Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մտորումներ «Կայարանի» կառամատույցում

Մտորումներ «Կայարանի» կառամատույցում
24.05.2019 | 03:07

(Նախորդ մասը)

ԷՍՍԵ
«Կայարանի» քմահաճ սրճարանում է պետք ծանոթանալ «Մենք. գնացող ու անստույգ», «Մենք, բիթլզը, Հեմինգուեյն ու մեր գյուղը» (հեղինակ՝ Լիլիթ Գալստյան) և «Ձեռքով գրված նամակներ» (հեղինակ՝ Դավիթ Մուրադյան) էսսեներին:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Վստահ եմ, որ թարգմանական գրականության լիարժեք ըմբոշխման նպատակով անհրաժեշտ է ելնել կառամատույց, շրջել այնտեղ և ճանապարհել օտար եզերքներից ժամանող և երկրից հեռացող գնացքները:
Ահա Ռևազ Միշվելաձեն է իջնում գնացքից ու մեզ է նվիրաբերում «Հուդա» պատմվածքը:
Հետո ժամանում են Մահմուդ Դովլաբադին Իրանից՝ «Տղամարդը» պատմվածքով, ռուս հեղինակ Եշկիլև Վլադիմիրը («Կրակե փոքրիկ միստերիաներ»), լատիշ Քրիստինե ՈՒլբերգուն («Աստծո փոշիներ» և «Հիպոպոտամո»), ֆրանսիացի Նոեմի Շոբը («Կյանքի դրախտի մեջ»), իսպանացի Օրասիո Կիրոգան («Ադամանդը» և «Արհեստական դրախտ»): Ըմբոշխնում եմ լիուլի: Կան ծանոթ (Միշվելաձե, Կիրոգա) անուններ: Մյուսներն անծանոթ են և անսպասելիության շողքի տակ են հրամցվում: Ինչպես նախկինում, այս անգամ էլ նվաստիս գրական-գեղագիտական ցնցակաթվածի ենթարկեց մեծն Օրասիոն: Մի հեղինակ, որը յուրովի է հեղաշրջել համաշխարհային գրականությունը մինչև Գաբրիել Գարսիա Մարկեսի ներխուժումը գրական անդաստաններ: Սա, իհարկե, անձնական տեսանկյան դիտարկում է, որը կարող են չկիսել շատերը: Որքան ընթերցող, նույնքան էլ գրական նախընտրություն և... չմահավանություն:

ԴԱՍԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ
Հանդեսի անակնկալն է: Մարինա Ցվետաեւան գրել է Բորիս Պաստեռնակին: Երևելին մղվում է դեպի մյուս երևույթը: Արժե՞ գեթ դրվագել նամակը, մինչև նախանձախնդիր ընթերցողն այն հայտնաբերի: Թերևս արժե:
«Չէի ասի, որ իմ կյանքում Ձեր գոյությունն անհնար է: Իմ կյանքում Ձեզ շրջանցելն է անհնար, որ կողմ էլ դառնամ, լապտերն ինքը ցույց կտա: Ես կհմայեմ լապտերը»:

«Թե՛ «Կայարան» և թե՛ «Պաստեռնակի մոտ» գնալը նույնն էր: Ես ոչ թե կայարան, այլ Ձեզ մոտ էի գալիս: Եվ հասկացեք՝ երբեք ո՛չ դուրս այդ ասֆալտե վերստերից»:
«Եվ միշտ, միշտ, միշտ Պաստեռնակ, իմ կյանքի բոլոր կայարաններում, իմ ճակատագրի բոլոր լապտերասյուների մոտ, բոլոր ասֆալտապատ ճանապարհների երկայնքով, բոլոր «շեղ տեղատարափների*» տակ լինելու է դա. իմ կանչը, Ձեր գալը»:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ
Խոստովանեմ, բավականին «վախվորած» եմ մեր օրերի երիտասարդ գրական դեմքերի նկատմամբ: Գուցե հնարավոր հիասթափության տագնապն է պատճառը: Ավելի ստույգ՝ մի այլ հիմնավորում ունեմ. սպասում եմ նոր Հրանտ Մաթևոսյանի կամ Աղասի Այվազյանի բռնկմանը: Նրանք կարծես ուշանում են: Այո՛, հենց էսպես՝ «կարծես»: Որովհետև արձակ գիրը սկսնակ գրողի համար այն փորձաքարն է, որն ամեն պահ կարող է վերածվել գայթաքարի: Չէ՞ որ չափածոյում ներելի է շատ բան՝ տարաշխարհիկ ապրումը, ինքնաբուխ ներթափանցումը և այլն:
(Գուցե «Կայարանում» այսօր-վաղը ծնվելու է գալիք դասականը: Ինչո՞ւ գուցե, վստահաբար):
Եվ, ինչ խոսք, խիստ գնահատելի են և՛ Մկրտիչ Կարապետյանի, և՛ հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանի պարզած, իսկապես որ՝ հովանիները, որոնց ներքո հրապարակ են իջել 11 նորեկներ:

«ԿԱՅԱՐԱՆ» N3,
2014 ԹՎԱԿԱՆ
Սկիզբը վեպ է: Մերուժան Տեր-Գուլանյանի «Ընկած թուղթը» գործի մի հատվածն է տպագրվել:
«Ալիքվող, շագանակագույն մազերը ուսերի վրա թափված, զինվորական ձիգ քայլերով իշխանն անցավ գունավոր մարմարով նախշազարդ մեծ սրահը, որի վրա բազմաթիվ դռներ էին բացվում, և առանց հետ նայելու մտավ գրադարան»:
Հետո Ալեքսանդր Թոփչյանի «Ես այն տղան եմ» պատմվածքն է.
«Ո՛չ, թագավորը մերկ չէր... Ես այնտեղ էի, սեփական աչքերով տեսա... Նա մերկ չէր, նա արաբական բեհեզից և չինական մետաքսից կարված սքանչելի զգեստ էր հագել...»:
Հաջորդը Անահիտ Թոփչյանն է մտնում գրական հանդիսասրահ իր երկու պատմվածքով: Այնուհետև նախորդ համարից ծանոթ հեղինակների անծանոթ գործերն են և Արտոյի (Վարդան Հակոբյան) «Նոր Էդիպական» վիպակը:

«Քառասունի մոտ էր, գեղեցիկ, համաչափ դիմագծերով: Ռուսերենի դասախոս էր: Հրաշալի տիրապետում էր թե՛ հայերենին, թե՛ ռուսերենին: ՈՒսանողների սիրելին էր, շրջապատի տղամարդիկ էլ հատուկ վերաբերմունք ունեին նրա հանդեպ, և դա, ինչպես հաճախ է պատահում, չարացնում էր ընկերուհիներին, բայց Մարիամը ներողամիտ էր, սիրում էր ապրել Ավետարանի պատվիրաններով»: Սա մի դրվագ է Սեյրանուհի Գեղամյանի «Պատրանք» պատմվածքից:

Առհասարակ, «Կայարանում» բազմամարդ էր հյուրընկալ սպասասրահը: Թեև հանդեսի ծավալը չի գերազանցում միջին վիպակը, բայց տպավորությունն այնպիսին է, որ կարծես ծավալուն վեպի մեջ ես խորասուզվել: Տարբեր են և՛ հայ, և՛ օտար հեղինակները թե՛ խոսքի պրկման ուժով, թե՛ ներկայացվող աշխարհի աշխարհիկ և հոգևոր հակամարտությունների «գրկախառնությամբ», որոնց կիզակետում մարդն է: Հայ մարդը, շվեդը, ռուսը, վրացին և անգլիացին... մարդը:

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Նանեն է հրապարակում իր «Խաղաղություն Ձեզ» նյութով, ուր աշխարհի անհայտ կառավարիչների հանրահայտ դավերն է ի ցույց դնում: Կարծես թե քաջ հայտնի ճշմարտություններ են, այո՛, աշխարհի թաքնախորհուրդ կառավարիչները Երկիր մոլորակը վերածել են խամաճիկների թատրոնի և ուղենշում են մարդկության ապագան՝ համաձայն իրենց դիվահար հավակնությունների: Որքան կռահեցի, Նանեի խոսքը ներքին ահազանգ է հայերիս, որ վերջապես կառուցենք Հայկական պետությունը և դիմակայենք աշխարհի հայտնի և անհայտ դավադրություններին:
Միաժամանակ հեղինակը ենթատեքստում ներկայացնում է այն իրավիճակը, որում դեգերում է ձևով անկախ, բովանդակությամբ, սակայն, կախյալ 3-րդ Հանրապետությունը:

ԷՍՍԵ
Էսսեն պահանջում է խոհեմ ունկնդրում և անհրաժեշտ է կայարանում հարմար մի պատշգամբ գտնել և այնտեղ համապատասխան բոհեմիկ միջավայր կերտել... կոնյակն է այստեղ տեղին, թունդ սուրճն ու կիտրոնը: Էսսեագիրները երեքն են՝ Մանասեն, Խորենը Գասպարյան և Վարդանը Ֆերեշեթյան:
«Պլուտարքոսը երկու իմաստով է դեմոնը օգտագործում՝ որպես մեռյալների հոգի և որպես հանճար»: Սա տող է Մանասեի «Դանթեն իջնում է Տրոփինոսի քարայրը» («Դժոխքի» վերընթերցում) էսսեից:

«…Քունը ծանրացրեց կոպերս: Ձայների, գույների, բույրերի, համերի, պատկերների պատառիկներ սկսեցին պտտվել ուղեղումս: Գիտակցությունս կիսով չափ մասնակից էր այդ ամենին. հետաքրքիր էր հետևել քաոսի ընթացքին, բայց նաև՝ ահավոր դժվար»:
Սա է գրել Խորեն Գասպարյանն իր «Ձախ կիսադեմի սպին» (Բորխեսը և ես) էսսեում:

Վարդան Ֆերեշեթյանը «Բանաստեղծության քերականությունը» (Դավիթ Անհաղթ) էսսեում խորագետ ընթերցողին պակաս չի հիացնում գրավոր մտքի փայլաշողով. «Կարդացեք Ստեփանոս Սյունեցու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Սարկավագի, Վահրամ Րաբունու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու, Առաքել Սյունեցու, մեր քերականների և դեռ շատ այլոց երկերը, և դուք կտեսնեք դրանց վրա ուրվագրվող Դավիթ Անհաղթի հուժկու ստվերը, ինչը բնավ չի նսեմացնում դրանց յուրահատկությունն ու արժեքը, այլ հար ծավալում է թաքուն իրականության ակներևությունը»:
«Քերականները»... բնավ պատահական չէ, որ գրված է գլխատառով: Քանի որ գլխատառային խնդիրներ են շոշափվում այս և նախորդ երկու հեղինակի էսսե-երկերում:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
2014-ին հանդեսը ութ հեղինակի է թարգմանել և հրամցրել իր կրթյալ, բանիմաց, անշուշտ նաև պահանջատեր ընթերցողին: Պահանջատեր, զի հավերժին միտված գրական քարագրմանը սովոր մարդուն անհնար է միջակության շորշոփով շաղախված կիսաեփ հաց մատուցել: ՈՒթ հեղինակ, որոնց հետ նախ ծանոթացա, հետո դարձա նրանց գնացքի ուղևոր ու փոխադրվեցի երկրից երկիր, հանգրվանեցի զարմանալիորեն խորհրդապաշտական կայարաններում և դեգերեցի մեծ քաղաքների նախերգանք կայարաններում:
Շվեդիա. «Ջեշթին Սթրյոմ» և «Այդ ես կլինեի»: Կայարանապետ՝ Ենս Լապիդուս:
Ռուսաստան. «Նախաճաշի ֆենոմենոլոգիան»: Կայարանապետ՝ Նադեժդա Վենեդիկտովա:
Ռուսաստան «Քնքուշ հասակ»: Կայարանապետ՝ Անդրեյ Գերասիմով:
Իրան. «Գիլեմարդը»: Կայարանապետ՝ Բոզորդ Ալավի:
Վրաստան. «Մինչ գնացքի ժամանելը»: Կայարանապետ՝ Կվիրտիս Բաջո:
Վրաստան. «Պառավը և տղան»: Կայարանապետ՝ Քորխուլի Բեքա:
Անգլիա. «Վիլլին»: Կայարանապետ՝ Էդգար Լորենս Դոկտորով:
Ռումինիա. «Մարդկային հիմարությունը»: Յան Կրեանգ:

ԿԱՅԱՐԱՆ N4.
2015 ԹՎԱԿԱՆ
Անակնկալ համար է: Ծայրեծայր ասպարեզը գրավել և իրենց գրական տքնանքն են հրամցնում հայ արդի գրական այրերն ու տիկնայք: Քսանմեկ անուն, երեսուներեք ստեղծագործություն: Անսպասելի (միաժամանակ գրավիչ) էր Կարինե Խոդիկյանի «Լուսանկար» պիեսը, որը, համաձայն հեղինակի խոստովանության, գրվել է որպես սցենար, Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանվելիք մրցութային ֆիլմի համար: Մրցույթը, սակայն, չի կայացել, սցենարը դարձել է պիես և իր պատվո տեղն է գտել կայարանի կառամատույցում:
Անկասկած, սա պարտավորեցնող համար է: Ցեղասպանությունը երկրորդ և երրորդ սերնդի հայ հեղինակների մտոք վերապրվում է նորովի, ի վերջո անցել է հարյուր տարի: Կան նաև ոչ ցեղասպանության թեմաներով գրված արձակ ստեղծագործություններ:
(շարունակելի)

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ