ReAnimania 2019
 

«Սեփական պոլի փետը` շանորդի, բայց մեր Սամոսան է»

«Սեփական պոլի փետը` շանորդի, բայց մեր Սամոսան է»
04.06.2019 | 01:07

Հայաստանը խիստ բարձր տուրբուլենտության գոտում է` թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական առումներով:
Ասել` Պուտին-Փաշինյան «ռազմինկան» անցավ խիստ «բարեհաջող», նշանակում է` ոչինչ չասել։ Պուտին-Փաշինյան հանդիպումը Նուր-Սուլթանում տեղի չունեցավ, չնայած ռուսաստանյան ամենաբարձր մակարդակով (Մատվիենկո) հայտարարությանը, Փաշինյանին մեդալով չպարգևատրեցին: Այդ ամենը մարսելու համար Նիկոլն իր ծննդյան առիթով արձակուրդ վերցրեց, Պուտինը վերջապես շնորհավորեց նրան, ու… «закон подлости», շնորհավորանքի մեջ գրված էր` Նիկոլ Վլադիմիրովիչ, կառավարությունն արագ «թարգմանել» էր` Նիկոլ Վովայիչ:


Այս ամենը շատ անհետաքրքիր կարող էր լինել, եթե այս շաբաթ ևս չսպասվեր Պուտին-Փաշինյան հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Առաջ չընկենք իրադարձություններից, սակայն այս մի հանդիպումը հաստատ տեղի կունենա: Արդյունքների մասին` հաջորդիվ:
Այսպիսով, ինչ կար «ռազմինկայի» ենթախորշերում, «գալա» հանդիպումից առաջ: Բացի հայաստանյան նոր իշխանությունների նկատմամբ չփարատվող անվստահությունից, Ռուսաստանը շատ հստակ հասկացնում էր` ԱԳՆ նախարարների` Մնացականյան-Մամեդյարով, սպասվող հանդիպումը, որը պետք է անցկացվի ԱՄՆ-ի «բարձր» հովանու ներքո, բացարձակապես չի մտնում ռուսական քաղաքական հաշվարկների մեջ: ՈՒստի, մաքսիմում` Հայաստանը պետք է հրաժարվի այդ հանդիպումից, մինիմում` պետք է սպասվող հանդիպումը առավելապես չեզոք գոտում և ոչ ԱՄՆ-ում տեղ ունենա, ապա և` ամերիկյան կողմի մոտեցումներին հայկական կողմը պետք է միանշանակ ասի` ոչ:
Չերկրորդենք, չվեցերորդենք. խնդիրը հար ու միշտ վերաբերում է խաղաղապահների «ո՛վ» լինելու խնդրին:


Շարունակությամբ արձանագրենք. արդեն իսկ կա «արդյունք», այն է` հանդիպման կազմակերպիչն է ոչ թե ամերիկյան կողմը, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը (տես նրանց հայտարարությունը): Ընդ որում, նույն այդ հայտարարության «շերտերից» կարելի է նաև ենթադրել, որ չի բացառվում` հանդիպումը ոչ թե ԱՄՆ-ում, այլ, ասենք, Եվրոպայում` «չեզոք» տարածքում, տեղի ունենա: Առաջանում է անչափ տրիվիալ հարց. այդ դեպքում հանդիպում են, «որ ի՞նչ անեն»:


Ընդ որում, Ռուսաստանի` պուտինյան ադմինիստրացիայի կոշտ դիրքորոշումը ևս մեկ հղկում ուներ. եթե անգամ հանդիպեն Վաշինգտոնում, հայկական կողմը պետք է «ոչ» ասի պարոն Պոմպեոյի, ըստ ամենայնի, արդեն իսկ որոշակի մշակում ստացած պլանին:


Այս «խոկումներն» էին պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն առանձնացավ իր ծննդյան օրը` դարակներում դասավորելու իր գլխին գալիքը ոչ միայն արցախյան, այլև մնացյալ, այդ թվում` ներքաղաքական գործընթացների հեռանկարում, ուր նույնպես «երեկոն» բավականին ուրախ է, ոչ միայն ՎԵՏՕ-ի` «Բաց հասարակության հիմնադրամների», կարճ ձևակերպմամբ` Սորոսի դեմ աննահանջ պայքարի, այլև ստեղծվող նոր կուսակցությունների, Փաշինյանից տոտալ հիասթափության և իհարկե, Սահմանադրական դատարանի «շուրջ» ստեղծված իրավիճակի հարցում, ուր, ի դեպ, բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել:

Իշխանությունները վերջապես կարողացան Վահե Գրիգորյանի առումով հասնել իրենց մուրազին. վերջինիցս «ամբաստանված» երկրի նախագահը դեռ նախորդ դատավորի չընտրման «թանաքը» չչորացած, առաջարկեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Որ սույն անձը կընտրվի, ոչ ոք չի կասկածում: Խնդիրն այլ է. իշխանությունը ՍԴ-ն «վեթինգի», այն է` հեղափոխական պատկերի բերելու, ՍԴ-ն իր նախագահով, դատավորական կազմով փոփոխելու իդեա ֆիքսը պետք է կյանքի կոչի` Վահե Գրիգորյանին դարձնելով ՍԴ նախագահ։

ՀՀՇ-ի տրամաբանության հանգույն` «սեփական պոլի փետը` շանորդի, բայց մեր Սամոսան է» (հիշեք` հայտնի գաղտնալսման ժամանակ ինչ «գորովանք ու հավատք» կար սույն «Սամոսայի» նկատմամբ):


Ընդ որում, խնդիրը ոչ միայն երկրի գերագույն դատական մարմնի նկատմամբ տոտալ վերահսկողությանն է առնչվում, այլև կոնկրետ Քոչարյանի գործին: Կարելի է պատկերացնել, թե ինչ կնշանակի իր ծննդյան օրը միայնակ տոնող, դատարանների դռները ընդամենը 1100 մարդով (ներառյալ թամաշա անողները և ուժային կառույցների ներկայացուցիչները) փակած, ռեյտինգի սոսկալի անկում գրանցող Փաշինյանի համար, որն առանց այդ էլ մեղադրվում է ամեն տեսակի ստեր արտաբերելու մեջ, եթե հանկարծ Հրայր Թովմասյանի ՍԴ-ն վերցնի ու կարճի Քոչարյանի գործը և բոլորին ասի` «գնացեք տուն»: Չմոռանանք, դեռ նախորդ ամռանը Նիկոլ Փաշինյանը բազմամարդ միտինգում ասել էր` Մարտի 1-ի գործն ամբողջովին բացահայտված է:


Միով բանիվ` նոր իշխանություններն ու միանձնյա լիդերը լավ օրեր չեն ապրում, առաջիկան էլ ավելի վատ կլինի նրանց համար, որովհետև «կոնկուրենտ ֆիրմաները» տոտալ ցանցային պայքար են սկսում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao