վարչակարգի կցորդն ու ծառան չեն, ապա ՀՀ վարչապետի հակասահմանադրական հայտարարությունից հետո քրեական գործ հարուցված կլիներ առնվազն ՀՀ սահմանադրական կարգի տապալման փորձի կամ դրա դրդման, կազմակերպման հանցափորձի համար: Եթե ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն քաղաքականացված մարմիններ չեն, պետությանը, նրա իրավակարգին, սահմանադրական կարգին, ազգային անվտանգությանը ծառայելու փոխարեն, Հայաստանի ներկայիս վարչակարգի կցորդն ու շահերի սպասարկողը չեն, ապա Գեղամ Այվազյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը նրա համար քրեաիրավական տեսակետից անհետևանք չեն թողնի:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao