Amadinda
 

Նիկոլ Փաշինյան. Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարելի է կիրառել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, ուղղակի միամտություն է

Նիկոլ Փաշինյան. Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարելի է կիրառել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, ուղղակի միամտություն է
14.06.2019 | 12:39

Այն բանակցությունների փաթեթը, որը գոյություն է ունեցել, և ես որպես ժառանգություն եմ ստացել, ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին` իմանալով, որ նրանք դրանից չունեն՝ Շանթ հեռուստաընկերությանը հարցարզույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, թե Արցախյան կողմը նախկինում տեղյակ չի եղել բանակցություններից: Ինչ վերաբերում է արցախյան կողմի հերքմանը, թե միշտ էլ տեղյակ են եղել, վարչապետն ասաց. «Հիմա ասում են, թե տեղյակ են պահել, չեն պահել.. տեղյակ պահելու տարբեր ձևեր կան: Հանրությունն էլ է տեղյակ եղել, այդ հանդիպումները թաքուն չեն եղել, բոլորն իմացել են, որ այդ բանակցությունները կան, տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»:


Փաշինյանն ընդգծեց. «Ես կարծում եմ, որ գաղտնիությունը, բառի ընդհանրական իմաստով, տեղին չէ տվյալ դեպքում, որովհետև սա համազգային հարց է և այդ բանակցություններին հնարավորինս շատ մարդ պետք է տեղյակ լինի: Ես շարունակում եմ պնդել, որ իշխանությունները, կառավարությունը կարող են հակամարտության կարգավորման տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային սեղանի շուրջ ձևավոևվել է շատ թե քիչ ընդունելի մոդել, բայց այդ մոդելի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, ընդ որում` ուզենք, թե չուզենք,- շեշտեց վարչապետը: Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարող է կիրառվել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, ուղղակի պարզ միամտություն է»:


Հարցին՝ եթե Ադրբեջանը հայտարարի, թե համաձայն է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ այն դեպքում, եթե բանակցություններին մասնակցի նաև արցախյան ադրբեջանական համայնքը, վարչապետը նշեց. «Ես ի սկզբանե ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ անունից և չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախի նախագահը չեմ: Արցախի ժողովրդին պետք է ներկայացնի նրա կողմից ընտրված ներկայացուցիչը»: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Ադրբեջանում ընդունված է ասել «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», սակայն այդ համայնքի ներկայացուցիչները բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանական, նախագահական ընտրություններին: «Հետևաբար նրանք արդեն ներկա են բանակցային սեղանի շուրջ, որովհետև նրանք մասնակցելով ընտրություններին՝ ընտրել են Ադրբեջանի նախագահին որպես իրենց ներկայացուցիչ բանակցային գործընթացում: Նկատի ունեմ հենց այսօր Ղարաբաղի, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել, «ադրբեջանական համայնքի» ներկաացուցիչները ներկա են բանակցային գործընթացին` ի դեմս իրենց ներկայացուցիչ Իլհամ Ալիևի»,- հայտարարեց Փաշինյանը: Նա նաև հարցին մոտեցավ հակառակ կողմից. «Եթե ադրբեջանական կողմից մասնակցում է թե նախագահը, թե այդ համայնքի ներկայացուցիչը, այստեղ լեգիտիմության հարց է ծագում: Կստացվի, որ Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Այստեղից հարց է ծագում՝ արդյո՞ք միայն այդ համայնքի ներկայացուցիչներին է, որ Ադրբեջանի նախագահն իրավունք չունի ներկայացնել, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ լիազորություն չունի ներկայացնելու, կամ Կիրովաբադի, կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,- ասաց նա:


Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմերի համար տարբերություն չկա, թե ինչ կազմով կգա ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններին: Ըստ նրա, այդ կազմն առաջ կբերի հարցեր: «Մեր պարագայում այդպիսի հարցեր առաջ չեն գա, քանի որ կա Հայաստանի պատվիրակություն, որն ունի իր ներկայացուցիչը և կա Ղարաբաղի պատվիրակություն` իր ներկայացուցչով: Արցախի Հանրապետության ներկայացուցիչն է միայն իրավասու ներկայացնել Արցախի բոլոր քաղաքացիներին, եթե Ադրբեջանի նախագահն իրավասու չէ ներկայացնել իր երկրի բոլոր քաղաքացիներին և դրա համար այդ քաղաքացիների խմբերը պետք է գան բանակցություների, թող գան, բայց այդ դեպքում հարցեր կծագեն, իսկ գուցե թալիշների, լեզգիների, քրդերի պատվիրակությունը պետք է գա առանձին, Բաքվինը՝ առանձին և այսպես շարունակ»,- շեշտեց նա:

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ