Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երբ անկարևոր են գլխավորն ու ամենագլխավորը

Երբ անկարևոր են գլխավորն ու ամենագլխավորը
31.05.2019 | 01:17

Խայտաբղետ մեր կյանքը անհայտությունից հոսում է անհայտություն: Մեզ երբեմն թվում է, որ մենք ենք կառավարում իրավիճակը, ընդունում ենք պատմական որոշումներ, ճակատագրեր ենք տնօրինում: Ինքնախաբեություն ու պատրանք: Համաշխարհային մասշտաբով: Հայաստանում էլ՝ իր չափով ու իր տեղում: Պարապ հո չե՞նք մնալու:

Օրինակ՝ խաղատնային բիզնեսը: Ալեն Սիմոնյանը առաջարկում է վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններով փակել բուքմեյքերական գրասենյակները: Հրաշալի առաջարկ՝ խաղամոլության դեմ պայքարի ուղեծրում: Ճիշտ առաջարկ՝ տնաքանդության դեմ: Բայց Ալեն Սիմոնյանը ուզում է ձեռքի ափով փակել ջրվեժը: ՈՒ ստանում է ոչ թե արդյունք, այլ հետևանք: Հետևանք գործազրկության տեսքով այն մարդկանց, որ տուն են պահում այդ բիզնեսով: Գրասենյակների փակումը լուծում չէ. խաղացողը խաղալու է, տանուլ է տալու կամ հաղթելու է օնլայն տիրույթում: Օնլայն տիրույթում Ալեն Սիմոնյանը ունի՞ խաղամոլությանը վերջ դնելու իրավական ու տեխնիկական հնարավորություններ: Այո, ունի, բայց այդ հնարավորությունների մասին մտածող չկա:


Մարդիկ խաղում են ոչ թե այն պատճառով, որ ի ծնե խաղամոլ են, նրանք պարապ են: ՈՒ բախտախաղով փորձում են լուծել աշխատանքի ու փողի հարցը: Եթե Ալեն Սիմոնյանը ուզում է խաղամոլության ախտից փրկել ժողովրդին, ստիպված է մտածել աշխատատեղերի ստեղծման մասին: Սա ընդամենը դրվագ է, բայց՝ բնորոշ դրվագ, որ վկայում է՝ չկա ու չի էլ նախատեսվում մշակել տնտեսական հեղափոխության գործուն հայեցակարգ, որի առաջին կետը արդյունաբերության վերագործարկումով աշխատատեղեր ստեղծելն է: Փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի դեպքերից հետո հանդիպում է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին ու նրանց ազդարարում. «Վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում»: Դեռ ինչքան ճանապարհներ պիտի փակի, ինչքան ցույցեր անի, ինչքան բողոքի «մեր հանրությունը», որ Նիկոլ Փաշինյանը համոզվի՝ Հայաստանի ամենամեծ ընթացիկ խնդիրը դատաիրավական համակարգում չէ: Անցումային արդարադատության հաստատման, վեթինգի ու Աստված գիտի էլ ինչից առաջ ու հետո ընթացիկ խնդիրը եղել ու մնալու է տնտեսությունը: Աշխատատեղերի ստեղծումը: Եվ դեռ շատ մեծ հարց է դատաիրավական համակարգի հանրային ընկալման մասին վարչապետի ընկալման համարժեքությունը իրականությանը: Մեկ տարի այդ ընկալումը օրակարգ չէր գալիս, եկավ, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց: Հարց է՝ եթե դատավորը մերժեր միջնորդությունը, դատավորների անհապաղ վեթինգի գաղափարը ե՞րբ ի հայտ կգար: Կամ եթե գար՝ կարտահայտվեր դատարաններ շրջափակելո՞վ, թե՞ դատարանների որոշումների անկախությունը ապահովելու իրավական ճանապարհների որոնումով:

Փաստացի՝ թե վարչապետի շրջափակման կոչը, թե ԱԺ փոխնախագահի գրավատների փակման օրինագիծը նույն հարթության մեջ են՝ պոպուլիստական, հատվածական, աղմկահարույց քայլեր, որ հարցի լուծում չեն: ԵՄ դեսպաններին իր քայլը հիմնավորելու ու նրանց հավանությունը ստանալու փոխարեն Նիկոլ Փաշինյանը պիտի ներկայացներ, թե Հայաստանում ինչպես են պատկերացնում ԵՄ-ի հետ հարաբերությունները՝ ինչ են ակնկալում ու ինչ են պատրաստ տալ ԵՄ-ին: Ներկայացներ իր տնտեսական ծրագրերը՝ օգտվելով ԵՄ-ի՝ Հայաստանին տված հնարավորություններից ու նոր հնարավորությունների ստեղծման խնդիր դներ՝ հեղափոխությունից հետո: Բայց դա այլ օպերայից է:
«2019-ի ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7,3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»,- Ֆեյսբուքում ուրախ-ուրախ գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մենք էլ ուրախացանք: Բայց ինչո՞վ: Տնտեսական ակտիվության աճը տնտեսական աճ չէ:

Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019-ի հունվար-ապրիլին արտադրվել է 573 մլրդ 649 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որն ապահովել է 4,5 % աճ. շինարարության ոլորտում աճը 8 % է՝ 68,2 մլրդ դրամ, ներքին առևտրի շրջանառության աճը՝ 9,8 %՝ 886,7 մլրդ, ծառայությունների ոլորտում աճը՝ 17 %` 575,5 մլրդ: Հիմա համեմատեք արդյունաբերական արտադրանքի 4,5 % աճը, շինարարության 8 % աճը, ներքին առևտրի շրջանառության 9,8 % աճը ծառայությունների ոլորտի 17 % աճի հետ: Հայաստանի տնտեսության կառուցվածքի մասին եզրակացություններն ինքներդ արեք: Հավելեք՝ 2019-ի ապրիլին, 2018-ի համեմատ, գրանցվել է 1,7 %-ի գնաճ: Թիվ, որ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում ու վեթինգի պակաս ունի:


«Իմ քայլը հանուն Սյունիքի» մարզի ներդրումային գործարար համաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում» և շեշտեց. «Մեր մեծագույն խնդիրն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այդ երազանքը իրագործելու համարձակությամբ օժտենք։ Տնտեսական զարգացումն առաջին հերթին հենվում է հենց անհատների վրա, իհարկե շատ կարևոր են խոշոր ներդրողները, խոշոր կորպորացիաների մուտքը Հայաստան, բայց իմ խորին համոզմամբ՝ այդ խոշոր ներդրողներն առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից, և մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնել, այլև միջավայր ստեղծել ուրիշների երազանքների համար»: Ո՞ր մարզում է վարչապետը բացահայտելու, թե «մեծագույն» ու «քաղաքական» խնդիրները ինչպես են լուծվելու, և ո՞վ է նրան բացատրելու, որ տնտեսական զարգացումը չի հենվում անհատների վրա, թեկուզ հանճարեղ: Հայաստանի դուխով ու հպարտ քաղաքացիներին մտահոգում է գործազրկությունը, ու նրանք համոզված են, որ հարազատ ու լեգիտիմ կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու փոխարեն կրճատումներ է անում: Ճիշտ է՝ հանուն պետական կառավարման համակարգի արդյունավետության: Ընդդեմ խաղամոլության: Կոռուպցիայի: Հանուն դատական համակարգում արդարության: ՈՒ անլուծելի հարց է դառնում՝ ինչպե՞ս է կառավարությանն ու խորհրդարանին հաջողվում ճիշտ նպատակներով սխալ քայլեր անելը: Դա ֆենոմեն է, որ պահանջում է տնտեսագետների, հոգեբանների, քաղտեխնոլոգների, փորձագետների ուսումնասիրություն, բայց նրանք զբաղված են ընթացիկ իրադարձությունների մեկնաբանությամբ և ժամանակ չունեն «պարապ գործերի»։


«Պարապ գործերի» մասին: Հավատանք, որ կառավարությունում թևեր չկան, եթե լինեն՝ կկտրվեն, բայց ինչու՞ են իշխանության քայլած ու չքայլած գործիչներն ավելի ու ավելի հաճախ իրենց հակասությունները ասպարեզ նետում: ՊՎԾ-ԱԱԾ վեճը իրավակա՞ն, թե՞ անձնական է։ ՊՎԾ-ոստիկանապետ հակասությունը ո՞ր դաշտից է:
Իսկ Տիգրան Ավինյան-Արսեն Թորոսյա՞նը: Կամ՝ Դավիթ Տոնոյան-Անդրանիկ Քոչարյա՞նը: Ինչու՞ են բոլորը փորձում իրենց հակասությունները փոխանցել վարչապետին ու նրան կարգել արբիտր, եթե խնդիրներն իրավական են, ոչ թե ներիշխանական պայքար է՝ ինքնահաստատման ու ազդեցության սահմանների ընդլայնման:


Ինքնահաստատման մասին՝ վեթինգվող ու ցուցարար, Առաջին հանրապետության 101-ամյակ տոնող Հայաստանի կողքով անցան Եվրախորհրդարանի ընտրությունները, մինչդեռ որոշվում էր ԵՄ առաջիկա 5 տարիների քաղաքականության մեյնստրիմը: Այն ԵՄ-ի, որի հետ ՀՀ-ն համագործակցության համաձայնագիր է կնքել ու պաշտոնապես քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ է և չի կարող անտարբեր լինել Եվրոպայում կատարվող փոփոխություններին: Պարզ պատճառով՝ այդ փոփոխությունները ազդելու են նաև Հայաստանի վրա: Եվրոպան այս անգամ դիմացավ պոպուլիստների ու ազգայնականների գրոհին, աջակենտրոն և ձախակենտրոն կուսակցությունները կորցրին գերակայությունը, հզորանում են բնապահպանները: Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխատել նոր իրավիճակում ու նոր մարդկանց հետ:


Իրավիճակի մասին. համաշխարհային օրակարգի թիվ 1 խնդիրը Իրան-ԱՄՆ հակասություններն են, Իրաքում ԱՄՆ զինուժի կուտակումը: Հնարավո՞ր է լարումը վերածվի պատերազմի: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաղդադում հայտարարեց, որ իր երկիրը ցանկանում է հավասարակշռված և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Մերձավոր Արևելքի արաբական աշխարհի հարևանների և Պարսից ծոցի երկրների հետ և առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել: Իրաքի ԱԳ նախարար Ալի Ալխաքիմը ասել է, որ Բաղդադը պատրաստ է միջնորդել Իրանի և ԱՄՆ-ի առճակատման թուլացման հարցում, ընդգծելով, որ Իրաքը դեմ կլինի ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին: Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչին Օմանի սուլթանություն է այցելել և բանակցել նախարար Յուսեֆ բեն Ալյավիի հետ՝ ստեղծված իրավիճակի շուրջ: Նա եղել է Կատարում և Քուվեյթում։ 6 երկիր, ներառյալ՝ Իրաքը, Օմանը, Կատարը, որպես միջնորդներ են հանդես գալիս ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության կարգավորման գործում: Ի՞նչ է անում Հայաստանը, որ հատուկ հարաբերություններ ունի Իրանի հետ, և Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ազդել ու ազդում են Հայաստանի վրա: Եթե իրոք Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, ինչու՞ միջնորդական առաքելության փորձ չի ձեռնարկում:


Փորձի մասին. ՀՀ վարչապետը վերջապես ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասին: Հայաստանը համաձայն է, որ նա 2020-ից գլխավորի ՀԱՊԿ-ը: Ոմանք համարում են հաղթանակ, որ Բելառուսը այդ պաշտոնը ստանում է 2020-ին և չկարողացավ 2019-ից Զասին գլխավոր քարտուղար դարձնել: Բայց՝ չստացավ նաև Հայաստանը: Եթե հիշենք՝ ինչքան երկար էր Բելառուսը խանգարում ՀՀ ներկայացուցչին ռոտացիոն պաշտոնը ստանալ և ինչ կապեր ու անցյալ ունի Ստանիսլավ Զասը, Հայաստանը չափազանց հեշտ համաձայնեց նրա գլխավոր քարտուղար դառնալուն: ՈՒղղակի նվիրեց Լուկաշենկոյին, որ սովոր է նվերներ ստանալ Ալիևից: Եվ՝ ինչու՞: Ընդունենք, որ գլխավոր քարտուղարը չի որոշում ՀԱՊԿ-ի քաղաքականությունը և Ստանիսլավ Զասը սոսկ կատարելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ցուցումները, բայց չէ որ նույնն էր անելու Յուրի Խաչատուրովը, իսկ Բելառուսը և Ղազախստանը նրա նշանակումը հետաձգեցին. ու դարձյալ բերեց ՌԴ-ի բախտը՝ ինչպես հիմա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մայիսի 29-ին Բաքվում «Արսենալը» պարտվեց «Չելսիին»՝ 1:4: Առանց Հենրիխ Մխիթարյանի: Անգլիայում խաղացող հայ ֆուտբոլիստը ավելին արեց, քան ՀՀ ԱԳՆ-ն՝ ապացուցելու, որ Ադրբեջանը տոտալիտար պետություն է, որտեղ հայատյացությունը քաղաքականության առանցք է, և դա ամբողջ աշխարհի խնդիրն է: Մեծ Բրիտանիայի խորհրդարանից մինչև տարբեր պետությունների ղեկավարներ, մարզիչներ ու ֆուտբոլիստներ բարձրացնում էին նույն հարցը՝ ինչու՞ է Եվրոպայի լիգայի եզրափակիչը ՈՒԵՖԱ-ն նվիրել Բաքվին: Նույն պատճառով՝ Ադրբեջանը մարզական միջոցառումները գնում է իմիջը բարձրացնելու համար: Ստացվեց հակառակը: Ֆուտբոլային այս «դիվանագիտութան» մեջ Հայաստանը հաղթեց շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի և իր երկրպագուների, որ Բաքվում իր մարզաշապիկը հագած երգում էին Ղարաբաղի մասին: ՈՒ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խաղից առաջ զանգեց Հենոյին, ումից հեղափոխությունից հետո դիվանագիտական անձնագիրը վերցրել էին:

Դիտվել է՝ 1835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ