Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒ եթե ձեր աչքերը բաց են

ՈՒ եթե ձեր աչքերը բաց են
31.05.2019 | 02:16

Ինչու՞ են մարդիկ գնում ցուցահանդեսներ ու պատկերասրահներ: Չգիտեմ: Երևի ուզում են համոզվել, որ իրենցից ոմանց հաջողվել է կանգնեցնել ժամանակը ու հավերժության վրա դրոշմել իրենց ցանկացածը:
Ինչու՞ են մարդիկ ընդհանրապես նկարում: Չգիտեմ: Ինչու՞ են գրում: Ինչու՞ են քանդակում: Չգիտեմ, բայց գիտեմ, որ նույնն է, թե հարցնես՝ ինչու՞ են մարդիկ ապրում:
Ես գրում եմ, երբ բառը սեղմում է կոկորդս ու երբեք չգիտեմ՝ ինչ է լինելու հաջորդ բառը: Այդպես է, որովհետև այդպես է: ՈՒ՝ անիմաստ է հարցեր տալ, նույնքան անիմաստ են պատասխանները:
Կար ժամանակ, երբ ուզում էի ինձ համար պատասխան գտնել սակրալ դարձած հարցին՝ գի՞ծ, թե՞ գույն: Մեկ տասնյակ ու ավելի գրքերից հետո հասա Միքելանջելոյին ու հասկացա, որ իմ որոնումը սուտ է՝ կա կամ չկա la teribilita-ն՝ խելահեղությունը:


Եթե դու չես կարևորում՝ ինչ ես նկարում՝ մարդ, տուն, ծառ, լուսին, ծաղիկներ, արև ու չգիտեմ ինչ, դու փոխանցում ես մարդու, տան, ծառի, լուսնի, ծաղիկների, արևի ու չգիտեմ ինչի ոգին: Դու փոխանցում ես նրանց ճշգրիտ պատկերն ու զգացողությունը, եթե նույնիսկ նկարածդ բնավ նման չէ մարդու, տան, ծառի, լուսնի, ծաղիկների, արևի ու չգիտեմ ինչի: ՈՒ քո կտավում բոլորը, անկախ ազգությունից, տարիքից, սեռից, մենթալիտետից, կրթական ցենզից ու ցանկությունից, տեսնում են իրենց համար կարևոր ու անփոխարինելի մարդուն, տունը, ծառը, լուսինը, ծաղիկները, արևը ու չգիտեմ ինչը: Դու փոխանցում ես քո սերը, քո հոգու լույսով ավելացնում ես լույսը աշխարհում ու ստեղծում ես կատարելության քո մոդելը, որտեղ ինքդ ես տեր ու տիրական ու քեզ համար այլևս մեկ է՝ կգնահատե՞ն քեզ, կփառաբանե՞ն, կդատափետե՞ն: Դու նոր ու բացարձակապես սեփական աշխարհի դուռ ես բացում: Դու մենակ ես ու քեզ ոչ ոք պետք չէ, որովհետև մարդիկ ծնվում են մենակ ու մեռնում են մենակ՝ միայն զբաղմունքի ու զրուցակցի փնտրտուքն է նրանց միավորում այլ մարդկանց հետ: Ընդամենը: Իսկ երբ դու գրում ես, նկարում ես, քանդակում ես, դու խոսում ես բոլորի ու յուրաքանչյուրի հետ միաժամանակ: ՈՒ նրանց, ոչ թե քո խնդիրն է դեպի քեզ ճանապարհն անցնելը: Դու քո գործն արել ես: Դու ավելին չես կարող ու չես ուզում անել: Հետո, հարկավ, գտնվում են այլ մարդիկ, որ բացատրում են քո գրածը, նկարածը, քանդակածը, որակում ու բնորոշում, անցյալի հետ զուգորդում ու ապագայի միտումներ բացահայտում: Դա նրանց գործն է՝ ինչպես քո գործն է ստեղծելը, նրանց գործն է ստեղծագործությանը կցվելը: Եվ ոչինչ, որ այդ ամբողջ ընթացքում քո և նրանց՝ քեզնից դուրս բոլոր մարդկանց. համար բոլորովին այլ երաժշտություն է հնչում: Ձեր հոգիներում ճախրում է միևնույն մեղեդին՝ տարբեր նոտաներով, որովհետև յուրաքանչյուրը յուրովսանն է սիրում:


Կտավին պահ տված կյանքի ամեն մի բեկոր մասունք է, որ իր պատմությունն ունի, իր առաքելությունը: ՈՒ եթե ձեր աչքերը բաց են ու ձեր հոգին խճողված չէ անհամար հարցերի բեռից, դուք տեսնում եք ու զգում: Հասկանալ պետք չէ: Պետք է զգալ ու չկորցնել զգացողության համը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ինչու՞ հանկարծ որոշեցի այս ամենը գրել: Չգիտեմ: Մայիսի 23-ին նկարիչների միությունում բացվել է Նիկոլայ Մանուկյանի՝ Նիկօյի գեղանկարչական ցուցահանդեսը: ՈՒ ես այնտեղ զգացի կյանքի համը:

Դիտվել է՝ 1759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ