Ապրիլին Թեհրանն զգուշացրեց. «ԱՄՆ-ը դաս չի քաղել իր պարտություններից»

Ապրիլին Թեհրանն զգուշացրեց. «ԱՄՆ-ը դաս չի քաղել իր պարտություններից»
04.06.2019 | 02:11

(Նախորդ մասը)

Ահա ԱՄՆ-ի և Իսրայելի տարածաշրջանային խամաճիկ Պակիստանի արձագանքը։ Պակիստանյան առաջատար անգլալեզու «Express Tribune» թերթը հայտնել էր, որ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը շուտով կայցելի Թեհրան, որտեղ պաշտոնական բանակցություններ կվարի Իրանի նախագահ Ռոհանիի հետ և կհանդիպի Գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի հետ։ Մի խումբ լրագրողների հետ վերջերս կայացած շփման ժամանակ Պակիստանում Իրանի դեսպան Մեհդի Խոնարդուստը հայտարարել էր, որ շուտով շատ լավ նորություններ կլինեն պակիստանա-իրանական հարաբերություններում։ Հոդվածում ավելացվել էր, որ այդ այցը Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների նուրբ հաշվեկշիռը պահպանելու գծով Պակիստանի ջանքերի մի մասն է։ Ավելի վաղ վարչապետ Իմրան Խանը հավաստիացրել էր Իրանի նախագահ Ռոհանիին, որ Իսլամաբադը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ։ Թերթը հայտնում էր, որ պակիստանցի պաշտոնյաներն Իրանը կարևոր հարևան երկիր են համարում։ Վարչապետի այցի օրակարգին ծանոթ պաշտոնյաները հայտարարել էին, որ Իմրան Խանը կհաստատի Պակիստանի առաջարկությունը և ընդհանուր խնդիրները լուծելու համար բոլոր մուսուլմանական երկրներին միավորվելու կոչ կանի։ Այժմ՝ 2019-ի հունիսին, մենք հնարավորություն ունենք ավելացնելու, որ Իման Խանի այցն Իրան հաջողություն է արձանագրել. պակիստանցիները համաձայնել են, որ իրանական բանակը և ԻՀՊԿ-ն իրավունք ունեն ահաբեկիչներին հետապնդելու Պակիստանի տարածքում, և հակաահաբեկչական գործողությունների համար ձևավորվելու է համատեղ զորակազմ։


Մեծ Բրիտանիան մերժել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների «սև ցուցակի» մեջ մտցնելու մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի խնդրանքը։ ԵՄ-ի ներկայացուցիչը չի մեկնաբանել Թրամփի այդ որոշումը։ Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Տարոն հայտարարել է, որ Տոկիոն չի հետևի Վաշինգտոնի որոշմանը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ագնես ֆոն դեր Մուլը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Արևմտյան Ասիայի իրադրության հետագա սրումից և քննադատել է ԱՄՆ-ի նախագահի որոշումն ԻՀՊԿ-ի վերաբերյալ՝ Վաշինգտոնին մեղադրելով Մերձավոր Արևելքի ապակայունացման մեջ։ Մի խոսքով, ԱՄՆ-ը, Իսրայելը և որոշ քրդեր («Իրանական Քրդստանի քաղաքական կուսակցությունների համագործակցության կենտրոն») 2019-ի ապրիլյան մի քանի օրում դարձան մոլորակի քաղաքական մերժվածներ։


Ծանոթացնենք նաև հենց Իրանից արված մի քանի հաղորդագրության։ Դրանք նույնպես հարկ է ընկալել որպես Թրամփի որոշման արձագանք։ Ապրիլի 9-ի տեսակոնֆերանսում Իրանի նախագահ Ռոհանին կարգադրել է Նաթանզայի միջուկային հրապարակում տեղադրել 20 հատ IR-6 ցենտրիֆուգից բաղկացած կասկադ, հաղորդել է Mehr News-ը։ Միջուկային տեխնոլոգիաների ցուցահանդեսային կենտրոն այցի ժամանակ Ռոհանին ներկայացրել է նաև 110 նոր տեխնոլոգիա բժշկության ու բժշկական ախտաբանության և քվանտային տեխնոլոգիաների ոլորտից։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի օգնական Ալի Զարեանն ավելի շատ մանրամասներ է հայտնել. «Իսլամական Հանրապետությունը խնդիրներ չունի միջուկային ցենտրիֆուգների նախագծման և ցանկացած քանակի արտադրության վերականգնման գործում։ 2019 թ. նշվում է Իրանի ատոմային արդյունաբերության 13-րդ տարեդարձը։ 2017 թ. ապրիլի 9-ին Իրանի միջուկային տեխնոլոգիաների բնագավառում գրանցվել է 44 նվաճում, իսկ 2018-ին դրանց թիվը հասել է 83-ի։ Նորարարությունների ընդհանուր թիվն այդ ոլորտում 2019-ին հասել է 114-ի։ Ատոմային արդյունաբերության ոլորտում Իրանի նվաճումներն իրականացել են պատժամիջոցներին, ինչպես նաև արևմտյան երկրների այլ սահմանափակումներին զուգահեռ։ Այսօր Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը միջուկային ոլորտում նորագույն տեխնոլոգիաները ներդնում է ըստ երկրի պահանջարկի։ Բուշեհրի գործարանի շինարարության երկրորդ ու երրորդ փուլերում նախատեսվել և ծախսվել է մոտ 10 մլրդ դոլար։ Շինաշխատանքները պետք է սկսվեն 2019-ի ամռանը։ Ներկայումս մենք կարող ենք պատրաստել ցանկացած տիպի ցենտրիֆուգ՝ կախված պատվիրատուի պահանջից»։


Զարեանը նշել է, որ «ներկայումս IR-8 ցենտրիֆուգը բանվորական փորձարկում է անցնում Նաթանզայում։ 2019-ին բացվել է միջուկային նյութերի «Ֆորդո» ազգային լաբորատորիան, որտեղ կիրականացվեն միջուկային այնպիսի ռեակցիաներ, որոնց արդյունքում առաջանում են ռադիոակտիվ նոր իզոտոպներ»։ Իսկ այդ ոլորտում ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների մասին նա ասել է, որ դրանք «Թեհրանին թույլ են տալիս ատոմային արդյունաբերության մեջ կենտրոնանալ ինքնապահովման և նոր տեխնոլոգիաների վրա։ Չնայած ԱՄՆ-ի բոլոր ջանքերին, խաղաղ ատոմի օգտագործման բնագավառում Իրանը չի դադարեցնի իր փորձարկումները։ Վերջին մի քանի տարում զգալիորեն ուժեղացել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական գործունեությունը։ Սիոնիստներն ու ամերիկացիները մշտապես Իրանի նկատմամբ անհեթեթ ու չհիմնավորված մեղադրանքներ են առաջ քաշում նրա միջուկային մշակումների կապակցությամբ։ Այսօր Թեհրանը խաղաղ նպատակներով տարեկան մինչև 100 կգ միջուկային վառելիք արտահանելու հնարավորություն ունի»։ Ինչպես ասվում է, խելք ունեցողը կհասկանա, թե Իրանից ապրիլյան այդ օրերին ինչի մասին են թափանցիկ կերպով ակնարկել ԱՄՆ-ի և Իսրայելի իրանատյացներին, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներին։ Ընդգծեմ՝ այդ թվում և Հայաստանում։
Ապրիլի 10-ին, ինչպես հայտնել է IRNA-ն, Թեհրանի համալսարանների մեծ թվով ուսանողներ ու դասախոսներ մասնակցել են Թրամփի որոշման դեմ ուղղված հանրահավաքների՝ «Կորչի ԱՄՆ-ը», «Ես նույնպես ԻՀՊԿ-ի անդամ եմ», «Եթե չլիներ ԻՀՊԿ-ը, չէր լինի և մեր երկիրը» կարգախոսներով։ Նրանք հայտարարել են, որ ԻՀՊԿ-ը ժողովրդական մարմին է, որն ամեն ինչ անում է բոլոր բնագավառներում մարդկանց կենսամակարդակը բարելավելու համար։ Իսկ մինչ այդ, դեռ ապրիլի 8-ին, պատգամավորների խմբերը խորհրդարանի նիստին են եկել ԻՀՊԿ-ի համազգեստով՝ վանկարկելով «Մահ ԱՄՆ-ին», «Մենք բոլորս ԻՀՊԿ ենք»։ Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանն արդեն ԱՄՆ-ի կառավարությունը և զինված ուժերը դիտարկում է որպես ահաբեկչության խորհրդանիշ. «Պարոն Թրամփ, մենք գիտենք, թե դուք ինչպես եք հասել այս պահին. դուք մտածում էիք, թե անցյալ տարի իրանական նավթի արտահանումը կարող եք զրոյի հասցնել, բայց չկարողացաք»։
Հիշեցնենք նաև, որ 2019 թ. հոկտեմբերի 1-ից հետո, Դամասկոսի և Իրանի միջև կնքված պայմանագրի համաձայն, պետք է սկսվի Լաթաքիա քաղաքի ծովային նավահանգստի վարձակալությունն Իրանի կողմից, այսինքն Իրանը ելք կստանա դեպի Միջերկրական ծով։ Հաշվի առնելով Իրանի և Սիրիայի դեմ ԱՄՆ-ի անհեռատես քաղաքականությունը, ոչ ոք չի զարմանա, եթե Իրանը լրջորեն մտադրվի իրականացնելու իր նախկին պլանները։ Իսկ դրանցից մեկը Սիրիայում ռազմաբազաների կամ ռազմական հենակետերի ստեղծումն է։ Ի դեպ, Լաթաքիայում հետաքրքիր շատ բան կա նաև Ռուսաստանի համար, թեև նա ռազմաբազա ունի Տարտուսում։ «Ասիական միջանցքով» ելքը դեպի Միջերկրական ծով շահավետ է ՌԴ-ի համար, քանի որ այդ պլանի իրագործման դեպքում Կասպից ծովի իրանական սահմանակետերով, Իրաքի և Սիրիայի տարածքով ուղիղ «ցամաքային կամուրջ» կստանա դեպի Միջերկրածովք։ Բայց դրան կարող են լրջորեն խանգարել իրանական ԻՀՊԿ-ի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։ Սակայն Թեհրանը դեռ երեք տարի առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամեդ Բաղերիի շուրթերով, որը երկար ժամանակ գլխավորել է ԻՀՊԿ-ը, հայտարարում էր, որ պատրաստ է ռազմածովային բազաներ ստեղծելու Սիրիայում ու Եմենում։ Իսրայելի ԶԼՄ-ները բազմիցս են հաղորդել, որ Նեթանյահուն Պուտինին այդ առթիվ իր մտահոգությունն է հայտնել։


Ինչ վերաբերում է Իրանի վրա ճնշման նոր ձևի նախաձեռնողներին, ապա Բաղդադում Վաշինգտոնի ներկայացուցիչ Ջոն Հուդը հայտարարել է, որ Իրաքի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի և Իրանի ուժերի միջև, որովհետև իրաքցիները չեն կարող միաժամանակ լինել երկուսի կողմում։ «Իրաքի կառավարության և ժողովրդի համար բնական է Իրանի կառավարության ու ժողովրդի հետ նորմալ հարաբերություններ ունենալը։ Բայց նորմալ չէ, երբ ԻՀՊԿ-ը մտնում է ուրիշ երկիր և առանց նրա կառավարության համաձայնության փորձում ապակայունացնել այն ու թուլացնել այդ կառավարության ինքնիշխանությունը»,- ասել է Հուդը։ Նշեմ միայն, որ Բաղդադի վրա ԱՄՆ-ի կառավարության ճնշումը շարունակվել է ողջ ապրիլի ընթացքում և, դատելով ամեն ինչից, ամերիկա-իրաքյան հարաբերությունների սրումն անխուսափելի է։


Ինչպես տեսնում ենք, ապրիլին ամերիկացիներն ինքնագոհության թմբիրի մեջ էին սեփական անմտությունից և այն բանից, որ տարածաշրջանում Իսրայելի շահերի իրականացման մեխանիզմի մի պտուտակ են։ Բայց խնդիրն այն է, որ Իրաքում հիանալի են հիշում, որ 2014 թ. Իրաքում ԻՊ-ի հայտնվելուց հետո Իրաքի շիաների առաջնորդ, մեծ այաթոլահ Ալի աս Սիստանիի կոչով ստեղծվեցին «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» իրանամետ ուժերը, որոնք բազմիցս սպառնացել են գրոհել Իրաքում ամերիկյան զորքերի վրա, ինչպես նաև խորհրդարանում ջանքեր են գործադրել, որ օրենք ընդունվի օտարերկրյա զորքերը երկրից հեռացնելու մասին։ Հենց ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ ջոկատի ուժերն են օգնել իրաքցիներին, որ կանգնեցնեն Բաղդադի վրա ԻՊ-ի հարձակումը՝ նրա հիմնական ուժերը ջախջախելով Տիքրիտ քաղաքի մոտ։ Հենց դրանից էլ սկսվեց Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի «դարաշրջանի» մայրամուտը։ Ավելին, իրաքցիները շատ լավ են հիշում, որ ահաբեկիչներից Մոսուլը, իսկ Մասուդ Բարզանիի քրդերից Քիրքուքը հետ են վերցրել հենց «Ալ-Խաշդ աշ-Շաաբիի» ուժերը՝ ԻՀՊԿ-ի աջակցությամբ։


Սակայն ճիշտ էին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային և ռուսաստանցի փորձագետ Ռաջաբ Սաֆարովը։ Առաջինը, մեկնաբանելով Թրամփի ապրիլի 8-ի որոշումը, հայտարարեց. «Իրանի ԶՈՒ մաս և ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մասին որոշումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը դաս չի քաղել իր պարտություններից»։ Երկրորդը ճիշտ գնահատական է տվել ԻՀՊԿ-ի զորքերին որպես «Իրանի ժողովրդի խորքից ելած ժողովրդական ուժի»։ ԻՀՊԿ-ը («Բասիջ» աշխարհազորի հետ) վաղուց հայտնի «զինված ժողովուրդ» արտահայտության մարմնավորումն է։ Իսկապես, անմտություն է զենքը ձեռքին ժողովրդին «ահաբեկիչ» անվանելը։ Իզուր չէ, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Գերմանիայի բունդեստագի փոխնախագահ Կլաուդիա Ռոտի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել, որ դադարեցվի ահաբեկչության ֆինանսավորումը մարդու իրավունքների ինքնակոչ պաշտպանների կողմից, ընդ որում, նշելով ԱՄՆ-ը։ «Ծայրահեղ կարևոր է վերջ դնելը ահաբեկչության և այն երկրների քայքայիչ գործունեության ֆինանսավորմանը, որոնք հավակնում են մարդու իրավունքների պաշտպանությանը»,- հայտարարել է նա Կատարի մայրաքաղաք Դոհայում միջխորհրդարանական միության 140-րդ ասամբլեայում։ Երևում է՝ Մերձավոր Արևելքում ահաբեկիչների հիմնական հովանավորների մասին Իրանի հավաքած փաստաթղթերի փաթեթը շուտով լայնորեն կհրապարակվի, և մենք չենք նախանձի ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իսրայելին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao