Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Արմեն Սարգսյանի նվերը Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանի նվերը Նիկոլ Փաշինյանին
01.06.2019 | 12:33

Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնի թեկնածուի՝ նախագահի առաջադրումն ու Ազգային ժողովում մերժումը վերածվում էր զավեշտի: Բացահայտ էր, որ ԱԺ-ն մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը մերժելու է բոլոր թեկնածուներին, եթե թեկնածուի անունը Վահե Գրիգորյան չէ: Ինչու՛ հենց Վահե Գրիգորյանին չէր առաջադրում Արմեն Սարգսյանը, եթե Նիկոլ Փաշինյանը միայն նրան էր տեսնում ՍԴ-ում դատավոր: Որովհետև արդեն մեկ անգան առաջադրել էր ու 6-րդ գումարման ԱԺ-ն մերժել էր: Արմեն Սարգսյանը բարեխիղճ կատարում էր իր գործը՝ առաջադրում էր նոր թեկնածուներ. ՔՊ-ն բարեխիղճ կատարում էր Նիկոլ Փաշինյանի կամքը՝ մերժում էր: Երեկ օրվա առաջին կեսին նախագահականը տեղեկացրեց. «Մեկամսյա ժամկետում ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի: ««Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահն ունի մեկամսյա ժամկետ՝ թեկնածու առաջադրելու համար: Մեկ ամիս հետո ՀՀ նախագահը կհայտնի իր դիրքորոշումը»: Օրվա երկրորդ կեսին … մեկ ամիսը լրացավ: Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ «Առնվազն մեկ տարի է, ՀՀ նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում: Այդ պատասխանատու գործընթացը ՀՀ նախագահն իրականացրել է հրապարակային ու ժողովրդավարական գործելաոճով՝ հավատարիմ մնալով իր սահմանադրական լիազորություններին, պահպանելով սահմանադրական նորմերը և ելնելով անաչառության և օբյեկտիվության սկզբունքներից: Հնարավոր թեկնածուների առաջարկներ և հավակնորդների վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով ՀՀ նախագահը նախաձեռնել է օրենքին չհակասող մի շարք ընթացակարգեր, հանդիպել երկրի իրավական ոլորտի բազմաթիվ մասնագետների, իրավաբանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գիտական ու փաստաբանական շրջանակների հետ»: Հաղորդագրության հետգրությունում նշվում է. «Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, ՀՀ նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը»:


Փաստացի՝ Արմեն Սարգսյանը հոգնեց վարչապետի հետ բռնոցի խաղալ ու 2018-ի
մայիսից մերժված Էմիլ Բաբայանից, Ելիզավետա Դանիելյանից, Վահե Գրիգորյանից, Գոռ Հովհաննիսյանից, Արթուր Վաղարշյանից հետո 2019-ի մայիսի վերջին օրը նորից ներկայացրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Բնավ Վահե Գրիգորյանի մասնագիտական արժանիքները չքննարկելով՝ հարց է առաջանում՝ իսկ իմաստ ունե՞ր ՍԴ ընդամենը մեկ դատավորի հարցը այսքան քաղաքականացնել: Այսքան բացահայտ դարձնել, որ նա ու միայն նա է Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեկնածուն, մինչդեռ հենց ինքն էր հայտարարում, որ Հայաստանում դատական իշխանությունը պետք է անկախ լինի ու Հայաստանին պետք չեն խամաճիկային դատարաններ: Իսկ դատավորնե՞ր: Ու հիմա ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև: Նրանք իրենց մարդկանց էին նշանակում. Նիկոլ Փաշինյանն՝ իր: Այս ամբողջ ընթացքում նաև խորհրդարանի մեծամասնությունն ապացուցեց իր խամաճիկային՝ մեկ մարդու կամքից կախված լինելը: Ոչ մի կասկած, որ ՔՊ-ն քվեարկելու է հօգուտ Վահե Գրիգորյանի: Նույնիսկ եթե այդ թեկնածուն առաջադրվել է օրենքի խախտումով՝ երկրորդ անգամ: Փաստացի՝ նաև պատգամավորների վեթինգ է պակասում Հայաստանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Վահե Գրիգորյա՞նը: Տեղին կլիներ, որ նա հրաժարվեր՝ նպաստելու ՍԴ-ի՝ իշխանությունից անկախ լինելու վստահությանը: Տեղեկացնելով իր առաջադրման մասին՝ Ֆեյսբուքում նա գրել է․«Արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի այս առանձին վերցրած պաշտոնը Հայաստանում երբևէ ամենամեծ լարում ունեցած, համալրման համար բարդություններով և բազում շահերի անհամապատասխանության հետևանքով թափուր մնացած, իսկ 2018-ի ապրիլից ի վեր Հայաստանում վերջին երկու տասնամյակներում առաջին անգամ դեմոկրատական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի կողմից համալրման ենթակա առաջին բարձր դատական պաշտոնն է։ Այս պաշտոնի համար ավելի շատ մրցութային/ խորհրդակցական ընթացակարգեր են ներգրավվել, քանի որևէ այլ բարձր դատական և, առհասարակ, պետական պաշտոնի համար: Հիշեցնեմ, որ Հայաստանն այն հազվագյուտ պետություններից է, որտեղ դատավորների 95 տոկոսից ավելին նշանակվել կամ վերանշանակվել են մեկ քաղաքական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ։ Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանում բացարձակ մեծամասնություն են կազմում նույն կուսակցության կողմից վերահսկվող ԱԺ-ի և նույն կուսակցության ղեկավարի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որևէ ստուգման թափանցիկ ընթացակարգի և զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։ Եվ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական և խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկարտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»։ «Արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլևս անդառնալի է և հասնելու է Հայաստանին արժանի կայուն և հանրության շրջանում խորը վստահություն և հարգանք վայելող համակարգի կարգավիճակի: Ես շնորհակալ եմ այն լայն աջակցության համար, որի պակասը երբեք չեմ զգացել, և իմ անձի վերաբերյալ և շուրջ այն մտքի արթնության համար, որ մարդիկ մշտապես ունեցել են պրոպագանդան և զրպարտախոսությունը իրականությունից զատելու հարցում»։
Պրոպագանդան, իմա՝ քարոզչությունը, և զրպարտախոսությունը զատելու չափ մտքի արթնություն ունեցողները ու չունեցողները չպիտի զարմանան, եթե որոշ ժամանակ անց Հրայր Թովմասյանը հրաժարական տա և ՍԴ նախագահ դառնա Վահե Գրիգորյանը:

Դիտվել է՝ 2501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ