Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ապրիլին Թեհրանն զգուշացրեց. «ԱՄՆ-ը դաս չի քաղել իր պարտություններից»

Ապրիլին Թեհրանն զգուշացրեց. «ԱՄՆ-ը դաս չի քաղել իր պարտություններից»
31.05.2019 | 01:54

(Նախորդ մասը)

«Արաբական ՆԱՏՕ» (MESA) ստեղծելու ճանապարհին խոչընդոտներից մեկն էլ արաբական դաշնակիցների միջև եղած թշնամությունն էր, հատկապես Կատարի տնտեսական ու քաղաքական բոյկոտը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ Ըստ Սպիտակ տան գաղտնի փաստաթղթի, որն անցյալ տարի դիտարկել է «Reuters»-ը, դաշինքի ստեղծման նախաձեռնությունը, որը Սաուդյան Արաբիան առաջարկել է 2017 թ., ուղղված է ոչ միայն Իրանի դեմ, այլև տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի աճող ազդեցության սահմանափակմանը։ Բացի ԱՄՆ-ից ու Սաուդյան Արաբիայից, MESA-ի անդամներ են նաև ԱՄԷ-ն, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Օմանը և Հորդանանը։ Այժմ կարելի է ասել, որ Թրամփի բացահայտ անմտությունը լցրել է Եգիպտոսի համբերության բաժակն այնպես, որ նույնիսկ արաբական աղբյուրներն են համոզված, որ «Կահիրեին չի կարելի համոզել, որ վերադառնա»։ Նշենք ևս մեկ արձագանք. Աֆղանստանի ամերիկամետ խամաճիկ նախագահի՝ հաշտության հարցերով ավագ խորհրդական Մոհամադ Օմար Դաուձայն ապրիլի 11-ին հայտարարել է, որ մոտ ապագայում Թեհրանն ու Քաբուլը համաձայնագիր կստորագրեն անվտանգության մասին։ «Մենք անվտանգության պայմանագիր ենք կնքել աշխարհի 11 երկրի հետ, ներառյալ Հնդկաստանը, այժմ բանակցում ենք Իրանի հետ և, եթե Աստված տա, Իրանի և Աֆղանստանի միջև պայմանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս»,- ասել է Դաուձայը «Fars News»-ի հետ հարցազրույցում։ Նա շնորհակալություն է հայտնել Իրանին՝ «Թալիբան» շարժման հետ բանակցություններ վարելու համար։ Պատասխանելով ԻՊ-ի ահաբեկիչներին Սիրիայից և Իրաքից Աֆղանստան տեղափոխելու մասին հարցին՝ Դաուձայն ասել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում տարածաշրջանային համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի այդ ահաբեկչական խմբավորումը չկարողանա ոչնչացնել Աֆղանստանի ապագան, ինչպես դա տեղի է ունեցել Սիրիայում և Իրաքում։


Բացատրենք. 2018-ի դեկտեմբերին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ թալիբների պատվիրակության և Իրանի փոխարտգործնախարարի միջև երկարատև բանակցություններ են եղել Թեհրանում, որոնց նպատակն էր «օգնել, որ թեթևանան աֆղանական խմբավորումների և կառավարության բանակցությունները երկրում խաղաղ գործընթացներն առաջ տանելու համար»։ Բանն այն է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լիակատար աջակցությամբ թալիբներին Աֆղանստան է նետել Պակիստանը։ Ամերիկացիների հավանությամբ աֆղանական պատերազմի վետերանների` բադախշանցի տաջիկներ Ահմադշահ Մասուդի և Բուրխանուդին Ռաբանիի սպանություններից հետո Աֆղանստանում իշխանությունն արդեն քանի տարի ԱՄՆ-ի խամաճիկների ձեռքին է։ Եվ ստացվում է, որ ներաֆղանական կարգավորմանն իր միջնորդական միջամտությամբ Իրանը, ըստ էության, իր վերահսկողության տակ է առնում երկու ճամբարն էլ` և՛ նախագահի ու կառավարության, և՛ թալիբների։ Արդյունքում «խաղից դուրս» վիճակում է հայտնվում ԱՄՆ-ը։


Այլ արձագանքների մասին. Թուրքիան, Կատարը, Չինաստանը և Իրաքն առանձին-առանձին դատապարտել են իրանական ԻՀՊԿ-ն ահաբեկչական խմբավորում ճանաչելու մասին Թրամփի որոշումը։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն զգուշացրել է, որ այդ քայլը դուրս է միջազգային իրավունքից և կավելացնի անկայունությունը տարածաշրջանում։ «Մենք կողմնակից չենք Սիրիայում Իրանի հեղափոխական գվարդիայի ներկայությանը,- ասել է նա,- բայց ոչ մի երկիր չի կարող այլ երկրի զինված ուժերը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Մենք կողմ չենք այդ որոշմանը»։ Կատարցի բարձրաստիճան դիվանագետ Մուհամեդ ալ Թանին նույնպես դատապարտեց ԱՄՆ-ի այդ որոշումը, հայտարարելով, որ այլ պետության բանակի վարքի առթիվ տարաձայնությունները չպետք է լուծվեն պատժամիջոցներով։ Պաշտոնական Իրաքը նույնպես նախազգուշացրել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակից Սաուդյան Արաբիային, որ նրանց գործողությունները բացասական հետևանքներ կունենան Իրաքում ու տարածաշրջանում։ Նույն տեսակետն են հայտնել Իրաքի նախագահ Բարհամ Սալիխը և այդ երկրի բոլոր քաղաքական խմբավորումները։ Իրաքի վարչապետ Աբդել Մահդին այդ հարցով կապվել է Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդի և Եգիպտոսի կառավարության հետ։ «Մենք փորձել ենք կասեցնել ամերիկացիների այդ որոշումը՝ դիմելով բոլոր կողմերին, որովհետև իրադրության ցանկացած բարդացում բոլորիս կդարձնի պարտված»,- ասել է նա։


Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանգն ապրիլի 9-ին հայտարարել է, որ Չինաստանը միշտ այն կարծիքին է, որ բոլոր երկրները պետք է պահպանեն միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, ոչ թե վարեն ուժի և ծաղրանքի քաղաքականություն։ «Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները, հատկապես տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող խոշոր տերությունները, Մերձավոր Արևելքում հետագա լարվածությունն ուժեղացնելու փոխարեն ավելի շատ բան կանեն այնտեղ խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»,- ասել է Լուն մամուլի ճեպազրույցում։


Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հասցեով Մոսկվայի արած նախազգուշացումներին, որոնք հնչեցրել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեռ ապրիլի 4-ին, ապա դրանց մասին, առանց բացառության, հաղորդել են աշխարհի առաջատար ԶԼՄ-ները։ Ցանկանում ենք ներկայացնել ռուսաստանցի հանրահայտ փորձագետ, արդի Իրանի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Ռաջաբ Սաֆարովի գնահատականը։ Նա հայտարարել է, որ ԻՀՊԿ-ը հանրահայտ ժողովրդական ուժ է, և «այն ահաբեկչական հայտարարելու Թրամփի որոշումն անմտություն է»։ Այդ քայլն առաջին հերթին ուղղված է Նեթանյահուին օգնելուն, որպեսզի նրա նախընտրական քարոզարշավն առավելագույնս արդյունավետ լինի, որպեսզի Իսրայելին ու հրեական լոբբիին ցույց տա, որ Թրամփը հրեաների լավագույն բարեկամն է աշխարհում։ Սաֆարովը նաև նշել է. «Թրամփը սատարում է Իսրայելին և հույս ունի, որ վերջինս էլ իրեն կսատարի ԱՄՆ-ի Սենատում և Կոնգրեսում, ինչպես նաև իշխանական շրջանակներում ու հարուստ մարդկանց շրջանում, հատկապես երկրի ռազմական արդյունաբերության մեջ, որպեսզի բարելավի ընտրության ժամանակ իր պայմանները երկրորդ անգամ նախագահ ընտրվելու համար»։ Փորձագետը հավելել է. «Երրորդ. պարզ էր, որ ԻՀՊԿ-ը միակ ուժն էր, որը խոչընդոտում էր Սիրիայում ամերիկացիների և արևմտյան ու որոշ արաբական երկրների պլաններին։ Սիրիայում ամերիկացիների ատամները փշրվեցին, որովհետև այնտեղ ներկա էին ԻՀՊԿ-ի խորհրդականները»։ Մինչև Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը Ռուսաստանի մասնակցության սկիզբը հենց ԻՀՊԿ-ն է 5 տարի պայքարել ԱՄՆ-ի, Արևմուտքի և որոշ արաբական երկրների աջակցությունը վայելող բազմաքանակ ահաբեկիչների դեմ, որոնք ամբողջ աշխարհից գալիս էին Սիրիա՝ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու։ Եվ այն միակ բանակն էր, որ կարողացավ դիմակայել այդ ահաբեկիչներին։


Սաֆարովը շարունակեց. «ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելով՝ Թրամփի մյուս նպատակն Իրանի և Ռուսաստանի միջև հակամարտություն ստեղծելն էր»։ Նա ավելացրեց, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցության լայն հնարավորություններ կան, և Սիրիայում նրանց համագործակցությունը ցուցադրեց դա։ «ԻՀՊԿ-ի մասին Թրամփի որոշումից հետո, եթե Ռուսաստանը շարունակի գործակցել Իրանի և ԻՀՊԿ-ի կառույցների հետ,- ասաց Սաֆարովը,- փաստորեն, կարծես թե, աշխատելու է ահաբեկիչների հետ»։ Ռուսաստանցի փորձագետը հայտարարեց, որ ԻՀՊԿ-ի դեմ այդ գործողությամբ Թրամփը փորձում է միջազգային հանրությանը և կառույցներին թույլ չտալ, որ համագործակցեն Իրանի և ԻՀՊԿ-ի նման կառույցների հետ տարբեր հատվածներում ու ոլորտներում։ Պատասխանելով այն հարցին, թե այդ պայմաններում ինչ պետք է անեն Իրանն ու Ռուսաստանը, Սաֆարովն ասաց, որ նրանք պետք է ամրապնդեն համագործակցության իրենց կառույցները և ավելի սերտորեն համաձայնեցնեն իրենց գործողությունները։ Ըստ նրա, առանձին-առանձին Իրանն ու Ռուսաստանը հետագա կորուստներ են ունենալու ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունից, իսկ միասին գործելու դեպքում պատժամիջոցների ազդեցությունը նվազագույն կլինի։ Ռուսաստանը պետք է հայտարարի իր անհամաձայնությունը Թրամփի որոշմանը, իսկ ՌԴ ԱԳՆ-ն կարող է հանդես գալ դրա դեմ հայտարարությամբ, ինչպես նաև կոչ անել միջազգային հանրության այլ անդամներին, որ չկատարեն Թրամփի այդ որոշումը։
Ամերիկյան որոշման ևս մեկ արձագանք Մոսկվայից. ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Պետդումայի խորհրդարանականները կտրականապես դեմ են ԻՀՊԿ-ի զինծառայողներին «սև ցուցակ» մտցնելուն, քանի որ ԻՀՊԿ-ն Իրանը պաշտպանող կազմակերպություն է, իսկ նրա «Կոդսի» հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սոլեյմանին և նրա աշխատակիցները հետևում են Իրանում անվտանգությունը պահպանելու գծով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Խամենեիի քաղաքականությանը։ Սլուցկին ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ԱՄՆ-ի այնպիսի որոշումներին, ինչպիսիք են Իրանի և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալը։ Ըստ Սլուցկու, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի խորհրդարանները պետք է խորհրդարանական եռյակ ձևավորեն տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման համար։ Հայտնելով, որ երեք երկրների խորհրդարանների միջազգային հարցերով կոմիտեները կանոնավոր համատեղ նիստեր են անցկացնելու իրենց համագործակցությանը խորհրդարանական չափանիշ տալու համար, Սլուցկին հայտարարեց, որ այդ հանդիպումները նախատեսվում է անցկացնել տարեկան երկու անգամից ոչ պակաս։ «Այսպիսով, մենք ուզում ենք իրական խորհրդարանական չափանիշ հաղորդել Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի համագործակցության այն գործընթացներին, որոնք նշել են մեր պետությունների ղեկավարները. և որոնք ընթանում են ակտիվորեն, առաջին հերթին Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձևաչափով»,- հայտարարել է նա լրագրողներին։


Ապրիլի 11-ին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է Թրամփի որոշման մասին Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տեսակետը։ «ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների կազմում ընդգրկելու ԱՄՆ-ի որոշումն Իրանի վրա առավելագույնս ազդելու, այն որպես չարի մարմնացում ներկայացնելու քաղաքական գծի մի մասն է»,- հայտարարել է նա և ընդգծել, որ Իրանին հակառակվելու ԱՄՆ-ի ուղեգիծը ՌԴ ԱԳՆ-ն գնահատում է որպես ապակառուցողական և անհեռանկար։ Այդ կապակցությամբ նա նշել է, որ «առանց Իրանի մասնակցության Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգության ստեղծումն անհնար է, ինչպես և կայունության ապահովումը Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում»։ Նա հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ճնշում գործադրելու այլ միջոցների մասին. «Լայնածավալ պատժամիջոցներ, որոնք կիրառվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ, Վաշինգտոնի միակողմանի դուրս գալը գործողությունների համատեղ համապարփակ պլանից, որն ապահովում է Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, քայլեր Սիրիայից դուրս մղելու իրանական ուժերը, որոնք այնտեղ են գտնվում երկրի օրինական իշխանության հրավերով»։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ