Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ի ապագան եվրասիական ինտեգրումն է

ԵՄ-ի ապագան եվրասիական ինտեգրումն է
30.05.2019 | 12:32

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս հայտարարեց, որ այլևս չպետք է կառչել Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված համոզմունքներին: ԵՄ-ն պետք է վերակառուցվի՝ դիմակայելու Չինաստանի. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մարտահրավերներին: Մերկելի հայտարարությունը վկայում է Գերմանիայի անկայունությունն ու ռազմավարական անորոշությունը. որ բախվել է ներքին ու արտաքին բարդությունների՝ գրում է Սյա Գոուխանը The Global Times-ում: ԵՄ-ի ներսում խորացել են հակասությունները Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հետևանքով: Նախ՝ Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո ԵՄ-ում կփոխվի ուժերի հավասարակշռությունը: Դա կարող է հանգեցնել միայն առաջնորդության համար Ֆրանսիայի ու Գերմանիայի պայքարին: Եվրոպական երկրների ուշադրությունը ավելի շատ կենտրոնանալու է ոչ թե տնտեսության, այլ՝ անվտանգության վրա: Երկրորդ՝ երբ պոպուլիստական կուսակցոթյունները իշխանություն ստացան Իտալիայում ու Ավստրիայում, ԵՄ-ում ամրապնդվեցին եվրասկեպտիկների դիրքերը: Շարունակվելու է ԵՄ-ից դուրս գալու եվրոպական պետությունների ձգտումը: Այդ պայմաններում ԵՄ-ում բարեփոխումները բարդ կլինեն: Երրորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի քաղաքականության ազդեցությամբ և նրա միակողմանի գլոբալ առևտրական պատերազմի՝ ԵՄ գործողությունների ռազմավարությունը ավելի անորոշ է դառնալու: Չի բացառվում, որ ԱՄՆ-ը առևտրային մաքսատուրքեր սահմանի եվրոպական ավտոմեքենաների ներմուծման վրա կամ «Հյուսիսային հոսք-2»-ը պատրվակ դարձնի ԵՄ-ի դեմ պատժամիջոցների համար: ԱՄՆ-ը նաև կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, որ կհանգեցնի աշխարհաքաղաքական աղետի Մերձավոր Արևելքում: Այս ամենը լուրջ ազդեցություն կունենա ԵՄ ընդհանուր անվտանգության վրա:


Գլոբալ մակարդակում աշխարհակարգը պատմական կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում: Թեպետ ԵՄ-ն բազում առավելություններ ունի, ռազմավարական նրբամտության բացակայությունը կարող է խանգարել ռազմավարական սրբագրումները ժամանակին անել: Նախ՝ սառը պատերազմի ավարտից հետո աշխարհի գլոբալ պատկերն արդեն միաբևեռ չէ, աշխարհը նորից երկբևեռ է: Ապագայում աշխարհը կդառնա բազմաբևեռ, և ԱՄՆ-ը ու ՉԺՀ-ն կպահպանեն առաջնայնությունը: Միաբևեռ համակարգում ոչ հեգեմոն երկրները, որպես կանոն, դառնում էին գլոբալ հեգեմոնի կցորդ, իսկ երկբևեռ համակարգում նրանք կարող են ձևավորել երրորդ բևեռ, որ սահմանափակեն գերտերությունների գործողությունները և օգուտներ քաղեն երկու կողմերի հետ հարաբերություններից: ԵՄ-ն կարող է դառնալ ուժի երրորդ բևեռ: Այդ պատճառով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քանիցս բարձրաձայնել ԵՄ անկախության անհրաժեշտությունը անվտանգության ոլորտում և եվրոպական բանակի ստեղծման կոչ արել, որ միայն կնվազեցնի ՆԱՏՕ-ի դերը: Տարածքային ու ծովային իրավունքի ասպարեզում նոր մրցակցության պայմաններում ԵՄ-ն պետք է մտածի եվրասիական ինտեգրման մասին: Աշխարհաքաղաքական հին պատնեշներն աստիճանաբար հեռացվում են տեխնոլոգիաների զարգացումով: Չինաստանի առաջարկած «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջ գնալով սկսել է ձևավորվել աշխարհ, որտեղ մեծ դեր է խաղալու «համաշխարհային կղզին»: Աշխարհի նոր քարտեզին Եվրասիան գլխավոր աշխարհաքաղաքական աղյուսն է «համաշխարհային կղզում», իսկ Հարավ-Արևելյան Ասիան, Ավստրալիան, Աֆրիկան և Արկտիկան չորս սուբաշխարհագրական աղյուսներն են:

Հյուսիսամերիկյան մայրցամաքը արտատարածքային գործընկեր է:
Քաղաքակրթական տեսակետից Եվրոպան Ասիայից կտրված է, սակայն աշխարհագրորեն Եվրոպան Արևելյան Եվրասիայի սուբտարածքն է: ԵՄ-ն ու Չինաստանը ընդգրկում են տարածքներ, որ հարում են և ծովին, և ցամաքին: Եթե եվրոպական ծովային «Ատլանտյան ալյանսի» ռազմավարությունը հնարավոր լիներ վերածել ԵՄ-ն ու Ասիան միավորող «ծով-ցամաք» ռազմավարության, դա խոր ազդեցություն կունենար ԵՄ-ի ապագայի ռազմավարական լուծումների վրա: Վերջապես՝ սկսվել է առաջնության համար պայքարը արդյունաբերական չորրորդ հեղափոխության շրջանակներում: Ակնհայտ օրինակը ԱՄՆ արշավն է Huawei-ի դեմ, որ զբաղվում է 5G ենթակառուցվածքների զարգացումով: Առաջին ու երկրորդ արդյունաբերական հեղափոխությունները բրիտանական կայսրությանը թույլ տվեցին առաջատար դիրքեր գրավել: ԱՄՆ-ը համաշխարհային հեգեմոն դարձավ շնորհիվ երկրորդ ու երրորդ արդյունաբերական հեղափոխության: Այդ պատճառով՝ նա, ով հաջողության կհասնի չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ, նա էլ կդառնա 21-րդ դարի առաջատար գլոբալ ուժը: Նույնիսկ եթե ԱՄՆ-ը կարողանա ինքնուրույն գլխավորել տեխնոլոգիական իննովացիաները չորրորդ արդյունաբերական հեղափոխության շրջանակներում, չի կարողանա հիմնական շուկա դառնալ նոր տեխնոլոգիաների առևտրական կիրառման համար սեփական բնակչության սահմանափակ թվի պատճառով: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը միլիարդավոր մարդկանց է վերաբերվում: Տեխնոլագիական սպառման ապրանքների համար անհրաժեշտ է վիթխարի շուկա: Միայն փոխկապակցված «համաշխարհային կղզին» է բոլոր անյրաժեշտ պահանջները բավարարում: Նոր արդյունաբերական հեղափոխության շրջանակներում ԵՄ-ն հետ է մնում Չիանստանից ու ԱՄՆ-ից, համենայն դեպս՝ 5G տեխնոլոգիաների զարգացման առումով: Եթե ԵՄ-ն չկարողանա առաջատար դիրքերի հասնել տեխնոլոգիաների ոլորտում, պետք է ակտիվ մասնակցի եվրասիական ինտեգրմանը ապագա շուկայի ստեղծման համար: ԵՄ-ն կարևոր որոշում պիտի ընդունի:
Global Times


Հ.Գ. Կարևոր որոշում պիտի ընդունի նաև Հայաստանը, որտեղ տնտեսական հեղափոխությունը հռչակված է քաղաքական հեղափոխությունից հետո երկրորդ խնդիր: Ժամանակն է դուրս գալ այդ հեղափոխությունը ժողովրդի ու տաղանդների ուսերին դնելու բարդույթից ու քայլեր ձեռնարկել չորրորդ արդյունաբերական հեղափոխության կողքից չանցնելու համար: ԵԱՏՄ-ն այդ հարցը լուծել չի կարող իր տնտեսական հետամնացության պատճառով: Նոր տեխնոլոգիաներ ԵԱՏՄ-ում չկան և ֆինանսական պատճառներով իրենց զարգացումը ապրել կարող են միայն տասնամյակների մեջ: Համաշխարհային ֆինանսները պտտվում են ԱՄՆ-ԵՄ-ՉԺՀ շրջագծում: Նույնիսկ Լոնդոնը դուրս է մնում Վաշինգտոն-Բրյուսել-Պեկին ֆինանսական բուրգից ու ջանքեր է գործադրում նրանց հասնելու: Պատահական չէ, որ Թերեզա Մեյի կառավարությունը գաղտնի բանակցում էր չինական Huawei-ի հետ՝ Մեծ Բրիտանիայում 5G ենթակառուցվածքների զարգացման հարցով՝ նույնիսկ հակառակ ԱՄՆ- Huawei պատերազմի: Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առևտրային պատերազմի բուն նպատակը արդյունաբերական այս հեղափոխության մեջ իր արտադրանքի ու իր սպառման շուկաների ընդլայնումն է: Հայաստանում համաշխարհային իրադարձություններին վերաբերվում են որպես կինոյի, որ իրենք չեն նկարում, հետևաբար իրենք չեն կարող խաղալ: Այս ինքնամեկուսացումը սխալ է: Պետք է վերջապես թոթափել քաղաքական կաշկանդումները ու տնտեսության մասին մտածել ոչ թե 20-րդ դարի, այլ 21-րդ դարի իրողությունների հիման վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ