Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես այրել ամրոցը ներսից

Ինչպես այրել  ամրոցը ներսից
31.05.2019 | 01:08

Նոր իրավիճակ չէ: Երբ էթնոսը պատմության դասը չի սերտում, երբ չի հասունանում պետություն կերտելու, պահելու չափ, դասը կրկնվում-կրկնվում է այնքան, որ կամ էթնոսը սովորի, կամ «մնացորդացը» մաշվի-սպառվի` պետությունը «վախճանվի»:
Կենտրոնախույս-կենտրոնամետներ, նախարարական տների միջև` անվերջանալի ողբերգական ասքեր, արքայադավություններ, հայրենադավություններ… լի են հայոց մատյանները սրանցով: ՈՒ այդ ամենի կողքին` վեցհարյուրամյա պետության չգոյության դառը ճշմարտություն:


Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում: Դասական իրավիճակ է. դրսի ուժերը որոշում են Հայաստանի ճակատագիրը հայի «ներքին» ձեռքերով. շատ կարճ ու «իմաստալից» բնորոշեցինք այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում: Իրավիճակի նրբությունը, սակայն, այն է, որ արմագեդոնյան ժամանակահատվածում է այդ ամենը տեղի ունենում: ՈՒ «պայքարը» ոչ այնքան «մարմնի», որքան «հոգու» համար է:


Հիշենք գերագույն իմաստությունը` վախեցեք նրանցից, ովքեր ոչ թե մարմնին, այլ հոգուն են սպառնում: Խաղերի արքաները շատ լավ գիտեն այս մեծ գաղտնիքը և այն կիրառում են հայոց գենի վրա` ամենուր: Հասկանալի է, աշխարհի տիրակալները, կոնկրետ դեպքում` այդ մեքենան աշխատեցնող հսկա համակարգը, որ պայմանականորեն կոչվում է Սորոս, գործում է խիստ անսխալական, անչափելիորեն գրագետ, դետալային նախանձախնդրությամբ: Նպատակը պարզ է` վերցվում է Հարավային Կովկասը, Վրաստանից հետո Հայաստանը, իսկ Թուրքիայով Ադրբեջանի հետ որևէ խնդիր չի՛ք: Վերցվում է, որովհետև կա գերագույն առանցք` Իրան-Ռուսաստան-Չինաստան, ուր հասնելու «մետաքսի ճամփան» անցնում է Իրանով:


ՈՒ հիմա` երկու «ֆունդամենտալ» երկրներ` Հայաստանն ու Իրանը, կողք կողքի, ոչ միայն խանգարում, այլև իրենց հոգևոր ատաղձով լուրջ առաջադրանքների առջև են կանգնեցնում «տիրակալներին»` «քաղաքակրթությունների խաչմերուկի» աստվածային կամքի տեսանկյունից. Իրանը` ֆունդամենտալ իսլամի տեսանկյունից, Հայաստանը` առաջինը քրիստոնեությունն ընդունելու:
Գործի են անցել «տիրակալները», ինչպես տեսնում ենք Հայաստանի օրինակից, խիստ հաջող. թավշյա կախարդանքներով, տոտեմներով հագեցած հեղափոխությունը հասավ իր լրումին` իշխանությունը զավթելու առումով: Հերթը հոգունն է. մաս առ մաս, բջիջ առ բջիջ զավթվում է «տարածքը» թե՛ ֆիզիկական, թե՛ մնացյալ առումներով: Հենց միայն տեղեկությունը, որ առաջիկայում ԼԳԲՏ համայնքը Արցախում հավաք է անցկացնելու, ինքնին «հզոր» ցուցիչ է և այն էլ այնտեղ արդեն «հավաք» անցկացրած «Ծռերի» կողքին, ամրագրելու` հաճելին օգտակարի հետ զուգահեռ միշտ էլ եղել է սորոսյան մեքենայի անխափան ընթացքը:
Միայն Արցախի նկատմամբ վերջին շրջանի դիագրամայի արձանագրումը բավարար է հասկանալու` ինչ է արվում, ինչու, ինչ վերջնական նպատակով:


Բայց նախ` տեխնոլոգիայից: Նոր Հայստանում կիրառվող սորոսյան մարտավարությունը հետևյալն է` անվերջ լարել իրադրությունը. Փաշինյանի իռացիոնալ, մարդկային մտքում, ուղեղում, սրտում չտեղավորվող խելահեղ պահվածքով ու հայտարարություններով, քայլերով անվերջ զբաղեցնել մարդկանց ուղեղները, տիրանալ նրանց մտքին` չթողնելով գեթ մի պահ ազատվել նիկոլային արտածումներից։ Լարվել` եկեղեցու, դպրոցի, բանակի, դատարանների, Քոչարյանի, Արցախի, սպասվող պատերազմի սպասումից, ցավից,… խորոված, լավաշ, ռեժան կլլող «ղեկավարի» ֆոնին, քայքայվել, նեյրոլինգվիստիկ պրկումներ ունենալ, հիասթափվել, ի վերջո, ամեն ինչից, կազմաքանդվել, հասնել նիշին ու ճչալ. «Քարը գլուխը, ինչ ուզում է թող անի… Ղարաբաղի հետ, ամեն ինչի հետ, մեզ հետ,` մեր հոգու հետ»:
Այո, «Հայկական ժամանակի» խմբագիրն ու խմբագրուհին գործում են ծրագրին խստագույնս հավատարիմ, նվիրված, ռացիոնալ, ոչ մի միլիմետր չշեղվելով, ոչնչից չերկնչելով, ոչնչի առջև կանգ չառնելով:


Խոսքը էթնոսինն է: Ընդ որում, էթնոսն առաջին հերթին պետք է հասկանա, որ փողոց դուրս գալով, քաղաքական պայքարով չպետք է դիմակայի այս չարիքին, որ պատել է հայոց երկիրը: Պետք է գիտակցի` իր որտեղին են խփում, ու այդ կետը պաշտպանի։ Ասված է, չէ՞` փնտրեք կարևորը, մնացածը ձեզ կտրվի։
Փնտրու՞մ է էթնոսը կարևորը….


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ