Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չարչիական շանտաժն ու սեփական պայմանները պարտադրելն Իրանի դեպքում չգործեցին

Չարչիական շանտաժն ու սեփական պայմանները պարտադրելն Իրանի դեպքում չգործեցին
11.06.2019 | 00:59

Մոլորակը չափազանց հետաքրքիր, բայց և գերվտանգավոր ժամանակ է ապրում։ Ես բազմիցս եմ գրել Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտության մասին և մշտապես հավաստիացրել եմ Հայաստանի հանրությանը, որ շուտով Ամերիկայի ամբարտավանությունը կջախջախվի Իրանի և նրա դաշնակիցների կողմից։ Եվ 2019-ի հունիսը ցույց է տալիս, որ իմ կանխագուշակումն իրականանում է։ Տեսեք, արդեն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմփեոն մի քանի անգամ հնչեցրել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է իր 12 նախնական պայմաններից և պատրաստ է Իրանի հետ բանակցություններ սկսելու «մաքուր էջից»։ Արդեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի 10-12 անգամ բոլոր մակարդակներով հայտարարել է, թե իրանցիները թող ինձ զանգեն, և մենք կպայմանավորվենք։ Բայց Իրանը ինքնավստահ և կոշտ կերպով պատասխանում է՝ ոչ մի բանակցություն ԱՄՆ-ի հետ։ Իսկ եթե ԱՄՆ-ն է ուզում ինչ-որ բան քննարկել, ապա թեման միակն է. Ամերիկան վերադառնում է 2015 թ. հուլիսի «Իրան-վեցյակ» համաձայնագրի շրջանակ։ Չարչիական շանտաժն ու սեփական պայմանները պարտադրելն Իրանի դեպքում չգործեցին, որովհետև Իրանը քաղաքակրթություն է, ոչ թե երկիր, և Իրանի նյարդերը պողպատից են։


Մայիսի սկզբից Իրանը գործողության մեջ է դրել 60-օրյա վերջնագիր Իրանի հետ «միջուկային գործարքի» մասնակից արևմտաեվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համար։ Եվ եվրոպացիները լրջորեն վախեցան։ Վախեցած է և Ամերիկան. իզուր չէ, որ ԱՄՆ-ի ՌԾՆ նավախումբն այդպես էլ չմտավ Պարսից ծոց, չնայած Թրամփն սպառնում էր, որ դա կանի ծովից Իրանը լիովին շրջափակելու համար։ Իրանի բանակի համակարգողի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին հայտարարեց, որ Իրանն օտարերկրյա ուժերին թույլ չի տա մոտենալ իր ջրային սահմաններին։ «Մենք այն պետություններից չենք, որոնք ներխուժում են այլ երկրներ, և միջազգային ջրերում ենք գտնվում միջազգային օրենքների հիման վրա, բայց մենք ոչ ոքի թույլ չենք տա մոտենալ մեր ջրային սահմաններին»,- ասել է նա հունիսի 5-ին։ Մեկնաբանությունները հնչեցին այն պատճառով, որ ԱՄՆ-ի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն այդպես էլ չմտավ Պարսից ծոց՝ իրանական ուժերի հետ հակամարտությունից խուսափելու համար։ «Մենք այն երկրներից չենք, որոնք կարող են հեշտությամբ խաբվել ամերիկացիների կողմից,- ընդգծել է նա։- Իսլամական հեղափոխությունից հետո անցել է 40 տարի, և մենք շատ լավ ենք ճանաչում նրանց... Մեզ պետք չէ որևէ բանակցություն ԱՄՆ-ի հետ»։ Այնուհետև նա նշել է, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի ներկայությունը թշնամական քարոզչություն և հոգեբանական պատերազմի մաս է։


Սայարիից առաջ նույնպիսի կոշտ ելույթներով աշխարհին էին դիմել Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլահ Խոմեյնին, նախագահ Ռոհանին, արտգործնախարար Զարիֆը, ԶՈՒ-ի և ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարները, այլ հրամանատարներ։ Մայիսին և հունիսի անցած օրերին Իրանի զինվորականներն առնվազն 6-7 անգամ նախազգուշացրել են ԱՄՆ-ին, նույնիսկ նախագահ Ռոհանին է հայտարարել, որ իրանական ազգը պատրաստ է պատերազմելու, քանի որ պաշտպանում է իր անկախությունը։ Մայիսի վերջին և հունիսի սկզբին ոչ պակաս կարևոր իրադարձություն եղավ. Բաղդադում ընթանում էր Իրաքի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հերթական նիստը քառակողմ ռազմատեղեկատվական կենտրոնի (ՌՏԿ) շրջանակում։ Արդեն հունիսի 3-ին հայտարարություն տարածվեց, որ Չինաստանը հայտարարել է Իրանին, ՌԴ-ին, Իրաքին ու Սիրիային միանալու և և ՌՏԿ մտնելու մասին։ Նույն օրը Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում Չինաստանի դեմ «առևտրական պատերազմում» ԱՄՆ-ի պատժամիջոցները գնահատվել են որպես «պետական ահաբեկչություն»։ Դրան հետևեց Չինաստանի ազգային-ազատագրական բանակի (ՉԱԱԲ) գեներալակազմի արձագանքը. պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն հայտարարեց ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմին իր երկրի պատրաստ լինելու մասին։ «Եթե ԱՄՆ-ը բանակցություններ է ցանկանում, մենք դուռը բաց ենք թողնում։ Բայց եթե պատերազմ է ուզում, մենք պատրաստ ենք»,- ասել է Ֆենհեն։
Համաձայնենք, որ երբ պատասխան «առևտրային պատերազմի» մասին խոսում է ՉԺՀ պաշտպանության նախարարը, ապա հարկ է լրջորեն խորհել, քանի որ զինվորականն է խոսում, ոչ թե առևտրի նախարարը։ Չինաստանի պետական ԶԼՄ-ները «առևտրային պատերազմում» ԱՄՆ-ի վարքը մերկացնող արշավ են սկսել, հայտարարելով, որ Չինաստանի համար դա «ժողովրդական առևտրային պատերազմ» է։ Պետական թերթերն ու հեռուստատեսությունը հաղորդել են, որ ՉԺՀ-ի ժողովուրդը «պատրաստ է ԱՄՆ-ի հետ պատերազմին», քանի որ «վերջին հինգ հազարամյակում անցել է բոլոր ճակատամարտերը»։

Հուսով եմ, որ Հայաստանում բոլորն են հասկացել, որ այս դեպքում էլ ԱՄՆ-ի հետ պատերազմին պատրաստ լինելու մասին խոսում է քաղաքակրթությունը, ընդ որում, նույնպես հնագույններից մեկը, ինչպիսին իրանականն է, այլ ոչ միայն Չինաստան պետությունը։ Այստեղ ես հիշեցի, որ դեռ 2018-ի հոկտեմբերին Պեկինը հասկացրեց, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Այն ժամանակ ՉԱԱԲ-ի գլխավոր հրամանատարը՝ նույն ինքը ՉԺՀ Պետխորհրդի նախագահ Սի Ցզինպինը, հրապարակայնորեն կոչ արեց՝ արագացնել ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության նախապատրաստությունը։ Ընդունված է համարել, որ արդի իրականությունում միջուկային երկրների միջև անմիջական պատերազմ չի կարող լինել, բայց ընթացիկ իրադարձությունների զարգացումը, այդ թվում՝ 2019-ի 5 ամսվա, ցույց է տալիս, որ կարող ենք դառնալ կանոններից բացառությունների վկաներ։


Հավաստիացնում եմ, որ հիմա Վաշինգտոնի խուճապի առիթներն ավելի շատ են, քան մեկ ամիս առաջ։ Չինաստանը բացահայտորեն ցույց է տալիս, որ Ռուսաստանի և Իրանի դաշնակիցն է Սիրիայի և Իրաքի խնդրով, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գծով։ Իրանն ու Չինաստանը նախազգուշացնում են ԱՄՆ-ին, որ պատրաստ են ԱՄՆ-ի հետ ցանկացած պատերազմի։ Այնպես որ, մնացել է միայն, որ ՌԴ նախագահ Պուտինն էլ հիշեցնի Թրամփին մոտավորապես այն, ինչ ասել է Չինաստանի ռազմական նախարարը. «Եթե ԱՄՆ-ը պատերազմ է ցանկանում, ապա մենք (Ռուսաստանը-ծ.հ.) պատրաստ ենք»։ Սակայն Պուտինն առայժմ զուսպ է. հունիսի 6-ին նա ընդամենը ևս մեկ անգամ նախազգուշացրեց Արևմուտքին և ամբողջ աշխարհին, որ «աշխարհը պետք է գիտակցի միջուկային սպառազինության մրցավազքի և այլ սպառնալիքների պատասխանատվությունը, որոնք կարող են հանգեցնել համաշխարհային աղետի»։ Այդ մասին նա խոսել է Պետերբուրգի միջազգային տնտեսական վեհաժողովում (ՊՄՏՎ). «Մենք պետք է նկատի ունենանք, թե ինչ աշխարհում ենք ապրում, ինչ վտանգներ են մեզ սպասում, եթե հսկողության տակ չպահենք այդ կրակե օձին, եթե նրան, Աստված չանի, դուրս թողնենք շշից»։ Ըստ նրա, բանակցություններում պետք է ներգրավել միջուկային զենք ունեցող բոլոր երկրների ղեկավարներին, այլապես 2021 թ. կվերանան սպառազինությունների մրցավազքը սահմանափակող վերջին գործիքները։ Թույլատրելի կարող է դառնալ անգամ տիեզերքում զենքի տեղադրումը։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում ՌՀՍ-3 պայմանագրի երկարացումից։ «Մենք արդեն 100 անգամ ասել ենք, որ պատրաստ ենք, բայց մինչ այժմ ոչ մեկը մեզ հետ չի բանակցում,- ասել է Պուտինը՝ ակնհայտորեն նկատի ունենալով ԱՄՆ-ը, միաժամանակ ավելացնելով, որ Թրամփի հետ զրույցը լավատեսություն է ներշնչել.- Թրամփը ևս մտահոգված է սպառազինության վրա երկրների մեծ ծախսերով։ Այդ փողերը կարելի է ուղղել այլ նպատակների»։


Հիշեցնենք, որ ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագիրը (ՌՀՍ-3), որի ժամկետը լրանում է 2020 թ., նախատեսում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զենքի փոխադարձ կրճատում։ Հայաստանում պետք է իմանան և հիշեն, որ հենց ԱՄՆ-ն է սպառնում, որ դուրս կգա ՌՀՍ բոլոր պայմանագրերից և չի ցանկանում իրավահավասար բանակցություններ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Պենտագոնում և փորձագիտական ընկերակցությունում շարունակում են զարմանալ և վախենալ ռուսական ռազմական հերթական նորույթից։ Բանն այն է, որ 2019 թ. ապրիլի վերջին Ռուսաստանի հյուսիսի «հպՉՎՈՔ» նավաշինարանից ջուրն իջեցվեց «Բելգորոդ» ատոմային սուզանավը (ԱՍՆ)՝ առաջինը այն սուզանավերի խմբաքանակից, որոնք զինված են ջերմամիջուկային զենք կրող ռոբոտացված տորպեդներով։ Ամերիկյան «The NationaL Interest» հանդեսը, հղում անելով ԱՄՆ-ի զինվորականներին, դրանք անվանել է «Ապոկալիպսիսի սուզանավեր»։ Մի քանի խոսք ամերիկացիներին այդքան սարսափեցրած ռուսական նոր սպառազինությունների մասին։

«Բելգորոդի» հարվածային ուժը կազմում են գործողության միջմայրցամաքային շառավղով 6 հատ 25-մետրանոց «Պոսեյդոն-6» ռոբոտ տորպեդները։ Նրանց 100-մեգատոննանոց մարտագլխիկներն առաջացնում են ցունամի, որը ջրի տակ է թաղում թշնամու ափամերձ քաղաքները։ Հիշեցնեմ, որ այդ սուզանավը նախագծվել է 1992 թ.՝ որպես «Օսկար II» կարգի («Կուրսկ» ԱՍՆ-ի «դասարանցի») վիթխարի ատոմային սուզանավ։ 2010 թ. նախագիծն ստացավ գիտական նավի կարգավիճակ՝ նախատեսված ստորջրյա հետազոտությունների համար։ 2015 թ. սուզանավն սկսեցին վերափոխել ռազմական նպատակների համար («Կարգավիճակ-6»)։ ԱՄՆ-ի ռազմածովային փորձագետները նշում են «Բելգորոդի» որոշ անսովոր առանձնահատկություններ, մասնավորապես իրանի ստորին մասի ուռուցիկությունը, ուր կարող են ներքաշվել ընթացքը պահպանող շարժասարքերը։ Իսկ համացանցի ռուսական մասի որոշ «կատակասերներ» ակնարկում են, թե «Բելգորոդը» կոչված է «Կուրսկի» համար վրեժ լուծելու... Այդ ակնարկը վերաբերում է Հյուսիսային նավատորմի «Կուրսկ» ԱՍՆ-ի, որը նույնպես կառուցվել էր «հպՉՎՈՔ» նավաշինարանում, խորհրդավոր վթարին։ Հիշեցնեմ, որ «Կուրսկի» աղետը տեղի ունեցավ 2000 թ. օգոստոսի 12-ին, երբ զոհվեցին անձնակազմի բոլոր 118 անդամները։


Այնուամենայնիվ, պնդում եմ, որ նույնիսկ մայիսյան և հունիսյան զարգացումների հիմքում 2019-ի ապրիլն է, Սպիտակ տանը տիրած խուճապի իրական պատճառը ձևավորվել է հենց ապրիլին։ Այն, ինչ անում էր Թրամփի վարչակազմը ապրիլին, նման էր պետական ահաբեկչության, ճիշտ է, միայն Իրանի նկատմամբ։ Բոլորը համոզված էին, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջական արգելք (էմբարգո) դնելու իրանական նավթի արտահանման վրա, նույնիսկ այն երկրների նկատմամբ, որոնց մինչև 2019 թ. մայիսի 2-ը հատկացված էին ինչ-որ չափաքանակներ։ Առայժմ հայտնի է, որ ապրիլի վերջից մինչև այժմ միայն Հնդկաստանը (նրա ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռավիշ Կումարը հայտարարել է, որ իր երկիրը պահպանելու է Իրանի դեմ ԱՄՆ-ի մտցրած պատժամիջոցները) և Թայվանն են դադարեցրել իրանական նավթի գնումը և այլընտրանքներ են որոնում։ Իսկ Սաուդյան Արաբիան հանկարծակի սկսեց «երախտագիտության» հեղեղներ տեղալ ԱՄՆ-ի հասցեին, երևի այն հույսով, թե հենց ինքը կզբաղեցնի Իրանի տեղը նավթի համաշխարհային առևտրում։ Կամ էլ երևի Վաշինգտոնը նման բան էր խոստացել սաուդցիներին։ Իրանական նավթի մնացած ավանդական գնորդները խիստ բացասաբար արձագանքեցին ԱՄՆ-ի հակաիրանական արշավի շարունակմանը։ Վաշինգտոնի հերթական հնարքներին դեմ են Չինաստանը, երկու Կորեաները, որոշ չափով՝ Ճապոնիան, նաև Իրաքը, Թուրքիան և այլն։ Դեմ են Եվրամիության անդամ երկրները. բավական է հիշել Բելգիայի ԱԳՆ-ի արձագանքը ապրիլի 23-ին։ Իսկ ապրիլի 25-ին Թրամփի որոշման դեմ մի փոքր քողարկված ձևով հանդես եկավ նաև Գերմանիան։


Հաստատելով իր հավատարմությունն Իրանի հետ միջուկային գործարքին՝ Գերմանիան հայտարարեց, որ ԵՄ-ի մյուս երկրների հետ գնահատելու է իրանական նավթի գնորդների դեմ ԱՄՆ-ի վերջին գործողությունների հետևանքները։ «Գերմանիայի կառավարությունը և Եվրամիությունն առաջվա պես հավատարիմ են Իրանի հետ միջուկային համաձայնագրին,- ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ ՈՒլրիկե Դեմմերը։- Մենք առաջվա պես կարծում ենք, որ այդ համաձայնագիրը չափազանց կարևոր գործիք է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու հարցում»։ Պարզաբանենք. հասկանալի է, որ եթե ԵՄ-ն ու պաշտոնական Բեռլինը հաստատում են իրենց հավատարմությունը Իրանի հետ 2015 թ. «միջուկային գործարքին», դա նշանակում է, որ Գերմանիան հավատարիմ է նաև Իրանի դեմ ամեն տեսակի պատժամիջոցների լիովին վերացման պահանջին, որ արտացոլված է այդ համաձայնագրում։ Այնպես որ, կարող է այնպես լինել, որ ԱՄՆ-ից, Իսրայելից, Սաուդյան Արաբիայից և էլի մի քանի երկրից բացի, մնացած ամբողջ աշխարհը հանդես գա Իրանի նկատմամբ ամերիկյան Էմբարգոյի և այլ արգելքների դեմ։ Բայց առայժմ աշխարհը լարված հետևում է, թե Եվրոպան ինչպես է կատարելու Իրանի վերջնագիրը, և ԱՄՆ-ը ինչ է պատասխանելու Չինաստանի պաշտպանության նախարարի նախազգուշացմանը, որի մասին գրել ենք վերևում։


Ինքնըստինքյան հասկանալի է, որ Թրամփին դեմ է նաև ՄԱԿ-ը։ Ապրիլի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մամուլի քարտուղար Մոնիկա Գրեյլին հայտարարել է ասամբլեայի նախագահի բողոքի մասին ԱՄՆ-ի ցանկացած միակողմանի տնտեսական, ֆինանսական և առևտրային պատժամիջոցների դեմ, որոնք, նրա կարծիքով, սահմանափակում են առևտրի ազատությունը. «Գլխավոր ասամբլեայի նախագահն ընդհանրապես դեմ է ցանկացած տնտեսական, առևտրային, ֆինանսական պատժամիջոցներին և այլ միջոցների, որոնք հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին։ Նախագահը կարծում է, որ այդպիսի միակողմանի միջոցները սահմանափակում են ազատ առևտուրն ամբողջ աշխարհում, իսկ ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել միայն բանակցությունների ու երկխոսության միջոցով»։


Իհարկե, մենք կփորձենք պարզել, թե ինչի կհանգեցնի իրանա-ամերիկյան հակամարտության հերթական գալարը, սակայն կուզեինք նախ տեսնել, թե ինչից այդպես վախեցավ ԱՄՆ-ը։ Իրանից նավթ գնելը բոլորին, նույնիսկ իրենց դաշնակիցներին արգելելու Թրամփի վարչակազմի մտադրության մասին հաղորդումներն սկսեցին տարածվել ապրիլի 22-ից։ Իսկությունն այն է, որ անցյալ տարի Սպիտակ տունն ընդառաջեց մի խումբ երկրների պահանջներին և նրանց Իրանից ածխաջրածիններ ձեռք բերելու «արտոնյալ չափաքանակներ» թողեց, բայց միաժամանակ պայման դրեց, որ նրանք մինչև մայիսի 2-ը դադարեցնեն Թեհրանի հետ առևտրական կապերը։ Բայց դատելով այն բանից, որ ԱՄՆ-ի դաշնակիցները մտադիր են «սակարկելու» Վաշինգտոնի հետ, մենք պնդում ենք, որ Սպիտակ տանը խիստ վախեցել են, ինչի պատճառով էլ ուժեղացրել են Թեհրանի հետ լարվածությունն ու հակամարտությունը։ Այսպես, ապրիլի 22-ին Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է. «Մենք մտադիր ենք հանգամանալից կարծիքներ փոխանակելու ԱՄՆ-ի հետ»։ Իսկ Հարավային Կորեան նախատեսում է բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն՝ շարունակելու բանակցությունները Կորեայի և իրանական նավթ ներմուծող յոթ այլ երկրների նկատմամբ պատժամիջոցների հետաձգումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ։ «Մեր նպատակը խորհրդակցելն է»,- ասել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը տվյալ այցի նպատակի մասին՝ չխորանալով մանրամասների մեջ։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ