«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Հռետորական հարցերի պրագմատիկ պատասխանները

Հռետորական հարցերի պրագմատիկ պատասխանները
11.06.2019 | 00:24

«Մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և Աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում: Ցանկանում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են. ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի: Կանոններ պե՞տք է լինեն, թե՞ ոչ»՝ հարցը հռետորական է, հարցնողը Վլադիմիր Պուտինն է: Իրականում սա հարց չէր, այլ պատասխան Վենեսուելայի թնջուկին և վերաբերում էր Վենեսուելայի խորհրդարանի նախագահ ու ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյին: Բայց ոչ միայն նրան:


Քչերն ուշադրություն դարձրին կամ չդարձրին, որ երբ ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում պատասխանում էր հարցի, փաստացի նկարագրում էր Հայաստանի թավշե հեղափոխությունը, փոխարենը հայ ֆեյսբուքյան հայրենապաշտպան ռեսուրսը պատվո հարց համարեց տեղը դնել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որ զարմացել էր ՀՀ վարչապետի մտքի թռիչքի վրա՝ «Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»: Ճիշտ է՝ նա նախադասությունը հատել էր բնագրից, հետո միայն դրեց բնագրով ու որակեց «Բովանդակալից, դրական և զիլ։ Ինձ շատ դուր եկավ: Իսկ սադրիչներին մի լսեք»: Նրա ստատուսի մեկնաբանությունները ախտորոշում են հայկական մտքի մակարդակը: Եվ հաստատ մի լավ զվարճացրել են ՌԴ ԱԳՆ խոսնակին ու բացարձակապես անգործ թողել ՌԴ նախագահի խոսնակին՝ այդպես էլ ոչ ոք նրան չհարցրեց՝ Պուտինը միայն Գուայդոյի՞ն նկատի ուներ: Իրո՞ք: Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը ընկալվեց Զախարովայի պրիզմայով ու մի կողմ դրեց բազում հարցեր: Օրինակ՝ երբ ՀՀ վարչապետը գնում է ՌԴ և հանդիպելու է ՌԴ նախագահին ու հանդիպմանը մասնակցելու է ՌԴ ԱԳ նախարարը, ինչու՞ ՀՀ ԱԳ նախարարը մնում է Երևանում: ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումները խոչընդոտ չէին, կարելի էր փոխել հանձնաժողովների նիստերի ու նախարարների ԱԺ գալու օրերը: Կամ՝ տնտեսական համաժողովում Հայաստանը ներկայացված էր միայն քաղաքակա՞ն մակարդակով, իսկ արտադրակա՞նը: ՀՀ-ն տաղավար ունե՞ր համաժողովում: Եթե այո՝ ի՞նչ էր ներկայացնում ու ինչո՞վ էր ամրագրում իր վարչապետի ելույթը, եթե ոչ՝ ինչու՞: Կամ՝ վարչապետի և այլ պետությունների ղեկավարների հանդիպումների արդյունքում որևէ համաձայնագիր կնքվե՞ց: Եթե այո՝ ի՞նչ, եթե ոչ՝ ինչու՞: Այս հարցերը հռետորական չեն, աշխատակարգային են, պրագմատիկ պատասխաններ են ակնկալում: Այլապես ստեղծվում է տպավորություն, որ ՀՀ վարչապետը գնացել էր Սանկտ Պետերբուրգ ներկա ստանալու, ու անօրակարգ էր նաև ՌԴ նախագահի հետ հանդիպումը: Կամ էլ՝ Պուտին ձյաձային խնդրում էինք՝ գազի սակագինը չբարձրացնի, որովհետև մեր տնտեսական աճի հերը կանիծի, մեկ էլ՝ «Իսկանդեր» շատ ունենք, բայց էլի ենք ուզում «Իսկանդերից» ոչ պակաս, բայց չգիտենք ինչ, ինչ կտա՝ կտա: ՈՒ այսօրվա մեր մտքի թռիչքը դա է: ՈՒ այնքան ենք տարված ՌԴ-ՀՀ ռազմավարական համագործակցության գաղափարով, որ մեզ թույլ չենք տալիս ստոր կասկած՝ Պուտինին պե՞տք է ՀՀ տնտեսական աճը՝ մի վարչապետի գլխավորությամբ, որ դուրս է եկել հրապարակ ու իրեն հայտարարել… Մնացածը ըստ Գուայդոյի մասին նրա խոսքի: «Ցնորվե՞լ եք»:


Թռիչքի մասին՝ Սանկտ Պետերբուրգից Դիլիջան ՀՀ վարչապետի հռետորական տաղանդը բացվեց: Դիլիջանում նախագահ Արմեն Սարգսյանի կազմակերպած «Մտքերի գագաթաժողով»-ում ելույթում նա նախ հին հնդկական առակ հիշեց առ այն, թե «Ի՞նչն է ավելի շատ, քան աստղերը» և հնդիկներին ապավինելով` պատասխանեց. «Մտքերն են ավելի շատ, քան աստղերը: Ընդ որում՝ մեկ մարդու մտքերը, ոչ թե ամբողջ մարդկության», ու եզրակացրեց. «Ընդհանրապես, միտքն այն ամենակարևոր և շրջադարձային երևույթն է, որ կերտել է, ստեղծել է մեր իրականությունը: Ամբողջ քաղաքակրթությունը, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա. մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը` մարդկային միտքը»: Հետո անցավ գեղեցկախոսության. «Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր` մենք ուժ չունեինք, և ահա եկել է մտքի դարը ու որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է.

մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքն ինքնադրսևորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա»։ Հզոր է, չէ՞, հնչում, ոչինչ, որ «ծովի դարում» Կիլիկյան պետություն ենք ունեցել, ու Միջերկրականը մեր նավատորմի տրամադրության տակ էր, ոչինչ, որ «նավթի դարում» Մանթաշով ենք ունեցել, «բախտի դարն» էլ անսահմանափակ ժամանակ է, երբ Տիգրան Մեծ ենք ունեցել, «ուժի դարն» էլ մարդկության ողջ պատմության բնորոշումն է ու այնպես չէ, որ ամենաանուժն ենք եղել՝ Բիայնայից՝ Շուշի: ՈՒ եթե «21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի և մտքի զարգացման դար է», և «Մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաև Հայաստանի Հանրապետության դարն է, նաև Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետև մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը», գուցե սովորենք մտքերը նախ գրագետ ձևակերպել, հետոն հետո կերևա:
Դարը ժամանակ է, վայր չէ և փառավոր վերածնունդը ցանկացած ժողովրդի պահանջում է ոչ թե «որտեղ», այլ՝ «երբ» դերանուն: ՈՒ մտքի դարը 21-րդից սկսելը նիհիլիստական ժխտում է, որ սպանում է հայ Ոսկեդարն ու Միջնադարը, տիեզերական վարդապետ Նարեկացուց՝ Չարենց: Բայց դա մանրուք է, որ ՀՀ վարչապետի ելույթները գրողները կարող էին անտեսել, չէ՞ որ «Մեր խնդիրն է` ՀՀ-ն դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար, իսկ մենք հավատում ենք, որ ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է և մեր խնդիրն է ահա ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կդրսևորվի, կստեղծի ինտելեկտ, կստեղծի արհեստական ինտելեկտ և այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, մարդկային, հոգևոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը և բարեկեցությանը»: Ամեն: Հանկարծ չհարցնեք՝ ինչպե՞ս: Նախ՝ կպարզվի, որ դուք բացառիկ չեք, ուստի ձեզ կարտաքսեն տաղանդավոր մարդկանց դրախտից, հետո ակնհայտ կդառնա, որ դուք աղտոտում եք այն միջավայրը, որտեղ կամ, թերևս, երբ, մարդու տաղանդը կաճի ու կստեղծի արհեստական ինտելեկտ: ՈՒրեմն՝ դուք դեմ եք մարդկային մտքին, մարդկային, հոգևոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը և բարեկեցությանը: Վերջ, կարող եք սև հագնել ու փողոց դուրս գալ. ձեզ կբացատրեն՝ ինչ անել: Իսկ ընդհանրապես՝ չե՞ք կարծում, որ նախքան արհեստական ինտելեկտ ստեղծելը պետք է ունեցած ինտելեկտով հասկանալ՝ ի՞նչ է կատարվում այստեղ ու հիմա: Եվ դա՞ էր թավշե հեղափոխության նպատակը:


Հրաժարականների, բռնությունների ու բռնության դեմ պայքարի ձևերի ու մեթոդների, պաշտոնական հայտարարությունների ու այդ հայտարարություն-հրահանգները կյանքի կոչելու ընթացքում ի՞նչն ենք ավելացնում՝ սերն ու համերաշխությու՞նը, թե՞ ատելությունն ու բռնությունը: Չե՞նք հասել մի աստիճանի, երբ դադար պիտի տանք ու… մտածենք: Գուցե հասկանանք, որ անհեթեթ ու ապարդյուն է մի կողմից սևազգեստ մարդկանց խմբերով միմյանց ահաբեկելը, մյուս կողմից ահաբեկիչների վրա ոստիկանություն հաղորդում տալը ու ոստիկանական ռեյդերը: «Ադեկվադ»-ները, «Զվարթնոց» օդակայանից տաքսիստներին վտարելը, «Էպիկուր» սրճարանում քաշքշուկը, մեքենայով մայթ բարձրանալն ու բարձրացողին բռնելը՝ ա՜ն-հե՜-թե՜-թու-թյու՜ն է: Դա ընդամենը հասարակության դիմադրության ու դիմադրությունը ուժով կոտրելու ձև է: Պետք է հասկանալ՝ ինչու՞ ու ինչի՞ն է հասարակությունը դիմադրում, ոչ թե ուժայիններին նրանց կոտրելու հրահանգներ տալ: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը իրեն դեռ համարում է բոլորի վարչապետը, որ իրեն ընտրել են ու չեն ընտրել, ոչ թե միայն ՔՊ-ինը: Առավել ևս՝ իրեն չընտրածների վարչապետը, որովհետև Հայաստանը հին ու նոր չէ, մեկն է ու բոլորինս: Իսկ նա միայն խոնարհվում է մեր առաջ, սիրում է մեզ ու համբուրում… Եվ չի տեսնում, որ մեր կյանքում դա այլևս նշանակություն չունի, որովհետև միջին վիճակագրական հային վիրտուալ տարածքի խոնարհումը, սերն ու համբույրը նույնիսկ հպարտություն չեն ներշնչում, երբ, կամ ավելի ճիշտ «որտեղ», իր կյանքում ոչինչ չի փոխվում: Ընդամենը հրամցվում են տեսարաններ՝ անբովանդակ ու օրեցօր վտանգավոր դարձող, երբ ՄԻՏՔԸ հռչակվում է գերակա, իսկ մտածող չկա:
Երբ Հայաստանում դրսից մղվող հիբրիդային պատերազմը դարձել է ներքին, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը օրը մեկ զորավարժություններ են անում, ո՞րն է գլխավորը: Տրվել իրադարձությունների ընթացքի՞ն՝ ինչ կլինի՝ կլինի սկզբունքով, թե՞ դադարեցնել «սևերի» ու «սպիտակների» բաժանումն ու պահմտոցին և հասկանալ՝ համազգային նպատակներն ու խնդիրները: Գոնե հասկանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հետհեղափոխական Հայաստանում ամենազբաղված մարդիկ փաստաբաններն են: Դատավարությունների շքերթին զուգահեռվում է հրաժարականների շքերթը: ԲԴԽ նախագահի ու պաշտոնակատարի, արդարադատության նախարարի, ո՞վ է հաջորդը: Ասում են՝ ՍԴ նախագահը, ֆինանսների նախարարը. ՊԵԿ նախագահը… Եվ դանդաղ ու հանգամանալից Հայաստանում հաստատվում է ՔՊ մենիշխանությունը՝ իբրև ժողովրդավարության հայկական թավշե, արդեն «երկաթե» տարբերակ: ՔՊ-ի: Որ չգիտի՝ ինչ անել իր գլխին թափված իշխանությունը: Որ իր քայլերով կյանքի է կոչում տարատեսակ «սևազգեստավորների», որ պայքարի նրանց դեմ ու սկանդալներով կերակրի մարդկանց: ՔՊ-ն չի զգում ու չի հասկանում, որ ինքն իշխանություն է ու դեռ փորձում է իշխանության գալ՝ հնարելով կամ կյանքի կոչելով ռևանշիստների ու նրանց ասֆալտին փռելով: Եթե որևէ մեկին զարմացրել էր «նախորդ հանցավոր ռեժիմի» բազմամյա ներկայացուցիչ Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելը, այլևս ոչ ոք նրան երանի չի տալիս: Ո՞վ, եթե ոչ Վալերի Օսիպյանն է ստիպված «մեր ոստիկանների» կուռ շարքերն ամեն օր ու գիշեր ոտքի հանել հասկանալի չէ՝ ինչի և ում դեմ: Նրանք պարտավոր են ծառայել ժողովրդին ու ապահովել հասարակության անվտանգությունը, ու դեռ կա՞ մեկը, որ չհասկացավ՝ Նիկոլ Փաշինյանը ինչու՞ չի հրաժարվում սուպերվարչապետական համակարգից:


Իսկ Վալերի Օսիպյանը ստիպված հայտնաբերում է ԱՊՊԱ պայմանագիր չունեցողներին: Կառավարության հերթական նիստում անպայման կլինի մի պատրվակ, որ վարչապետը հիշի և ուժայիններին պայքարի նոր հրահանգ տա, եթե մեկնումեկը հանկարծ ու բախտը փորձի և որոշի իրավիճակը բացատրել կամ, ով զարմանք, առարկել, ՔՊ-ն իր ներսում դժգոհություն կապրի ու կարտահայտի փակ նիստերում, հրապարակավ անուններ չտալով, բայց դժկամությունը կվերածվի հրաժարականի: Տրամաբանական հրաժարականի: Անխուսափելի: Որովհետև մտածողության այս մթնոլորտում նահանջում են միտքն էլ, տրամաբանությունն էլ, հեղափոխությունն էլ: Հեղափոխությունը խժռում է ինքն իրեն: Ես արդեն ինձնից հոգնել եմ՝ գրելով տնտեսության զարգացման անհրաժեշտության մասին, միևնույն է, տնտեսությունը մնում է անձեռնմխելի տարածք իշխանության համար, որ խիստ ինքնատիպ պատկերացումներ ունի շարքային հայի կյանքի որակի ու մակարդակի մասին և որոնում է համահարթեցնող լուծումներ՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը ապացույց, կամ հայտարարում՝ պետք լինի, հետո նորից կանդրադառնանք: Հա՞ որ, իսկ մենք ինչպե՞ս ապրենք՝ այստեղ ու հիմա՝ 21-րդ դարում, «որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը»: Արդեն ծնվածները դու՞րս են գրվել կյանքի հաշվեմատյանից: Հավանաբար ոչ՝ դատելով հունիսի 9-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունից ու արդյունքներից: Հարց՝ ՏԻՄ մակարդակում արդեն հիմա ՔՊ պարտությունները այս ընթացքով չե՞ն վերածվի քաղաքական պարտության Աժ մակարդակում 2023-ին:

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ