«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարությունը

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարությունը
14.06.2019 | 02:39

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ:


ԵՄ-ն ողջունել է Հայաստանում 2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որ անցել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մթնոլորտում և վայելել լայն հանրային վստահություն: ԵՄ-ն և անդամ պետությունները զգալիորեն նպաստել են ընտրությունների անխափան կազմակերպմանը: ԵՄ-ն վերահաստատեց պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ, խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: Քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում 2019-ի հունիսի 1-ին Հայաստանի կողմից ընդունված ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը ողջունվեց Խորհրդի կողմից՝ որպես երկրում առանցքային բարեփոխումների ամրապնդման կարևոր գործիք: Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն սերտ համագործակցել առաջընթացի մշտադիտարկման և ՀԸԳՀ- ի հաջող կիրարկումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` ԵՄ աջակցության միջոցով:
Խորհուրդն ընդգծեց անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդը ողջունեց Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ի շարունակություն 2018-ի սեպտեմբերին դատական բարեփոխումների վերաբերյալ ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի՝ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցություն տրամադրել արդարադատության բարեփոխման ռազմավարության հիման վրա համապարփակ դատական բարեփոխումների իրականացման համար։


Խորհուրդը կարևորեց գործարար միջավայրի բարելավումը՝ խթանելու օտարերկրյա ներդրումները, աշխատատեղերի աճը և աղքատության կրճատումը: Խորհուրդը ողջունեց աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն, հսկողություն աշխատանքային չափանիշների, իրավունքների և աշխատանքային պայմանների նկատմամբ: ՀԸԳՀ ունի զգալի ներուժ Հայաստան-Եվրամիություն առևտրային հոսքերը մեծացնելու համար։ Աշխարհագրական նշումների պաշտպանության, այդ թվում՝ այս ուղղությամբ ԵՄ համապատասխան ֆինանսական և տեխնիկական աջակցության վերաբերյալ ՀԸԳՀ-ի դրույթների իրականացման մասին քննարկումների մեկնարկը դրական քայլ է։


Խորհուրդը քննարկեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019-ի փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ԵՄ-ից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային նախագծի շրջանակներում համագործակցությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի առաջնային ենթակառուցվածքային ծրագրերին, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին 2019-ի մարտին Բրյուսելում հանդիպման ընթացքում: Խորհուրդը նաև ողջունեց 2019-ի մարտին մեկնարկած կրթության ոլորտի բարեփոխումների երկխոսությունը: Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:


Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծեց այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, տեսանելի ու շոշափելի բարելավելու քաղաքացիների կենսապայմանները:


Ի շարունակություն մայիսին կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների՝ Խորհուրդն ընդգծեց Արևելյան գործընկերության «20 արդյունք 2020-ի համար» փաստաթղթով նախանշված նպատակներին հասնելու համար շարունակական աշխատանքի կարևորությունը, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Խորհուրդը կարևորեց Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ ԱլԳ-ն 2020-ից անդին քննարկումը, որ կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնած կառուցվածքային խորհրդակցությունների շրջանակներում:


Խորհուրդը քննարկեց տարածաշրջանային և միջազգային հարցեր: ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին: Սիրիայի հարցում Խորհուրդն իր ամուր աջակցությունը հայտնեց ՄԱԿ հատուկ բանագնացի գործունեությանը` Ժնևում ներսիրիական բանակցությունների վերսկսման կապակցությամբ:


Հայաստանը հաստատեց իր մտադրությունը՝ շարունակելու տեղում Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրել, ինչպես նաև սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց կենսապայմանները բարելավելու նպատակով: ԵՄ-ն հաստատեց, որ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Իրանի հարցում ԵՄ և Հայաստանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական և արդյունավետ շարունակական իրագործմանը: Թուրքիայի հարցում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և շեշտեց երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: Հայաստանը վերահաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր՝ վաղուց հայտնի դիրքորոշումը:


Խորհուրդը նախագահում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական միությունը ներկայացնում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ