Amadinda
 

«Վեպի հերոսը մեռավ հենց սկզբում»

«Վեպի հերոսը մեռավ հենց սկզբում»
14.06.2019 | 10:29

Հայաստանյան ներ և արտքաղաքական անորոշությունները, ռեգրեսը` բոլոր ոլորտներում, արժեհամակարգերի հիմնարար ոչնչացումները տուրբուլենտությունից անցում են կատարել կոլապսի շրջան: Սպասումները ոչ մի կերպ չարդարացան`«վեպի հերոսը մեռավ հենց վեպի սկզբում…» բանաստեղծություն գրելու ցանկություն իսկ չթողնելով: Իշխանությունը պահելու բոլոր հնարքներն սպառված են՝ հետհաշվարկը քվանտային արագությամբ է պտտվում:
Հարցն առկախված է օդում. հասցնելու է օրվա իշխողը կյանքի կոչել գերագույն նպատակներից հաջորդը՝ գործադիր, խորհրդարանական իշխանությունների կլլումից հետո դատարանի խժռումը, որից հետո «պետք» է ձեռնամուխ լինել բուն Ավարայրին` հենց Տղմուտի ափին հարբած փղերով խեղդել չորրորդ, ըստ էության ամենակարևոր, ինֆորմացիոն ոլորտը, «կարգավորելով» լրատվական դաշտը: Ինչից հետո կլինի բուն «բարոյական հաղթանակը»` Արցախի նկատմամբ, որի հիմքերը արդեն իսկ նախապատրաստվում են:
Եվ հենց այդ ժամանակ հեղափոխության իրական մոդերատորները, «հայրիկ-մայրիկները» կբացականչեն` դու դա արեցի՜ր: Այն է` իրական հեղափոխությունը:


Կստացվի՞ Նիկոլի մոտ՝ ամենը լրումին հասցնել: Կասկածում ենք, չնայած կարելի է կարծել, որ դատական իշխանության «շտուրմը» ևս կհաջողվի այն տրիվիալ պատճառով, որ, ճիշտ է, քչից-շատից ընդդիմադիր դաշտը փորձում է զարթնել, դուրս գալ ֆեյսբուքյան տիրույթից, ակցիաներ իրականացնել, կուսակցականացվել, պրոյեկտավորումներ անել, այնուհանդերձ, դեռ բռունցք չկա, դժվար է նաև բռունցքվել, որովհետև Հայաստանում արդեն իսկ կա «փորձ», իսկ երբ մի բան արդեն կրկնվել է, էլի է լինելու. խոսքը հայաստանյան ընդդիմության չմիավորվելու «հուժկու» կարողության մասին է:


Այսօր արդեն իսկ իշխանությունն ու Նիկոլը կավե ոտքերի վրա են, և ցանկացած լուրջ քամի կարող է փոշու վերածել այդ կավը: Ասացինք` ակնհայտորեն չկա այդ քամին:
Հարց՝ չեն հասցրել հայաստանյան տեղական մոդերատորները վերադասավորվե՞լ, թե՞ մտածված տեխնոլոգիա են կիրառում, մի կողմից թողնում են Նիկոլը լավ ռեյտինգաթափվի, բոլոր ոլորտները «բարդակի» վերածի, որ հետո եկողի փոքրիկ իսկ քայլը հերոսականության կնիքն ունենա… ասենք անկեղծ. հեղափոխությունն արվեց ոչ միայն տարածաշրջանային խնդիրների լուծման համար (նախօրյակին Բոլթոնի հետ «հուժկու» հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկաձեն, այդ թվում և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցերով), այլև և առաջին հերթին Ղարաբաղյան հիմնախնդիրը տեղից շարժելու:
Եվ արվող ֆունդամենտալ բոլոր փոփոխությունները. գործադիր, պառլամենտական, ապա և դատական իշխանություների փողոցային զավթումը մեկ նպատակ ունի` հասնելու արցախյան խնդրի «փողոցային», Փաշինյանի լեքսիկոնով ձևակերպված` «հանրաքվեով» լուծմանը, ու Աստված մի արասցե, որ այդ լուծումը կրի ստանդարտ` բլիցկրիգի բնույթ, ինչը եղավ Օսիա-Աբխազիայի, նաև Ղրիմի դեպքում:


Ասել է` ընդդիմադիր դաշտը չի բրգանում ոչ միայն այն պատճառով, որ ակնառու է` քոչարյանենք իրենց համար են բուրգը կառուցում (Կարեն Կարապետյանի վրա), ՀՀԿ-ամերձ-Սերժ Սարգսյանական շրջանակներն իրենց համար (ֆավորիտի անունը դեռ չտալով), իսկ Արմեն Սարգսյանը մեն-մենակ է պարում` առանց պարընկեր. բոլորով սպասում են Նիկոլի մեծ «սալդոներին», առաջին հերթին Ղարաբաղի հարցում` այս կամ այն կողմ, որպեսզի վերջնական խաղի մեջ մտնեն, չունենան այնպիսի «պաբոչնի» խնդիր, ինչպիսին Ղարաբաղյանն է:


Ընդ որում, բոլորով համերաշխ բռնած Նիկոլի կավե ոտքերից, թույլ չեն տալիս, որ նա ընկնի հանկարծ. նախ, որ Նիկոլն իրենց գլխին չընկնի, հետո գործն անի, նոր «գնա»:
Իսկ որ Նիկոլը բավականաչափ հոգնած և ոչ նախաձելի վիճակում է, դա ևս ակնառու է (այո, սթրեսի մեջ եղող, հոգնած մարդը սկսում է շատ ուտել):

Նկատենք` ցայս պահը այդպես էլ որևէ հայտարարություն չկա Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին` որտեղ է այն տեղի ունենալու: Հասկանալի է, չէ՞. կողմերը պայմանավորվածության չեն գալիս: Բոլթոնն ու Պոմպեոն սպասում են: Ռուսաստանն էլ արդեն իսկ սկսել է պտույտի մեջ դնել իր գերագույն մահակը` արտահոսեցնելով մեծագույն ինֆորմացիան. գազի գինը 2020-ին Հայաստանի համար կթանկանա: Ընդ որում, Ռուսաստանն այնքան նրբագեղ դա արեց, որ ստիպված եղավ անգամ իր սպառողի համար ևս մի թեթև գազի գինը բարձրացնել, որպեսզի որևէ մեկը Հայաստանում իրեն թույլ չտա ասելու` թանկացումը Հայաստանի դեպքում քաղաքական նշանակության էր:
Եվ ընտրություն կատարելը, պատկերավոր ասած, պարոն Բոլթոնի և ռուսական գազի միջև, ի սկզբանե բարդ, գրեթե անհնար գործ է, այդ իսկ պատճառով էլ герой умирал в начале повести, а нам остались наши сомнения...


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ