Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նուր Սուլթանի անակնկալները

Նուր Սուլթանի անակնկալները
30.05.2019 | 08:57

Ղազախստանը բարդ երկիր է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ-ղազախական հարաբերությունները երբեք էլ բովանդակային չեն եղել: Գուցե տարածությունն է պատճառը, գուցե մենթալիտետի տարբերությունները, բայց փաստացի՝ ոչ Հայաստանն է զգացել Ղազախստանի աջակցությունը, ոչ Ղազախստանը՝ Հայաստանի: Սովորական պաշտոնական հարաբերություններ են եղել, սովորական համագործակցություն: Ղազախստանը փորձում է Կենտրոնական Ասիայում կենտրոնական դեր ունենալ և համագործակցում է թե ԵՄ-ի, թե Չինաստանի, թե Ռուսաստանի հետ՝ ապահովելու տնտեսության զարգացումն ու նրանց քաղաքական չեզոքությունը իր ներսում ծավալվող իրադարձություններին: Ղազախները բոլորի հետ պահպանում են արտաքուստ հարգալից հարաբերություներ, իրականում ունեն իրենց բացահայտ գերակայություններն ու գործում են այդ ուղղությամբ: Անթաքույց: 2016-ին Հայաստանի նկատմամբ բուն վերաբերմունքը ի ցույց դրեցին ՀԱՊԿ-ի բոլոր պետությունները, այդ թվում՝ Ղազախստանը, որ քառօրյա պատերազմում բացահայտ աջակցում էին ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանին, զանգում ու հետաքրքրվում Իլհամ Ալիևի ինքնազգացողությամբ: Նույնն է իրավիճակը ԵԱՏՄ-ում: Տևական ժամանակ Ղազախստանը փորձում էր ԵԱՏՄ բերել Ադրբեջանին: Բաքվի պայմանը Ղարաբաղի հարցի սուբստանտիվ լուծումն էր: Ղազախստանը անակնկալ մատուցեց, երբ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց՝ իշխանությունը փոխանցելով Կասիմ Ժոմարտ Տոկաևին: Փաստացի՝ այսօր էլ նա է իրական նախագահը, թեպետ ձևականորեն հեռացել է նախագահական պալատից ու նույնքան ձևականորեն նշանակված են նախագահական ընտրություններ:


Եվ այդ երկիր ու այդ մարդկանց հանդիպելու էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի հնգամյակի գագաթաժողովին մասնակցելու: Ու ոչ միայն մասնակցելու, այլև՝ նախագահելու: Նա հանդիպեց Ղազախստանի իրական ու ձևական նախագահների հետ, ստացավ բարեկամության ու համագործակցության խորացման առաջարկներ: Համարենք՝ անկեղծ:
Երեկ Նուր Սուլթան ՀՀ վարչապետի այցի մասին հակասական տեղեկություններ էին պտտվում՝ ընդհուպ, որ նա այցն ընդհատել է ու վերադառնում է Երևան՝ չմասնակցելով պաշտոնական ճաշին ու հայ համայնքի հետ հանդիպմանը: Ժամեր անց միայն, արդեն ինքնաթիռից վարչապետի մամուլ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքեց այդ տեղեկություններն ու հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի հետ և մասնակցել պաշտոնական ճաշին։


Ինչու՞ պիտի Նիկոլ Փաշինյանը հեռանար Նուր Սուլթանից՝ ընդհատելով այցը:
Երեկվա մեջ մի քանի անգամ հայտարարվեց ու հերքվեց, որ ԵԱՏՄ-ի հնգամյակի առիթով մեդալներ են բաժանվել: Իվերջո՝ պարզվեց՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովին: Չափազանց տարօրինակ է, որ մեդալից զրկվել է Նուրսուլթան Նազարբաևը, որ եվրասիական տնտեսական միության կնքահայրն է: Մեդալ չի ստացել նաև Նիկոլ Փաշինյանը: Պարզվեց նաև՝ ՀՀ վարչապետը պատասխանել է լրագրողների մեկ-երկու հարցի՝ ըստ Factor.am-ի և չստացած մեդալի մասին ասել է. «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը»: Իսկապես՝ մի քիչ չէ, շատ տարօրինակ կլիներ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ բարքերը: Բայց խնդիրը անձը չէ, այլ՝ պետությունը: Այս պարագայում մեդալազրկվել է Հայաստանը, ոչ թե ՀՀ վարչապետը.իսկ դա վերաբերմունք է երկրի նկատմամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նուր Սուլթանում չի կայացել նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը, թեպետ անոնսվել էր, որ մայիսին ու հունիսին ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը հանդիպելու են: «Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Իբրև փոխհատուցում երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովին, և ֆորումի շրջանակում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը։

Դիտվել է՝ 2124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ